ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
05 մայիսի 2021 թ. |
N 1626-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԲԵԳԼԱՐՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ N Կ-ԲՕ-002502 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ (ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ), ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ, ՔԻԹ-ԿՈԿՈՐԴ-ԱԿԱՆՋԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 13-րդ հոդվածի 6-րդ մասը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գրությունն այն մասին, որ «ԲԵԳԼԱՐՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությունն իրականացնում է բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային ուռուցքաբանական (վիրաբուժական), ընդհանուր վիրաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական տեսակները` խախտելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման N 5 հավելվածի 18-րդ կետով նախատեսված պահանջը, որի համաձայն`
1. լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեությունը սկսելուց առնվազն հինգ աշխատանքային օր առաջ լիազոր մարմին է ներկայացնում գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար էլեկտրոնային առողջապահության համակարգն սպասարկող օպերատորի հետ կնքված էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման և սպասարկման պայմանագիրը, համապատասխան որակավորված անձի մասին տեղեկատվություն` կցելով համապատասխան որակավորում ունեցող անձի մասնագիտական կրթության փաստը հավաստող վկայականը և վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստման վկայականը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վտանգավոր թափոնների վնասազերծման ոլորտում համապատասխան լիցենզիա ունեցող որևէ կազմակերպության հետ կնքված պայմանագիրը, սակայն «ԲԵԳԼԱՐՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերության կողմից հիվանդանոցային ուռուցքաբանական (վիրաբուժական), ընդհանուր վիրաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական տեսակներով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելուց առաջ համապատասխան կադրային փաստաթղթեր չեն ներկայացվել, ուստի ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Կասեցնել «ԲԵԳԼԱՐՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերության (Կենտրոն, համայնք Աբովյան փող. թիվ 56) Առողջապահության նախարարության կողմից 2019 թվականի հունվարի 10-ին տրամադրված բժշկական օգնության և սպասարկման N Կ-ԲՕ-002502 լիցենզիայով նախատեսված հիվանդանոցային` ուռուցքաբանական (վիրաբուժական), ընդհանուր վիրաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական տեսակներով զբաղվելու իրավունքը՝ մինչև խախտման պատճառների վերացումը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ԲԵԳԼԱՐՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2021 թվական: