ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության գործ թիվ ԵԷԴ/0125/01/09 |
ԵԷԴ/0125/01/09 |
Նախագահող դատավոր՝ Մ. Ռեհանյան | |
Դատավորներ` Ա. Դանիելյան |
|
Մ. Արղամանյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Դ. Ավետիսյանի մասնակցությամբ դատավորներ Հ. Ասատրյանի Ե. Դանիելյանի Հ. Ղուկասյանի Ա. Պողոսյանի Ս. Օհանյանի Մ. Պետրոսյանի
քարտուղարությամբ
2010 թվականի դեկտեմբերի 23-ին |
ք. Երևանում |
Դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Անդրանիկ Սարգսի Ասլանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2010թ. սեպտեմբերի 10-ի որոշման դեմ մեղադրողի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը և փաստական հանգամանքները.
1. 2009թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
2009թ. սեպտեմբերի 28-ին Անդրանիկ Ասլանյանը ձերբակալվել է:
2009թ. հոկտեմբերի 1-ին Անդրանիկ Ասլանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով այն բանի համար, որ նա, աշխատելով որպես ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ, 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ վարձավճար ստանալու պայմանով նախնական համաձայնության է եկել նույն քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Կարեն Պետրոսյանի հետ և վերջինիս թմրամիջոց իրացնելու նպատակով 2009թ. սեպտեմբերի 25-ին` ժամը 19-ի սահմաններում, Կարեն Շահբազյանից ապօրինի ձեռք է բերել և իր մոտ պահել զգալի չափերի հասնող` 0,008 գրամ «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող մեկ դեղահաբ, որը հաջորդ օրը` սեպտեմբերի 26-ին` ժամը 900 -ի սահմաններում, իրացնելու նպատակով փոխադրել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տարածք, սակայն քրեակատարողական հիմնարկի հսկիչ-անցագրային կետում ենթարկվել է անձնական խուզարկության, որի ժամանակ թմրանյութը հայտնաբերվել և առգրավվել է:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. հոկտեմբերի 1-ի որոշմամբ բավարարվել է Ա.Ասլանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը:
2009թ. նոյեմբերի 5-ի որոշմամբ Ա.Ասլանյանին առաջադրված մեղադրանքի ծավալը լրացվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
2. 2010թ. նոյեմբերի 16-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Առաջին ատյանի դատարան):
Առաջին ատյանի դատարանի 2010թ. հունիսի 15-ի դատավճռով Ա.Ասլանյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետից վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով, և նա դատապարտվել է ազատազրկման 10 (տասը) ամիս ժամկետով:
Նույն դատավճռով դատապարտվել են նաև Կարեն Բախշիի Շահբազյանը և Կարեն Նորիկի Պետրոսյանը:
3. Ամբաստանյալ Կ.Շահբազյանի և մեղադրողի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով գործը՝ Վերաքննիչ դատարանը 2010թ. սեպտեմբերի 10-ի որոշմամբ օրինական ուժի մեջ է թողել Առաջին ատյանի դատարանի 2010թ. հունիսի 15-ի դատավճիռը:
4. 2010թ. հոկտեմբերի 8-ին մեղադրողը Վերաքննիչ դատարանի 2010թ. սեպտեմբերի 10-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել:
Վճռաբեկ դատարանը 2010 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ուղարկվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
Սույն բողոքի քննության համար էական նշանակություն ունեն ստորադաս դատարանների դատական ակտերով հաստատված հետևյալ փաստական հանգամանքները.
5. ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալ Կարեն Պետրոսյանը ցանկացել է առանց իրացնելու նպատակի, իր գործածման համար ձեռք բերել «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող մեկ դեղահաբ:
Այդ նպատակով Կ.Պետրոսյանը նախնական համաձայնության է եկել իր ծանոթ Կարեն Շահբազյանի հետ` խնդրելով իրեն իրացնել «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող մեկ դեղահաբ:
6. Կ.Պետրոսյանին թմրամիջոց իրացնելու համար Կ.Շահբազյանը քննությամբ չպարզված անձից ապօրինի ձեռք է բերել և պահել զգալի չափերի` 0,008 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող մեկ դեղահաբ:
7. Կ.Պետրոսյանը խնդրել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Անդրանիկ Ասլանյանին հանդիպել Կ.Շահբազյանին, նրանից վերցնել «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող մեկ դեղահաբը և փոխանցել իրեն: Ա.Ասլանյանը խոստացել է կատարել Կ.Պետրոսյանի խնդրանքը:
8. 2009թ. սեպտեմբերի 25-ին` ժամը 19-ի սահմաններում, Ա.Ասլանյանը Կ.Պետրոսյանի խնդրանքով հանդիպել է Կ.Շահբազյանին, որին չի ճանաչել, նրանից վերցրել է Կ.Պետրոսյանի գործածման համար նախատեսված «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող մեկ դեղահաբը: Սակայն Ա.Ասլանյանին չի հաջողվել դեղահաբը հանձնել Կ.Պետրոսյանին, քանի որ հաջորդ օրը` ժամը 9-ի սահմաններում, ՔԿՀ-ի հսկիչ անցագրային կետում անձնական խուզարկության ժամանակ այն հայտնաբերվել է և առգրավվել:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանի 2010թ. սեպտեմբերի 10-ի որոշումն անհիմն է և ենթակա է բեկանման, քանի որ ճիշտ չի կիրառվել քրեական օրենքը, թույլ է տրվել նյութական իրավունքի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:
10. Ըստ բողոքաբերի` սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել են կատարված հանցանքի առանձնահատկությունները, հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը: Ա.Ասլանյանի գործողությունների նպատակը եղել է թմրամիջոց տարածելը` այն ձեռք բերելու, պահելու, փոխադրելու միջոցով, այլ ոչ թե թմրամիջոց ձեռք բերելու հարցում Կ.Պետրոսյանին օժանդակելը:
Տվյալ դեպքում Ա.Ասլանյանը թմրամիջոցը ձեռք է բերել Կ.Պետրոսյանին իրացնելու նպատակով: Ա.Ասլանյանը գիտակցել է իր գործողությունների` հանրության համար վտանգավոր բնույթը, նախատեսել է հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացումը և ցանկացել է դրանց վրա հասնելը: Թմրամիջոցը Կ.Պետրոսյանին իրացնելու նպատակով Ա.Ասլանյանի կողմից ձեռք բերելու պահն արդեն իսկ համարվում է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածով նախատեսված ավարտված հանցագործություն և որևէ կերպ չի կարող որակվել որպես թմրամիջոց ձեռք բերելուն օժանդակելու հանցավոր գործողություն:
Կ.Շահբազյանի և Ա.Ասլանյանի` նախկինում միմյանց չճանաչելու, որևէ կերպ իրար հետ չհամագործակցելու, վերջիններիս կապը Կ.Պետրոսյանի կողմից` հեռախոսակապի միջոցով պահպանվելու, Ա.Ասլանյանի կողմից հանցագործությունը Կ.Պետրոսյանի նախաձեռնությամբ կատարելու հանգամանքների վերաբերյալ ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարանների եզրահանգումներն ինքնին չեն կարող Ա.Ասլանյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետից ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով վերաորակելու հիմք հանդիսանալ, և այդպիսիք չեն բացառում Ա.Ասլանյանի կողմից Կ.Պետրոսյանին իրացնելու նպատակով թմրամիջոցն ապօրինի ձեռք բերելու հանգամանքը:
11. Բողոք բերած անձը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կայացվող դատական ակտն էական նշանակություն կունենա դատարանների կողմից բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների, մասնավորապես` թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության հետ կապված գործերով միասնական պատժողական քաղաքականություն ձևավորելու, օրենքի միատեսակ կիրառության համար:
Բողոք բերած անձը գտնում է նաև, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտն առերևույթ հակասում է Վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված 2007թ. օգոստոսի 30-ի ՎԲ-135/07 որոշմանը:
Բողոքաբերը միաժամանակ փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել ծանր հետևանք: Մասնավորապես, Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների դատական ակտերով կարող է ձևավորվել այնպիսի դատական պրակտիկա, որն անարդյունավետ կդարձնի ազատազրկան կամ կալանքի ձևով պատիժը կրելու կամ կալանավորվածներին պահելու վայրերում թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը:
12. Այսպիսով, բողոքաբերը գտնում է, որ Ա.Ասլանյանը կատարել է հանցագործություն` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որով էլ նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության և պատժի` ապահովելով ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 61-րդ հոդվածներով սահմանված արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների լիակատար իրագործումը: Ըստ բողոքաբերի` Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարաններն օբյեկտիվ, իրավաչափ և համարժեք չեն գնահատել կատարված կոնկրետ հանցանքի առանձնահատկությունները և դրանց հետևանքները, որոնք բարձրացնում են կատարված հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, հաշվի չեն առել պաշտպանվող հասարակական հարաբերությունների սոցիալական նշանակությունը, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է:
13. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է Ա.Ասլանյանի մասով բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 2010թ. սեպտեմբերի 10-ի որոշումը, Ա.Ասլանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և նշված հոդվածի սանկցիայով դատապարտել ազատազրկման 7 (յոթ) տարի ժամկետով:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
14. Սույն գործով դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ի՞նչ քրեաիրավական գնահատական պետք է տալ Ա.Ասլանյանի արարքներին, ով թմրամիջոց սպառողի խնդրանքով նրա նշած անձից թմրամիջոց է ձեռք բերել՝ թմրամիջոց սպառողին փոխանցելու նպատակով. արդյո՞ք նշված արարքներում առկա է (ա) իրացնելու նպատակով թմրամիջոցի ապօրինի ձեռքբերման, փոխադրման և ապօրինի իրացման հանցակազմ (ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդված), (բ) թմրամիջոցի ապօրինի իրացման օժանդակության հանցակազմ (ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 5-րդ մաս և 266-րդ հոդված), թե (գ) թմրամիջոցի ապօրինի ձեռքբերման օժանդակության հանցակազմ (ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 5-րդ մաս և 268-րդ հոդված):
15. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածն ամրագրում է իրացման նպատակով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությանը կամ դրանց ապօրինի իրացմանը վերաբերող հանցակազմեր: Այդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում «իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստել[ու], վերամշակել[ու], ձեռք բերել[ու], պահել[ու], փոխադրել[ու], առաքել[ու] կամ դրանք ապօրինի իրացնել[ու]» համար:
ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում «Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստել[ու], վերամշակել[ու], ձեռք բերել[ու], պահել[ու], փոխադրել[ու] կամ առաքել[ու]» համար:
16. Օբյեկտով, առարկայով, օբյեկտիվ կողմի հատկանիշներով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ և 268-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերն ըստ էության նույնանում են: Դրանց տարբերությունը միայն հանցակազմի սուբյեկտիվ կողմի, մասնավորապես՝ հանցագործության նպատակի մեջ է: Ի տարբերություն ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածով նախատեսված հանցագործության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածով նախատեսված հանցագործության դեպքում բացակայում է թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի իրացման նպատակը:
17. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի հատկանիշ իրացման նպատակի, ինչպես նաև իրացման վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իր իրավական դիրքորոշումն է արտահայտել Մ.Բոլյանի վերաբերյալ գործով որոշմամբ: Ըստ այդ որոշման` «Իրացման նպատակի տակ պետք է հասկանալ թմրամիջոցի կամ հոգեներգործուն նյութերի տարածման ցանկացած եղանակ, այդ թվում նաև նախնական պատվերով: Իրացման նպատակի մասին կարող է վկայել ինչպես ձեռք բերողի (ստացողի, սպառողի) հետ համապատասխան պայմանավորվածության առկայությունը, այնպես էլ գործի մյուս հանգամանքները. թմրամիջոցներ ձեռք բերելը և պահելը դրանք չգործածող անձի կողմից, զգալի քանակությունը, իրացման համար հարմար փաթեթավորումը և այլն: Ընդ որում, հանցավորից առգրավված թմրամիջոցների մեծ քանակությունն ինքնըստինքյան դրանք իրացնելու անվիճելի ապացույց չէ. դա պետք է գնահատել միայն իրացման նպատակի մասին վկայող այլ տվյալների հետ համակցության մեջ: Ինչ վերաբերում է ապօրինի իրացմանը, ապա այն թմրամիջոցի կամ հոգեներգործուն նյութի ցանկացած եղանակով օտարումն է: Ապօրինի իրացման տակ պետք է հասկանալ թմրամիջոցի կամ հոգեներգործուն նյութի՝ հատուցմամբ կամ անհատույց այլ անձանց հանձնելու, փոխանցելու ցանկացած եղանակ՝ վաճառք, նվիրատվություն, փոխանակում, փոխատվություն, պարտքի մարում, ուրիշի ներարկում և այլն: Իրացման առանձնահատկությունն այն է, որ նշված գործողությունների հետևանքով թմրամիջոցին կամ հոգեներգործուն նյութին տիրանում է մեկ այլ անձ, որն այս դեպքում հանդես է գալիս որպես ձեռք բերող, ստացող կամ գնորդ, սպառող: Ապօրինի իրացումը համարվում է ավարտված, երբ մեկ այլ անձ տիրանում է թմրամիջոցին կամ հոգեմետ նյութին: Մեկ ուրիշ անձին փոխանցելու եղանակը կարող է տարբեր լինել, սակայն դա արարքի որակման համար նշանակություն չունի: Ապօրինի իրացման հանցակազմի համար նշանակություն չունի, թե թմրամիջոցին կամ հոգեներգործուն նյութին տիրացած անձն ինչպես է այն տնօրինելու, դրա հետ վարվելու» (տե´ս Մ.Բոլյանի վերաբերյալ ՎԲ 135/07 գործով 2007թ. օգոստոսի 30-ի Վճռաբեկ դատարանի որոշումը):
18. Զարգացնելով նախորդ կետում վկայակոչված և շարադրված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրացման նպատակը և իրացումը բացակայում են, եթե թմրամիջոցները կամ հոգեմետ նյութերը միջնորդի կողմից ձեռք են բերվել հետևյալ չորս պայմանների միաժամանակյա առկայությամբ.
ա) սպառողի խնդրանքով և դրամական միջոցներով,
բ) սպառողի անձնական գործածմանը համապատասխան քանակով,
գ) առանց դրանց նկատմամբ տնօրինման իրավունքի,
դ) միջնորդի դիտավորությունն ընդգրկում է ոչ թե իրացումը, այլ ձեռքբերմանն աջակցելը:
Ընդ որում, կախված այն հանգամանքից, թե կոնկրետ ո´ր դերակատարի՝ իրացնողի թե ձեռք բերողի շահերից ելնելով է գործում միջնորդը, նրա գործողությունները պետք է որակվեն որպես իրացման կամ ձեռքբերման հանցակցություն:
19. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հաստատված են հետևյալ փաստերը.
ա) Կ.Պետրոսյանն Ա.Ասլանյանին խնդրել է իր անձնական գործածման համար Կ.Շահբազյանից վերցնել «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող մեկ դեղահաբ: Ա.Ասլանյանը խոստացել է կատարել Կ.Պետրոսյանի խնդրանքը (տե´ս սույն որոշման 7-րդ կետը),
բ) Ա.Ասլանյանը թմրամիջոց իրացնող Կ.Շահբազյանին ընդհանրապես չի ճանաչել և վերջինիս հանդիպել ու նշված թմրամիջոցը վերցրել է Կ.Պետրոսյանի խնդրանքով (տե´ս սույն որոշման 8-րդ կետը),
գ) Իրացնող Կ.Շահբազյանից Ա.Ասլանյանը վերցրել է «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող մեկ դեղահաբ, որը համապատասխանում է Կ.Պետրոսյանի անձնական գործածման քանակին,
դ) Վերցրած դեղահաբի նկատմամբ Ա.Ասլանյանը տնօրինման իրավունք չի ունեցել,
ե) Ա.Ասլանյանը դիտավորությունն ընդգրկել է միայն թմրամիջոցի ձեռքբերմանն աջակցելը:
20. Սույն որոշման 18-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշումները կիրառելով 19-րդ կետում շարադրված փաստերի նկատմամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Ասլանյանի արարքներում բացակայում է թմրամիջոցի իրացման նպատակի և իրացման հատկանիշները: Ուստի նրա գործողությունները չեն կարող որակվել որպես իրացնելու նպատակով թմրամիջոցի ապօրինի ձեռքբերում, փոխադրում և ապօրինի իրացում (ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդված):
21. Վճռաբեկ դատարանի առջև սույն գործով բարձրացված և սույն որոշման 14-րդ կետում շարադրված իրավական հարցին լիարժեք պատասխանելու համար Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում զարգացնել իր իրավական դիրքորոշումները հանցակցության և մասնավորապես օժանդակության վերաբերյալ:
22. ՀՀ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն` «Հանցակցություն է համարվում երկու կամ ավելի անձանց դիտավորյալ համատեղ մասնակցությունը դիտավորյալ հանցագործությանը»:
Հանցակցության հատկանիշների մասին Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել Ա.Մաթևոսյանի և Ռ.Հարությունյանի վերաբերյալ գործով որոշման մեջ: Ըստ այդ որոշման`
«Հանցակցությանը բնորոշ են 3 հատկանիշ.
1. հանցագործության կատարումը երկու կամ ավելի անձանց կողմից
2. գործողությունների համատեղությունը
3. հանցակցության դիտավորյալ բնույթը:
Հանցակցության առաջին օբյեկտիվ հատկանիշը՝ հանցագործության կատարումը երկու կամ ավելի անձանց կողմից, արտահայտվում է այն բանում, որ հանցագործությունը պետք է կատարեն հանցագործության սուբյեկտ հանդիսացող երկու կամ մի քանի անձ: Հանցակիցներ կարող են լինել քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքի հասած մեղսունակ ֆիզիկական անձինք: Հանցակցության համար անհրաժեշտ է հանցագործության սուբյեկտի բոլոր հատկանիշներով օժտված ոչ պակաս երկու անձի առկայությունը:
Հանցակցության մյուս օբյեկտիվ հատկանիշը՝ հանցակիցների գործունեության համատեղությունը, նշանակում է, որ հանցագործության մասնակիցներից յուրաքանչյուրի գործողությունները փոխադարձ լրացնում են միմյանց և ուղղված են կոնկրետ հանցանքի կատարմանը: Հանցակիցները, միացնելով իրենց համատեղ ջանքերը, ձգտում են միասնական արդյունքի, և դրա համար յուրաքանչյուրն իր ներդրումն է ունենում ընդհանուր գործում:
Հանցակցության վերջին հատկանիշը գործունեության դիտավորյալ բնույթն է: ՀՀ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածը, որը տալիս է հանցակցության հասկացությունը, կոնկրետ մատնանշում է անձանց դիտավորյալ մասնակցությունը դիտավորյալ հանցագործության կատարմանը: Հանցակցության նման բնորոշումը հստակ ընդգծում է, որ անձինք գործում են միայն դիտավորյալ մեղքով և միայն դիտավորյալ հանցագործություններում» (տե´ս Ա.Մաթևոսյանի և Ռ.Հարությունյանի վերաբերյալ 48/08 գործով 2008թ. հուլիսի 25-ի որոշման 28-րդ կետը):
23. ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի համաձայն՝
«1. Կատարողի հետ մեկտեղ հանցակիցներ են համարվում կազմակերպիչը, դրդիչը և օժանդակողը:
2. Կատարող է համարվում այն անձը, ով անմիջականորեն կատարել է հանցանքը կամ դրա կատարմանն անմիջականորեն մասնակցել է այլ անձանց (համակատարողների) հետ համատեղ, ինչպես նաև հանցանքը կատարել է այլ այնպիսի անձանց օգտագործելու միջոցով, ովքեր օրենքի ուժով ենթակա չեն քրեական պատասխանատվության կամ հանցանքը կատարել են անզգուշությամբ:
(…)
5. Օժանդակող է համարվում այն անձը, ով հանցագործությանն օժանդակել է խորհուրդներով, ցուցումներով, տեղեկատվություն կամ միջոցներ, գործիքներ տրամադրելով կամ խոչընդոտները վերացնելով, ինչպես նաև այն անձը, ով նախապես խոստացել է պարտակել հանցագործին, հանցագործության միջոցները կամ գործիքները, հանցագործության հետքերը կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները, ինչպես նաև այն անձը, ով նախապես խոստացել է ձեռք բերել կամ իրացնել այդպիսի առարկաները»:
24. Եթե հանցակիցներից երկուսը կամ ավելին անմիջականորեն կատարում են հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող գործողությունները կամ դրանց մի մասը, ապա հանցակցությունը դրսևորվում է համակատարման ձևով:
Համակատարում չէ հանցագործությանն այնպիսի մասնակցությունը, երբ հանցակիցներից մեկը տվյալ հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող ոչ մի գործողություն չի կատարել, այլ միայն օժանդակել է հանցագործությանը, այսինքն՝ եղել է օժանդակող ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով:
Այսպիսով, օժանդակողը կատարողից տարբերվում է նրանով, որ նա հանցագործության օբյեկտիվ կողմն անմիջականորեն չի կատարում, այլ կամ հանցագործությունը նախապատրաստելու ընթացքում կամ դրա ավարտման փուլում աջակցություն է ցույց տալիս կատարողին` ստեղծելով հանցագործության ավարտման իրական հնարավորություններ:
25. ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 5-րդ մասում սպառիչ թվարկված են այն եղանակները և միջոցները, որոնցով օժանդակողը, չկատարելով տվյալ հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող որևէ գործողություն, մասնակցում է հանցագործությանը: Օրենքում չնշված այլ եղանակներով օժանդակությունը բացառվում է: Մասնավորապես, օժանդակող է այն անձը, ով հանցագործությանն օժանդակել է.
ա) Միջոցներ կամ գործիքներ տրամադրելով (ֆիզիկական օժանդակություն): Օժանդակության այս տեսակն արտահայտվում է այնպիսի գործողություններով, որոնք ուղղված են հանցագործության միջոցներ և գործիքներ տրամադրելու, խոչընդոտներ վերացնելու միջոցով կատարողի կողմից հանցակազմի օբյեկտիվ կողմի իրականացումը հեշտացնելուն:
բ) Խորհուրդներով, ցուցումներով, տեղեկատվություն տրամադրելով (ինտելեկտուալ օժանդակություն): Այն արտահայտվում է արարքի հոգեբանական կողմին վերաբերող գործողություններով, որոնք ուղղված են կատարողի մոտ հանցագործության կատարման վճռականությունն ամրապնդելուն, առավել արդյունավետ գործողություններ կատարելու ուղիներ գտնելուն և այլն: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ պարտակման, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաների ձեռք բերման կամ իրացման նախապես խոստումը ոչ թե ֆիզիկական, այլ ինտելեկտուալ օժանդակություն է: Այլ կերպ` արարքն օժանդակություն որակելու համար այս դեպքերում չի պահանջվում խոստման ռեալ (իրական) կատարում և նույնիսկ այն կատարելու մտադրություն:
գ) Խոչընդոտները վերացնելով (կարող է լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ ինտելեկտուալ):
26. Սուբյեկտիվ կողմից օժանդակությունը դրսևորվում է ուղղակի դիտավորությամբ. հանցավորը գիտակցում է, որ ինքը մասնակցում է կատարողի կողմից իրականացվող հանցագործությանը և ցանկանում է մասնակցել: Ինչ վերաբերում է հանցագործության վտանգավոր հետևանքների նկատմամբ դրսևորվող մեղքի ձևին, ապա դրանց նկատմամբ կարող է դրսևորվել և´ ուղղակի, և´ անուղղակի դիտավորություն:
27. Սույն որոշման 24-26-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումները կիրառելով 19-րդ կետում շարադրված փաստերի նկատմամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Ասլանյանը, գործելով թմրամիջոց սպառողի՝ Կ.Պետրոսյանի շահերից ելնելով, նրան խոստացել է ձեռք բերել հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկա՝ թմրամիջոց: Այսինքն` առկա է թմրամիջոցի ձեռքբերման հանցակցություն` ինտելեկտուալ օժանդակության ձևով: Ավելին, նա փաստացի ձեռք է բերել այն և փորձել է փոխանցել սպառողին՝ Կ.Պետրոսյանին:
28. Հաշվի առնելով վերը նշված հիմնավորումները` առաջին ատյանի դատարանն Ա.Ասլանյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետից իրավացիորեն վերաորակել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով: Իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել է օրինական ուժի մեջ:
Այս առումով անհիմն է բողոքի այն փաստարկը, թե Առաջին ատյանի դատարանը, Ա.Ասլանյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետից վերաորակելով ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով, ճիշտ չի կիրառել քրեական օրենքը, թույլ է տվել գործի ելքի վրա ազդած նյութական իրավունքի խախտում: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Ասլանյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով ճիշտ է որակվել, ստորադաս դատարանների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում թույլ չի տրվել, ուստի վճռաբեկ բողոքում հիմնավորված չէ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` գործի ելքի վրա ազդած դատական սխալի` նյութական կամ դատավարական իրավունքի խախտման հանգամանքը:
29. Բողոքաբերը փաստարկել է նաև, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտն առերևույթ հակասում է Վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված որոշմանը՝ Մարտիկ Բոլյանի վերաբերյալ ՎԲ-135/07 գործով 2007թ. օգոստոսի 30-ի որոշմանը:
ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումների նախադեպային կիրառելիության վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել Ս.Այվազյանի վերաբերյալ ՎԲ-17/08 գործով 2008թ. մայիսի 23-ի որոշման մեջ:
Այդ դիրքորոշումը հավասարապես կիրառելի է նաև Վճռաբեկ դատարանի որոշումների նախադեպային կիրառելիության հարցում:
Համաձայն նշված որոշման 26-րդ կետի՝ «(…) ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի) հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտը ոչ կիրառելի ճանաչելիս դատարանները չեն կարող բավարարվել կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունների պարզ համադրմամբ: Յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքների համակցությամբ եզակի է, ուստի դատարանը պետք է յուրաքանչյուր դեպքում պարզի, թե կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունները որքանով են էական: Հակառակ պարագայում ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում) ամրագրված իրավանորմը կդառնա անկիրառելի:
Դրա հետ մեկտեղ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի կիրառելության հարցը լուծելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև այն, թե տվյալ դատական ակտի հիմնավորման բովանդակությունը կազմող ինչպիսի դրույթ է ենթակա կիրառման: Եթե այդ դրույթն իր բնույթով առավել ընդհանրական է, ապա կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքների առավել փոքր ընդհանրություն: Եվ ընդհակառակը, եթե դրույթն իր բնույթով առավել կոնկրետ է, ապա կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքերի առավել մեծ ընդհանրություն»:
30. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքում պատշաճորեն փաստարկված չէ, թե որոնք են սույն գործի և Մ.Բոլյանի վերաբերյալ գործի այն էական նմանությունները, որոնք կարող են անհրաժեշտ փաստական հիմք լինել Մ.Բոլյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի որոշման հիմնավորումները սույն գործի փաստերի նկատմամբ կիրառելու համար:
Այդպիսի պատշաճ փաստարկումը պետք է հիմնված լինի Ս.Այվազյանի վերաբերյալ գործով սահմանված և սույն որոշման նախորդ կետում մեջբերված իրավական չափանիշների վրա: Իսկ նման փաստարկման բացակայությունն ինքնին բավարար է վճռաբեկ բողոքի քննարկվող պնդումը չհիմնավորված համարելու համար:
31. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ և 268-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների` թմրամիջոցների ապօրինի իրացման և առանց իրացման նպատակի դրանց ապօրինի շրջանառության հանցակցության ձևերի հետ կապված օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:
Սույն գործով բողոքարկված դատական ակտերը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և ՀՀ դատական օրենսգրքով սահմանված իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Այդ առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նույնանման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
32. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալ Անդրանիկ Սարգսի Ասլանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 10-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ | |
Դատավորներ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆ | |
Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ | ||
Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ | ||
Ա. ՊՈՂՈՍՅԱՆ | ||
Ս. ՕՀԱՆՅԱՆ |