ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան 19 ապրիլի 2011 թ.
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ ՆԻԿՈՍԻԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԿԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2011 թվականի հունվարի 17-ին Նիկոսիայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրում (կից արձանագրությամբ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 01.04.2011թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ս. Կարայանի գրավոր բացատրությունը, հետազոտելով քննության առարկա համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2011 թվականի հունվարի 17-ին Նիկոսիայում` եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու, միջազգային առևտրի և ներդրումների վրա եկամտային և գույքային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը նվազեցնելու, ինչպես նաև կանխատեսելի և կայուն հարկային դաշտ ստեղծելու նպատակով:
2. Համաձայնագրի անբաժանելի մասն է կազմում արձանագրությունը, որում սահմանված են տեղեկությունների փոխանակման կարգն ու պայմանները:
3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
● ապահովել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները կիպրոսյան կողմի իրավասու մարմիններին ծանուցեն համապատասխան հարկային օրենքներում կատարված ցանկացած էական փոփոխության մասին,
● հարկման չենթարկել հայկական ձեռնարկության ձեռնարկատիրական գործունեությունից ստացած շահույթը, եթե այդ ձեռնարկությունն իր ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում է մյուս պետությունում` այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով,
● մշտական հաստատության ձեռնարկատիրական գործունեությունից ստացված շահույթը որոշելիս հանել մշտական հաստատության նպատակներով կատարված փաստացի ծախսերը, այդ թվում` կառավարչական և ընդհանուր վարչական ծախսերը` անկախ այն հանգամանքից, թե դրանք որտեղ են կատարվել, ինչպես նաև այդ շահույթը որոշել տարեցտարի միևնույն եղանակով, քանի դեռ չկա այն փոխելու հիմնավոր և բավարար պատճառ,
● միջազգային փոխադրումներում նավերի կամ օդանավերի շահագործումից մյուս պետության ձեռնարկության շահույթը չենթարկել հարկման,
● հարկման չենթարկել մյուս պետության ռեզիդենտ ընկերության վճարած շահաբաժինները, երբ այդ ընկերությունը շահույթ կամ եկամուտ է ստանում Հայաստանի Հանրապետությունում` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ շահաբաժինները վճարվում են Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ընկերությանը, կամ երբ մասնակցությունը, որի առնչությամբ վճարվում են շահաբաժինները, փաստացի կապված է Հայաստանի Հանրապետությունում գտնվող մշտական հաստատության հետ,
● հարկման չենթարկել նաև մյուս պետության ռեզիդենտ ընկերության չբաշխված շահույթը, եթե նույնիսկ վճարված շահաբաժինները կամ չբաշխված շահույթն ամբողջությամբ կամ մասամբ կազմված են Հայաստանի Հանրապետությունում առաջացող շահույթից կամ եկամտից,
● հարկման չենթարկել մյուս պետության ռեզիդենտի կողմից վարձու աշխատանքի դիմաց ստացված աշխատավարձը և համանման այլ վարձատրությունները, եթե միայն այդ վարձու աշխատանքը չի իրականացվում Հայաստանի Հանրապետությունում,
● հարկման չենթարկել մյուս պետության ռեզիդենտին նախկին վարձու աշխատանքի առնչությամբ վճարվող կենսաթոշակները և համանման այլ վարձատրությունները,
● հարկման չենթարկել մյուս պետության ռեզիդենտի եկամտի այն տեսակները, որոնք սահմանված չեն Համաձայնագրի դրույթներում,
● կրկնակի հարկումը բացառելու նպատակով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կողմից մյուս պետությունում հարկվող եկամուտ ստանալիս թույլատրել այդ ռեզիդենտի եկամտահարկի նվազեցում` մյուս պետությունում վճարված եկամտահարկի գումարի չափով,
● մյուս պետության քաղաքացիներին, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց, ովքեր մյուս պետության ռեզիդենտ են, չենթարկել այլ կամ ավելի ծանր որևէ հարկման կամ դրա հետ կապված որևէ պահանջի, քան այն հարկումն ու դրա հետ կապված պահանջներն են, որոնց միևնույն հանգամանքներում ենթարկվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,
● իրավասու մարմինների միջոցով մյուս պետության հետ փոխանակվել տեղեկություններով, որոնք կարևոր են Համաձայնագրի դրույթների իրականացման համար, ինչպես նաև չտրամադրել մյուս պետությանը հայցվող տեղեկությունը, եթե այդ մյուս պետությունը չունի փոխադարձ դրույթներ և/կամ չի կիրառել համապատասխան վարչարարական գործելակերպը` հայցվող տեղեկությունների տրամադրման համար, ինչպես նաև երաշխավորել ստացված տեղեկությունների գաղտնիությունը:
4. Համաձայնագրով սահմանված են նաև ռոյալթիների, գույքի արժեքի հավելաճի, ընկերությունների տնօրենների հոնորարների, արվեստի գործիչների և մարզիկների, ուսանողների, դասախոսների և հետազոտողների նկատմամբ հարկում կիրառելու կարգն ու պայմանները:
5. Համաձայնագիրը սահմանում է նաև վիճելի հարցերի լուծման կարգը, Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու և գործողությունը դադարեցնելու կարգն ու պայմանները:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2011 թվականի հունվարի 17-ին Նիկոսիայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրում (կից արձանագրությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող
Գ. Հարությունյան
19 ապրիլի 2011 թ.
ՍԴՈ-960
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|