ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 2011 թվականի N 668-Ն
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ` ԸՍՏ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ, ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34.1-ին, «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածների և 1994 թվականի ապրիլի 15-ին Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների կնքած «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնության չափերը` ըստ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, դրամական օգնությունը նշանակելու և վճարելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշման |
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ` ԸՍՏ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ, ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնություն (այսուհետ` դրամական օգնություն) նշանակելու և վճարելու կարգը, ինչպես նաև դրամական օգնության չափերը՝ ըստ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների:
2. Դրամական օգնությունը նշանակում և վճարում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը (այսուհետ՝ ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում), Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության համապատասխան իրավասու ստորաբաժանումները (այսուհետ՝ համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում):
II. ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ
3. Դրամական օգնություն ստանալու իրավունք ունեն զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող հետևյալ կատեգորիաների անձինք`
1) Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով՝
ա. 1-ին խմբի հաշմանդամը` 22000 դրամ,
բ. 2-րդ խմբի հաշմանդամը` 18000 դրամ,
գ. 3-րդ խմբի հաշմանդամը` 13000 դրամ.
2) այլ պետություններում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով՝
ա. 1-ին խմբի հաշմանդամը` 5000 դրամ,
բ. 2-րդ խմբի հաշմանդամը` 3000 դրամ.
3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով՝
ա. 1-ին խմբի հաշմանդամը` 50000 դրամ,
բ. 2-րդ խմբի հաշմանդամը` 43000 դրամ,
գ. 3-րդ խմբի հաշմանդամը` 31000 դրամ.
4) Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով՝
ա. 1-ին խմբի հաշմանդամը` 14000 դրամ,
բ. 2-րդ խմբի հաշմանդամը` 12000 դրամ,
գ. 3-րդ խմբի հաշմանդամը` 10000 դրամ.
5) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները` 8000 դրամ.
6) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները` 5000 դրամ.
7) Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները` 150000 դրամ.
8) Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձինք` 15000 դրամ.
9) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զոհված շարքային (այդ թվում՝ պայմանագրային) կազմի զինծառայողի ընտանիքի անդամները՝ հետևյալ չափերով՝
ա. յուրաքանչյուր երեխան՝ 13000 դրամ,
բ. յուրաքանչյուր այլ անդամ՝ 10000 դրամ.
10) սույն կետի 1-6-րդ ենթակետերով միաժամանակ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը՝ իր ընտրությամբ:
4. Դրամական օգնություն ստանալու իրավունք ունեն աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող հետևյալ կատեգորիաների անձինք`
1) Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ հաշմանդամ դարձած անձինք` 7000 դրամ.
2) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները՝ 5000 դրամ.
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով միաժամանակ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը՝ իր ընտրությամբ:
5. Դրամական օգնություն ստանալու իրավունք ունեն աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող, սակայն զինվորական կենսաթոշակ չստացող հետևյալ կատեգորիաների անձինք`
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զոհված շարքային (այդ թվում՝ պայմանագրային) կազմի զինծառայողի ընտանիքի անդամները՝ հետևյալ չափերով՝
ա. յուրաքանչյուր երեխան՝ 30000 դրամ,
բ. յուրաքանչյուր այլ անդամ՝ 23000 դրամ.
2) Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զոհված զինծառայողի ընտանիքի անդամը՝ 12000 դրամ.
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով միաժամանակ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը՝ իր ընտրությամբ:
6. Դրամական օգնություն ստանալու իրավունք ունեն պետական կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող (կենսաթոշակ չստացող)՝ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները՝ 5000 դրամ:
7. Դրամական օգնություն ստանալու իրավունք ունեն (անկախ պետական կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու հանգամանքից) զոհված զինծառայողների ընտանիքները՝
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զոհված զինծառայողի ընտանիքը՝ 10000 դրամ.
2) Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զոհված զինծառայողի ընտանիքը՝ 7000 դրամ:
8. Սույն կարգի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով միաժամանակ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը՝ իր ընտրությամբ:
III. ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
9. Զինվորական կենսաթոշակ ստացող անձը դրամական օգնություն նշանակելու համար իր գրավոր դիմումը ներկայացնում է համապատասխան մարմնի այն կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում, որտեղ գտնվում է իր կենսաթոշակի գործը, իսկ աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող անձն իր գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:
10. Զոհված զինծառայողի՝ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամներից մեկն այդ օգնությունն ստանալու մասին գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է համապատասխան մարմնի այն կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում, որտեղ ծառայել է զոհված զինծառայողը, եթե այդ ընտանիքի անդամներից որևէ մեկը զոհված զինծառայողի գծով դրամական օգնություն չի ստանում:
11. Եթե զոհված զինծառայողի ընտանիքի անդամներից որևէ մեկը զոհված զինծառայողի գծով դրամական օգնություն է ստանում, ապա ընտանիքին տրվող դրամական օգնությունը նշանակում է այն կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, որտեղ ընտանիքի այդ անդամը կենսաթոշակ է ստանում:
12. Դրամական օգնությունը նշանակվում է զոհված զինծառայողի ընտանիքի՝ այդ օգնությունն ստանալու իրավունք ունեցող անդամներից մեկին՝ ընտանիքի համար:
13. Ընտանիքի՝ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անդամի պահանջով նրա դրամական օգնության բաժինն առանձնացվում է: Այս դեպքում ընտանիքի անդամի դրամական օգնությունը հաշվարկվում է դրամական օգնության բաժնեմասով (դրամական օգնության գումարն ընտանիքի՝ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անդամների թվի վրա բաժանելու միջոցով): Դրամական օգնության առանձնացված բաժինը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
14. Դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու օրվանից:
15. Դրամական օգնություն ստանալու իրավունքը դադարեցվում, վերականգնվում, դրամական օգնություն վճարելը դադարեցվում և վերսկսվում է կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու, վերականգնելու, կենսաթոշակ վճարելը դադարեցնելու և վերսկսելու՝ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածով սահմանված կարգով, իսկ չվճարված դրամական օգնության գումարը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով սահմանված կարգով:
16. Ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը և համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դրամական օգնությունը նշանակում, վճարումն ապահովում, չվճարված դրամական օգնության գումարների վճարումն ապահովում, դրամական օգնության գործը (փաստաթղթերը) վարում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665 -Ն որոշմամբ հաստատված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու, կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգին համապատասխան:
17. Եթե դրամական օգնություն ստանալու համար դիմող անձը կենսաթոշակառու է, ապա նրա կենսաթոշակի գործին կարվում է դրամական օգնություն նշանակելու հաշվարկ-կարգադրությունը, իսկ եթե անձը կենսաթոշակառու չէ, ապա կազմվում է դրամական օգնության գործ:
18. Յուրաքանչյուր ամսվա դրամական օգնությունը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում՝ անկանխիկ կամ կանխիկ եղանակով: Եթե անձը կենսաթոշակառու է, ապա դրամական օգնությունը վճարվում է կենսաթոշակի հետ միասին:
19. Մինչև 2011 թվականի հունվարի 1-ը նշանակված, բայց չստացված դրամական օգնության գումարները վճարվում են դիմելուն նախորդող երեք տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը դրամական օգնություն ստանալու իրավունք է ունեցել:
20. Զոհված զինծառայողների ընտանիքների այն անդամները, ովքեր ստանում են աշխատանքային կենսաթոշակ և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ կամ սոցիալական կենսաթոշակ և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ, իրավունք ունեն, իրենց ընտրությամբ, զինվորական կենսաթոշակի փոխարեն ստանալու դրամական օգնություն: Այս դեպքում անձը դրա մասին գրավոր դիմում է ներկայացնում ծառայության կենսաթոշակ նշանակող այն ստորաբաժանում, որտեղ գտնվում է իր աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակի գործը:
21. Եթե անձը կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակն ստանում է համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից, ապա դիմումի հետ միասին ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ վճարելը դադարեցնելու մասին համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման տված տեղեկանքը, որում պետք է նշված լինի կենսաթոշակ վճարելը դադարեցնելու ժամկետը: Այս դեպքում դրամական օգնությունը նշանակվում է կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ վճարելը դադարեցնելու օրվանից:
22. Եթե զոհված զինծառայողի ընտանիքի անդամը զինվորական կենսաթոշակի փոխարեն դրամական օգնություն ստանալու համար դիմել է մինչև 2011 թվականի հուլիսի 1-ը, ապա նրան զինվորական կենսաթոշակի փոխարեն դրամական օգնություն նշանակվում (վերահաշվարկվում) և վճարվում է 2011 թվականի հունվարի 1-ից: Այդ ժամկետից հետո դիմելու դեպքում դրամական օգնությունը նշանակվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
IV. ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ
23. Դրամական օգնությունը նշանակելու համար անձը ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կամ համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում՝
1) դիմումը.
2) անձնագիրը և դրա պատճենը.
3) սոցիալական ապահովության քարտն ու դրա պատճենը կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը.
4) օրենքով սահմանված սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու մասին համապատասխան մարմնի տված տեղեկանքը:
24. Զոհված զինծառայողի ընտանիքի անդամն ընտանիքի համար դրամական օգնություն ստանալու նպատակով համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում՝
1) դիմումը.
2) անձնագիրը և դրա պատճենը.
3) սոցիալական ապահովության քարտն ու դրա պատճենը կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը.
4) օրենքով սահմանված սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու մասին համապատասխան մարմնի տված տեղեկանքը.
5) անհրաժեշտության դեպքում ներկայացվում են նաև՝
ա. կերակրողի երեխայի, հաշմանդամ զավակի, ամուսնու, ծնողի անձնագրերը և սոցիալական ապահովության քարտերն ու դրանց պատճենները կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը (մինչև 16 տարեկան անչափահասների համար` ծննդյան վկայականները, սոցիալական ապահովության քարտերը և դրանց պատճենները կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը),
բ. զավակին հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը,
գ. առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին տեղեկանքը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |