ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0399/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0399/02/09 |
Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան | |
Դատավորներ՝ Կ. Չիլինգարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Տ. Պետրոսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
|
Վ. Ավանեսյանի | |
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2011 թվականի ապրիլի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Յունիբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.07.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ընկերության ընդդեմ Գևորգ, Սիրվարդ, Գագիկ, Գոռ, Ռայիսա Նիկոլյանների, Սյուզաննա Պողոսյանի, Մանե Մարտիրոսյանի` գույքն ապօրինի տիրապետումից հետ վերցնելու և վտարելու պահանջների մասին և Գևորգ Նիկոլյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ընկերության`գումար բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Գևորգ, Սիրվարդ, Գագիկ, Գոռ, Ռայիսա Նիկոլյանների, Սյուզաննա Պողոսյանի և Մանե Մարտիրոսյանի ապօրինի տիրապետումից հետ պահանջել Երևանի Ավանի 7-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 38/3 բնակելի տունը և նրանց վտարել նշված տնից:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Գևորգ Նիկոլյանը պահանջել է Ընկերությունից բռնագանձել Երևանի Ավանի 7-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 38/3 բնակելի տան լիկվիդացիոն արժեքի և Ընկերության հանդեպ ունեցած վարկային պարտավորության տարբերությունը կազմող 6.267.978 ՀՀ դրամը:
Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 20.08.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 14.07.2010 թվականի որոշմամբ Գևորգ Նիկոլյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն. Դատարանի 20.08.2009 թվականի վճիռը բեկանվել է հակընդդեմ հայցը մերժելու մասով, և այդ մասով գործն ուղարկվել է նոր քննության։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածը, 249-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը, 437-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերը, 438-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 53-րդ, 131-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Յունի Օցենկա» ՓԲԸ-ի 08.07.2009 թվականի թիվ 94 գնահատման հաշվետվության համաձայն` վեճի առարկա տան մոտավոր լիկվիդացիոն արժեքը 2009 թվականի հունվար ամսին կազմել է 63.000.000 ՀՀ դրամ, իսկ Ընկերության 29.05.2009 թվականի թիվ 31 տեղեկանքի համաձայն` Ընկերության հանդեպ Գևորգ Նիկոլյանի ունեցած պարտքը կազմել է 63.732.022,20 ՀՀ դրամ: Այսինքն` Ընկերությունը Գևորգ Նիկոլյանին գումար վերադարձնելու պարտավորություն չունի։
2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 14-րդ, 28-րդ, 78-րդ, 80-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Սյուզաննա Պողոսյանը սկզբնական հայցով պատասխանող է, իսկ հակընդդեմ հայցով հայցվոր Գևորգ Նիկոլյանի ներկայացուցիչն է, որին պատշաճ կերպով ուղարկվել են դատավարական բոլոր փաստաթղթերը։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.07.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 20.08.2009 թվականի վճռին։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Ընկերության և Գևորգ Նիկոլյանի միջև 22.07.2008 թվականին կնքված թիվ 529 վարկային պայմանագրի համաձայն` Գևորգ Նիկոլյանին տրամադրվել է 60.000.000 ՀՀ դրամ վարկ` տարեկան 17 տոկոս տոկոսադրույքով, մինչև 22.07.2028 թվականը մարման ժամկետով (հատոր 1-ին, գ.թ. 37-38)։
2) 22.07.2008 թվականի թիվ 529/ԱՀ առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրի համաձայն` Գևորգ Նիկոլյանը գնել և որպես վարկային պարտավորության ապահովման միջոց գրավադրել է Երևանի Ավանի 7-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 38/3 հասցեում գտնվող բնակելի տունը: Պայմանագրի 2.3 կետի համաձայն` անշարժ գույքի ընդհանուր շուկայական լիկվիդացիոն արժեքը կողմերի համաձայնությամբ գնահատվել է 70.000.000 ՀՀ դրամ, 6.4 կետի համաձայն` գրավով ապահովվում է գրավառուի պահանջն այն ծավալով, որն առկա է փաստացի բավարարման պահին, իսկ 7.2 կետի համաձայն` նույն պայմանագրի 1.1 կետում նշված վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Գևորգ Նիկոլյանը տալիս է իր համաձայնությունը իր կողմից չկատարված պարտավորության համապատասխան մասի դիմաց անշարժ գույքն արտադատարանական կարգով Ընկերությանն ի սեփականություն հանձնելու վերաբերյալ։ Պայմանագրի 7.3 կետով սահմանվել է, որ Ընկերության պահանջները բավարարելուց հետո գույքի իրացումից ստացված միջոցների մնացորդը կվերադարձվի Գևորգ Նիկոլյանին (հատոր 1-ին, գ.թ. 6-12)։
3) 26.01.2009 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2586346 վկայականի և Ընկերության կողմից Գևորգ Նիկոլյանին 16.03.2009 թվականին ուղարկված ծանուցման համաձայն` Գևորգ Նիկոլյանի կողմից վարկային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի ուժով և 22.07.2008 թվականի առուվաճառքի և հիփոթեքի թիվ 529/ԱՀ պայմանագրի, Ընկերության 02.10.2008 թվականի թիվ 365 բռնագանձման ծանուցման, Ընկերության 10.01.2009 թվականի թիվ 09/09/11 գրության հիման վրա Երևանի Ավանի 7-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 38/3 հասցեում գտնվող բնակելի տան նկատմամբ 26.01.2009 թվականին գրանցվել է Ընկերության սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 13-17)։
4) Ընկերության 29.05.2009 թվականի տեղեկանքի համաձայն` Ընկերության հանդեպ Գևորգ Նիկոլյանի ունեցած վարկային պարտավորության ընդհանուր գումարը 29.01.2009 թվականի դրությամբ կազմել է 63.732.022,20 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 36)։
5) «Յունի Օցենկա» ՓԲԸ-ի 08.07.2009 թվականի գնահատման եզրակացության համաձայն` 2009 թվականի հունվարի դրությամբ Երևանի Ավանի 7-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 38/3 հասցեում գտնվող բնակելի տան շուկայական արժեքը կազմել է 79.000.000 ՀՀ դրամ, իսկ լիկվիդացիոն արժեքը` 63.000.000 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 3-17)։
6) Սույն գործով հակընդդեմ հայցը ներկայացրել է Գևորգ Նիկոլյանը, իսկ Սյուզաննա Պողոսյանը հանդես է եկել որպես սկզբնական հայցով պատասխանող և հակընդդեմ հայցվոր Գևորգ Նիկոլյանի ներկայացուցիչ և վերաքննիչ բողոքով վիճարկել է միայն Դատարանի 20.08.2009 թվականի վճռի` հակընդդեմ հայցը մերժելու մասը (հատոր 1-ին, գ.թ. 34-35, 52, 82, հատոր 3-րդ, գ.թ. 4-7)։
7) Սյուզաննա Պողոսյանը պատշաճ կերպով ստացել է Դատարանի 24.06.2009 թվականի, 01.07.2009 թվականի դատական նիստերի վայրի և ժամանակի մասին ծանուցագրերը, հակընդդեմ հայցվոր Գևորգ Նիկոլյանին Երևանի Ավանի 7-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 38/3 հասցեով ուղարկված Դատարանի 23.07.2009 թվականի, 30.07.2009 թվականի դատական նիստերի վայրի և ժամանակի վերաբերյալ ծանուցագրերը, ինչպես նաև Դատարանի վճիռը նույնպես ստացվել են (հատոր 1-ին, գ.թ. 91, 105, հատոր 2-րդ, գ.թ. 25, 31, 37, 44-45, 81-82)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու այն, այդ թվում՝ գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու, եթե դա նախատեսված է գրավի պայմանագրով:
Նույն հոդվածի 2-րդ կետի 3-րդ պարբերության 2-րդ նախադասության համաձայն` գրավառուն պարտավոր է գրավի առարկան իրացնել տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով:
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության (ստանդարտացման ազգային մարմնի) 29.06.2006 թվականի թիվ 146-Ա հրամանով գործողության մեջ դրված Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման թիվ ՀՍՏ 252-2006 ստանդարտի համաձայն`լիկվիդացիոն արժեքն անշարժ գույքի արժեքն է, երբ այն պետք է վաճառվի նմանատիպ անշարժ գույքի վաճառքի համար շուկայում ներկայացման նախատեսված ժամկետից ավելի կարճ ժամանակահատվածում:
⚖Նշված դրույթների վերլուծությունից հետևում է, որ գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի գրավ դրված գույքը տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնի հաշվարկով հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց դարձնել իր սեփականությունը կամ հանձնել երրորդ անձին ի սեփականություն։
Վերը նշվածից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գրավադրված անշարժ գույքն իրացնելիս տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գինը կարող է լինել միայն դրա արագ վաճառքի գինը, այսինքն` լիկվիդացիոն արժեքը, քանի որ միայն նման ձևով է հնարավոր ապահովել գրավի առարկայի արագ իրացումն ու գրավառուի պահանջների բավարարումը:
Սույն գործով Դատարանը, պատճառաբանելով, որ «Յունի Օցենկա» ՓԲԸ-ի 08.07.2009 թվականի գնահատման եզրակացության համաձայն` 2009 թվականի հունվարի դրությամբ Երևանի Ավանի 7-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 38/3 հասցեում գտնվող բնակելի տան լիկվիդացիոն արժեքը կազմել է 63.000.000 ՀՀ դրամ, իսկ Ընկերության 29.05.2009 թվականի թիվ 31 տեղեկանքի համաձայն` Ընկերության հանդեպ Գևորգ Նիկոլյանի ունեցած վարկային պարտավորության ընդհանուր գումարը կազմել է 63.732.022,20 ՀՀ դրամ, գտել է, որ Ընկերությունը Գևորգ Նիկոլյանին գումար վերադարձնելու պարտավորություն չի կարող կրել:
Վերաքննիչ դատարանը, բեկանելով դատական ակտը, պատճառաբանել է, որ Դատարանը հակընդդեմ հայցը մերժելու մասին վճիռը կայացրել է ապացույցների, մասնավորապես` կողմերի միջև 22.07.2008 թվականին կնքված թիվ 529 վարկային, 22.07.2008 թվականին կնքված թիվ 529/ԱՀ առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրերի, 16.03.2009 թվականին Գևորգ Նիկոլյանին ուղղված բնակելի տարածքն ազատելու վերաբերյալ ծանուցման, 29.05.2009 թվականին Գևորգ Նիկոլյանին ուղղված պարտքի վերաբերյալ տեղեկանքի, «Յունի Օցենկա» ՓԲԸ-ի կողմից տրված հաշվետվության սխալ գնահատման արդյունքում:
Սույն գործի փաստերի համաձայն` 22.07.2008 թվականի թիվ 529/ԱՀ առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրով Գևորգ Նիկոլյանը գնել և որպես վարկային պարտավորության ապահովման միջոց` գրավադրել է Երևանի Ավանի 7-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 38/3 հասցեում գտնվող բնակելի տունը: Պայմանագրի 2.3 կետի համաձայն` անշարժ գույքի ընդհանուր շուկայական լիկվիդացիոն արժեքը կողմերի համաձայնությամբ գնահատվել է 70.000.000 ՀՀ դրամ, 6.4 կետի համաձայն` գրավով ապահովվում է գրավառուի պահանջն այն ծավալով, որն առկա է փաստացի բավարարման պահին, իսկ 7.2 կետի համաձայն` նույն պայմանագրի 1.1 կետում նշված վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Գևորգ Նիկոլյանը տալիս է իր համաձայնությունը իր կողմից չկատարված պարտավորության համապատասխան մասի դիմաց անշարժ գույքն արտադատարանական կարգով Ընկերությանն ի սեփականություն հանձնելու վերաբերյալ։ Գևորգ Նիկոլյանի կողմից վարկային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու համար նշված բնակելի տան նկատմամբ 26.01.2009 թվականին գրանցվել է Ընկերության սեփականության իրավունքը: Ընկերության 29.05.2009 թվականի տեղեկանքի համաձայն` Ընկերության հանդեպ Գևորգ Նիկոլյանի ունեցած վարկային պարտավորության ընդհանուր գումարը 29.01.2009 թվականի դրությամբ կազմել է 63.732.022,20 ՀՀ դրամ: «Յունի Օցենկա» ՓԲԸ-ի 08.07.2009 թվականի գնահատման եզրակացության համաձայն` 2009 թվականի հունվարի դրությամբ Երևանի Ավանի 7-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 38/3 հասցեում գտնվող բնակելի տան շուկայական արժեքը կազմել է 79.000.000 ՀՀ դրամ, իսկ լիկվիդացիոն արժեքը` 63.000.000 ՀՀ դրամ:
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Ավանի 7-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 38/3 հասցեում գտնվող բնակելի տան նկատմամբ Ընկերության սեփականության իրավունքը գրանցելու պահին Ընկերության հանդեպ Գևորգ Նիկոլյանի ունեցած վարկային պարտավորության ընդհանուր գումարը տվյալ պահին նշված տան լիկվիդացիոն արժեքից ավելի էր: Այսինքն` Ընկերությունը տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնի հաշվարկով Գևորգ Նիկոլյանի պարտավորության չափի դիմաց գրավադրված գույքը դարձրել է իր սեփականությունը, իսկ 22.07.2008 թվականի թիվ 529/ԱՀ առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրով գնահատված անշարժ գույքի շուկայական լիկվիդացիոն արժեքը չի կարող գույքն իրացնելու պահին դրա արժեքը որոշելու հիմք հանդիսանալ: Հետևաբար, Ընկերությունը Գևորգ Նիկոլյանին գումար վերադարձնելու պարտավորություն չունի:
2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա։
Սույն գործով Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ Դատարանում սույն քաղաքացիական գործի քննության ընթացքում քաղաքացիական գործով պատասխանող Սյուզաննա Պողոսյանը մեկնել է երկարատև գործուղման, ինչի արդյունքում զրկվել է իր հետագա դատավարական գործողությունները կատարելու հնարավորությունից: Մասնավորապես` չի մասնակցել դատաքննություններին, նրան ծանուցագրերը պատշաճ ձևով չեն ուղարկվել, չի ստացել վճռի բնօրինակը: Հետևաբար, Դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի խախտում, ինչը հիմնավորվում է համապատասխան դատավարական փաստաթղթերը կողմին պատշաճ ձևով հանձնվելու մասին ապացույցների բացակայությամբ։
Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն` հակընդդեմ հայցը ներկայացրել է Գևորգ Նիկոլյանը, իսկ Սյուզաննա Պողոսյանը հանդես է եկել որպես սկզբնական հայցով պատասխանող և հակընդդեմ հայցվոր Գևորգ Նիկոլյանի ներկայացուցիչ և վերաքննիչ բողոքով վիճարկել է միայն Դատարանի 20.08.2009 թվականի վճռի` հակընդդեմ հայցը մերժելու մասը: Սյուզաննա Պողոսյանը պատշաճ կերպով ստացել է Դատարանի 24.06.2009 թվականի, 01.07.2009 թվականի դատական նիստերի վայրի և ժամանակի մասին ծանուցագրերը, իսկ հակընդդեմ հայցվոր Գևորգ Նիկոլյանը ստացել է Երևանի Ավանի 7-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 38/3 հասցեով ուղարկված Դատարանի 23.07.2009 թվականի, 30.07.2009 թվականի դատական նիստերի վայրի և ժամանակի վերաբերյալ ծանուցագրերը, ինչպես նաև Դատարանի վճիռը։
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սյուզաննա Պողոսյանի` հակընդդեմ հայցով գործին մասնակցող անձ չլինելու և Դատարանի վճիռը միայն հակընդդեմ հայցի մասով վիճարկելու պայմաններում վերջինիս նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածով սահմանված դատավարության մրցակցության և իրավահավասարության սկզբունքների խախտում տեղի չի ունեցել:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։
Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.07.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 20.08.2009 թվականի վճռին։
2. Գևորգ Նիկոլյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 188.040 (մեկ հարյուր ութսունութ հազար քառասուն) ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար:
Գևորգ Նիկոլյանից հօգուտ «Յունիբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 188.040 (մեկ հարյուր ութսունութ հազար քառասուն) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Տ. Պետրոսյան | |
|
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Ե. Սողոմոնյան |