ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հուլիսի 2011 թվականի N 1130-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2334-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 302-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 488-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 17-րդ և 18-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և նրա կանոնադրությունը հաստատելու մասին» N 2334-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման 2-րդ կետով հաստատված՝ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
2) որոշման 5-րդ կետում «Աբովյան 196» բառերը փոխարինել «Աբովյան 296» բառերով.
3) որոշման 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գ» ենթակետով.
«գ) արտադրական վտանգավոր օբյեկտներում տեխնիկական անվտանգության և հակահրդեհային փորձաքննության իրականացում ու համապատասխան փորձագիտական եզրակացության տրամադրում:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի «Տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող անձանց հավատարմագրման և հաշվառման կարգը հաստատելու մասին» N 302-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված՝ տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող անձանց հավատարմագրման և հաշվառման կարգը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի «Տեխնածին վթարների, մահացու կամ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննության և հաշվառման կարգը սահմանելու մասին» N 488-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 1-ին կետում «(շահագործման նպատակով նախապատրաստվող, կոնսերվացվող, ապամոնտաժվող)» բառերը փոխարինել «, շահագործման նպատակով նախապատրաստվող, կոնսերվացվող, ապամոնտաժվող,» բառերով.
2) 2-րդ կետը «վերամշակման» բառից հետո լրացնել «ջրային համակարգերի,» բառերով.
3) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննությունն իրականացնում է «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ազգային կենտրոն), ինչպես նաև հավատարմագրված անձինք: Հատուկ, կարևորագույն և ռազմավարական նշանակության օբյեկտներում տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովը:».
4) հավելվածը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝6.1-ին կետով.
«6.1. Տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` լիազոր մարմին) աշխատակազմի հավատարմագրման և լիցենզավորման գործակալությունը (այսուհետ` գործակալություն):».
5) 7-րդ կետը «տեղեկացնում է» բառերից հետո լրացնել «գործակալությանը և» բառերով.
6) չեղյալ ճանաչել 8-րդ կետը.
7) 9-րդ կետի «Խոշոր տեխնածին վթարների դեպքում, հաշվի առնելով դրանց բնույթը, հանձնախմբում կարող են ընդգրկվել նաև այլ մարմինների փորձագետները:» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հատուկ, կարևորագույն և ռազմավարական նշանակության օբյեկտներում տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննության անցկացման նպատակով լիազոր մարմնի ղեկավարի կողմից մեկօրյա ժամկետում ստեղծվում է հանձնաժողով, որի կազմում կարող են ընդգրկվել գործակալության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, ազգային կենտրոնի, հավատարմագրված անձանց և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:».
8) 12-րդ կետը «4-օրյա» բառերից հետո լրացնել «, իսկ հատուկ, կարևորագույն և ռազմավարական նշանակության օբյեկտներում տեղի ունեցած տեխնածին վթարի տեխնիկական քննության հանձնաժողովը ոչ ավելի, քան 10-օրյա» բառերով.
9) 14-րդ կետում`
ա. առաջին պարբերությունում «լիազոր մարմին» բառերը փոխարինել «գործակալություն» բառով,
բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հատուկ, կարևորագույն և ռազմավարական նշանակության օբյեկտներում տեղի ունեցած տեխնածին վթարի տեխնիկական քննության հանձնաժողովը եզրակացությունը ներկայացնում է լիազոր մարմնի ղեկավարին: Լիազոր մարմնի ղեկավարի կողմից եզրակացությունը հաստատվելուց հետո գործակալությունը հատուկ, կարևորագույն և ռազմավարական նշանակության օբյեկտներում տեղի ունեցած տեխնածին վթարի տեխնիկական քննության եզրակացությանը տալիս է սույն կետի առաջին և երկրորդ պարբերություններով ազգային կենտրոնի համար սահմանված ընթացք:».
10) 15-րդ կետում «ազգային կենտրոնում» բառերը փոխարինել «գործակալությունում» բառով.
11) 16-րդ կետում «եզրակացությունը կարող է» բառերը փոխարինել «և հանձնաժողովի եզրակացությունները կարող են» բառերով.
12) N 1 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի N 1130-Ն որոշման
«Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կենտրոն) գործունեությունը նպատակաուղղված է արտադրական վտանգավոր օբյեկտում «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված տեխնիկական անվտանգության պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերի, տեխնիկական անվտանգության բնագավառում նոր գիտական ուղղությունների և գիտափորձերի մշակմանը:
2. Կենտրոնի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:
3. Կենտրոնը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող պետական ոչ առևտրային` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքերով ձեռք է բերում և իրականացնում սույն կանոնադրությամբ ամրագրված` իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ ու պարտականություններ:
4. Կենտրոնն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների և ծախսերի նախահաշիվ, բանկային հաշիվ, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
5. Կենտրոնը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Կենտրոնը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտավորություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Կենտրոնը կարող է ունենալ մասնաճյուղեր, գիտափորձարարական, ուսումնական հիմնարկներ:
7. Կենտրոնի անվանումն է`
1) հայերեն լրիվ` «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.
2) հայերեն կրճատ` «Տեխանվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ.
3) ռուսերեն լրիվ` «Национальный центр технической безопасности» государственная некоммерческая организация.
4) ռուսերեն կրճատ` «Национальный центр техбезопасности» ГНО.
5) անգլերեն լրիվ` «National Center of Technical Security» State Non Commercial Organization.
6) անգլերեն կրճատ` «NCTS» SNCO։
8. Կենտրոնի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Սարմենի 1:
II. ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
9. Կենտրոնի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող, շահագործման նպատակով նախապատրաստվող, կոնսերվացվող, ապամոնտաժվող արտադրական վտանգավոր օբյեկտներում տեխնիկական անվտանգության ապահովման գործառություններ կազմակերպելն ու իրականացնելն է` բացառությամբ միջուկային և էներգատեղակայանքների, ռադիոակտիվ նյութերի վերամշակման, ջրային համակարգերի, ավիացիայի, ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի, ինչպես նաև ռազմական նշանակության օբյեկտների:
10. Կենտրոնի լիազորություններն են`
1) տեխնիկական անվտանգության պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերի մշակումը.
2) ուսումնամեթոդական ծրագրերի մշակումը, ոլորտի մասնագետների, փորձագետների, տնտեսության մեջ աշխատող ինժեներատեխնիկական և մասնագետ կադրերի ուսուցման և որակավորման գծով աշխատանքների կազմակերպումը.
3) իր իրավասությունների շրջանակներում մասնակցությունը միջպետական ծրագրերի և տեխնիկական նախագծերի մշակմանն ու իրագործմանը, գիտահետազոտական աշխատանքների անցկացմանը.
4) տեխնիկական անվտանգության բնագավառում նոր գիտական ուղղությունների, գիտափորձերի մշակումը.
5) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, քաղաքացիներին տեխնիկական անվտանգությանն առնչվող հարցերով տեղեկատվությամբ ապահովումը, այդ թվում՝ նաև զանգվածային լրատվության միջոցներով.
6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
11. Կենտրոնն իր գործառույթներն իրականացնում է`
1) արտադրություններում կամ առանձին տեղամասերում, արտադրամասերում, արտադրական հրապարակներում, պահեստարաններում, տեղակայանքներում, տեխնոլոգիական սարքավորումներում կամ ցանկացած այլ օբյեկտում, որտեղ՝
ա. Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած սահմանաքանակները գերազանցող չափերով արտադրվում, վերամշակվում, պահվում, փոխադրվում, օգտագործվում կամ ստացվում են հետևյալ հատկանիշներով բնութագրվող վնասակար նյութերը՝
դյուրավառ նյութեր, որոնք գազային վիճակում, նորմալ ճնշման պայմաններում օդի հետ խառնվելու դեպքում դառնում են բոցավառ, և որոնց եռման ջերմաստիճանը նորմալ ճնշման դեպքում հավասար է 200C-ի կամ դրանից ցածր է,
օքսիդացող նյութեր, որոնք օժանդակում են այրմանը, հարուցում են կրակի առաջացում կամ նպաստում են այլ նյութերի բոցավառմանն օքսիդավերականգնման էկզոթերմի ռեակցիաների հետևանքով,
այրվող նյութեր՝ հեղուկներ, գազեր, փոշիներ, որոնք ունեն ինքնաբռնկվելու հատկություններ, ինչպես նաև կարող են բռնկվել կրակի աղբյուրից,
պայթյունավտանգ նյութեր, որոնք կարող են պայթել բոցի ազդեցությամբ կամ ցնցումների և շփման նկատմամբ դրսևորել ավելի զգայունություն, քան երկնիտրաբենզոլը,
թունավոր նյութեր, որոնք ազդելով կենդանի օրգանիզմների վրա՝ կարող են դառնալ հիվանդության կամ մահվան պատճառ,
շրջակա բնական միջավայրի համար վտանգ ներկայացնող նյութեր, որոնք ջրային միջավայրում ձեռք են բերում սուր թունավոր հատկություններ,
բ. կիրառվում են 0,07 և ավելի մեգապասկալ ճնշման տակ աշխատող սարքավորումներ, ջրի՝ մինչև 1150 C (60 կՎտ և ավելի հզորության) և 1150 C-ից բարձր ջերմաստիճանի տակ աշխատող ջերմային կայանքներ,
գ. իրականացվում են հանքարդյունահանման, հորապայթեցման աշխատանքներ կամ աշխատանքներ՝ օգտակար հանածոների հանքահարստացման ուղղությամբ,
դ. իրականացվում են թունելաշինական աշխատանքներ կամ ցանկացած այլ աշխատանք՝ ստորերկրյա պայմաններում,
ե. ստացվում են մետաղների հալույթներ.
2) շարժասանդուղքներում, ճոպանուղիներում, կարուսելներում, ֆունիկուլյորներում, ամբարձիչ կռունկներում, մեկ տոննա և ավելի բեռնաբարձությամբ ամբարձիչ սարքավորումներում և մեխանիզմներում.
3) վերելակներում, եթե դրանք տեղադրված են հանրային նշանակության կառույցներում, այդ թվում՝ արտադրական շինություններում, բազմաբնակարանային շենքերում, ընդհանուր օգտագործման համար նախատեսված այլ վայրերում՝ բացառությամբ 250 կգ կամ պակաս բեռնատարողությամբ վերելակների.
4) նավթամթերքների, հեղուկ գազի, բնական (սեղմված) գազի, հաստատուն և շարժական լցավորման կայաններում, գազագլանաանոթային սարքավորումներում, տեխնոլոգիական նպատակներով գազ օգտագործող օբյեկտներում, գազապահեստարաններում.
5) ջրային լողամիջոցներում՝ բացառությամբ ջրային հեծանիվների և առանց շարժիչի նավակների, այդ թվում՝ փչովի։
12. Կենտրոնն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) տեխնիկական անվտանգության ոլորտում գիտատեխնիկական, փորձարարական, խորհրդատվական ծառայությունների մատուցում, դիագնոստիկա, փորձարկում և զննում.
2) տեխնիկական անվտանգության հետ կապված բնագավառներում ուսումնական դասընթացների իրականացում.
3) տեխնիկական անվտանգության և հակահրդեհային փորձաքննության իրականացում ու համապատասխան փորձագիտական եզրակացության տրամադրումը։
13. Կենտրոնը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն համապատասխան լիցենզիայի հիման վրա:
14. Կենտրոնի ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:
III. ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
15. Կենտրոնի կառավարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան իրականացնում են հիմնադիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նրա կողմից լիազորված պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը, կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը, գործադիր մարմինը` տնօրենը:
16. Հիմնադրի բացառիկ լիազորություններն են`
1) պետական կազմակերպության հիմնադրումը.
2) պետական կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.
3) պետական կազմակերպության կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխությունների կատարումը.
4) պետական կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը.
5) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:
17. Լիազորված պետական մարմնի լիազորություններն են`
1) կենտրոնին սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.
2) կենտրոնի կառավարման համակարգի սահմանումը.
3) կենտրոնի լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.
4) օրենսդրությամբ սահմանված կարգով կենտրոնի տնօրենին պաշտոնի նշանակելը և ազատելը.
5) կենտրոնի հաստիքացուցակի, պահպանման տարեկան ծախսերի նախահաշվի հաստատումը, տնօրենի վարձատրության, ինչպես նաև կենտրոնի շահույթի հաշվին աշխատողների լրացուցիչ վարձատրության (հավելավճար, պարգևատրում և այլն) չափերը և պայմանները որոշելը.
6) կենտրոնի գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
7) կենտրոնի կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի և կենտրոնի տնօրենի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող որոշումները, հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները կասեցնելը կամ ուժը կորցրած ճանաչելը.
8) կենտրոնին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
9) կենտրոնի սեփականության պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
10) կենտրոնի գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար համաձայնություն տալը.
11) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, հիմնադրի որոշումներով ու սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացումը:
18. Կենտրոնի կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) իր գործունեության ընթացքում իրականացնում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով և սույն կանոնադրությամբ նախատեսված լիազորությունները:
19. Խորհուրդը բաղկացած է հինգ անդամից, որոնցից`
1) մեկը կենտրոնի կոլեկտիվի անդամ է, որին ընտրում է կոլեկտիվի ընդհանուր ժողովը.
2) երեքը լիազորված պետական մարմնի համակարգի ծառայողներ են, որոնք նշանակվում են լիազոր մարմնի ղեկավարի կողմից.
3) մեկը գիտական հաստատությունների ներկայացուցիչ է (իր համաձայնությամբ), որին նշանակում է լիազոր մարմինը:
20. Խորհրդի կազմը հաստատում է լիազորված պետական մարմինը` երեք տարի ժամկետով:
21. Խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի անդամներից:
22. Խորհրդի լիազորությունները`
1) լիազորված մարմին կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
2) լիազորված մարմին տնօրենի նշանակման, նրա հետ կնքվող աշխատանքային պայմանագրի հաստատման, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, վարձատրության կարգի և պայմանների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
3) կենտրոնի տնօրենի գործունեության նկատմամբ ընթացիկ վերահսկողության իրականացումը.
4) կենտրոնի շահույթի տնօրինման ուղղությունների սահմանումը.
5) կենտրոնի գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատումը.
6) խորհրդի նախագահի ընտրությունը, իր աշխատակարգի հաստատումը.
7) լիազորված մարմին` կենտրոնի տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
8) տնօրենի հաշվետվությունների քննարկումն ու հաստատումը.
9) կենտրոնի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը հաստատելը.
10) կենտրոնի կառուցվածքին, ինչպես նաև կենտրոնի ստորաբաժանումների կանոնադրություններին համաձայնություն տալը:
23. Խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել`
1) իր դիմումի համաձայն.
2) ըստ պաշտոնի առաջադրվելու դեպքում` լիազոր մարմնի աշխատակազմում զբաղեցրած պաշտոնից ազատվելու հետևանքով.
3) մահվան դեպքում.
4) օրենքով սահմանված այլ դեպքերում:
24. Խորհրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում այն համալրվում է՝ պահպանելով սույն կանոնադրության 19-րդ կետով սահմանված համամասնությունները:
25. Խորհրդի գործունեությունը դադարում է հիմնադրի որոշմամբ կամ տարվա ընթացքում երկու անգամ քվորումի բացակայության պատճառով նիստեր չգումարվելու հիմքով:
26. Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն չորս անգամ: Դրանք համարվում են իրավազոր` խորհրդի առնվազն 3 անդամի մասնակցության դեպքում: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ: Արտահերթ նիստերը հրավիրվում են խորհրդի առնվազն 2 անդամի առաջարկությամբ:
27. Խորհուրդը հաստատում է իր աշխատակարգը: Խորհրդի հերթական նիստերը վարելու և նիստերի միջև ընկած ժամանակահատվածում խորհրդի նիստերից բխող հանձնարարականների կատարմանը հետևում է խորհրդի նախագահը:
IV. ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ
28. Կենտրոնի տնօրենին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմինը:
29. Կենտրոնի տնօրենն օրենքով, հիմնադրի որոշումներով ու լիազորված պետական մարմնի ղեկավարի հրամաններով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կենտրոնի գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի որոշումների ու լիազորված պետական մարմնի հրամանների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
30. Կենտրոնի տնօրենի հետ օրենքով սահմանված կարգով կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը:
31. Կենտրոնի տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
32. Կենտրոնի տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով կենտրոնին և (կամ) պետությանը պատճառված վնասի համար: Կենտրոնի գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
33. Կենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակված անձի բացակայության դեպքում լիազոր մարմնի ղեկավարի հրամանով այդ լիազորություններն իրականացնում է կենտրոնի տնօրենի տեղակալներից մեկը:
34. Կենտրոնի տնօրենը`
1) առանց լիազորագրի հանդես է գալիս կենտրոնի անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի լիազորված պետական մարմնի ու կենտրոնի կոլեգիալ կառավարման մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կենտրոնի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
3) տալիս է կենտրոնի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում կենտրոնի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
5) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
6) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
7) նախքան հաստատելը` խորհրդի համաձայնեցմանն է ներկայացնում կենտրոնի կառուցվածքը.
8) սահմանում է կենտրոնի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները` համաձայնեցնելով խորհրդի հետ.
9) հաստատում է կենտրոնի հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները` համաձայնեցնելով խորհրդի հետ.
10) նշանակում է կենտրոնի հիմնարկների, ներկայացուցչությունների և մասնաճյուղերի ղեկավարներին` համաձայնեցնելով խորհրդի հետ, նրանց տալիս է համապատասխան լիազորագրեր.
11) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
12) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կենտրոնի կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:
V. ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
35. Կենտրոնի սեփականությունը ձևավորվում է դրա հիմնադրման ժամանակ հիմնադրի կողմից կենտրոնին սեփականության իրավունքով հանձնվող գույքից, որը հետագայում կարող է համալրվել կենտրոնի գործունեության ընթացքում ձեռք բերված գույքով, ինչպես նաև հիմնադրի կողմից սեփականության իրավունքով կենտրոնին հանձնվող գույքով:
36. Կենտրոնն իրավունք ունի, օրենքին, հիմնադրի որոշումներին և իր կանոնադրությանը համապատասխան, իր հայեցողությամբ տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
37. Հիմնադիրը սեփականության իրավունքով կենտրոնին պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ կենտրոնի լուծարումից հետո մնացած գույքի:
38. Կենտրոնի սեփականության պահպանման հոգսը կրում է կենտրոնը:
39. Կենտրոնի սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում` միայն դատական կարգով:
40. Կենտրոնի սեփականության ձևավորման աղբյուրներն են`
1) կենտրոնին սեփականության իրավունքով հանձնված գույքը.
2) Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց կատարած ներդրումները, այդ թվում` բարեգործական, հովանավորչական ու նպատակային.
3) ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտները:
41. Հիմնադրի կողմից կենտրոնին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով կարող է ամրացվել ցանկացած գույք:
42. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից կենտրոնին ամրացված գույքը:
43. Կենտրոնն իրավունք չունի իրեն ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու: Կենտրոնն իրավունք ունի պետության անունից` օրենքով սահմանված կարգով վարձակալության հանձնելու իրեն ամրացված գույքը: Ամրացված տարածքների վարձակալության արդյունքում ստացված վարձավճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Ամրացված գույքի՝ այլ օգտագործման արդյունքում ստացված եկամուտները կենտրոնի սեփականությունն են: Ամրացված գույքի` օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:
44. Կենտրոնի ֆինանսական միջոցները ձևավորվում են`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացվող միջոցներից.
2) ձեռնարկատիրական գործունեությունից գոյացած միջոցներից.
3) դրամաշնորհներից.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ միջոցներից:
45. Կենտրոնի ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է հետևյալ ուղղություններով`
1) կենտրոնի գործունեությունն ապահովող գույքի, սարքավորումների և նյութերի ձեռքբերում.
2) աշխատողների կենսաապահովման մակարդակի բարձրացում` պարգևատրումների, հավելավճարների և նյութական օգնությունների միջոցով.
3) տեխնածին վթարների ռիսկերի նվազեցում.
4) կենտրոնի տեխնիկական հագեցվածության բարելավում, այդ թվում` հիմնական միջոցների ձեռքբերում.
5) հիմնադրի և խորհրդի կողմից ու օրենքով սահմանված այլ ուղղություններով:
VI. ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
46. Կենտրոնը կարող է վերակազմակերպվել (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
47. Կենտրոնը դատական կարգով կարող է վերակազմակերպվել և լուծարվել` միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
48. Կենտրոնի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է՝ առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
49. Կենտրոնը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Կենտրոնը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:
50. Կենտրոնի լուծարման դեպքում նրա պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի N 1130-Ն որոշման |
«Հավելված N 1 ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 302-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում (ոլորտներում) տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի հավատարմագրման և հաշվառման գործընթացները:
2. Սույն կարգը մշակված է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի պահանջին և միջազգային ԻՍՕ/ԻԷԿ 17000 համակարգի ստանդարտներին համապատասխան:
3. Հավատարմագրման նպատակը տեխնիկական անվտանգության փորձաքննության որակի և հավաստիության ապահովումն է: Հաշվառման կարգը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը:
4. Տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնելու համար իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` հայտատու) հավատարմագրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին): Լիազոր մարմնի անունից հավատարմագրման ծառայություններ մատուցում է լիազոր մարմնի աշխատակազմի հավատարմագրման և լիցենզավորման գործակալությունը (այսուհետ` գործակալություն):
5. Սույն կարգի իմաստով հավատարմագրումն ընթացակարգ է, որի միջոցով պաշտոնապես ճանաչվում է հայտատուի իրավասությունը` հավատարմագրված ոլորտում (ոլորտներում) տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում փորձաքննություն կատարելու համար:
6. Հավատարմագրման ոլորտը (ոլորտները) որոշվում է (են) «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով սահմանված արտադրական վտանգավոր օբյեկտների դասակարգմանը համապատասխան:
7. Հայտատուն տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնում է միայն հավատարմագրված ոլորտի (ոլորտների) շրջանակներում:
8. Հավատարմագրման արդյունքում տրվում է հավատարմագրման վկայագիր, որը հավաստում է հայտատուի իրավասությունն իրականացնելու տեխնիկական անվտանգության փորձաքննություն` հավատարմագրման ոլորտի (ոլորտների) շրջանակներում: Հավատարմագրման ոլորտը (ոլորտները) ամրագրվում է (են) հավատարմագրման վկայագրի ներդիրում, որը հավատարմագրման վկայագրի անբաժանելի մասն է։
9. Հավատարմագրված իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումն իրականացնում է գործակալությունը: Հաշվառման ընթացակարգերը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը:
10. Հավատարմագրման գործընթացի մասնակիցներն են`
1) լիազոր մարմինը.
2) հայտատուները:
II. ՀԱՅՏԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
11. Հայտատուները պետք է՝
1) ունենան հավատարմագրման ոլորտի (ոլորտների) շրջանակներում փորձաքննություն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սերտիֆիկացված անհրաժեշտ չափիչ-ստուգիչ սարքեր, գործիքներ.
2) համալրված լինեն բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող փորձագետներով: Ըստ ոլորտների պահանջվող բարձրագույն մասնագիտական կրթության ցանկը հաստատում է լիազոր մարմինը:
12. Հայտատուն պետք է յուրաքանչյուր փորձագետի համար նախատեսի տեխնիկական անվտանգության փորձաքննության կոնկրետ ոլորտ, ինչը պետք է ձևակերպված լինի համապատասխան փաստաթղթերով:
III. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
13. Հավատարմագրման ընթացակարգը ներառում է հետևյալ փուլերը`
1) հավատարմագրման հայտ ներկայացնելը.
2) հայտատուի ներկայացրած բոլոր փաստաթղթերի ուսումնասիրությունը և հավատարմագրելու կամ հավատարմագրումը մերժելու մասին որոշում ընդունելը.
3) հավատարմագրման վկայագրի հանձնումը:
14. Հավատարմագրման նպատակով հայտատուն սահմանված կարգով հայտ է ներկայացնում գործակալությանը։
15. Հայտին կից երկու օրինակից ներկայացվում են`
1) հայտատուի պետական գրանցման վկայականի պատճենը.
2) հավատարմագրման ոլորտի (ոլորտների) շրջանակներում փորձաքննություն իրականացնելու համար անհրաժեշտ չափիչ-ստուգիչ սարքերի, գործիքների ցանկը.
3) անձնակազմի մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ վկայականները.
4) ԻՍՕ/ԻԷԿ 17000 ստանդարտների համակարգին համապատասխան որակի ձեռնարկը:
16. Լիազոր մարմինը հայտն ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է հայտին կից ներկայացված փաստաթղթերի լրակազմի ստուգում: Սույն կարգի 15-րդ կետում նշված փաստաթղթերից որևէ մեկի բացակայության դեպքում լիազոր մարմինը հայտատուին առաջարկում է 5 աշխատանքային օրվա ընթացքում լրացնել բացակայող փաստաթղթերը։ Եթե սահմանված ժամկետում բացակայող փաստաթղթերը չեն լրացվում, ապա լիազոր մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք վերադարձնում է հայտատուին:
17. Եթե ներկայացված հայտը լրակազմ է, ապա գործակալությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է բոլոր ներկայացված փաստաթղթերը և կազմում եզրակացություն հավատարմագրման հայցվող ոլորտի (ոլորտների) համար սահմանված չափանիշներին հայտատուի համապատասխանության մասին և եզրակացությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում լիազոր մարմնի ղեկավարին: Անհրաժեշտության դեպքում գործակալությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է հայտատուի գույքը և անհրաժեշտ սարքավորումները:
18. Գործակալության կողմից կազմված եզրակացությունը կարող է լինել դրական կամ բացասական:
19. Գործակալությունը բացասական եզրակացություն է տալիս, եթե`
1) հայտատուն չի համապատասխանում հավատարմագրման չափանիշներից որևէ մեկին.
2) ներկայացված փաստաթղթերն ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տվյալներ են պարունակում:
20. Գործակալության եզրակացությունն ստանալուց հետո լիազոր մարմնի ղեկավարը 3 օրվա ընթացքում ընդունում է որոշում հայտատուին հավատարմագրելու կամ հավատարմագրումը մերժելու մասին:
21. Հայտատուին 3 աշխատանքային օրվա ընթացքում հավատարմագրելու կամ հավատարմագրումը մերժելու մասին չհայտնելու դեպքում հայտատուն համարվում է հավատարմագրված:
22. Լիազոր մարմնի կողմից հայտատուին հավատարմագրելու մասին որոշումն ընդունվելու դեպքում հայտատուն հավատարմագրվում է որպես տեխնիկական անվտանգության փորձագիտական կազմակերպություն (այսուհետ` փորձագիտական կազմակերպություն) և հանձնվում հավատարմագրման վկայագիր:
23. Լիազոր մարմինը հայտատուի հավատարմագրումը մերժելու մասին որոշումն ընդունելու դեպքում այդ որոշման ընդունման պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տեղեկացնում է հավատարմագրումը մերժելու մասին` նշելով մերժման պատճառները:
24. Հավատարմագրված անձանց վերաբերյալ բոլոր փաստաթղթերը սահմանված կարգով ենթակա են պահպանման:
25. Հավատարմագրման վկայագիրը փորձագիտական կազմակերպության հավատարմագրումը հավաստող պաշտոնական փաստաթուղթ է: Վկայագրում նշվում են հերթական համարը և հավատարմագրման ժամկետը, որը սահմանվում է 2 տարի:
26. Հավատարմագրված փորձագիտական կազմակերպությունների հաշվառումն իրականացնում է գործակալությունը:
IV. ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
27. Հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետի ընթացքում հավատարմագրման ոլորտի (ոլորտների) չափանիշներին փորձագիտական կազմակերպության համապատասխանությունը հավաստելու նպատակով լիազոր մարմնի աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունն իրականացնում է պարբերական գնահատում:
28. Պարբերական գնահատման մեթոդիկան հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը:
29. Պարբերական գնահատման արդյունքները ներկայացվում են լիազոր մարմնի ղեկավարին:
30. Պարբերական գնահատումն իրականացվում է ոչ ավելի, քան տարեկան մեկ անգամ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հավատարմագրված կազմակերպության կողմից փորձաքննության ենթարկված արտադրական վտանգավոր օբյեկտում վթար է տեղի ունեցել:
V. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
31. Լիազոր մարմինը հավատարմագրման վկայագրի գործողությունը կասեցնում է, եթե պարբերական գնահատման արդյունքում պարզվում է, որ փորձագիտական կազմակերպությունը կամ ֆիզիկական անձը չի համապատասխանում հավատարմագրման չափանիշներին:
32. Հավատարմագրման վկայագրի գործողությունը կասեցվում է մինչև կասեցման հիմքերի վերացումը, բայց 3 ամսվանից ոչ ավելի ժամկետով:
33. Լիազոր մարմինը դադարեցնում է հավատարմագրման վկայագրի գործողությունը, եթե փորձագիտական կազմակերպությունը`
1) չի վերացրել կասեցման հիմքերը սույն կարգի 32-րդ կետով նախատեսված առավելագույն ժամկետի ընթացքում.
2) խոչընդոտում է պարբերական գնահատման գործընթացին.
3) հավատարմագրման ոլորտից (ոլորտներից) դուրս իրականացրել է տեխնիկական անվտանգության փորձաքննության գործունեություն.
4) դիմել է իր հավատարմագրման վկայագրի գործողությունը դադարեցնելու խնդրանքով:
VI. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ ԵՎ ԿՐՃԱՏՈՒՄԸ
34. Հավատարմագրման ոլորտները կարող են ընդլայնվել փորձագիտական կազմակերպության կամ ֆիզիկական անձի դիմումի հիման վրա` սույն կարգին համապատասխան:
35. Հավատարմագրման ոլորտները կարող են կրճատվել`
1) տեխնիկական անվտանգության փորձագիտական կազմակերպության դիմումի հիման վրա.
2) լիազոր մարմնի պարբերական գնահատման արդյունքում, եթե պարզվի, որ փորձագիտական կազմակերպությունը չի համապատասխանում հավատարմագրման չափանիշներին։»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի N 1130-Ն որոշման |
«Ձև N 1
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՏԵԽՆԱԾԻՆ ՎԹԱՐՆԵՐԻ, ՄԱՀԱՑՈՒ ԿԱՄ ԾԱՆՐ ԵԼՔՈՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
________________________________________________________________
(հրամանը)
Հանձնաժողովը` կազմով`
Նախագահ______________________________________________________
(անունը, ազգանունը, պաշտոնը)
Հանձնաժողովի անդամներ _______________________________________
(անունը, ազգանունը, պաշտոնը)
______________________________________________________________
(անունը, ազգանունը, պաշտոնը)
_______________________________________________________________
(անունը, ազգանունը, պաշտոնը)
201 _ թ. _________ |
______ -ին, | ______ |
(ամիսը) | (օրը) | (ժամը) |
կատարել է______________________________________________________
(կազմակերպության, օբյեկտի անվանումները)
տեղի ունեցած___________________________________________________
(տեխնածին վթարի, մահացու կամ ծանր ելքով
________________________________________________________________
արտադրական դժբախտ դեպքի համառոտ նկարագրությունը)
տեխնիկական քննությունը և կազմել սույն եզրակացությունը`
1. Այն արտադրական վտանգավոր օբյեկտի բնութագիրը, որտեղ տեղի է ունեցել
տեխնածին վթարը, մահացու կամ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքը
________________________________________________________________
(նշել ինչպես նախագծային, այնպես էլ փաստացի (մինչև վթարը)
տեխնիկական տվյալները, օբյեկտի
________________________________________________________________
(սարքավորումների) աշխատանքային ռեժիմները,
վթարի ռիսկի հավանականությունը,
________________________________________________________________
տեղեկություններ նման վթարների, լիցենզիաների, թույլտվությունների
առկայության մասին)
2. Արտադրական վտանգավոր օբյեկտում տեղի ունեցած տեխնածին վթարի,
արտադրական դժբախտ դեպքին առնչվող անձնակազմի, մասնագետների
պատրաստվածության մասին
________________________________________________________________
(տեղի ունեցած տեխնածին վթարից տուժածները, վթարի ժամանակ ներկա գտնվող
________________________________________________________________
աշխատողները, այլ մասնագետներ, երբ և որտեղ են անցել ուսուցումը,
հրահանգավորումը և ստացել գիտելիքներ)
________________________________________________________________
3. Տեխնածին վթարի, արտադրական դժբախտ դեպքի հանգամանքները
________________________________________________________________
(նշել, թե ինչ է նախորդել տեխնածին վթարին, ինչպես են ընթացել
տեխնոլոգիական և աշխատանքային գործընթացները,
________________________________________________________________
ով է ղեկավարել դրանք, տեխնածին վթարի հետ կապված մյուս անձանց
գործողությունները, ներկայացնել
________________________________________________________________
վթարի նկարագրությունը, հանգամանքները, վթարի սկիզբը և զարգացման ընթացքը)
4. Տվյալներ տուժածի (տուժածների) մասին
________________________________________________________________
(ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը,
________________________________________________________________
մասնագիտությունը (պաշտոնը), ընդհանուր աշխատանքային ստաժը)
5. Տեխնածին վթարի, արտադրական դժբախտ դեպքի պատճառները
_______________________________________________________________
(վտանգավոր արտադրական կամ արտաքին գործոնների առկայությունը,
________________________________________________________________
մեքենասարքավորումների անսարքությունը կամ դրանց կառուցվածքային թերությունները,
________________________________________________________________
տուժածի ուսուցանված և հրահանգավորված չլինելը, անբավարար
տեխնիկական հսկողությունը,
_______________________________________________________________
իրավական ակտերի պահանջների խախտումները)
6. Եզրակացությանը կցվող նյութերը`
1)
2)
3)
4)
Հանձնաժողովի նախագահ_________________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
Հանձնաժողովի անդամներ_________________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
________________________________________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
________________________________________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
________________________________________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
_____ _________ 201__թ.»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |