Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Միջպետական ստանդարտացման փաստաթղթերի տարածման մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետ՝ Կողմեր,
իրականացնելով համագործակցություն «Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում համաձայնեցված քաղաքականություն վարելու մասին» 1992 թվականի մարտի 13-ի համաձայնագրի դրույթների կատարման դեպքում,
հաշվի առնելով միջպետական ստանդարտացման կիրառվող փաստաթղթերի և դրանց տարածման միասնական սկզբունքների վերաբերյալ հավաստիության ապահովմանն ուղղված համագործակցության տնտեսական նպատակահարմարությունը,
լինելով շահագրգիռ պետական ստանդարտացման մարմինների գործունեության արդյունավետության մեջ,
ելնելով միջպետական ստանդարտացման հետագա զարգացման, միջպետական ստանդարտացման փաստաթղթերի տարածման և կիրառման ընդլայնմանն ու դրանց պաշտպանության ապահովմանն ուղղված անհրաժեշտությունից,
համաձայնել են ներքոգրյալի վերաբերյալ:
Հոդված 1
Սույն Համաձայնագրի նպատակն է ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման Միջպետական խորհրդի կողմից կիրառվող միջպետական ստանդարտացման փաստաթղթերի տարածման միասնական սկզբունքների ձևավորումը (ՄՊԽ):
Հոդված 2
Սույն Համաձայնագրում բերված տերմիններն ունեն հետևյալ նշանակությունը.
միջպետական ստանդարտացման փաստաթղթեր՝ ՄՊԽ կողմից ընդունվող միջպետական ստանդարտներ, միջպետական ստանդարտացման վերաբերյալ կանոններ և հանձնարարականներ, տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության և դրանց փոփոխությունների միջպետական դասակարգիչներ, ինչպես նաև դրանց թարգմանություններ և նախագծեր,
միջպետական ստանդարտացման փաստաթղթերի տարածում՝ միջպետական ստանդարտների վերարտադրում (ընդօրինակում), պատճենահանում, թարգմանություն՝ դրանց վաճառքի կամ այլ եղանակով տրամադրման նպատակով՝ տպված կամ էլեկտրոնային ձևով, այդ թվում՝ նաև տեղեկատուների, տվյալների բազաների և շտեմարանների, այլ տեղեկատվական ռեսուրսների կազմում, ներառյալ համացանցում զետեղվող տեղեկատվական ռեսուրսները,
ստանդարտացման ազգային մարմին՝ պետական մակարդակով ճանաչված ստանդարտացման մարմին, որն իրավունք ունի ներկայացնելու պետության շահերը ստանդարտացման ոլորտում՝ համապատասխան միջպետական կամ տարածաշրջանային ստանդարտացման կազմակերպությունում:
Հոդված 3
Միջպետական ստանդարտացման փաստաթղթերի տարածման բացառիկ իրավունքը ամրագրված է ստանդարտացման ազգային մարմիններին կամ նրանց կողմից լիազորված կազմակերպություններին (նշանակված մարմիններ), որոնց նշանակման վերաբերյալ ստանդարտացման ազգային մարմինները տեղեկացնում են միմյանց և ՄՊԽ ստանդարտների բյուրոյին:
Սույն Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետությունում կարող է լինել միջպետական ստանդարտացման փաստաթղթերի տարածման համար պատասխանատու միայն մեկ նշանակված մարմին:
Նշանակված ստանդարտացման ազգային մարմինները միմյանց և ՄՊԽ ստանդարտների բյուրոյին տեղեկացնում են միջպետական ստանդարտացման փաստաթղթերի չթույլատրված տարածման փաստերի մասին:
Հոդված 4
Կողմերն ապահովում են պաշտպանությունը միջպետական ստանդարտացման փաստաթղթերի չթույլատրված տարածումից, այդ թվում՝ պատասխանատվություն սահմանելով՝ իրենց պետությունների օրենսդրության համապատասխան:
Հոդված 5
Միջպետական ստանդարտացման փաստաթղթերի տարածման, դրանց չթույլատրված տարածման պաշտպանության սկզբունքները և պայմանները սահմանվում են միջպետական ստանդարտացման փաստաթղթերի տարածման կարգով, որը մշակվում է ՄՊԽ-ում և հաստատվում ԱՊՀ Տնտեսական խորհրդի որոշմամբ:
Հոդված 6
Սույն Համաձայնագրի իրականացման գծով գործունեության համակարգումն իրագործում է ՄՊԽ ստանդարտների բյուրոն՝ սույն Համաձայնագրի մասնակից պետությունների ստանդարտացման պետական մարմինների հետ համագործակցությամբ:
Հոդված 7
Սույն Համաձայնագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել դրա անբաժան մաս հանդիսացող փոփոխություններ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրությամբ:
Հոդված 8
Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման ժամանակ ծագող վիճելի հարցերը կարգավորվում են շահագրգիռ Կողմերի խորհրդակցությունների ու բանակցությունների միջոցով:
Հոդված 9
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը ստորագրած Կողմերի կողմից կատարվելու մասին երրորդ ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից։
Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան ծանուցումներն ավանդապահի ստանալու օրվանից։
Հոդված 10
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո բաց է ցանկացած պետության միանալու համար՝ միանալու վերաբերյալ փաստաթուղթը ավանդապահին փոխանցելու միջոցով:
ԱՊՀ մասնակից պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օրը լրանալուն պես։
ԱՊՀ անդամ չհանդիսացող պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած կամ դրան միացած պետությունների՝ միանալու վերաբերյալ համաձայնության մասին վերջին ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օր հետո։
Հոդված 11
Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով։ Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դուրս գալու սույն համաձայնագրից իր այդպիսի մտադրության մասին ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով ոչ ուշ, քան դուրս գալուց վեց ամիս առաջ, և կարգավորելով Կողմերի պարտավորությունները սույն Համաձայնագրի վերաբերյալ, որոնք ծագել են վերջինիս գործողության ժամանակամիջոցում:
Կատարված է Դուշանբե քաղաքում 2018 թվականի հունիսի 1-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը:
Ադրբեջանի Հանրապետության |
Ռուսաստանի Դաշնության |
Հայաստանի Հանրապետության /ստորագրություն/ |
Տաջիկստանի Հանրապետության |
Բելառուսի Հանրապետության |
Թուրքմենստանի Կառավարության կողմից` |
Ղազախստանի Հանրապետության |
Ուզբեկստանի Հանրապետության |
Ղրղզստանի Հանրապետության |
Ուկրաինայի Կառավարության կողմից` |
Մոլդովայի Հանրապետության |
