ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում գործ թիվ ԵՇԴ/0001/11/10 |
ԵՇԴ/0001/11/10
|
Նախագահող դատավոր՝ Մ. Ռեհանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ |
Մ. Պետրոսյանի |
2010 թվականի օգոստոսի 27-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արթուր Արարատի Հայրապետյանի վերաքննիչ բողոքը մերժելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2010 թվականի փետրվարի 23-ի որոշման դեմ Ա.Հայրապետյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2009 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 11128109 քրեական գործը:
2. 2009 թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ քննչական բաժնի քննիչ Հ.Հովհաննիսյանը որոշում է կայացրել «Ֆոլկսվագեն-Տուարեգ» մակնիշի 18 ՍՍ 354 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա կալանք դնելու մասին:
3. 2009 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ Երեմ Ղարիբի Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա, գտնվելով փորձաշրջանի մեջ, կրկին անգամ, 2009 թվականի փետրվարի 11-ին, չարաշահելով Ստյոպա Մելքոնյանի վստահությունը, վերջինիս պատկանող ` 8.835.000 (ութ միլիոն ութ հարյուր երեսունհինգ հազար) ՀՀ դրամ արժողության «Ֆոլկսվագեն-Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան գնելու պատրվակով, որպես նախավճար վճարելով 1.550.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ, մնացած 7.285.000 (յոթ միլիոն երկու հարյուր ութսունհինգ հազար) ՀՀ դրամը հետագայում վճարելու պայմանով և որպես լրացուցիչ վստահության ձեռք բերման եղանակ` կնքելով փոխառության պայմանագիր, հափշտակել է ավտոմեքենան և 2009 թվականի փետրվարի 16-ին գրանցելով իր անվամբ` նույն օրն այն վաճառել է Արթուր Հայրապետյանին, որից հետո դիմել է փախուստի` Ս.Մելքոնյանին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
4. 2009 թվականի դեկտեմբերի 16-ին Ա.Հայրապետյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի դատախազին` խնդրելով վերացնել «Ֆոլկսվագեն-Տուարեգ» մակնիշի 18 ՍՍ 354 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա կալանք դնելու մասին ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ քննչական բաժնի քննիչ Հ.Հովհաննիսյանի 2009 թվականի նոյեմբերի 24-ի որոշումը:
Ա. Հայրապետյանի կողմից Երևան քաղաքի դատախազին հասցեագրված նշված բողոքը Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ Է.Սաղաթելյանի 2009 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ մերժվել է:
5. 2010 թվականի հունվարի 14-ին Ա.Հայրապետյանը դիմում է ներկայացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ քննչական բաժնի քննիչ Հ.Հովհաննիսյանի 2009 թվականի նոյեմբերի 24-ի՝ գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը և իր սեփական ավտոմեքենան հանձնել իր տիրապետմանը:
Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունվարի 26-ի որոշմամբ Ա.Հայրապետյանի բողոքը մերժվել է:
6. Ա.Հայրապետյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2010 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունվարի 26-ի որոշումը թողել է օրինական ուժի մեջ, իսկ վերաքննիչ բողոքը` մերժել:
7. Վերաքննիչ դատարանի 2010 թվականի փետրվարի 23-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Ա.Հայրապետյանը:
2010 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վճռաբեկ բողոքը վերադարձրել է` թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար սահմանելով 15-օրյա ժամկետ:
Ա. Հայրապետյանը 2010 թվականի մայիսի 18-ին կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2010 թվականի հունիսի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. 2009 թվականի փետրվարի 16-ին քաղաքացիներ Երեմ Առաքելյանի և Արթուր Հայրապետյանի միջև կնքվել և նոտարական կարգով վավերացվել է «Ֆոլկսվագեն-Տուարեգ» մակնիշի 16 ՕՕ 943 պետհամարանիշի ավտոմեքենայի վերաբերյալ առուվաճառքի պայմանագիր (տե´ս Նյութեր, էջ 3):
9. 2009 թվականի դեկտեմբերի 8-ին մեղադրյալ Ե.Առաքելյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել (տե´ս Նյութեր, էջ 9):
10. 2009 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի Շենգավիթ քննչական բաժնի քննիչ Հ.Հովհաննիսյանը գույքի վրա կալանք դնելու մասին որոշում է կայացրել: Նշված որոշմամբ հաստատված է համարվել, որ Երեմ Առաքելյանը հանցավոր ճանապարհով ձեռք բերված «Ֆոլկսվագեն-Տուարեգ» մակնիշի 16 ՕՕ 943 պետհամարանիշի ավտոմեքենան վաճառել է Արթուր Հայրապետյանին, ով այն գնելուց հետո ճանապարհային ոստիկանությունում ավտոմեքենան ձևակերպել է իր անվամբ, հանձնել նախկին պետհամարանիշները և ստացել նոր` 18 ՍՍ 354 պետհամարանիշներ:
Քննիչը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-233-րդ հոդվածներով, «Ֆոլկսվագեն-Տուարեգ» մակնիշի 18 ՍՍ 354 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա կալանք դնելու մասին որոշում է կայացրել` նկատի ունենալով, որ նշված ավտոմեքենան հանդիսացել է հանցագործության առարկա (տե´ս Նյութեր, էջ 6):
11. Ա.Հայրապետյանի բողոքի քննության արդյունքում Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Է.Սաղաթելյանը 2009 թվականի դեկտեմբերի 23-ին բողոքը մերժելու մասին որոշում է կայացրել՝ նշելով, որ նշված ավտոմեքենան չի կարող հանձնվել խարդախության կատարումից հետո այն ձեռք բերած Ա.Հայրապետյանի պատասխանատու պահպանմանը այն պատճառաբանությամբ, որ ավտոմեքենան իրեղեն ապացույց է, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դրա տնօրինման հարցը դեռևս չի լուծվել դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով կամ որոշում չի կայացվել քրեական գործի վարույթը կարճելու մասին, նշված ավտոմեքենան Ե.Առաքելյանի կողմից խարդախությամբ հափշտակելու հետևանքով գործով տուժող ճանաչված Ս.Մելքոնյանին պատճառվել է նյութական վնաս, ուստի առկա է նախաքննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովելու խնդիր, ինչպես նաև օրենքի պահանջն ապահովելու անհրաժեշտություն (տե´ս Նյութեր, էջ 7-8):
12. Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունվարի 26-ի որոշմամբ Ա.Հայրապետյանի բողոքը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, հարուցված քրեական գործով դեռևս կատարվում է նախաքննություն, հետևաբար հիմքեր չկան քննիչի՝ գույքի վրա կալանք դնելու մասին 2009 թվականի նոյեմբերի 24-ի որոշումը վերացնելու համար (տե´ս Նյութեր, էջ 24):
13. Վերաքննիչ դատարանը 2010 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ մերժել է Ա.Հայրապետյանի բողոքը՝ վկայակոչելով այն հանգամանքը, որ նախաքննական մարմնի որոշմամբ «Ֆոլկսվագեն-Տուարեգ» մակնիշի 18 ՍՍ 354 պետհամարանիշի ավտոմեքենան ճանաչվել է իրեղեն ապացույց, իսկ իրեղեն ապացույցները քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից պահվում են այնքան, քանի դեռ նրանց տնօրինման հարցը չի լուծվել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով կամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ (տե´ս Նյութեր, էջ 53):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
14. Բողոքաբերը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը չի կիրառել կիրառման ենթակա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասը և 886-րդ հոդվածը, որի արդյունքում խախտվել է իր՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը:
15. Ըստ բողոքի հեղինակի` ստորադաս դատարանները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չեն գնահատել գործում առկա և բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք ապացույցներ, մասնավորապես` ավտոմեքենայի առուվաճառքի և փոխառության պայմանագրերը:
Բողոքաբերը նշում է նաև, որ անհիմն է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ գույքի վրա կալանք դնելու մասին որոշման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ ավտոմեքենան ճանաչվել է իրեղեն ապացույց:
16. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքաբերը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 2010 թվականի փետրվարի 23-ի որոշումը, վերացնել գույքի վրա կալանք դնելու մասին քննիչի 2009 թվականի նոյեմբերի 24-ի որոշումը և իր սեփական ավտոմեքենան հանձնել իր տիրապետմանը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. «Ֆոլկսվագեն-Տուարեգ» մակնիշի 18 ՍՍ 354 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա կալանք դնելու և այն Ա.Հայրապետյանի պատասխանատու պահպանմանը չհանձնելու արդյունքում խախտվե՞լ են արդյոք Ա.Հայրապետյանի` որպես սեփականատիրոջ իրավունքները:
18. ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը»:
ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք»։
19. Շարադրված սահմանադրական և կոնվենցիոն դրույթներից երևում է, որ գույքի տիրապետման, տնօրինման և օգտագործման` սեփականատիրոջ իրավազորությունները մեծ կարևորության իրավական արժեքներ են, որոնք ունեն սահմանադրական բնույթ: Դրանց սահմանափակման համար անհրաժեշտ է, որ հակակշիռ իրավական շահը ունենա բացառիկ նշանակություն: Սեփականության իրավունքի սահմանադրական արժեքի կարևորությամբ է պայմանավորված մասնավորապես ՀՀ Սահմանադրության մեջ (31-րդ հոդվածում) հետևյալ երաշխիքների ամրագրումը.
1) սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքից անձը կարող է զրկվել բացառապես օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով նախատեսված հիմքերով,
2) սեփականատիրոջ կամքին հակառակ սեփականության իրավունքը կարող է դադարեցվել միայն դատական կարգով` դատարանի որոշմամբ:
20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Գույքի վրա կալանք դնելը կիրառվում է (…) գույքի հնարավոր բռնագրավումը և դատական ծախսերն ապահովելու համար»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Բացի անշարժ գույքից և մեծածավալ առարկաներից, այլ կալանադրված գույքը, որպես կանոն, վերցվում է»:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Չվերցված գույքը, որի վրա կալանք է դրված, կնքվում և պահպանության համար թողնվում է գույքի սեփականատիրոջը կամ տիրապետողին կամ նրա ընտանիքի չափահաս անդամներին: Նրանց բացատրվում է տվյալ գույքն օտարելու կամ փչացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունը, ինչի մասին նրանցից վերցվում է ստորագրություն»:
Մեջբերված քրեադատավարական նորմերի վերլուծությունից բխում է, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ կալանադրված գույքի սեփականատիրոջը կամ տիրապետողին արգելվում է տնօրինել այն: Տնօրինման հետ մեկտեղ, կալանադրված գույքի սեփականատերը կարող զրկվել նաև իր գույքի տիրապետման և օգտագործման իրավազորությունից, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի իմաստով կալանադրված գույքը, եթե այն անշարժ կամ մեծածավալ գույք չէ, ապա վարույթն իրականացնող մարմնի կողմից կարող է վերցվել: Միևնույն ժամանակ վերոնշյալ հոդվածով սահմանված կանոնն ունի բացառություն, այն է՝ չվերցված գույքը կարող է թողնվել սեփականատիրոջ կամ տիրապետողի պատասխանատու պահպանությանը:
21. Սույն որոշման 20-րդ կետում շարադրված կանոնը և այդ կանոնից նախատեսված բացառությունը մեկնաբանելով սեփականության իրավունքի սահմանադրական արժեքավորության մասին սույն որոշման 19-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կալանադրված գույքը սեփականատիրոջ պատասխանատու պահպանությանը թողնելու օրենսդրական պահանջը բխում է յուրաքանչյուր անձի՝ իր սեփականությունը տիրապետելու և օգտագործելու սահմանադրական իրավազորությունից և նախատեսված է այն նպատակով, որպեսզի հնարավորություն ընձեռվի սեփականատիրոջը մինչ քրեական գործով վարույթի ավարտն անարգել տիրապետել և օգտագործել իր գույքը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գույքի կալանադրման յուրաքանչյուր դեպքում վարույթն իրականացնող մարմինը պետք է քննարկման առարկա դարձնի հետևյալ հարցերը՝
1) կալանադրված գույքը կարո՞ղ է արդյոք թողնվել սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի պահպանությանը,
2) կալանադրված գույքը սեփականատիրոջ պատասխանատու պահպանմանը չհանձնելու պարագայում սեփականատիրոջ սեփականության իրավունքի սահմանափակումն արդյո՞ք համաչափ է:
22. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Է.Սաղաթելյանի որոշման մեջ նշվել է, որ կալանդրված «Ֆոլկսվագեն-Տուարեգ» մակնիշի 18 ՍՍ 354 պետհամարանիշի ավտոմեքենան հանձնվել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի պատասխանատու պահպանմանը (տե´ս սույն որոշման 11-րդ կետը):
Առաջին ատյանի դատարանը Ա.Հայրապետյանի բողոքը մերժել է այն պատճառաբանությամբ, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, հարուցված քրեական գործով դեռևս կատարվում է նախաքննություն, հետևաբար հիմքեր չկան քննիչի 2009 թվականի նոյեմբերի 24-ի` գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը վերացնելու համար (տե´ս սույն որոշման 12-րդ կետը), իսկ Վերաքննիչ դատարանը Ա.Հայրապետյանի բողոքը մերժելիս վկայակոչել է այն հանգամանքը, որ նախաքննական մարմնի որոշմամբ «Ֆոլկսվագեն-Տուարեգ» մակնիշի 18 ՍՍ 354 պետհամարանիշի ավտոմեքենան ճանաչվել է իրեղեն ապացույց, իսկ իրեղեն ապացույցները քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից պահվում են այնքան, քանի դեռ նրանց տնօրինման հարցը չի լուծվել դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով կամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ (տե´ս սույն որոշման 13-րդ կետը):
Մեջբերված փաստական հանգամանքների ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Հայրապետյանի գույքի վրա կալանք դնելու որոշման մեջ և սույն որոշման հետ կապված բոլոր, այդ թվում՝ դատական ակտերում քննարկման առարկա չի դարձվել այն հարցը, թե կալանադրված մեքենան չի՞ կարող արդյոք թողնվել Ա.Հայրապետյանի պատասխանատու պահպանությանը և առկա՞ են արդյոք դրան խոչընդոտող օբյեկտիվ հանգամանքներ:
Նշված հանգամանքը Վճռաբեկ դատարանը կարևորում է հատկապես այն պատճառով, որ մեղադրյալ Ե.Առաքելյանը թաքնվում է քննությունից (տե´ս սույն որոշման 9-րդ կետը), ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն հիմք է քրեական գործով վարույթը կասեցնելու համար: Բացի այդ, սույն գործով պարզաբանված չէ նաև այն հարցը, թե արդյոք «Ֆոլկսվագեն-Տուարեգ» մակնիշի 18 ՍՍ 354 պետհամարանիշի ավտոմեքենան նախկին սեփականատիրոջ տիրապետումից դուրս է եկել կորստի, հափշտակության կամ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածով նախատեսված՝ նրա կամքից անկախ այլ ճանապարհով:
Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մինչ սույն քրեական գործով քննության ավարտը գույքի սեփականատեր Ա.Հայրապետյանը, փաստորեն, անորոշ ժամկետով զրկված է լինելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը տիրապետելու և օգտագործելու իրավունքից և հնարավորությունից:
23. Հետևաբար, հիմք ընդունելով սույն որոշման 18-22-րդ կետերում առկա իրավական հիմնավորումները և դրանք համադրելով սույն գործի փաստական հանգամանքների հետ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Ֆոլկսվագեն-Տուարեգ» մակնիշի 18 ՍՍ 354 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա կալանք դնելու և այն Ա.Հայրապետյանի պատասխանատու պահպանմանը չհանձնելու արդյունքում խախտվել են Ա.Հայրապետյանի որպես սեփականատիրոջ իրավունքները:
24. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով թույլ է տրվել քրեադատավարական օրենքի էական խախտում:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: (…)»:
Հետևաբար, սույն գործով գույքի վրա կալանք դնելու մասին քննիչի 2009 թվականի նոյեմբերի 24-ի որոշման դեմ Ա.Հայրապետյանի բողոքը մերժելու վերաբերյալ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունվարի 26-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի փետրվարի 23-ի որոշումները պետք է բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
25. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գույքի վրա կալանք դնելու, կալանքի տակ գտնվող գույքը պահպանելու, մասնավորապես, այն սեփականատիրոջ պատասխանատու պահպանությանը թողնելու հարցի վերաբերյալ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Գույքի վրա կալանք դնելու մասին քննիչի 2009 թվականի նոյեմբերի 24-ի որոշման դեմ Արթուր Հայրապետյանի բողոքը մերժելու վերաբերյալ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունվարի 26-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի փետրվարի 23-ի որոշումները բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Դ. Ավետիսյան Դատավորներ` Հ. Ասատրյան Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ Ա. ՊՈՂՈՍՅԱՆ Ս. ՕՀԱՆՅԱՆ