ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Քաղ. Երևան |
14 հոկտեմբերի 2011 թ. |
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-ԻՆ ՄԱԴՐԻԴՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2011 թվականի հուլիսի 22-ին Մադրիդում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև օդային տրանսպորտի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 03.10.2011թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Ա. Մարությանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև օդային տրանսպորտի մասին համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2011 թվականի հուլիսի 22-ին` Մադրիդում:
Համաձայնագրի անբաժանելի մասն է կազմում Համաձայնագրի` Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության կողմից նշանակված ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից շահագործվող երթուղիների մասին հավելվածը:
2. Համաձայնագրի նպատակն է երկու երկրների միջև կանոնավոր օդային հաղորդակցությունների կարգավորումը և տնտեսական ու մշակութային կապերի հետագա զարգացումը:
3. Սույն Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես`
● տրամադրել Իսպանիայի Թագավորությանը Համաձայնագրում նախատեսված իրավունքները` Հավելվածում սահմանված երթուղիներով կանոնավոր միջազգային օդային հաղորդակցություններ հաստատելու նպատակով (հոդվ. 2, կետ 1),
● սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցություն շահագործելու առնչությամբ երաշխավորել իսպանական կողմի նշանակված ավիաընկերությունների` ՀՀ տարածքի վրայով առանց վայրէջքի թռիչքներ իրականացնելու, ոչ առևտրային նպատակներով ՀՀ տարածքում վայրէջքներ կատարելու, ինչպես նաև ՀՀ տարածքում` Հավելվածում սահմանված կետերում կանգառներ կատարելու իրավունքները` առանձին կամ համակցված կերպով միջազգային փոխադրումներում ուղևորների, բեռի և փոստի օդանավ վերցնելու կամ իջեցնելու նպատակով (հոդվ. 2, կետ 2),
● միջազգային օդային հաղորդակցություններում ներգրավված օդանավի` ՀՀ-ի տարածք մուտք գործելուն, տարածքից մեկնելուն կամ այդ տարածքում գտնվելիս իսպանական կողմի նշանակված ավիաընկերության օդանավերի նկատմամբ կիրառել նման օդանավի շահագործմանը վերաբերող ՀՀ օրենսդրությունը (հոդվ. 5, կետ 1),
● վավեր ճանաչել Համաձայնագրի հավելվածում սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցությունների շահագործման նպատակով իսպանական կողմի կանոններին և ընթացակարգերին համապատասխան տրված կամ վավեր ճանաչված դեռևս ուժի մեջ գտնվող թռիչքային պիտանիության սերտիֆիկատները, օդանավ շահագործողի սերտիֆիկատներն ու լիցենզիաները` պայմանով, որ այն պահանջները, որոնց ներքո տրվել կամ վավեր են ճանաչվել նման սերտիֆիկատներն ու լիցենզիաները, համապատասխանում են Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի 1944թ. կոնվենցիայում սահմանված նվազագույն չափանիշներին կամ գերազանցում են դրանք (հոդվ. 6, կետ 1),
● իսպանական կողմի հարցման դեպքում տրամադրել անհրաժեշտ ողջ աջակցությունը` կանխելու համար օդանավերի ապօրինի զավթման գործողությունները և օդանավերի, դրանց ուղևորների և անձնակազմի, օդանավակայանների և օդագնացության միջոցների անվտանգության դեմ ուղղված այլ անօրինական գործողություններ, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ցանկացած այլ սպառնալիք (հոդվ. 8, կետ 2),
● իսպանական կողմի ցանկացած նշանակված ավիաընկերությունների միջազգային օդային հաղորդակցություններում շահագործվող օդանավերը, ինչպես նաև դրանց սովորական սարքավորումները, վառելիքի ու քսայուղերի պաշարները և նման օդանավերում գտնվող պաշարները, ՀՀ-ի տարածք ժամանելիս ազատել բոլոր մաքսատուրքերից և այլ տուրքերից ու հարկերից` պայմանով, որ այդպիսի սարքավորումները և պաշարները մնան օդանավում մինչև դրանք վերաարտահանելը (հոդվ. 10, կետ 1),
● իսպանական կողմի նշանակված ավիաընկերություններին տրամադրել Համաձայնագրում սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցությունների շահագործման արդար և հավասար հնարավորություն (հոդվ. 12, կետ 1),
● իսպանական կողմի նշանակված ավիաընկերություններին թույլատրել ՀՀ-ի տարածքում պահելու իրենց գրասենյակները և ներկայացուցչությունները, ինչպես նաև իրենց առևտրային, գործառնական և տեխնիկական անձնակազմը, որն անհրաժեշտ է համաձայնեցված հաղորդակցությունների շահագործման մասով (հոդվ. 14, կետ 1):
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2011 թվականի հուլիսի 22-ին Մադրիդում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև օդային տրանսպորտի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
14 հոկտեմբերի 2011 թ. |