ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 նոյեմբերի 2011 թվականի N 1578-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1367-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի «Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նմուշը և այդ փաստաթուղթը կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթով փոխանակելու կարգը հաստատելու մասին» N 1367-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման վերնագիրը «ՆՄՈՒՇԸ» բառից հետո լրացնել «, ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ» բառերով.
2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին ենթակետով.
«1.1. Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթը տալու կարգը` համաձայն N 1.1 հավելվածի:».
3) որոշումը լրացնել նոր՝ N 1.1 հավելվածով` համաձայն հավելվածի.
4) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետում «միգրացիայի հարցերով լիազոր պետական մարմնի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերով.
5) որոշման N 2 հավելվածի`
ա. 2-րդ կետում «միգրացիայի հարցերով լիազոր պետական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին)» բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն)» բառերով,
բ. 3-րդ կետում «լիազոր մարմին» բառերը փոխարինել «ոստիկանություն» բառով,
գ. 5-րդ կետում «մեկշաբաթյա ժամկետում» բառերը փոխարինել «5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. նոյեմբերի 14 |
Հավելված |
«Հավելված N 1.1 նոյեմբերի 26-ի N 1367-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՏԱԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթ տալու կարգը:
2. Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթը (այսուհետ` ժամանակավոր ապաստանի վկայական) ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի ինքնությունը հաստատող փաստաթուղթ է:
3. Ժամանակավոր ապաստանի վկայականը տրվում է մեկ տարի ժամկետով:
4. Ժամանակավոր ապաստանի ժամկետանց վկայականներն անվավեր են և ենթակա չեն նոր վկայականով փոխանակման:
5. Ժամանակավոր ապաստանի վկայականը պատրաստվում է միասնական նմուշով` հայերենով:
6. Ժամանակավոր ապաստանի վկայականում նշվում են ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի մասին հետևյալ տեղեկությունները`
1) ազգանունը, անունը, հայրանունը.
2) ծննդյան վայրը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.
3) սեռը.
4) ազգությունը.
5) քաղաքացիությունը (կամ դրա բացակայությունը).
6) բնակության վայրը.
7) հաշվառման վայրը:
7. Ժամանակավոր ապաստանի վկայականը, ինչպես նաև օգտագործման համար ոչ պիտանի, կորած կամ գողացված վկայականի փոխարեն նոր վկայականը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) կողմից:
8. Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան ստացած փախստականը վկայական ստանալու համար ոստիկանություն է ներկայացնում`
1) դիմում` ժամանակավոր ապաստանի վկայական ստանալու մասին.
2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության (այսուհետ` ծառայություն) կողմից տրված տեղեկանք անձին Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն տրամադրելու մասին.
3) անձնագիր, իսկ դրա բացակայության դեպքում` անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ անձը հաստատող այլ փաստաթղթի բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձի հայտարարությունը.
4) 35 x 45 մմ չափսի 2 լուսանկար (գունավոր):
9. Ժամանակավոր ապաստանի վկայականը տրամադրվում է դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
10. Ժամանակավոր ապաստանի վկայականը, ոստիկանության կամ վկայականի տիրոջ նախաձեռնությամբ, կարող է փոխանակվել նոր վկայականով, եթե դրանում պարունակվող տեղեկությունները փոփոխվելու, կատարված գրառումներում անճշտություններ հայտնաբերվելու, մաշվածության կամ որևէ այլ պատճառով օգտագործման համար այն ոչ պիտանի է դարձել:
11. Ժամանակավոր ապաստանի վկայականի փոխանակման համար ոստիկանություն է ներկայացվում դիմում, փոխանակման ենթակա վկայականը և 35 x 45 մմ չափսի 2 գունավոր լուսանկար: Եթե ժամանակավոր ապաստանի վկայականի փոխանակման համար հիմք է հանդիսացել ժամանակավոր ապաստանի վկայականում որևէ տեղեկության փոփոխվելը կամ գրառումներում անճշտություններ հայտնաբերվելը, ապա ներկայացվում են նաև համապատասխան փոփոխությունները և անճշտությունները հաստատող փաստաթղթեր:
12. Ժամանակավոր ապաստանի վկայականի կորստի կամ գողանալու դեպքերում նոր վկայական ստանալու համար ոստիկանություն է ներկայացվում նոր վկայական ստանալու մասին դիմում, անձնագիր, իսկ դրա բացակայության դեպքում` անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ անձը հաստատող այլ փաստաթղթի բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձի հայտարարությունը և 35 x 45 մմ չափսի 2 գունավոր լուսանկար: Ժամանակավոր ապաստանի վկայականի կորստի, գողանալու կամ փոխանակման դեպքերում նոր վկայականը տրամադրվում է դիմումն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում:
13. Կորած, գողացված կամ փոխանակման արդյունքում տրված ժամանակավոր ապաստանի նոր վկայականի վավերականության ժամկետը պետք է համապատասխանի կորած, գողացված կամ փոխարինված վկայականի վավերականության ժամկետին: Կորած կամ գողացված վկայականի փոխարեն նոր վկայական տալու դեպքում կորած կամ գողացված վկայականն անվավեր է ճանաչվում:
14. Ժամանակավոր ապաստանի վկայականը ենթակա է ոստիկանությանը հանձնման, եթե`
1) անձին տրամադրված ժամանակավոր պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցվել է.
2) ժամանակավոր ապաստանի վկայականի գործողության ժամկետը լրացել է.
3) ժամանակավոր ապաստանի վկայական ունեցող անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ:
15. Սույն կարգի 12-րդ կետով նախատեսված ժամանակավոր ապաստանի վկայականի կորստի կամ գողանալու դեպքերում սույն կարգի 14-րդ կետով նախատեսված պարտավորություն չի առաջանում:
16. Ժամանակավոր ապաստանի վկայական ունեցող անձի մահվան դեպքում ժամանակավոր ապաստանի վկայականը ներկայացվում է մահվան ակտը գրանցող պետական մարմին, որը մահվան գրանցումը կատարելուց հետո՝ սահմանված ժամկետներում ժամանակավոր ապաստանի վկայականն ուղարկում է ոստիկանություն:
17. Ոստիկանությունն անձին ժամանակավոր ապաստանի վկայական տրամադրելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է ծառայությանը:»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |