ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱԽ-8-Ո-11
2011 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՄՀԵՐ ԱՐՂԱՄԱՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ` |
Ա. Մկրտումյանի |
մասնակցությամբ ԱԽ անդամներ` |
Վ. Աբելյանի, Կ. Բաղդասարյանի, Ռ. Բարսեղյանի, Տ. Բարսեղյանի, Ա. Թումանյանի, Գ. Խանդանյանի, Մ. Մակյանի, Մ. Մարտիրոսյանի, Հ. Փանոսյանի, Ս. Օհանյանի
|
մասնակցությամբ դատավոր` |
Մ. Արղամանյանի |
քարտուղարությամբ` |
Ն. Գաբրիելյանի |
2011 թվականի ապրիլի 22-ին Երևան քաղաքում՝ դռնփակ նիստում, քննարկելով Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) դատավոր Մհեր Արղամանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ` Կարգապահական հանձնաժողով) 04.04.2011 թվականի թիվ N-Կ-2-5/2011 որոշմամբ Վերաքննիչ դատարանի դատավոր Մ. Արղամանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 18.03.2011 թվականի թիվ Ե-1378 գրությունը` հասցեագրված Կարգապահական հանձնաժողովին:
2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.
Կարգապահական հանձնաժողովն Արդարադատության խորհրդին (այսուհետ` Խորհուրդ) է ներկայացրել եզրակացություն` կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող ներքոհիշյալ խախտումների վերաբերյալ, որոնք Կարգապահական հանձնաժողովը գնահատել է որպես դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ:
Ըստ եզրակացության՝
10.11.2010 թվականին նախաքննական մարմինը Վահրամ Ռուդիկի Գևորգյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա, նախնական համաձայնության գալով Մամիկոն և Յուրի Մարտիրոսյանների հետ, չարաշահելով Արսեն Շալիկոյի Բալայանի վստահությունը, ներկայանալով որպես ավտոմեքենաների առուվաճառքով զբաղվող, 2010 թվականի փետրվարի 15-ին վերջինիս «Ֆոլքսվագեն» մակնիշի 77 օօ 999 պ/հ ավտոմեքենան գնելու պատրվակով այն գրավադրել է Երևանի Ամիրյան 4/6 հասցեում գործող «Վեմ և Վիգ» ՍՊԸ-ին պատկանող գրավատանը, ստացել առանձնապես խոշոր չափերի` 5.388.800 ՀՀ դրամ գումար և չարաշահելով Ա. Բալայանի վստահությունը` տիրացել այդ գումարին:
10.11.2010 թվականին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևանի ՔՎ Կենտրոնի քննչական բաժնի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` Դատարան)` մեղադրյալ Վ. Գևորգյանի նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Դատարանի նույն օրվա որոշմամբ քննիչի միջնորդությունը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «միջնորդություն հարուցած անձի կողմից ներկայացրած հիմնավորումներն անհիմն են և չեն բխում քրեական գործի փաստական տվյալներից: Այսինքն` քննիչի կողմից Վ. Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու բավարար հիմքեր չեն ներկայացվել դատարան»:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի կողմից բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր` Մ. Արղամանյան) 30.11.2010 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է, բեկանել Դատարանի 10.11.2010 թվականի որոշումը և մեղադրյալ Վ. Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը երկու ամիս ժամկետով: Վերաքննիչ դատարանն իր որոշումը պատճառաբանել է այսպես. «Առաջին ատյանի դատարանը քննիչի միջնորդությունը մերժել է այն հիմնավորմամբ, որ նրա կողմից Վ. Գևորգյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու բավարար հիմքեր չեն ներկայացվել: Մինչդեռ, ըստ ներկայացված նյութերի, առկա է հիմնավոր կասկած, որ Վ. Գևորգյանը կատարել է իրեն մեղսագրված արարքը: Առաջին ատյանի դատարանում 10.11.2010 թվականին` միջնորդության քննության ընթացքում քննիչ Հ. Սարգսյանը հայտնել է, որ տուժողն իրեն բանավոր ասել է, որ մեղադրյալ Վ. Գևորգյանը զանգահարել և անհանգստացրել է իրեն, ինչը, սակայն, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից որևէ կերպ չի գնահատվել: Միջնորդության քննությունից հետո տուժող Արսեն Բալայանն ու նրա կինը` գործով վկա Լուսինե Կարապետյանը, ցուցմունքներ են տվել այն մասին, որ Վ. Գևորգյանը մշտապես զանգահարում է և ասում, որ իրեն հանի այս պատմությունից, ուրիշ ցուցմունք տա, առաջարկում է հանդիպել, այդ ձևով ճնշում գործադրում ու անհանգստացնում: Տուժող Ա.Բալայանը վերաքննիչ դատարանում տված իր բացատրությամբ հաստատեց վերոգրյալը: Բացի այդ, մեղադրյալ Վ. Գևորգյանը խուսափեց վերաքննիչ դատարանի դատական նիստերին մասնակցելուց, ըստ քննիչի հայտարարության իրեն նույպես չի հաջողվել կապ հաստատել նրա հետ, քանի որ հեռախոսազանգերին չի պատասխանում, ինչը որոշակիորեն վկայում է մեղադրյալ Վ. Գևորգյանի կողմից քննությունից խուսափելու ու թաքնվելու մասին: Սույն գործով նախաքննական մարմնի կողմից որոշումներ են կայացվել նաև Մամիկոն և Յուրի Մարտիրոսյաններին ՀՀ քր. օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, սակայն նրանք թաքնվել են, և նրանց հայտնաբերելու նպատակով հայտարարվել է հետախուզում: Առաջադրված մեղադրանքը չընդունելու և իրեն մեղավոր չճանաչելու պայմաններում ավելանում է նաև Մամիկոն և Յուրի Մարտիրոսյանների վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով քննությանը խոչընդոտելու հավանականությունը»:
Վերաքննիչ դատարանի 30.11.2010 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել մեղադրյալ Վ. Գևորգյանի պաշտպան Հ. Հովհաննիսյանը, որը ՀՀ վճռաբեկ դատարանի (այսուհետ` Վճռաբեկ դատարան) 20.01.2011 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի 24.02.2011 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարվել է: Մեղադրյալ Վ. Գևորգյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 30.11.2010 թվականի որոշումը բեկանվել է, և օրինական ուժ է տրվել Դատարանի 10.11.2010 թվականի որոշմանը:
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը (այսուհետ` Կարգապահական հանձնաժողով), ուսումնասիրելով գրությունը, գրությանը կից ներկայացված փաստաթղթերը, դատավորի կողմից ներկայացված բացատրությունը, գտել է, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Մ. Արղամանյանը թույլ է տվել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով հիմք են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:
Այսպես.
ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձեռնմխելիության իրավունք: Մարդուն կարելի է ազատությունից զրկել կամ նրա ազատությունը սահմանափակել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Օրենքը կարող է նախատեսել ազատությունից զրկում միայն հետևյալ դեպքերում`
(...)
4) առկա է հանձացագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա անհրաժեշտ է անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով.
(...)»:
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը մասնավորապես սահմանում է, որ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք»:
ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածը մասնավորապես սահմանում է, որ «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն`
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
(...)
գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար.
(...)»:
«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն`
«3. Յուրաքանչյուր ոք իրեն ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի քննության ժամանակ ունի առնվազն հետևյալ երաշխիքների իրավունքը` լիակատար հավասարության հիման վրա.
(...)
է) չպարտադրվի իր դեմ ցուցմունքներ տալու կամ իրեն մեղավոր ճանաչելու»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձեռնմխելիության իրավունք, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով, իսկ նույն հոդվածի 2-րդ կետը մասնավորապես սահմանում է, որ կասկածյալը կամ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի համաձայն` մեղադրյալը, սույն օրեսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի հայտարարել իր մեղավորության կամ անմեղության մասին:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` մեղադրյալի կողմից իր իրավունքներից օգտվելը կամ դրանցից օգտվելուց հրաժարվելը չպետք է մեկնաբանվի ի վնաս նրա և նրա համար առաջացնի որևէ անբարենպաստ հետևանք: Մեղադրյալի վրա չի կարող որևէ պատասխանատվություն դրվել իր տված ցուցմունքների և բացատրությունների համար, բացի այն դեպքերից, երբ նա հայտարարել է հանցագործությանն ակնհայտորեն առնչություն չունեցող անձի կողմից հանցանք կատարելու մասին:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` միայն ապացույցների հիման վրա են հաստատվում կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`
1. թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.
2. խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.
3. կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.
4. խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.
5. խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` խափանման միջոցը կիրառվում է դատարանի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի որոշմամբ: Խափանման միջոց կիրառելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումը պետք է լինի պատճառաբանված, բովանդակի մեղադրյալին կամ կասկածյալին վերագրվող հանցագործության մասին նշումներ և համապատասխան խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության մասին հիմնավորում:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասը մասնավորապես սահմանում է, որ դատական ստուգումը կատարվում է դռնփակ դատական նիստում` դատախազի և պաշտպանի մասնակցությամբ: Բողոքը քննելու օրվա մասին նախապես իրազեկ կողմի չներկայանալը չի խոչընդոտում դատական ստուգումն իրականացնելուն:
Կարգապահական հանձնաժողովն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը 25.11.2010 թվականին նշանակել է դատական նիստ: Կայանալիք դատական նիստի տեղի և ժամանակի մասին պաշտպանական կողմին ծանուցող գրությունները թվագրված են եղել 23.11.2010 թվականով, սակայն այդ գրությունները նշված ամսաթվին մեղադրյալին և նրա պաշտպանին ուղարկելու մասին համապատասխան փոստային անդորրագրերը բացակայում են: Մինչդեռ համաձայն պաշտպանի կողմից Վճռաբեկ դատարան ներկայացված փոստային ծրարի` վերոնշյալ գրությունը փոստին է հանձնվել 25.11.2010 թվականին և հասցեատերերի կողմից ստացվել է 27.11.2010 թվականին: Այսինքն` պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանի կողմից նշանակված դատական նիստի վայրի և ժամանակի մասին ծանուցվել է նշանակված դատական նիստից` 25.11.2010թ., երկու օր անց` 27.11.2010թ.:
Այնուհետև սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական նիստի օր է նշանակել 29.11.2010 թվականին:
Կարգապահական հանձնաժողովն արձանագրում է, որ 29.11.2010թ. նշանակված դատական նիստի վայրի և ժամանակի մասին մեղադրյալը և նրա պաշտպանը կրկին օրենքով սահմանված կարգով պատշաճ ձևով չեն ծանուցվել, այլ միայն առկա են Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությանը և մեղադրյալին ծանուցող գրությունները, որոնք թվագրված են 25.11.2010 թվականով:
Վերաքննիչ դատարանի 29.11.2010թ. նշանակված դատական նիստը հետաձգվել է և նշանակվել 30.11.2010թ.:
Կարգապահական հանձնաժողովն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը 30.11.2010թ. նշանակված դատական նիստի վայրի և ժամանակի մասին օրենքով սահմանված պատշաճ ձևով կրկին չի ծանուցել մեղադրյալին և պաշտպանին:
Բացի այդ, Կարգապահական հանձնաժողովը միաժամանակ արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ նշանակված դատական նիստերի վայրի և ժամանակի մասին պատշաճ ձևով չեն ծանուցվել մեղադրյալը և պաշտպանը, և այդ պայմաններում մեղադրյալի բացակայությունը դիտել է որպես Վերաքննիչ դատարանի դատական նիստերին մասնակցելուց խուսափում և այն գնահատել որպես մեղադրյալի կողմից քննությունից խուսափելու և թաքնվելու մասին որոշակիորեն վկայող հանգամանք:
Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ նախ Վերաքննիչ դատարանը, մեղադրյալին և նրա պաշտպանին 25.11.2010, 29.11.2010 և 30.11.2010 թվականներին կայացած դատական նիստերի վայրի և ժամանակի մասին օրենքով սահմանված կարգով պատշաճ ձևով չծանուցելով, խախտել է նրանց դատական նիստին ներկա գտնվելու իրավունքը և շարունակելով իրականացնել դատական ստուգումը նրանց բացակայությամբ` խախտել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասի այն դրույթը, որ բողոքը քննելու օրվա մասին նախապես իրազեկ կողմի չներկայանալը չի խոչընդոտում դատական ստուգումն իրականացնելուն, մինչդեռ սույն գործով մեղադրյալը և նրա պաշտպանը օրենքով սահմանված պատշաճ ձևով նախապես իրազեկված չեն եղել դատական նիստերի վայրի և ժամանակի մասին, որը կատարելը (իրազեկելը) դատարանի` տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի` օրենքով սահմանված պարտականությունն է եղել:
Երկրորդ. Վերաքննիչ դատարանը, անտեսելով իր կողմից թույլ տրված վերը նշված խախտումները, նշանակված դատական նիստերին մեղադրյալի բացակայությունը դիտել է որպես Վերաքննիչ դատարանի դատական նիստերին մասնակցելուց խուսափում և առանց որևէ իրավական հիմքի մեղադրյալի բացակայությունը գնահատել է որպես նրա կողմից քննությունից խուսափելու և թաքնվելու մասին որոշակիորեն վկայող հանգամանք:
Մինչդեռ դատական նիստերին ներկա գտնվելը մեղադրյալի իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունը, և դատական նիստին չներկայանալը չպետք է մեկնաբանվեր ի վնաս նրա և նրա համար առաջացներ որևէ անբարենպաստ հետևանք, որը սույն գործով տեղի է ունեցել:
Հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերը, 65-րդ հոդվածի 3-րդ մասը:
Կարգապահական հանձնաժողովն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմքում դրել է նաև վերջինիս կողմից իրեն առաջադրված մեղադրանքը չընդունելու և իրեն մեղավոր չճանաչելու փաստը:
Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, անտեսելով մեղադրյալի պաշտպանության իրավունքը, անմեղության կանխավարկածի սկզբունքը, մեղադրյալի կողմից իր դատավարական իրավունքներից օգտվելը գնահատել է որպես նրա հավանական անօրինական արարք կատարելու հիմնավորում, ինչը սույն գործով անհիմն ձևով դրվել է անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշման հիմքում: Արդյունքում Վերաքննիչ դատարանի որոշման հիմքում դրված հիմնավորումները ոչ միայն չեն բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելուն առաջադրվող պահանջներից, այլև խախտում են մեղադրյալի պաշտպանության իրավունքը և անմեղության կանխավարկածի սկզբունքը:
Հետևաբար Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել ՀՀ Սահմանադրության 18-րդ, 21-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 3-րդ մասի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի խախտումներ:
Կարգապահական հանձնաժողովը միաժամանակ արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, բավարարելով հանցանքի կատարման մեջ հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ օրենսդրական պայմանի պարզ շարադրանքը, իր որոշման մեջ չի նշել գործով ձեռք բերված որևէ փաստական տվյալ, որն ուղղակիորեն կմատնանշեր մեղադրյալի առնչությունը կատարված իրավախախտմանը, ինչպես նաև չի պատճառաբանել հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ իր հետևությունը` խախտելով ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 4-րդ կետը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը, ՀՀ քրեական դատավարության օրեսգրքի 107-րդ հոդվածի 2-րդ կետը, 135-րդ հոդվածի 1-ին մասը, 136-րդ հոդվածի 1-ին մասը:
Վերոգրյալի հիման վրա Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Մ. Արղամանյանը թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 4-րդ կետի, 18-րդ, 21-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 3-րդ մասի, ՀՀ քրեական դատավարության օրեսգրքի 18-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերի, 65-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի, 65-րդ հոդվածի 3-րդ մասի, 107-րդ հոդվածի 2-րդ կետի, 135-րդ հոդվածի 1-ին մասի, 136-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների ակնհայտ և կոպիտ խախտումներ:
Կարգապահական հանձնաժողովը միաժամանակ գտնում է, որ տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները, և թույլ է տրվել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ:
3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Դատավոր Մ. Արղամանյանը Կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.
«Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի 04.04.2011 թվականի որոշման հետ համաձայն չեմ, քանի որ ոչ միայն, ինչպես նշված է հանձնաժողովի որոշման մեջ, ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 4-րդ կետի, 18-րդ, 21-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 3-րդ մասի,
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերի, 65-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի, 65-րդ հոդվածի 3-րդ մասի, 107-րդ հոդվածի 2-րդ կետի, 135-րդ հոդվածի 1-ին մասի, 136-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների ակնհայտ և կոպիտ խախտում, այլև, ընդհանրապես, որևէ խախտում թույլ չեմ տվել, ինչը հիմք կարող է հանդիսանալ ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հիման վրա իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:
Մասնավորապես.
1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն` խափանման միջոցի օրինականության ու հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է համապատասխան նյութերը ստանալու օրվանից` երեք օրվա ընթացքում: Վ. Գևորգյանի` խափանման միջոցի վերաբերյալ նյութերը վերաքննիչ դատարանում ստացվել են 22.11.2010 թվականին, դատական ստուգումը նշանակվել է 25.11.2010 թվականին, ինչի վերաբերյալ ինչպես վարույթն իրականացնող մարմնին, այնպես էլ պաշտպանին ու մեղադրյալին ուղարկվել են ծանուցագրեր: Որպես կանոն, ո՛չ Երևանի վարչական շրջաններին, ո՛չ էլ հատկապես մարզերին հասցեագրված ծանուցումները եռօրյա ժամկետում տեղ չեն հասնում, և օրենքով սահմանված ժամկետներում դատական նիստին կողմերի մասնակցությունն ապահովվում է նաև հեռախոսազանգերով, ինչի առթիվ դատավորի օգնականի կամ գործավարի կողմից կազմվում է համապատասխան հեռախոսագիր և կցվում գործին, ինչն արվել է նաև տվյալ դեպքում: Վահրամ Գևորգյանի` խափանման միջոցի վերաբերյալ նյութերը վերաքննիչ դատարանում չգտնվելու պատճառով ավելի կոնկրետ չեմ կարող նշել, դա կարելի է ստուգել նաև խափանման միջոցի վերաբերյալ դատական վարույթի ուսումնասիրությամբ: Ամեն դեպքում, հստակորեն հիշում եմ, որ իմ գործավար Ս. Բարսեղյանի կողմից ինձ հայտնվել է, որ Վահրամ Գևորգյանի բջջային հեռախոսահամարին մի քանի անգամ զանգահարելուց հետո այդ հեռախոսահամարից հետ է զանգվել և իմանալով, որ վերաքննիչ դատարանից է, և որ նոյեմբերի 25-ին քննության է առնվելու վերաքննիչ բողոքը, պատասխանել են, որ հեռախոսահամարը Վահրամ Գևորգյանին չի պատկանում: Այդ մասին հայտնել եմ նաև դատական նիստի ժամանակ, ինչը կարելի է ստուգել դատական նիստի արձանագրության լազերային կրիչի վերարտադրությամբ:
Այն, որ պաշտպան Հ. Հովհաննիսյանն իրազեկ-տեղեկացված է եղել 25.11.2010 թվականին նշանակված դատական նիստի ժամանակի ու վայրի մասին, հաստատվում է նաև նրանով, որ նիստից 1-2 օր առաջ նա զանգահարել է ինձ և առանձին տեսակցություն խնդրել, ինչին պատասխանել եմ, որ ես իրավունք չունեմ նրա հետ առանձնազրույց ունենալու, իր ասելիքը թող հայտնի դատական նիստի ժամանակ` կողմերի ներկայությամբ, որից հետո իմ գործավար Ս. Բարսեղյանի հեռախոսազանգին ի պատասխան պաշտպանը հայտնել է, թե ինքը դատախազի վերաքննիչ բողոքը չի ստացել, ի՞նչն է գալու պաշտպանի:
Եթե մի պահ նույնիսկ ընդունենք, որ 25.11.2011թ. դատական նիստի մասին պաշտպան Հ. Հովհաննիսյանն իրազեկված չի եղել և այդ օրվա նիստի մասին ծանուցագիրն ստացել է 27.11.2011թ., ապա գոնե կարող էր վերաքննիչ դատարանին տեղեկացնել, որ ինքը ծանուցագիրը նոր է ստացել, որի պատճառով նիստին չի կարողացել մասնակցել, հետաքրքրվեր հաջորդ նիստի ժամանակի մասին, և ոչ թե «հիմքեր» ստեղծեր առանց իր և իր պաշտպանյալի մասնակցության դատական նիստ անցկացնելու և հող նախապատրաստեր վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Դատարանի կողմից պատշաճ միջոցներ են ձեռնարկվել նաև 29.11.2010թ. և 30.11.2010թ. նշանակված դատական նիստերին պաշտպան Հովհաննիսյանի ու մեղադրյալ Գևորգյանի մասնակցությունն ապահովելու համար: Ելնելով օրենքով նախատեսված եռօրյա ժամկետում բողոքը քննության առնելու պարտականությունից /ինչը տվյալ դեպքում դատարանի կողմից խախտվել է վերջիններիս կողմից վերաքննիչ դատարան չներկայանալու պատճառով/` վերաքննիչ դատարանը մեղադրյալի ու նրա պաշտպանի վերաբերյալ հավելյալ տեղեկություն է փորձել ստանալ նաև վարույթն իրականացնող մարմնից, գործը վարող քննիչը հայտնել է, որ արդեն մի քանի օր իրեն նույնպես որևէ կերպ չի հաջողվում կապվել մեղադրյալի հետ և նրան կանչել քննության:
Վերոգրյալ բոլոր հանգամանքները վերաքննիչ դատարանին բավարար հիմքեր են տվել ենթադրելու և արձանագրելու, որ մեղադրյալ Վ. Գևորգյանը որոշակիորեն խուսափում և թաքնվում է քննությունից:
Կոնկրետ դեպքում մեղադրյալ Վ. Գևորգյանի որևէ իրավունք վերաքննիչ դատարանի կողմից չի խախտվել, և օրենքից դուրս նրա համար որևէ անբարենպաստ հետևանք չի առաջացել:
2. Բացարձակապես համաձայն չեմ նաև Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի այն եզրակացության հետ, թե «Վերաքննիչ դատարանը սույն գործով մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմքում դրել է նաև վերջինիս կողմից իրեն առաջադրված մեղադրանքը չընդունելու և իրեն մեղավոր չճանաչելու փաստը»:
Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ ընդամենն արձանագրել է հետևյալը. «Սույն գործով նախաքննական մարմնի կողմից որոշումներ են կայացվել նաև Մամիկոն և Յուրի Մարտիրոսյաններին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, սակայն նրանք թաքնվել են, և նրանց հայտնաբերելու նպատակով հայտարարվել է հետախուզում:
Առաջադրված մեղադրանքը չընդունելու և իրեն մեղավոր չճանաչելու պայմաններում ավելանում է նաև Վահրամ Գևորգյանի կողմից գործով մյուս մեղադրյալներ Մամիկոն և Յուրի Մարտիրոսյանների վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով քննությանը խոչընդոտելու հավանականությունը»:
Երբ որ գործով տուժող Արսեն Բալայանն ու նրա կինը` վկա Լուսինե Կարապետյանը, որի անունով գրանցված է եղել «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան, և որը մասնակցել է փաստաթղթային ձևակերպումներին, նախաքննության ընթացքում ցուցմունքներ են տալիս, որ մեղադրյալ Վահրամ Գևորգյանը զանգահարում է իրենց, ճնշում գործադրում, որ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տա իր օգտին, երբ այդ առթիվ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի հիման վրա վերաքննիչ դատարան է հրավիրվում տուժող Բալայանը և հաստատում ինչպես նշված հանգամանքը, այնպես էլ կատարված խարդախությանը Վահրամ Գևորգյանի առնչությունը, երբ գործով մյուս երկու մեղադրյալներ Մամիկոն և Յուրի Մարտիրոսյանները թաքնվում են քննությունից, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվում կալանավորումը, և նրանց հայտնաբերելու նպատակով նախաքննական մարմինը հայտարարում է հետախուզում, արդյո՞ք տրամաբանական չէ եզրահանգելը, որ առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ մեղադրվող, ազատության մեջ գտնվող մեղադրյալները կարող են ազդել մեկը մյուսի վրա, և վերոնշյալ հանգամանքներն իրապես ավելացնում են Վահրամ Գևորգյանի կողմից գործով մյուս մեղադրյալների վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով քննությանը խոչընդոտելու հավանականությունը:
Վահրամ Գևորգյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կողմից կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքը հանդիսացել է ոչ թե նրա կողմից իրեն առաջադրված մեղադրանքը չընդունելը և իրեն մեղավոր չճանաչելու փաստը, այլ ինչպես նշված է վերաքննիչ դատարանի 30.11.2010թ. որոշման մեջ. «… իրականում գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ ազատության մեջ գտնվելու դեպքում նա /Վահրամ Գևորգյանը/ կխոչընդոտի քննությանը, կթաքնվի ու կխուսափի քրեական պատասխանատվությունից, ուստի առաջին ատյանի դատարանի 10.11.2010թ. որոշումը պետք է բեկանվի և մեղադրյալ Վահրամ Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի կալանավորումը»:
3. Կատարված առանձնապես խոշոր չափերի խարդախությանը Վահրամ Գևորգյանի առնչակցությունը հիմնավորվում է խափանման միջոցի վերաբերյալ նյութերում առկա փաստական տվյալներով` առաջին հերթին տուժող Ա. Բալայանի ու վկա Լ. Կարապետյանի ցուցմունքներով, ինչը տուժողը հաստատեց նաև վերաքննիչ դատարանում, և այդ ապացույցները վերաքննիչ դատարանի որոշման մեջ չշարադրելը /ինչն օրենքով չի էլ պահանջվում/ հիմք չի կարող հանդիսանալ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար, իսկ դրանք մանրամասնորեն նկարագրելը կարող էր հիմք հանդիսանալ նույն դատավորին անմեղության կանխավարկածը խախտելու մեջ մեղադրելու համար:
Ի վերջո, ի՞նչ է ստացվում. իմ նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվում ծանր հանցագործություն` 5.388.800 ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ մեղադրվող Վ. Գևորգյանի նկատմամբ` հիմնավոր կասկածի, քննությանն ուղղակիորեն խոչընդոտելու, ինչպես նաև քննությունից նրա խուսափելու մասին վկայող որոշակի տվյալների առկայության պայմաններում որպես խափանման միջոց կալանք կիրառելու համար:
Ընդ որում, մինչ Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելը վերաքննիչ դատարանի դատավորը որևէ կերպ չի տեղեկացվում խնդրի առկայության մասին և նրանից որևէ բացատրություն չի պահանջվում»:
4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.
1. Նախաքննական մարմինը 10.11.2010 թվականին Վահրամ Ռուդիկի Գևորգյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
2. ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևանի ՔՎ Կենտրոնի քննչական բաժնի քննիչ Հ. Սարգսյանը 10.11.2010 թվականին միջնորդություն է ներկայացրել Դատարան` մեղադրյալ Վ. Գևորգյանի նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
3. Դատարանի 10.11.2010 թվականի որոշմամբ քննիչի միջնորդությունը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «միջնորդություն հարուցած անձի կողմից ներկայացրած հիմնավորումներն անհիմն են և չեն բխում քրեական գործի փաստական տվյալներից: Այսինքն` քննիչի կողմից Վ. Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու բավարար հիմքեր չեն ներկայացվել դատարան»:
4. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ս. Աբրահամյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 30.11.2010 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է, բեկանել Դատարանի 10.11.2010 թվականի որոշումը և մեղադրյալ Վ. Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը երկու ամիս ժամկետով:
5. Վերաքննիչ դատարանի 30.11.2010 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրյալ Վ. Գևորգյանի պաշտպան Հ. Հովհաննիսյանը, որը Վճռաբեկ դատարանի 20.01.2011 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի 24.02.2011 թվականի թիվ ԵԿԴ/1678/06/10 որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարվել է: Մեղադրյալ Վ. Գևորգյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 30.11.2010 թվականի որոշումը բեկանվել է և օրինական ուժ է տրվել նրա վերաբերյալ Դատարանի 10.11.2010 թվականի որոշմանը:
5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննարկելով Վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Արղամանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Կարգապահական հանձնաժողովի անդամի զեկույցը, դատավորի բացատրությունները, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձեռնմխելիության իրավունք: Մարդուն կարելի է ազատությունից զրկել կամ նրա ազատությունը սահմանափակել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Օրենքը կարող է նախատեսել ազատությունից զրկում միայն հետևյալ դեպքերում`
(...)
4) առկա է հանձացագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա անհրաժեշտ է անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով.
(...)»:
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը, մասնավորապես, սահմանում է, որ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք»:
ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածը, մասնավորապես, սահմանում է, որ «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն`
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
(...)
գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումն իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար.
(...)»:
«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն`
«3. Յուրաքանչյուր ոք իրեն ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի քննության ժամանակ ունի առնվազն հետևյալ երաշխիքների իրավունքը` լիակատար հավասարության հիման վրա.
(...)
է) չպարտադրվի իր դեմ ցուցմունքներ տալու կամ իրեն մեղավոր ճանաչելու»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն`
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձեռնմխելիության իրավունք:
2. Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով:
(...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն`
«1. Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
2. Կասկածյալը կամ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի համաձայն` մեղադրյալն իրավունք ունի հայտարարել իր մեղավորության կամ անմեղության մասին:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Մեղադրյալի կողմից իր իրավունքներից օգտվելը կամ դրանցից օգտվելուց հրաժարվելը չպետք է մեկնաբանվի ի վնաս նրա և նրա համար առաջացնի որևէ անբարենպաստ հետևանք: Մեղադրյալի վրա չի կարող որևէ պատասխանատվություն դրվել իր տված ցուցմունքների և բացատրությունների համար, բացի այն դեպքերից, երբ նա հայտարարել է հանցագործությանն ակնհայտորեն առնչություն չունեցող անձի կողմից հանցանք կատարելու մասին»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` միայն ապացույցների հիման վրա են հաստատվում կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`
1. թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.
2. խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.
3. կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.
4. խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.
5. խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` խափանման միջոցը կիրառվում է դատարանի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի որոշմամբ: Խափանման միջոց կիրառելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումը պետք է լինի պատճառաբանված, բովանդակի մեղադրյալին կամ կասկածյալին վերագրվող հանցագործության մասին նշումներ և համապատասխան խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության մասին հիմնավորում:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասը, մասնավորապես, սահմանում է, որ դատական ստուգումը կատարվում է դռնփակ դատական նիստում` դատախազի և պաշտպանի մասնակցությամբ: Բողոքը քննելու օրվա մասին նախապես իրազեկ կողմի չներկայանալը չի խոչընդոտում դատական ստուգումն իրականացնելուն:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Խորհուրդն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թիվ ԵԿԴ/0678/06/10 դատական գործի քննության շրջանակներում դատական նիստեր են նշանակվել 25.11.2010, 29.11.2010 և 30.11.2010 թվականներին: Վերաքննիչ դատարանը նշանակված դատական նիստերի ժամանակի և վայրի մասին գործով պաշտպանին և մեղադրյալին պատշաճ ձևով չի ծանուցել և շարունակել է դատական ստուգումը նրանց բացակայությամբ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն դիրքորոշումը, որ «հավասարության» սկզբունքը` կողմերի միջև «արդար հավասարակշռության» իմաստով պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմ ունենա ողջամիտ հնարավորություն ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի նվազ բարենպաստ վիճակում: Մրցակցային դատաքննության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն:
Հետևաբար, Խորհուրդը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դատական նիստի ժամանակի և վայրի մասին օրենքով սահմանված կարգով պատշաճ ձևով չտեղեկացնելով մեղադրյալին և նրա պաշտպանին` խախտել է նրանց դատական նիստին ներկա գտնվելու իրավունքը, որի արդյունքում մեղադրյալը զրկվել է իր վերաբերյալ գործն այնպիսի պայմաններում ներկայացնելու հնարավորությունից, որը նրան իր հակառակորդի նկատմամբ չէր դնի նվազ բարենպաստ վիճակում:
Միաժամանակ Խորհուրդը գտնում է, որ անհիմն է դատավորի կողմից Կարգապահական հանձնաժողովին ներկայացրած բացատրության մեջ նշված այն փաստարկը, որ քննարկվող գործով կողմերը ծանուցվել են հեռախոսազանգի միջոցով, քանի որ պաշտպանական կողմին հեռախոսով ծանուցելու մասին որևէ հեռախոսագիր, տեղեկանք կամ այլ փաստաթուղթ վարույթի նյութերում առկա չէ:
Խորհուրդն անհիմն և օրենքից չբխող է համարում նաև դատավորի այն փաստարկումը, որ անգամ ծանուցագիրն ուշ ստանալու դեպքում պաշտպանը կարող էր հետաքրքրվել հաջորդ նիստի ժամանակի մասին` նկատի ունենալով, որ նման պարտականություն պաշտպանը, համաձայն գործող օրենսդրության, չի կրում: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին կողմին իրազեկելու պարտականությունը օրենքով դրված է դատարանի վրա:
Խորհուրդն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ նշել է, որ Վ. Գևորգյանը խուսափել է վերաքննիչ դատարանի դատական նիստերին մասնակցելուց, ինչը որոշակիորեն վկայում է մեղադրյալի կողմից քննությունից խուսափելու և թաքնվելու մասին:
Խորհուրդը հարկ է համարում փաստել, որ տվյալ դեպքում դատական նիստերին մասնակցելը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասի, եղել է մեղադրյալի իրավունքը: Դատական նիստերին չմասնակցելը, առավել ևս դրանց տեղի և ժամանակի մասին պատշաճ ձևով նախապես իրազեկված չլինելու պարագայում, չէր կարող մեկնաբանվել ի վնաս մեղադրյալի և վերջինիս համար առաջացնել անբարենպաստ հետևանք: Իսկ տվյալ դեպքում նշված հանգամանքը դիտարկվել է որպես մեղադրյալի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունների կատարման հավանականության մասին վկայող փաստ և դրվել կալանավորման հիմքում:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ նշել է նաև, որ առաջադրված մեղադրանքը չընդունելու և իրեն մեղավոր չճանաչելու պայմաններում ավելանում է նաև մեղադրյալի կողմից գործով մյուս մեղադրյալների վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով քննությանը խոչընդոտելու հավանականությունը:
Մինչդեռ, իր մեղավորության կամ անմեղության մասին հայտարարելը նույնպես մեղադրյալի` օրենքով երաշխավորված իրավունքն է, որից օգտվելը նույնպես չէր կարող մեկնաբանվել ի վնաս նրա և առաջացնել անբարենպաստ հետևանք: Բացի այդ, արգելվում է որևէ կերպ անձին պարտադրել իր դեմ ցուցմունք տալ կամ իրեն մեղավոր ճանաչել:
Հետևաբար, Խորհուրդը գտնում է, որ Վ. Գևորգյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որոշման հիմքում դրված ենթադրյալ գործողությունների (քննությունից թաքնվել, խուսափել, խոչընդոտել գործի քննությանը) կատարման հավանականությունը պայմանավորելով մեղադրյալ Վ. Գևորգյանի կողմից իր իրավունքներից օգտվելու հանգամանքներով, այն է` Վերաքննիչ դատարանի դատական նիստերին չմասնակցելով, առաջադրված մեղադրանքը չընդունելով և իրեն մեղավոր չճանաչելով, վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածի, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 3-րդ մասի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի, 65-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի և 3-րդ մասի պահանջները:
Բացի այդ, Խորհուրդն արձանագրում է, որ որոշման մեջ նշելով, որ առկա է հիմնավոր կասկած, որ Վ. Գևորգյանը կատարել է իրեն մեղսագրված արարքը, Վերաքննիչ դատարանն իր այդ հետևությունը գործով ձեռք բերված որևէ ապացույցով չի հիմնավորել: Վերաքննիչ դատարանը չի մատնանշել որևէ փաստական տվյալ, որը հնարավորություն կտար անաչառ դիտորդին եզրակացնելու, որ Վ. Գևորգյանը հնարավոր է, որ կատարած լինի նրան մեղսագրված արարքը: Հետևաբար, հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավորված և պատճառաբանված չէ:
Հետևաբար Խորհուրդը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել են նաև ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 4-րդ կետի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրեսգրքի 107-րդ հոդվածի 2-րդ կետի, 135-րդ հոդվածի 1-ին մասի և 136-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:
Միաժամանակ, Խորհուրդը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված վերը նշված խախտումների արդյունքում մեղադրյալ Վ. Գևորգյանը տևական ժամանակ` 2 ամիս 17 օր, անհիմն կերպով մնացել է կալանավորված վիճակում:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Խորհուրդը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մ. Արղամանյանը թույլ է տվել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մ. Արղամանյանին հայտարարել նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Արդարադատության խորհրդի անդամներ` |
Վ. Աբելյան Կ. ԲաղդասարյանՌ. Բարսեղյան Տ. Բարսեղյան Ա. Թումանյան Մ. Մակյան Հ. Փանոսյան Ս. Օհանյան |