ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 դեկտեմբերի 2010 թվականի N 1579-Ն
«ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի, 36-րդ հոդվածի 2-րդ մասի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան և հիմնադրի կողմից սահմանված կարգով պետական կազմակերպության շահույթի տնօրինման ուղղությունների սահմանման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության շահույթի օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ուսումնասիրել սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի մեկամյա գործադրման փորձը և, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն այդ կարգում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1579-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
«ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. Սույն կարգը սահմանվում է «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի, 36-րդ հոդվածի 2-րդ մասի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան և կարգավորում է «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` հաստատություն) շահույթի օգտագործման հետ կապված հարաբերությունները:
2. Հաստատության գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է հաստատության կանոնադրությամբ նախատեսված նպատակների համար:
3. Հաստատությունը, համաձայն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ՀՀՀՀՍ 37 ստանդարտի, ձևավորում է պահուստային կապիտալ:
4. Հաստատության հաշվետու տարվա շահույթը բաշխվում է հետևյալ ուղղություններով և չափերով`
1) պահուստային ֆոնդ` հաշվետու տարվա շահույթի մինչև 15 տոկոսի չափով (ռիսկեր և անորոշություններ` ներկա արժեքի և ապագայի դեպքեր, անբարենպաստ պայմանագրեր).
2) կուտակման ֆոնդ (ոչ ընթացիկ ակտիվների ձեռքբերման և ոչ ընթացիկ ակտիվների վերանորոգման նպատակով)` հաշվետու տարվա շահույթի մինչև 35 տոկոսի չափով.
3) սպառման ֆոնդ` հաշվետու տարվա շահույթի մինչև 50 տոկոսի չափով, որը ներառում է`
ա. աշխատողների նյութական խրախուսման ֆոնդը (մասնագիտական և բարեխիղճ աշխատանքի համար),
բ. դրամական օգնության ֆոնդը (աշխատողների երկարատև հիվանդության, մահվան, աշխատողների հարազատների մահվան, ինչպես նաև ամուսնության և այլ առիթներով),
գ. բարեգործական ֆոնդը (սոցիալապես անապահով ընտանիքներից աշակերտներին օգնություն (հագուստ, տարրական դասարաններում անվճար սնունդ և այլն),
դ. այլ (կարող է ներառել կանոնադրական խնդիրների իրականացման համար նախատեսված այլ նպատակներ):
5. Հաստատության կոլեգիալ կառավարման մարմինը, հիմք ընդունելով սույն կարգի 4-րդ կետը, մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը սահմանում է հաշվետու տարվա շահույթի բաշխման ուղղությունները և չափերը:
6. Տարեկան մինչև 3000.0 հազ. դրամ զուտ շահույթ ունեցող հաստատությունը, կոլեգիալ կառավարման մարմնի որոշմամբ, այն կարող է օգտագործել սույն կարգի 4-րդ կետով սահմանված մեկ կամ մի քանի ուղղություններով:
(6-րդ կետը լրաց. 16.02.12 N 213-Ն)
(հավելվածը լրաց. 16.02.12 N 213-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան