ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ՍԴ3/0013/01/11 |
Գործ թիվ ՍԴ3/0013/01/11 |
|
Նախագահող դատավոր՝ Ա. Խաչատրյան | |
Դատավորներ` Մ. Սիմոնյան |
|
Ս. Ավետիսյան |
|
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
| ||
քարտուղարությամբ |
Մ. Պետրոսյանի | |
2011 թվականի հոկտեմբերի 20-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Վարուժան Գագիկի Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի հուլիսի 15-ի որոշումների դեմ մեղադրող Ս.Խաչատրյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2010 թվականի սեպտեմբերի 27-ին հարուցվել է թիվ 91257010 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
2010 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ Վարուժան Գագիկի Ավետիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
2010 թվականի դեկտեմբերի 18-ի որոշումներով Վ.Ավետիսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել և փոփոխվել է, Վ.Ավետիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասով:
2010 թվականի դեկտեմբերի 31-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանը, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, 2011 թվականի ապրիլի 12-ի դատավճռով Վարուժան Գագիկի Ավետիսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 185-րդ հոդվածի 1-ին մասով, 364-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում` 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում` 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Վ.Ավետիսյանի նկատմամբ պատիժ է սահմանվել ազատազրկում` 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կանոններով նշանակված պատժի մեջ հաշվակցվել է Վ.Ավետիսյանի` նախնական կալանքի տակ գտնվելու երեք օրը, և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի 5 (հինգ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով:
3. Ամբաստանյալ Վ.Ավետիսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2011 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի ապրիլի 12-ի դատավճիռը` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, թողել է օրինական ուժի մեջ: Կիրառել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման (այսուհետ նաև` Համաներման ակտ) 1-ին կետի 1-ին ենթակետը, և ամբաստանյալ Վ.Ավետիսյանին ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված պատժից:
Վերաքննիչ դատարանը 2011 թվականի հուլիսի 15-ի մեկ այլ որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի ապրիլի 12-ի դատավճիռը` ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով բեկանել է: Կիրառել է Համաներման ակտի 6-րդ կետի 2-րդ ենթակետը և Վ.Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթն այդ մասով կարճել է և Վ.Ավետիսյանի նկատմամբ դադարեցրել է քրեական հետապնդումը:
4. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի հուլիսի 15-ին որոշումների դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրող Ս.Խաչատրյանը:
2011 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը մեղադրող Ս.Խաչատրյանի վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Ամբաստանյալ Վ.Ավետիսյանը դատապարտվել է հետևյալ արարքների համար.
«Ամբաստանյալ Վ.Ավետիսյանը, հանդիսանալով թիվ 38401 զորամասի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, 2010 թվականի սեպտեմբերի 23-ին ստանձնելով օրվա վերակարգի պարտականությունները որպես օրապահ, զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից հրաժարվելով, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, նույն օրը` ժամը 19.30-ի սահմաններում, սվին դանակը թողնելով օրապահի պահարանի վրա, դադարեցնելով օրապահի պարտականությունները, ինքնակամ թողել է զորամասը:
2010 թվականի սեպտեմբերի 25-ին` ժամը 13-ի սահմաններում, գտնվելով փախուստի մեջ, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով Վ.Ավետիսյանն ապօրինի մուտք է գործել Հադրութի շրջանի Նորաշեն գյուղի բնակիչ Վ.Կարապետյանի տուն և գողացել «Նոկիա» տեսակի մեկ բջջային հեռախոս իր լիցքավորիչով ու մարտկոցով, 9.900 ՀՀ դրամ գումար, հինգ տուփ «Նոյ» տեսակի ծխախոտ, մեկ մոխրագույն անդրավարտիք, մեկ ամառային և մեկ ձմեռային վերնաշապիկ, մեկ զույգ կոշիկ` Վ.Կարապետյանին պատճառելով 36.900 ՀՀ դրամի գույքային վնաս:
Բացի այդ, 2010 թվականի դեկտեմբերի 13-ին թիվ 38401 զորամասի հրամանատար, փոխգնդապետ Մ.Ջհանգիրյանը շարքային Վ.Ավետիսյանին որպես կարգապահական տույժ 10 օր կալանք է հայտարարել, որի կապակցությամբ Վ.Ավետիսյանը վրեժխնդիր լինելու նպատակով քար է նետել նրան պատկանող անձնական օգտագործման «Նիսսան» մակնիշի 17 ՕՏ 617 պետհամարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ` Մ.Ջհանգիրյանին դիտավորությամբ պատճառելով 56.000 ՀՀ դրամի զգալի չափով նյութական վնաս»։
6. Առաջին ատյանի դատարանը 2011 թվականի ապրիլի 12-ի դատավճռով Վարուժան Գագիկի Ավետիսյանի նկատմամբ կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված` հանցանքների համակցության կանոնները, արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 185-րդ հոդվածի 1-ին մասով և 364-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Վ.Ավետիսյանի նկատմամբ պատիժ է սահմանվել ազատազրկում` 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով (տե՛ս Քրեական գործ, էջ 262):
7. Վերաքննիչ դատարանը 2011 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի ապրիլի 12-ի դատավճիռը` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, թողել է օրինական ուժի մեջ: Կիրառել է Համաներման ակտի 1-ին կետի 1-ին ենթակետը, և ամբաստանյալ Վ.Ավետիսյանին ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված պատժից (տե՛ս Քրեական գործ, էջ 347-349):
Վերաքննիչ դատարանը 2011 թվականի հուլիսի 15-ի մեկ այլ որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի ապրիլի 12-ի դատավճիռը` ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 1-ին մասով բեկանել է, կիրառել է Համաներման ակտի 6-րդ կետի 2-րդ ենթակետը և Վ.Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթն այդ մասով կարճել է և Վ.Ավետիսյանի նկատմամբ դադարեցրել է քրեական հետապնդումը (տե՛ս Քրեական գործ, էջ 350-352):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
8. Բողոք բերած անձը փաստարկել է, որ առկա է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:
Համաձայն բողոքի` Վերաքննիչ դատարանում ամբաստանյալ Վ.Ավետիսյանը հայտնել է, որ չի առարկում, որպեսզի իր նկատմամբ կիրառվի Համաներման ակտը: Վերաքննիչ դատարանը գտել է, որ ամբաստանյալ Վ.Ավետիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասով համաներման որոշումը չկիրառելու հիմքեր չկան:
Առաջին ատյանի դատարանի դատավճռով Վ.Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 185-րդ հոդվածի 1-ին մասով, 364-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը Առաջին ատյանի դատարանի դատավճիռը պետք է թողներ անփոփոխ, քանի որ ճիշտ էր կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածը: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, բեկանելով Վ.Ավետիսյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով և 364-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև ամբողջովին չկիրառելով Համաներման ակտի 1-ին կետի 1-ին ենթակետը, խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջը: Հանցագործությունների համակցությամբ յուրաքանչյուր հանցագործության համար առանձին պատիժ նշանակելով` նշանակված պատիժները լրիվ կամ մասնակի գումարելու միջոցով պետք է վերջնական պատիժ նշանակվեր, և եթե նշանակված պատիժը չի գերազանցում 3 տարի ժամկետով ազատազրկումը, կիրառվեր համաներման որոշումը, և ամբաստանյալն ազատվեր պատժից:
9. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակը խնդրել է Վ.Ավետիսյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի ապրիլի 12-ի դատավճիռը` ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով բեկանելու և այդ հոդվածներով ամբաստանյալ Վ.Ավետիսյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Վերաքննիչ դատարանի 2011 թվականի հուլիսի 15-ի որոշումը բեկանել: Վ.Ավետիսյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի ապրիլի 12-ի դատավճիռը թողնել անփոփոխ, կիրառել Համաներման ակտի 1-ին կետի 1-ին ենթակետը և ամբաստանյալ Վ.Ավետիսյանին ազատել պատժի կրումից:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակը օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ երկու կամ ավելի հանցանք կատարելու դեպքում համաներման ակտի և հանցագործությունների համակցության կանոնների կիրառման և դրա հետ փոխկապակպցված այլ հարցերի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է` անձի կողմից երկու կամ ավելի հանցանք կատարելու դեպքում համաներումը ենթակա է կիրառման հանցագործությունների համակցության կանոնները կիրառելուց հետո, թե յուրաքանչյուր հանցագործության համար առանձին:
12. ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի համաձայն`
«(…) Մարդուն չի կարելի հանցագործության համար մեղավոր ճանաչել, եթե արարքի կատարման պահին գործող օրենքով այն հանցագործություն չի համարվել:
Արգելվում է նշանակել ավելի ծանր պատիժ, քան կարող էր կիրառվել հանցագործության կատարման պահին գործող օրենքով (…)»:
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ ոք չի կարող հանցագործության մեջ մեղադրվել որևէ արարք կատարելու կամ անգործության համար, որոնք կատարվելու պահին ազգային օրենքներով կամ միջազգային իրավունքով հանցագործություն չեն համարվել: Չի կարող նաև ավելի ծանր պատիժ տրվել, քան այն, որը կարող էր սահմանվել հանցանքը կատարելու ժամանակ»:
«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ոչ ոք չի կարող մեղավոր ճանաչվել որևէ գործողության կամ թողտվության հետևանքով որևէ քրեական հանցագործություն կատարելու մեջ, որը, այն կատարվելու պահին գործող ներպետական օրենսդրության կամ միջազգային իրավունքի համաձայն, չի հանդիսացել քրեական հանցագործություն: Հավասարապես, չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառման էր ենթակա քրեական հանցագործության կատարման պահին (…)»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև` Եվրոպական կոնվենցիա)7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական հանցագործություն չի համարվել: Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին»:
ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն`
«1. Արարքի հանցավորությունը, դրա պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են միայն քրեական օրենքով:
2. Քրեական օրենքն անալոգիայով կիրառելն արգելվում է»:
ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն` «1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները (…)»:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի համաձայն` «(…) Անձինք կարող են ենթարկվել պատասխանավության միայն օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և չափով»:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները:»
13. Նախորդ կետում շարադրված միջազգային և ներպետական իրավադրույթների վերլուծությունից հետևում է, որ անձին հանցագործություն (հանցագործություններ) կատարելու մեջ մեղավոր ճանաչելու և այդ հանցագործության (հանցագործությունների) համար պատիժ նշանակելու միակ հիմքն է կատարման պահին նրա արարքն օրենքով հանցագործություն համարվելը և այդ հանցագործության համար պատիժ նախատեսված լինելը: Ոչ ոք չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության և պատժի այլ կերպ, քան օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում, կարգով և չափով: Անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության այնպիսի արարքի համար, որն իրավական որոշակիության չափանիշին բավարարող եղանակով նախատեսված չէ գործող օրենքով: Անձը չի կարող ենթարկվել նաև այնպիսի պատժի, որը նախատեսված չէ գործող օրենքով:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացարձակ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից որևէ շեղում անթույլատրելի է:
14. Վերոնշյալ սկզբունքն իր արտացոլումն է գտել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում, որի համաձայն` հանցագործության առկայությունը կարող է որոշվել և դրա համար պատժի նշանակումը կարող է կատարվել բացառապես օրենքի հիման վրա: Մասնավորապես, Կոկկինակիսն ընդդեմ Հունաստանի գործով վճռում Եվրոպական դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետը նախատեսված չէ միայն այն բանի համար, որ ի վնաս մեղադրյալի հետադարձության կարգով քրեական օրենքի կիրառումն արգելվի: Այն ընդհանուր առմամբ ամրագրում է նաև այն սկզբունքը, որ միայն օրենքը կարող է սահմանել հանցանքը և նախատեսել պատիժը (nullum crimen, nulla poena sine lege), ինչպես նաև այն սկզբունքը, որ քրեական օրենքը չպետք է ի վնաս մեղադրյալի տարածական մեկնաբանության ենթարկվի, օրինակ՝ այն չպետք է կիրառվի անալոգիայով (տե՛ս Կոկկինակիսն ընդդեմ Հունաստանի գործով (KOKKINAKIS v. GREECE), 1993 թվականի մայիսի 25-ի վճիռը, գանգատ թիվ 14307/88, կետ 52):
Գ.-ն ընդդեմ Ֆրանսիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սահմանել է, որ Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է, որ միայն օրենքով կարող է սահմանվել, թե որ արարքներն են համարվում հանցագործություն, և ինչ պատիժներ են նախատեսվում դրանց կատարման համար, (տե՛ս Գ.-ն ընդդեմ Ֆրանսիայի գործով (G. v FRANCE), 1995 թվականի սեպտեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 15312/89, կետ 24):
Ս.Ռ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության և Ս.Վ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածում ամրագրված երաշխիքները, լինելով օրենքի գերակայության էական տարրեր, Կոնվենցիայի պաշտպանության համակարգում կայուն տեղ ունեն, և դա հատկապես ընդգծվում է այն փաստով, որ Կոնվենցիայի 15-րդ հոդվածի համաձայն` անգամ պատերազմի կամ արտակարգ դրության ժամանակ 7-րդ հոդվածից որևէ շեղում չի թույլատրվում: Վերջինս, ելնելով իր առարկայից և նպատակից, պետք է այնպես մեկնաբանվի ու կիրառվի, որպեսզի նախատեսի կամայական մեղադրման, դատապարտման և պատժման դեմ ուղղված արդյունավետ երաշխիքներ (տե՛ս Ս.Ռ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով (C.R. v. THE UNITED KINGDOM), 1995 թվականի նոյեմբերի 22-ի վճիռը, գանգատ թիվ 20190/92, կետ 32, Ս.Վ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով (S.W. v. THE UNITED KINGDOM), 1995 թվականի նոյեմբերի 22-ի վճիռը, գանգատ թիվ 20166/92, կետ 34):
15. Nullum crimen, nilla poena sine lege սկզբունքին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև Երվանդ Մելքոնյանի վերաբերյալ 2011 թվականի մայիսի 11-ի որոշմամբ` իրավական դիրքորոշում հայտնելով այն մասին, որ «(…) սահմանադրական, կոնվենցիոն և օրենսդրական դրույթների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների վերլուծությունից հետևում է, որ այդ դրույթներով սահմանված երաշխիքը (nullum crimen, nulla poena sine lege), հանդիսանալով օրենքի գերակայության անքակտելի տարր, առաջնային տեղ է զբաղեցնում ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված պաշտպանության համակարգում, որից որևէ շեղում չի թույլատրվում: Nullum crimen, nulla poena sine lege սկզբունքից հետևում է, որ ցանկացած հանցագործություն և պատիժ պետք է հստակ ամրագրված լինի օրենքով: Այդ օրենքը չի կարող տարածական մեկնաբանվել, և այն չի կարող կիրառվել անալոգիայով (տե՛ս Երվանդ Ռաֆիկի Մելքոնյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2011 թվականի մայիսի 11-ի թիվ ԵՇԴ/0090/01/10 որոշումը, կետ 16):
16. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում nullum crimen, nulla poena sine lege սկզբունքի համատեքստում վերլուծել համաներման ինստիտուտը` ընդհանրապես, և «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման որոշ դրույթներ` մասնավորապես:
Համաներումն իրենից ներկայացնում է ինքնուրույն գործող իրավական ինստիտուտ, որի կիրառելիության հիմքում դրված են մի կողմից` ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի համապատասխան հոդվածները, իսկ մյուս կողմից` օրենսդիր իշխանության բարձրագույն մարմնի կողմից ընդունվող մարդասիրական բնույթ ունեցող պետաիրավական նորմատիվ ակտը, որով հանցանք կատարած անձինք կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից և պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը կամ վերացվել դատվածությունը: Առանց համաներման ակտի գոյության օրենսգրքերի համապատասխան դրույթներն իրացվել չեն կարող:
Այսպես` ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածը սահմանում է. «Հանցանք կատարած անձն օրենսդիր մարմնի կողմից ընդունվող համաներման ակտով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը համաներման ակտի ընդունումը դիտում է որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանք: Նշված հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն` քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե ընդունվել է համաներման ակտ:
Համաներման ակտի կիրառումը հնարավոր է դատավարության ցանկացած փուլում: Ընդ որում, համաներման կիրառման սահմանափակումները նախատեսված են համաներման ակտով և պետք է պահպանվեն անվերապահորեն: Մասնավորապես, անվերապահորեն պետք է պահպանվեն համաներման ակտում նախատեսված այն կանոնները, որոնք սահմանում են անձանց շրջանակը, որոնց նկատմամբ համաներումը կիրառելի չէ, ինչպես նաև սահմանում են, թե հանցանք կատարած անձինք ինչ չափով պետք է օգտվեն համաներումից` պետք է ազատվեն քրեական պատասխանատվությունից կամ պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը, կամ վերացվել դատվածությունը: Այդ կանոններից շեղումները, այդ թվում` նախատեսված համաներման չկիրառումը կամ նախատեսվածից դուրս համաներման կիրառումը կարող են հանգեցնել օրինականության սկզբունքի խախտման և կամայականության, առաջացնել օրենքի ոչ միատեսակ կիրառություն:
17. Խնդրո առարկա համաներման ակտի` «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն`
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. Պատժից ազատել (…) առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձանց:»
«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` « (…) կարճել մինչև 2011 թվականի մայիսի 1-ը կատարած հանցագործությունների վերաբերյալ (…) դատարանի վարույթում գտնվող քրեական գործերը, (…) որոնցով (…) անձինք մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով ազատազրկում (…)»:
18. Համաներման ակտի ուսումնասիրությունից երևում է, որ համաներման կիրառելիությունը և համաներման կիրառման արդյունքում վրա հասնող իրավական հետևանքը (քրեական գործի կարճում, պատժից ազատում, պատժաչափի չկրած մասի կրճատում և այլն) օրենսդիրը կատարած հանցագործությունների քանակից կախվածության մեջ չի դրել: Այլ կերպ` եթե համաներման ակտի համապատասխան դրույթներից բխում է, որ անձի նկատմամբ քրեական հետապնդում չպետք է հարուցել կամ իրականացնել, կամ անձը ենթակա է պատժից ազատման, ապա կատարած արարքների թվաքանակն ինքնին որևէ կերպ չի կարող խոչընդոտել համաներումը տառացի նշանակությամբ մեկնաբանելու և կիրառելու համար:
Համաներման ակտի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հանցագործությունների համակցության դեպքին է վերաբերում միայն 9-րդ կետի 8-րդ ենթակետը, որի համաձայն` համաներումը չի կիրառվում «մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար սույն որոշմամբ համաներում չի կիրառվում»:
Փաստորեն, հանցագործությունների համակցության դեպքում համաներման կիրառման սահմանափակումն օրենսդիրը նախատեսել է միայն մեկ դեպքում` համաներման չկիրառման հիմքում դնելով ոչ թե հանցանքների քանակական, այլ որակական կողմը` առկա է թեկուզ մեկ այնպիսի հանցագործություն, որի նկատմամբ համաներումը կիրառելի չէ: Ընդ որում, այս կանոնը վերաբերում է միայն կոնկրետ հանցագործությունների համար համաներման չկիրառման դեպքերին, այլ ոչ թե համաներման կիրառման ենթակա հոդվածներով սահմանված պատժաչափերին:
Համաներման կիրառման մյուս սահմանափակումները հանցագործությունների զուտ թվաքանակով պայմանավորված չեն:
Ավելին, Համաներման ակտի ուսումնասիրությունը ցույց է տալիս նաև, որ դրանում առկա չէ այնպիսի կարգավորում, որն անձի կողմից մի քանի հանցագործություններ կատարած լինելու դեպքում հանցանքների համակցության կանոնների կիրառության համար կսահմաներ առաջնահերթություն համաներման ակտի կիրառության նկատմամբ` կպարտադրեր սկզբից կիրառել հանցանքների համակցության կանոնները և դրանից հետո միայն քննարկել համաներման ակտի կիրառելիության հարցը:
19. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդպիսի կարգավորում չկա նաև ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում:
Այսպես` ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածը սահմանում է.
«1. Հանցագործությունների համակցություն է համարվում՝
1) սույն օրենսգրքով (տարբեր հոդվածներով կամ միևնույն հոդվածով կամ հոդվածի միևնույն կամ տարբեր մասերով կամ կետերով) նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը, որոնցից ոչ մեկի համար անձը դատապարտված չի եղել.
(…)
2. Հանցագործությունների համակցության դեպքում անձը պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր հանցագործության համար՝ սույն օրենսգրքի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով»:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն`
«1. Հանցանքների համակցությամբ յուրաքանչյուր հանցագործության համար առանձին պատիժ (հիմնական և լրացուցիչ) նշանակելով` դատարանը վերջնական պատիժը որոշում է նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի համաձայն`
1. Դատավճիռ կայացնելիս դատարանը ներկայացված հաջորդականությամբ լուծում է հետևյալ հարցերը`
(…)
7) ինչ պատիժ պետք է նշանակվի ամբաստանյալի նկատմամբ.
8) ամբաստանյալն արդյոք պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը.
(…)
2. Ամբաստանյալին մի քանի հանցանքներ կատարելու մեջ մեղադրելիս դատարանը սույն հոդվածի առաջին մասի 1-8-րդ կետերում նշված հարցերը լուծում է յուրաքանչյուր հանցագործության վերաբերյալ առանձին:
(…)»:
20. Նախորդ կետում մեջբերված հոդվածների վերլուծությունը վկայում է այն մասին, որ երկու կամ ավելի հանցանք կատարելու դեպքում անձը պատասխանատվություն պետք է կրի յուրաքանչյուր հանցագործության համար` անձի նկատմամբ դատավճիռ կայացնելիս դատարանը պարտավոր է յուրաքանչյուր հանցագործության վերաբերյալ առանձին պատիժ նշանակել, ապա քննարկել, թե ամբաստանյալն արդյոք պետք է կրի այդ պատիժը: Նշանակված յուրաքանչյուր պատիժը կրելու անհրաժեշտության վերաբերյալ հետևության հանգելուց հետո միայն դատարանը կարող է կիրառել հանցանքների համակցության կանոնները և որոշել անձի նկատմամբ նշանակվող վերջնական պատիժը` պահպանելով ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կանոնները: Իսկ եթե դատարանը հանգի հետևության, որ անձը չպետք է կրի առանձին հանցագործության համար նշանակված պատիժը, ապա այս դեպքում դատարանն այլևս չի կարող կրման ոչ ենթակա պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով լրիվ կամ մասնակիորեն գումարել-համակցել մյուս պատժի կամ պատիժների հետ, քանի որ այս պարագայում վերանում է հանցանքների համակցության կանոնները կիրառելու թե՛ փաստական և թե՛ իրավական հիմքը: Այլապես անձը ստիպված է լինելու գումարման հետևանքով կրելու այնպիսի պատիժ, որը ենթակա չէր կրման:
Համաներման կիրառման արդյունքում նույնպես հնարավոր է վերանա ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառման փաստական հիմքը, այն է` մի քանի հանցագործությունների համակցությունը, որոնց համար նշանակված է պատիժ: Այլ կերպ` առանձին պատիժներից անձին ազատելու հետևանքով այլևս վերանում է ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառման ոչ միայն անհրաժեշտությունը, այլ նաև հնարավորությունը: Այս պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածը ոչ թե անտեսվում է, ինչպես նշված է վճռաբեկ բողոքում, այլ իրավաչափորեն չի կիրառվում, քանի որ ընթացակարգը «չի հասնում» այդ հոդվածի կիրառմանը:
Դրա վկայությունն է, օրինակ, այն դեպքը, երբ հանցագործությունների համակցության մեջ ընդգրկված երկու կամ ավելի հանցանքներից մեկով վաղեմության ժամկետն անցել է, սակայն այդ հիմքով քրեական հետապնդման դադարեցման դեմ ամբաստանյալն առարկում է, կամ վաղեմության ժամկետն անցնում է դատարանի` խորհրդակցական սենյակում եղած ժամանակ: Կամ դատարանը հանցանքների համակցության մեջ ընդգրկված հանցանքներից մեկով նշանակում է տուգանք, ապա ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի կարգով, հաշվի առնելով կալանքի տակ պահելու ժամկետը, անձին ազատում պատիժը կրելուց: Վկայակոչված դեպքերում ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված` հանցանքների համակցության կանոնները կիրառելու թե՛ փաստական և թե՛ իրավական հիմքը վերանում է:
Ներկայացված մոտեցումը, որպես կայուն ընթացակարգ, գործնականում կիրառվում է նաև այն դեպքում, երբ դատարանը հանգում է հետևության, որ մի քանի հանցագործությունների մեջ մեղադրվող անձի նկատմամբ պետք է նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ կամ ավելի մեղմ պատժատեսակ, կամ չկիրառել որպես պարտադիր նախատեսված լրացուցիչ պատիժը: Այս դեպքում դատարանը հանցանքների համակցություն կազմող մեկ հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ համապատասխան պատիժ է նշանակում, որից հետո միայն լուծում է ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված` հանցանքների համակցության կանոնները կիրառելու հարցը:
21. Բացի վերոգրյալից, Համաներման ակտի 1-ին կետում տրված է «պատժից ազատել» և ոչ թե «վերջնական պատժից ազատել» ձևակերպումը: Մինչդեռ, «պատիժ» է նաև յուրաքանչյուր հանցագործության համար առանձին նշանակվող հարկադրանքի միջոցը, ինչի մասին է վկայում ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի շարադրանքը. «Հանցանքների համակցությամբ յուրաքանչյուր հանցագործության համար առանձին պատիժ նշանակելով` դատարանը վերջնական պատիժը որոշում է նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով»:
22. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցագործությունների համակցության այն դեպքերում, երբ համաներումը բոլոր հանցանքների նկատմամբ կիրառելի է, ապա դատարանը պարտավորեցված է համաներման ակտը (տվյալ դեպքում` խնդրո առարկա Համաներման ակտը) կիրառել յուրաքանչյուր հանցագործության վերաբերյալ առանձին: Այդ առումով էական նշանակություն չունի, թե համաներման կիրառման արդյունքում անձի նկատմամբ պետք է դադարեցվի քրեական հետապնդումը, թե նա պետք է ազատվի նշանակված պատժից:
Այսպես` եթե հանցագործությունների համակցության մեջ ընդգրկված հանցանքներից մեկով կամ մի քանիսով Համաներման ակտի 6-րդ կետի որևէ ենթակետ կիրառելի է, և մյուս հանցանքներով համաներման կիրառման սահմանափակումները բացակայում են, ապա դատարանը մեղադրանքի տվյալ մասով (մասերով) պետք է դադարեցնի քրեական հետապնդումը, այլ ոչ թե նշանակի պատիժ և կիրառի հանցանքների համակցության կանոնները: Նույն կերպ, եթե դատարանը յուրաքանչյուր հանցագործության համար նշանակում է այնպիսի պատժաչափ, որից համաներման ուժով անձը ենթակա է ազատման, ապա դատարանը չպետք է անցնի վերջնական պատժի որոշման փուլ և պետք է լուծի համաներման կիրառման հարցը, քանի որ տվյալ դեպքում նույնպես բացակայում է համաներում կիրառելու օրենքով ամրագրված որևէ սահմանափակում:
Հակառակ պարագայում կարող է տեղի ունենալ անձի նյութական իրավունքի խախտում, այն է` համաներման ակտի կիրառման սահմանափակման բացակայության պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով կարող է սահմանվել վերջնական այնպիսի պատիժ, որից ազատելու հնարավորություն համաներումը չի նախատեսում, այլ անձը կարող է միայն ակնկալել պատժաչափի չկրած մասը կրճատելու հնարավորություն: Արդյունքում կստացվի, որ համաներումը նրա նկատմամբ չկիրառվեց այնպես, ինչպես նախատեսում էր օրենքը: Այլ կերպ ասած` անձը կենթարկվի պատժի` առանց օրենքի, ինչը «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nսllսm crimen, nսlla pօena sine lege) սկզբունքի խախտում է:
23. Հիմք ընդունելով սույն որոշման 10-22-րդ կետերում շարադրված իրավական հիմնավորումները` Վճռաբեկ դատարանն իրավաչափ է համարում համաներման ակտի կիրառումը հանցագործությունների համակցություն կազմող յուրաքանչյուր հանցագործության վերաբերյալ առանձին:
24. Որպես վճռաբեկ բողոքում բարձրացված հարցի հետ անմիջականորեն փոխկապակցված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև այն իրավական հարցին, թե արդյոք վերոշարադրյալ մոտեցումը կիրառելի է նաև հանցանքների համակցության կանոններով դատապարտված անձանց վրա, երբ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Համաներման ակտում ուղղակիորեն տարանջատված են համաներման կիրառման կանոնները` կապված ինչպես հանցագործության տեսակից, այնպես էլ հանցավորի իրավական կարգավիճակից՝ կասկածյալ, մեղադրյալ, դատապարտյալ: Յուրաքանչյուր անձի համար, ելնելով նրա կարգավիճակից, կարող է առաջանալ միայն այնպիսի իրավական հետևանք, որը կբխի Համաներման ակտի տառացի մեկնաբանությունից:
Մասնավորապես, դատապարտյալներին վերաբերող դրույթները պատժից ազատելու կամ պատժաչափի չկրած մասը կրճատելու հնարավորություն են նախատեսում: Իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պայմաններում այդպիսի «պատիժ» է հանդիսանում անձի նկատմամբ նշանակված վերջնական պատիժը, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառման գործընթացն ավարտված է, իսկ Համաներման ակտի տառացի մեկնաբանությունը ցույց է տալիս, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով շրջադարձային դատավարական գործողություն կատարելու որևէ լիազորություն կամ հնարավորություն նախատեսված չէ: Այլ կերպ` դատապարտյալներն իրավական որևէ հիմք չունեն պահանջելու իրենց նկատմամբ կիրառել համաներման ակտի այն կանոնները, որոնք կիրառելի են դեռևս չդատապարտված անձանց նկատմամբ:
25. Վերոգրյալից հետևում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի հիման վրա դատապարտված և պատիժ կրող անձանց նկատմամբ կիրառելի չէ սույն որոշման 23-րդ կետով սահմանված այն կանոնը, որ հանցագործությունների համակցության դեպքում Համաներման ակտի կիրառման հարցը պետք է քննարկվի յուրաքանչյուր հանցագործության վերաբերյալ առանձին:
26. Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարում նաև անդրադառնալ Համաներման ակտի 8-րդ կետի միատեսակ կիրառման հետ կապված հետևյալ հարցին. պատժաչափի չկրած մասի կրճատման դեպքում ո՞ր մարմինն է իրականացնում Համաներման ակտի կիրառումը և կրճատման ենթակա պատժաչափի հաշվարկը:
Համաներման ակտի 8-րդ կետի համաձայն՝
«Պատժաչափի չկրած մասը կրճատել`
1) երկու երրորդով` անզգուշությամբ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, բացառությամբ սույն կետի 5-րդ ենթակետով նախատեսված դեպքերի.
2) կիսով չափ` սույն որոշման 2-րդ կետում նշված անձանց նկատմամբ, բացառությամբ սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի.
3) մեկ երրորդով` դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ, բացառությամբ սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի.
4) մեկ քառորդով` սույն որոշման 9-րդ կետի 7-րդ ենթակետում նշված հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, եթե դրանք հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն են.
5) մեկ քառորդով` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, 177-րդ հոդվածի 3-րդ մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասով, 180-րդ հոդվածի 3-րդ մասով, 181-րդ հոդվածի 3-րդ մասով, 182-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասով, 185-րդ հոդվածի 3-րդ մասով, 227-րդ հոդվածի 2-րդ մասով, 228-րդ հոդվածի 2-րդ մասով, 229-րդ հոդվածի 2-րդ մասով, 230-րդ հոդվածի 2-րդ մասով, 231-րդ հոդվածի 2-րդ մասով, 233-րդ հոդվածի 3-րդ մասով, 237-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ»:
Համաներման ակտի 13-րդ կետի 1-ին ենթակետը սահմանում է, որ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը գտնվում են դատարաններում, սակայն մինչև համաներման ակտի ուժի մեջ մտնելը չեն քննվել, կամ քննվել են, բայց դատավճիռներն օրինական ուժի մեջ չեն մտել, համաներման որոշման պահանջների կատարումը վերապահված է դատարաններին: Իսկ նույն կետի 4-րդ ենթակետի համաձայն` քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձանց նկատմամբ համաներման կատարումը վերապահված է տվյալ հիմնարկների պետերին:
Համաներման ակտի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 8-րդ կետում, ի տարբերություն նույն որոշման 1-5-րդ կետերի, որտեղ օրենսդիրն օգտագործել է «պատիժ» հասկացությունը, սահմանված է, որ կրճատման է ենթակա ոչ թե հանցավորի նկատմամբ նշանակված պատիժը, այլ պատժաչափի չկրած մասը: Այսինքն` օրենսդիրը հստակ տարբերակում է դնում «պատիժ» և «պատժաչափի չկրած մաս» հասկացությունների միջև, ուստի դրանք ոչ մի պարագայում չեն կարող նույնացվել: Հետևաբար, համաներման որոշման հիման վրա կրճատման է ենթակա ոչ թե անձի նկատմամբ նշանակված պատիժը, այլ նշանակված պատժի միայն չկրած մասը:
ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Պատիժը պետական հարկադրանքի միջոց է, որը դատարանի դատավճռով պետության անունից նշանակվում է հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով (…)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման (…) ձևով նշանակված պատժին` մեկ օրը հաշվելով մեկ օրվա դիմաց, (…) »:
ՀՀ քրեական դատավարության և քրեական օրենսգրքերի վերը նշված դրույթներից բխում է, որ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձը պատիժ պետք է կրի, երբ նրա մեղավորությունն ապացուցված է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ընդ որում, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ գտնվելու դեպքում այդ ժամկետը հաշվակցվում է ազատազրկման ձևով նշանակված պատժին՝ դառնալով պատժի կրած մաս:
Վերոգրյալից հետևում է, որ համաներման ակտի 8-րդ կետի կիրառման արդյունքում կրճատվում է այն անձանց նկատմամբ նշանակված պատժաչափի չկրած մասը, որոնց վերաբերյալ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, քանի որ պատժաչափի չկրած մասի հաշվարկը, ուստիև այդ չկրած մասի փաստացի կրճատումը, հնարավոր է կատարել միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության պայմաններում` Համաներման ակտի 13-րդ կետի 4-րդ ենթակետով ամրագրված իրավազորության սահմաններում և ընթացակարգով:
Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ եթե անգամ դատարանը անձի նկատմամբ դատավճիռ կայացնելիս կիրառի Համաներման ակտի 8-րդ կետի որևէ ենթակետ, ապա կարող է արձանագրել միայն համաներման կիրառմամբ պատժի չկրած մասի կրճատման փաստը` դրա հաշվարկի կատարումը թողնելով համապատասխան քրեակատարողական հիմնարկին` դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ համաներման որոշման 8-րդ կետի լիարժեք կիրառումն իրագործելի է բացառապես օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության դեպքում` համապատասխան քրեակատարողական հիմնարկում:
Բացի այդ, որոշման 8-րդ կետի կիրառումը քրեակատարողական հիմնարկների պետերի կողմից արդարացված է նաև այն առումով, որ հակառակ դեպքում կարող է հակասություն առաջանալ համաներման կիրառելիության և 9-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված սահմանափակման միջև, այն է` համաներումը չի կիրառվում «սույն որոշման կիրառման օրվա դրությամբ պատիժը կրելու սահմանված կարգը չարամիտ խախտողների նկատմամբ», քանի որ դատարանը կարող է պարզապես տեղեկացված չլինել որոշման կիրառման օրվա դրությամբ առկա` պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտումների մասին:
27. Սույն գործի նյութերից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի ապրիլի 12-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 185-րդ հոդվածի 1-ին մասով և 364-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված` հանցանքների համակցության կանոններով, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Վ.Ավետիսյանի նկատմամբ պատիժ է սահմանվել ազատազրկում` 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
Վերաքննիչ դատարանը 2011 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ կիրառել է Համաներման ակտի 1-ին կետի 1-ին ենթակետը և ամբաստանյալ Վ.Ավետիսյանին ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված պատժից` 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկումից: Վերաքննիչ դատարանը 2011 թվականի հուլիսի 15-ի մեկ այլ որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի ապրիլի 12-ի դատավճիռը` ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 1-ին մասով բեկանել է, դարձյալ կիրառել է Համաներման ակտի 6-րդ կետի 2-րդ ենթակետը և Վ.Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթն այդ մասերով կարճել է և Վ.Ավետիսյանի նկատմամբ դադարեցրել է քրեական հետապնդումը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
28. Սույն որոշման 10-22-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը Համաներման ակտն ամբաստանյալ Վ.Ավետիսյանի նկատմամբ իրավացիորեն կիրառել է յուրաքանչյուր հանցագործության վերաբերյալ առանձին` արդյունքում նրան ազատելով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված պատժից և ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով կարճելով քրեական գործի վարույթը և դադարեցնելով Վ.Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը:
29. Ելնելով սույն որոշման 28-րդ կետում առկա հետևությունից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումներն անհրաժեշտ է թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալ Վարուժան Գագիկի Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 185-րդ հոդվածի 1-ին մասով և 364-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի hուլիսի 15-ի որոշումները թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան | |
Ե. Դանիելյան | ||
|
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |