ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/0676/05/08 |
Նախագահող դատավոր՝ Ա. Միրզոյան |
Դատավորներ՝ |
Ք. Մկոյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Վ. Աբելյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |
2011 թվականի մարտի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Ծիծեռնակ-8» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 30.04.2010 թվականի որոշման դեմ` ըստ Ընկերության հայցի ընդդեմ ՀՀ Կառավարության, Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի` ՀՀ Կառավարության 25.08.2005 թվականի թիվ 1321-Ն որոշումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է մասնակի անվավեր ճանաչել ՀՀ Կառավարության 25.08.2005 թվականի թիվ 1321-Ն և Երևանի քաղաքապետարանի 02.11.2005 թվականի թիվ 2342-Ա որոշումները, ինչպես նաև ճանաչել Ընկերության գնման նախապատվության իրավունքը:
ՀՀ վարչական դատարանի 23.09.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:
Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշմամբ Ընկերության վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն` որոշվել է բեկանել ՀՀ վարչական դատարանի 23.09.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
ՀՀ վարչական դատարանի 21.07.2009 թվականի որոշմամբ ՀՀ Կառավարության 25.08.2005 թվականի թիվ 1321-Ն որոշումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջն առանձնացվել է առանձին վարույթում:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 30.04.2010 թվականի որոշմամբ հայցը մերժվել է:
Վճռաբեկ դատարանի 04.08.2010 թվականի որոշմամբ Դատարանի 30.04.2010 թվականի որոշման դեմ Կարեն Մեժլումյանի` որպես Ընկերության ներկայացուցչի ներկայացրած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը գործը քննել է բանավոր ընթացակարգով, դատաքննության (դատական նիստի) ժամանակի և վայրի մասին ծանուցել, ինչպես նաև դատական ակտը հանձնել կամ ուղարկել է գործին մասնակցող անձանց, բացառությամբ Ընկերության, որին չի ուղարկել ո'չ գործը դատաքննության նշանակելու մասին որոշումը, ո'չ դատաքննության (դատական նիստի) ժամանակի և վայրի մասին ծանուցումը և ո'չ էլ գործն ըստ էության լուծող դատական ակտը:
Նշված փաստերը հաստատվում են ինչպես Վճռաբեկ դատարանի 04.08.2010 թվականի որոշմամբ, որի համաձայն` Կարեն Մեժլումյանին տրված լիազորագրի ժամկետը լրացել է 12.12.2009 թվականին, և վերջինիս վճռաբեկ բողոքը չի համարվել Ընկերության վճռաբեկ բողոք, այնպես էլ գործում առկա լիազորագրով` տրված Կարեն Մեժլումյանին 12.12.2008 թվականին մեկ տարի ժամկետով, որից հետո դադարել են նրա լիազորությունները, Կարեն Մեժլումյանին տրված և ժամկետը չլրացած որևէ այլ լիազորագրի բացակայությամբ, գործը դատաքննության նշանակելու մասին որոշմամբ և գրությամբ` ուղղված Կարեն Մեժլումյանին, փոստային ծանուցագրով, որի հասցեատեր է նշված վերջինս, իսկ հասցեն` «ք. Երևան, Արշակունյաց 17», որն Ընկերության հասցեն չէ, գործն ըստ էության լուծող դատական ակտն Ընկերությանն ուղարկելու մասին որևէ ապացույցի բացակայությամբ և նույն որոշման վերջին էջի հակառակ կողմում առկա` այն ստանալու վերաբերյալ գրառումներով, որոնց մեջ Ընկերությունն առկա չէ:
2) Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասը, 49-րդ հոդվածի 2-րդ մասը, 62-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերը, 75-րդ, 118-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանն անտեսել է, որ Ընկերությունը` որպես 6.646քմ մակերեսով հողամասի վարձակալ, նշված հողամասի վրա առկա շենք-շինությունների սեփականատեր, այդ հողամասը վարձակալությամբ տալու կամ օտարելու դեպքում ունի այն ձեռք բերելու նախապատվության իրավունք, իսկ Հայաստանի Հանրապետության` որպես վերոգրյալ հողամասի սեփականատիրոջ իրավունքներն էլ սահմանափակված են Ընկերության` օրենքով երաշխավորված վերոհիշյալ իրավունքով:
Մինչդեռ, ՀՀ Կառավարության 25.08.2005 թվականի թիվ 1321-Ն որոշման 9-րդ կետով Ընկերությանը 50 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրված և վերջինիս անշարժ գույքով ծանրաբեռնված 6.646քմ մակերեսով հողամասը ներառվել է 19,54հա մակերեսով հողամասի մեջ և վարձակալության իրավունքով տրվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին` նշված հողամասի նկատմամբ ճանաչելով վերջինիս գնման նախապատվության իրավունքը ևս:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 30.04.2010 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Ընկերության կողմից 12.12.2008 թվականին Կարեն Մեժլումյանին տրվել է լիազորագիր, որի գործողության ժամկետը սահմանվել է մեկ տարի (հատոր 2, գ.թ. 152): Ընկերության անունից հանդես գալու իրավասությունը հավաստող որևէ այլ լիազորագիր գործում առկա չէ:
2) Սույն գործը քննվել է բանավոր ընթացակարգով: Դատարանի 04.03.2010 թվականի «Գործը դատաքննության նշանակելու մասին» որոշումն ուղարկվել է Կարեն Մեժլումյանին` որպես Ընկերության ներկայացուցչի, «ք. Երևան, Արշակունյաց 17» հասցեով (հատոր 3, գ.թ. 130-131):
3) Նշված որոշումը, ինչպես նաև դատաքննության ժամանակի և վայրի մասին ծանուցագիրն Ընկերությանն ուղարկելու փաստը հավաստող որևէ ապացույց գործում առկա չէ:
4) Ընկերության կանոնադրության 1.9-րդ կետի համաձայն` Ընկերության գտնվելու վայրը և իրավաբանական (փոստային) հասցեն է` «ք. Երևան, Ծիծեռնակաբերդի պուրակ» (հատոր 1, գ.թ. 10):
5) Վճռաբեկ դատարանի 04.08.2010 թվականի որոշմամբ վերադարձվել է Ընկերության վճռաբեկ բողոքն այն պատճառաբանությամբ, որ Ընկերության անունից վճռաբեկ բողոք ներկայացրած Կարեն Մեժլումյանը չի ներկայացրել Ընկերության անունից գործը վարելու լիազորագիր: Ինչ վերաբերում է քննվող վարչական գործում առկա Ընկերության կողմից Կարեն Մեժլումյանին 12.12.2008 թվականին մեկ տարի ժամկետով տրված լիազորագրին, ապա դրա գործողության ժամկետը բողոք բերելու պահին լրացել էր:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի համաձայն` նույն օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված գործերը դատարանը քննում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը դատարանի գնահատմամբ ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն, կամ դրա բանավոր դատաքննությունը կնպաստի գործի հանգամանքների առավել արագ բացահայտմանը:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի` բանավոր ընթացակարգով քննության ժամանակ գործում են ծանուցման հետ կապված ընդհանուր կանոնները:
Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արդեն իսկ անդրադարձել է վարչական դատավարությունում պատշաճ ծանուցման իրավական խնդրին: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հանձնվում է առձեռն: Դա ենթադրում է վարչական դատավարության մասնակիցներին դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ ՀՀ վարչական դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն օրենքով սահմանված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել վարչական դատավարության մասնակցին դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը (տե'ս` ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Մկրտիչ Մանգասարյանի` գումար բռնագանձելու և մաքսային պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին վարչական գործով Վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի թիվ ՎԴ/6418/05/08-2009 որոշումը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` լիազորագրի գործողությունը դադարում է, եթե լիազորագրի ժամկետը լրացել է:
Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 04.03.2010 թվականի «Գործը դատաքննության նշանակելու մասին» որոշումն ուղարկվել է Կարեն Մեժլումյանին` որպես Ընկերության ներկայացուցչի, «ք. Երևան, Արշակունյաց 17» հասցեով, մինչդեռ այդ պահին Կարեն Մեժլումյանին մեկ տարի ժամկետով տրված լիազորագրի գործողության ժամկետը լրացել էր, իսկ նշված լիազորագրից բացի Կարեն Մեժլումյանի կողմից Ընկերության անունից հանդես գալու իրավասությունը հավաստող որևէ այլ լիազորագիր գործում առկա չէ: Ընկերության անունից հանդես գալու` Կարեն Մեժլումյանին տրված լիրազորագրի ժամկետը լրացած լինելու մասին նշել է նաև Վճռաբեկ դատարանը սույն վարչական գործով իր 04.08.2010 թվականի որոշմամբ:
Գործում առկա չէ նաև Դատարանի վերոնշյալ որոշումը, ինչպես նաև դատաքննության ժամանակի և վայրի մասին ծանուցագիրն Ընկերության գտնվելու վայրի հասցեով կամ իրավաբանական (փոստային) հասցեով` «ք. Երևան, Ծիծեռնակաբերդի պուրակ», ուղարկելու փաստը հավաստող որևէ ապացույց:
Այսինքն` Կարեն Մեժլումյանին դատաքննության ժամանակի և վայրի մասին ծանուցելը չի կարող դիտվել որպես Ընկերությանը պատշաճ ծանուցում, քանի որ դատաքննություն նշանակելու պահին Կարեն Մեժլումյանն Ընկերության անունից հանդես գալու լիազորություն այլևս չի ունեցել:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, Ընկերությանը դատաքննության ժամանակի և վայրի մասին պատշաճ չծանուցելով, վերջինիս զրկել է գործի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու հնարավորությունից, ինչի հետևանքով խախտվել է Ընկերության` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության հիմնարար իրավունքը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:
2) Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին չի անդրադառնում, քանի որ Դատարանի կողմից դատաքննության ժամանակի և վայրի մասին Ընկերությանը պատշաճ չծանուցելու պայմաններում նշված հիմքում բերված փաստարկները տվյալ դեպքում չունեն որևէ իրավական նշանակություն:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ Սահմանադրական դատարանի 08.02.2011 թվականի թիվ ՍԴՈ-936 որոշմամբ ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր է ճանաչվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի առաջին մասն այն մասով, որով արգելափակվում է անձի իրավունքը` դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքով բողոքարկելու նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերը:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 30.04.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Վ. Աբելյան | |
Դատավորներ՝ |
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ | |
ս. Անտոնյան | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
մ. Դրմեյան | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆ | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ |