ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 դեկտեմբերի 2011 թվականի N 1700-Ա
«ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աղվերան գյուղում գտնվող ռադիոհսկման և ռադիոուսուցման կենտրոնի` 71951733 դրամ հաշվեկշռային արժեքով, 2763.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք, շինությունները (1842.2 քառ. մետր մակերեսով շենքը, 921.1 քառ. մետր մակերեսով շինությունները, այդ թվում` տնտեսական մասնաշենք՝ 828.7 քառ. մետր, ենթակայան` 19.0 քառ. մետր, ջրի մաքրման կայան՝ 63.0 քառ. մետր, տաղավար N 1՝ 5.2 քառ. մետր և տաղավար N 2՝ 5.2 քառ. մետր) և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 2.0 հեկտար մակերեսով հողատարածքը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետության կողմից գույքային ներդրում, հանձնել «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող պայմանագրի կնքումը և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` պայմանագրում սահմանելով, որ «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամը պարտավոր է`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հայտի հիման վրա գույքն անհատույց տրամադրել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին` երիտասարդության շրջանում իրականացվող ծրագրերի և միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև սփյուռքից, այդ թվում` «Արի տուն» ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած երիտասարդության հյուրընկալման համար` իր միջոցների հաշվին իրականացնելով նաև սպասարկման (բացառությամբ սննդի) հետ կապված ծախսերը.
2) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության հայտի հիման վրա գույքն անհատույց տրամադրել «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` կադրերի ուսուցման և վերապատրաստման գործընթացի կազմակերպման համար:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|