ՀԱՎԵԼՎԱԾ I
ԵՎՐՈՊԱՅԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՆԵՐՔԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿՈՄԻՏԵ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԱՆՎԱՎՈՐ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՎՈՐ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ՏԵՂԱԴՐՎՈՂ ԵՎ/ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՄԱՍԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻՕՐԻՆԱԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԱԳՐԵՐԻ* ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ԱՅԴ ԿԱՐԳԱԴՐԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Վերանայում 2
(Ներառյալ 1995 թվականի հոկտեմբերի 16-ին ուժի մեջ մտած փոփոխությունները)
________________________
(*) Համաձայնագրի նախկին վերնագիրը`
Համաձայնագիր շարժիչային փոխադրամիջոցների սարքավորումների ու մասերի հաստատման միօրինակ պայմանների ընդունման և հաստատումների փոխադարձ ճանաչման մասին` կատարված 1958 թվականի մարտի 20-ին, Ժնևում:
Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Անվավոր փոխադրամիջոցների ԵՎ անվավոր փոխադրամիջոցների վրա տեղադրվող ԵՎ/կամ օգտագործվող սարքավորումների ու մասերի համար միօրինակ տեխնիկական կարգադրագրերի ընդունման մասին ԵՎ այդ կարգադրագրերի հիման վրա տրվող հաստատումների փոխադարձաբար ճանաչման պայմանների մասին
ՆԱԽԱԲԱՆ
ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԵՐԸ,
ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՎ փոփոխություններ կատարել 1958 թվականի մարտի 20-ին Ժնևում կնքված` Շարժիչային փոխադրամիջոցների սարքավորումների ու մասերի հաստատման միօրինակ պայմանների ընդունման և հաստատումների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրում և
ՑԱՆԿԱՆԱԼՈՎ սահմանել միօրինակ տեխնիկական կարգադրագրեր, որոնք բավարար կլինեն, որպեսզի դրանց համապատասխանող անվավոր փոխադրամիջոցները, սարքավորումներն ու մասերը օգտագործվեն իրենց երկրներում,
ՑԱՆԿԱՆԱԼՈՎ հնարավորության դեպքում ընդունել այդ կարգադրագրերն իրենց երկրներում և
ՑԱՆԿԱՆԱԼՈՎ դյուրացնել մեկ այլ Պայմանավորվող կողմի իրավասու մարմինների կողմից այդ կարգադրագրերով հաստատված փոխադրամիջոցների, սարքավորումների ու մասերի օգտագործումն իրենց երկրներում,
ՀԱՄԱՁԱՅՆԵՑԻՆ հետևյալի մասին.
Հոդված 1
1. Պայմանավորվող կողմերը 1-ին լրացման մեջ սահմանված ընթացակարգային կանոններին համապատասխան և ստորև բերված հոդվածների ու պարբերությունների հիման վրա Պայմանավորվող բոլոր կողմերի ներկայացուցիչներից կազմված Վարչական կոմիտեի միջոցով սահմանում են Կանոնակարգեր անվավոր փոխադրամիջոցների և այն սարքավորումների ու մասերի համար, որոնք կարող են տեղադրվել և/կամ օգտագործվել անվավոր փոխադրամիջոցների վրա: Անհրաժեշտության դեպքում տեխնիկական պահանջները կներառեն այլընտրանքային տարբերակներ և հնարավորության դեպքում հիմնված կլինեն շահագործման բնութագրիչների վրա և կներառեն փորձարկումների մեթոդները: Կներառվեն տեսակի հաստատման վկայականների տրամադրման պայմանները և դրանց փոխադարձաբար ճանաչումը այն Պայմանավորվող կողմերի օգտագործման համար, որոնք նախընտրում են կիրառել Կանոնակարգերը տեսակի հաստատման միջոցով:
Սույն Համաձայնագրի նպատակների համար`
- Գանվավոր փոխադրամիջոցներ, սարքավորումներ ու մասերգ հասկացությունը ներառում է ցանկացած անվավոր փոխադրամիջոց, սարքավորում ու մաս, որոնց առանձնահատկություններն ազդեցություն ունեն ճանապարհային երթևեկության անվտանգության, շրջակա միջավայրի պահպանության և էներգիայի տնտեսման վրա,
- ԳԿանոնակարգի համաձայն տեսակի հաստատումգ հասկացությունը նշանակում է` վարչական ընթացակարգ, որի միջոցով Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները պահանջվող ստուգումներն իրականացնելուց հետո հայտարարում են, որ արտադրողի կողմից ներկայացված փոխադրամիջոցը, սարքավորումը կամ մասերը համապատասխանում են տվյալ Կանոնակարգի պահանջներին: Այնուհետև արտադրողը հաստատում է, որ շուկա հանված արտադրված յուրաքանչյուր փոխադրամիջոց, սարքավորում ու մաս նույնական է հաստատված արտադրանքին:
Կանոնակարգերի կիրառման համար կարող են առկա լինել տեսակի հաստատումից տարբեր այլընտրանքային վարչական այլ ընթացակարգեր: Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի որոշ անդամ պետություններում ընդհանուր առմամբ հայտնի և կիրառվող միակ այլընտրանքային ընթացակարգ է ինքնասերտիֆիկացումը, որի միջոցով արտադրողը, առանց նախնական վարչական ստուգման, հաստատում է, որ շուկայում հայտնված ցանկացած ապրանք համապատասխանում է տվյալ Կանոնակարգին: Իրավասում վարչական մարմինները շուկայում պատահական նմուշառման միջոցով կարող են ստուգել, թե արդյոք ինքնասերտիֆիկացված ապրանքները համապատասխանում են տվյալ Կանոնակարգի պահանջներին:
2. Վարչական կոմիտեն պետք է կազմված լինի բոլոր Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչներից` 1-ին լրացման մեջ սահմանված ընթացակարգային կանոններին համապատասխան: 1-ին լրացման մեջ սահմանված ընթացակարգային կանոններին համապատասխան հաստատված Կանոնակարգը Վարչական կոմիտեի կողմից փոխանցվում է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, այսուհետև՝ Գլխավոր քարտուղար: Գլխավոր քարտուղարը հնարավորինս կարճ ժամկետում այդ Կանոնակարգի մասին ծանուցում է ուղարկում Պայմանավորվող կողմերին:
Կանոնակարգը համարվում է ընդունված, եթե Գլխավոր քարտուղարի ծանուցման օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, Պայմանավորվող կողմերի ավելի քան մեկ երրորդը Գլխավոր քարտուղարին չի տեղեկացնում Կանոնակարգին իր անհամաձայնության մասին:
Կանոնակարգն ընդգրկում է հետևյալը.
ա) համապատասխան անվավոր փոխադրամիջոցներ, սարքավորումներ ու մասեր,
բ) տեխնիկական պահանջներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են ներառել այլընտրանքային տարբերակներ,
գ) փորձարկման մեթոդներ, որոնցով պետք է ցուցադրվի շահագործման պահանջներին համապատասխանությունը,
դ) տեսակի հաստատումների տրամադրման պայմանները և դրանց փոխադարձաբար ճանաչումը` ներառյալ հաստատման նշանները և արտադրանքի համապատասխանության ապահովման պայմանները,
ե) այդ Կանոնակարգի ուժի մեջ մտնելու ամսաթիվը (ամսաթվերը):
Անհրաժեշտության դեպքում Կանոնակարգը կարող է ներառել հղումներ իրավասու մարմինների կողմից լիազորված այն լաբորատորիաներին, որտեղ իրականացվում են հաստատման համար ներկայացված անվավոր փոխադրամիջոցների, սարքավորումների ու մասերի տեսակների ընդունման փորձարկումները:
3. Կանոնակարգի ընդունումից հետո Գլխավոր քարտուղարը հնարավորինս կարճ ժամկետում այդ մասին ծանուցում է բոլոր Պայմանավորվող կողմերին` նշելով, թե ո՛ր Պայմանավորվող կողմերն են առարկություն ներկայացրել, և ո՛ր Պայմանավորվող կողմերի նկատմամբ Կանոնակարգն ուժի մեջ չի մտնում:
4. Ընդունված Կանոնակարգն ուժի մեջ է մտնում իր մեջ սահմանված ամսաթվին (ամսաթվերին)` որպես սույն Համաձայնագրին կից Կանոնակարգ, բոլոր այն Պայմանավորվող կողմերի համար, որոնք չեն ծանուցել իրենց անհամաձայնության մասին:
5. Միանալու մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելիս ցանկացած նոր Պայմանավորվող կողմ կարող է հայտարարել, որ սույն Համաձայնագրին կից որոշ Կանոնակարգեր իր համար պարտադիր չեն, կամ դրանցից ոչ մեկն իր համար պարտադիր չէ: Եթե այդ ժամանակ սույն հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ պարբերություններում սահմանված ընթացակարգն արդեն ընթացքի մեջ է Կանոնակարգի նախագծի կամ ընդունված Կանոնակարգի համար, ապա Գլխավոր քարտուղարը այդ նախագիծը կամ ընդունված Կանոնակարգը փոխանցում է նոր Պայմանավորվող կողմին, և այն, որպես նոր Պայմանավորվող կողմի համար Կանոնակարգ, ուժի մեջ է մտնում միայն սույն հոդվածի 4-րդ պարբերության մեջ նշված պայմաններով: Գլխավոր քարտուղարը բոլոր Պայմանավորվող կողմերին ծանուցում է ուժի մեջ մտնելու այդ ամսաթվի մասին: Գլխավոր քարտուղարը նրանց նաև տեղեկացնում է որոշ Կանոնակարգերի չկիրառման վերաբերյալ բոլոր այն հայտարարությունների մասին, որոնք ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է կատարել` սույն պարբերության դրույթների համաձայն:
6. Կանոնակարգը կիրառող ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ ծանուցել Գլխավոր քարտուղարին, որ իր կառավարությունը մտադիր է դադարեցնելու դրա կիրառումը` կիրառման դադարեցումից մեկ տարի առաջ: Այդ ծանուցումը Գլխավոր քարտուղարի կողմից փոխանցվում է մյուս Պայմանավորվող կողմերին:
Տրամադրված հաստատումները մնում են վավեր մինչև դրանց հետ վերցնելը:
Եթե Պայմանավորվող կողմը դադարում է Կանոնակարգի համաձայն հաստատումներ տրամադրել, ապա պետք է.
- պահպանի արտադրման համապատասխանության պատշաճ հսկողություն այն ապրանքների առնչությամբ, որոնց համար նախկինում տեսակի հաստատում էր իրականացնում,
- ձեռնարկի 4-րդ հոդվածում սահմանված քայլերը, երբ Կանոնակարգը կիրառող որևէ Պայմանավորվող կողմ տեղեկացնում է անհամապատասխանության մասին,
- շարունակի ծանուցել մյուս Պայմանավորվող կողմերի իրավասու մարմիններին հաստատումները հետ վերցնելու մասին, ինչպես սահմանված է 5-րդ հոդվածում,
- շարունակի երկարացնել գործող հաստատումների ժամկետը:
7. Կանոնակարգը չկիրառող ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է Գլխավոր քարտուղարին ցանկացած ժամանակ ծանուցել, որ մտադիր է դրանից հետո կիրառել այն, իսկ Կանոնակարգն այդ Պայմանավորվող կողմի համար ուժի մեջ է մտնում այդ ծանուցումից հետո 60-րդ օրը: Գլխավոր քարտուղարը ծանուցում է բոլոր Պայմանավորվող կողմերին սույն պարբերության դրույթների համաձայն յուրաքանչյուր նոր Պայմանավորվող կողմի համար Կանոնակարգի ուժի մեջ մտնելու մասին:
8. Այն Պայմանավորվող կողմերը, որոնց համար Կանոնակարգն ուժի մեջ է, այսուհետև անվանվում են «Կանոնակարգը կիրառող Պայմանավորվող կողմեր»:
Հոդված 2
Հիմնականում տեսակի հաստատման միջոցով Կանոնակարգերը կիրառող յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ տրամադրում է Կանոնակարգում նկարագրված տեսակի հաստատումները և հաստատման նշանները այն անվավոր փոխադրամիջոցների, սարքավորումների ու մասերի համար, որոնց վրա տարածվում է տվյալ Կանոնակարգը` պայմանով, որ Կողմն ունի տեխնիկական որակավորում, և նրան բավարարում են հաստատված տեսակի հետ ապրանքի համապատասխանության ապահովման կարգավորումները, ինչպես սահմանված է 2-րդ լրացման մեջ: Տեսակի հաստատման միջոցով Կանոնակարգը կիրառող յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մերժում է տրամադրել Կանոնակարգում ընդգրկված տեսակի հաստատումները և հաստատման նշանները, եթե վերոնշյալ պայմանները չեն բավարարվել:
Հոդված 3
Այն անվավոր փոխադրամիջոցները, սարքավորումներն ու մասերը, որոնց համար որևէ Պայմանավորվող կողմ տրամադրել է տեսակի հաստատումներ` սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածին համապատասխան, և որոնք արտադրվել են կա՜մ այն Պայմանավորվող կողմի տարածքում, որը կիրառում է տվյալ Կանոնակարգը, կա՜մ որևէ այլ երկրում, որը նշվում է տվյալ անվավոր փոխադրամիջոցների, սարքավորումների ու մասերի տեսակները պատշաճ կերպով հաստատած Պայմանավորվող կողմի կողմից, համարվում են բոլոր այն Պայմանավորվող կողմերի օրենսդրությանը համապատասխանող, որոնք կիրառում են տվյալ Կանոնակարգը տեսակի հաստատման միջոցով:
Հոդված 4
Եթե Կանոնակարգը տեսակի հաստատման միջոցով կիրառող որևէ Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները հայտնաբերում են, որ որոշ անվավոր փոխադրամիջոցներ, սարքավորումներ կամ մասեր, որոնք կրում են հաստատման նշաններ, և որոնք տվյալ Կանոնակարգի ներքո տրամադրվել են Պայմանավորվող կողմերից որևէ մեկի կողմից, չեն համապատասխանում հաստատված տեսակներին, ապա նրանք տեղեկացնում են այդ մասին հաստատումը տրամադրած Պայմանավորվող կողմի իրավասու մարմիններին: Այդ Պայմանավորվող կողմը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում` այդ արտադրողների ապրանքները հաստատված տեսակներին համապատասխանեցնելու նպատակով, և տեղեկացնում է տեսակի հաստատման միջոցով Կանոնակարգը կիրառող մյուս Պայմանավորվող կողմերին իր ձեռնարկած քայլերի մասին, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են ներառել հաստատման հետ վերցնելը: Եթե առկա է ճանապարհային երթևեկության անվտանգությանը կամ շրջակա միջավայրին սպառնացող վտանգ, հաստատումը տրամադրած Պայմանավորվող կողմը հաստատված տեսակին (տեսակներին) անհամապատասխանության մասին տեղեկություն ստանալուց հետո տեղեկացնում է մյուս բոլոր Պայմանավորվող կողմերին իրավիճակի մասին: Պայմանավորվող կողմերը կարող են արգելել այդպիսի անվավոր փոխադրամիջոցների, սարքավորումների ու մասերի վաճառքն ու օգտագործումը իրենց տարածքում:
Հոդված 5
Տեսակի հաստատման միջոցով Կանոնակարգերը կիրառող յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի իրավասու մարմիններն ամեն ամիս մյուս Պայմանավորվող կողմերի իրավասու մարմիններին ուղարկում են այն անվավոր փոխադրամիջոցների, սարքավորումների կամ մասերի ցանկը, որոնց հաստատումը մերժվել է, կամ որոնց հաստատումը հետ է վերցվել այդ ամսվա ընթացքում: Բացի այդ` տեսակի հաստատման միջոցով Կանոնակարգը կիրառող այլ Պայմանավորվող կողմի իրավասու մարմնից դիմում ստանալուց հետո Պայմանավորվող կողմն անմիջապես տվյալ իրավասու մարմնին ուղարկում է համապատասխան այն բոլոր տեղեկությունների պատճենները, որոնց հիման վրա որոշում է կայացրել տրամադրել, մերժել է տրամադրել կամ հետ է վերցրել անվավոր փոխադրամիջոցի, սարքավորումների կամ մասերի հաստատումը այդ Կանոնակարգի ներքո:
Հոդված 6
1. Սույն Համաձայնագրի Պայմանավորվող կողմեր կարող են դառնալ Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի անդամ երկրները, Հանձնաժողովի իրավասությունների շրջանակի 8-րդ պարբերության համապատասխան` խորհրդատվական կարգավիճակով Հանձնաժողովում ներգրավված երկրները և Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի անդամ երկրների կողմից ստեղծված տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպությունները, որոնց անդամ պետությունները փոխանցել են սույն Համաձայնագրի ներքո գտնվող ոլորտների նկատմամբ իրավասությունները, ներառյալ անդամ պետությունների համար պարտադիր ուժ ունեցող որոշումներ ընդունելու իրավասությունը:
1-ին հոդվածի 2-րդ պարբերության և 12-րդ հոդվածի 2-րդ պարբերության մեջ նշված քվեների քանակը որոշելու նպատակով տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպությունները քվեարկում են Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի անդամ հանդիսացող իրենց անդամ պետությունների թվին հավասար քվեներով:
2. Սույն Համաձայնագրի Պայմանավորվող կողմեր կարող են դառնալ Միավորված ազգերի կազմակերպության անդամ երկրները, որոնք, Հանձնաժողովի իրավասությունների շրջանակի 11-րդ պարբերությանը համապատասխան, կարող են մասնակցել Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի որոշակի աշխատանքներին, և այդ երկրների տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպությունները, որոնց անդամ պետությունները փոխանցել են սույն Համաձայնագրի ներքո գտնվող ոլորտների նկատմամբ իրավասությունները` ներառյալ անդամ պետությունների համար պարտադիր ուժ ունեցող որոշումներ ընդունելու իրավասությունը:
1-ին հոդվածի 2-րդ պարբերության և 12-րդ հոդվածի 2-րդ պարբերության մեջ նշված քվեների քանակը որոշելու նպատակով տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպությունները քվեարկում են Միավորված ազգերի կազմակերպության անդամ հանդիսացող իրենց անդամ պետությունների թվին հավասար քվեներով:
3. Փոփոխված Համաձայնագրին նոր Պայմանավորվող կողմերի միանալը, որոնք 1958 թվականի Համաձայնագրի Կողմեր չեն, կատարվում է Գլխավոր քարտուղարին համապատասխան փաստաթուղթ ի պահ հանձնելով, փոփոխված Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո:
Հոդված 7
1. Փոփոխված Համաձայնագիրը համարվում է ուժի մեջ մտած Գլխավոր քարտուղարի կողմից 1958 թվականի Համաձայնագրի բոլոր Պայմանավորվող կողմերին այն փոխանցելու օրվանից ինը ամիս հետո:
2. Փոփոխված Համաձայնագիրը չի համարվում ուժի մեջ մտած, եթե Գլխավոր քարտուղարի կողմից այն փոխանցվելու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, 1958 թվականի Համաձայնագրի Պայմանավորվող կողմերը առարկություն են հայտնել:
3. Սույն փոփոխված Համաձայնագրին միացող ցանկացած նոր Պայմանավորվող կողմի համար սույն փոփոխված Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից հետո 60-րդ օրը:
Հոդված 8
1. Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է չեղյալ հայտարարել սույն Համաձայնագիրը` Գլխավոր քարտուղարին ծանուցելով:
2. Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում այդ ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից 12 ամիս հետո:
Հոդված 9
1. Սույն Համաձայնագրի 6-րդ hոդվածում սահմանված որևէ նոր Պայմանավորվող կողմ կարող է միանալու ժամանակ կամ դրանից հետո` ցանկացած ժամանակ, Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով հայտարարել, որ սույն Համաձայնագրի գործողությունը տարածվում է բոլոր այն տարածքների կամ դրանցից որևէ մեկի վրա, որոնց արտաքին հարաբերությունների համար ինքը պատասխանատու է: Համաձայնագիրը տարածվում է ծանուցման մեջ նշված տարածքի կամ տարածքների վրա ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալուց հետո 60-րդ օրը:
2. Սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածում սահմանված որևէ նոր Պայմանավորվող կողմ, որը հայտարարություն է արել` սույն հոդված 1-ին պարբերության համաձայն տարածելով սույն Համաձայնագրի գործողությունն այն տարածքի վրա, որի արտաքին հարաբերությունների համար այդ Պայմանավորվող կողմը պատասխանատու է, կարող է առանձին այդ տարածքի նկատմամբ չեղյալ հայտարարել Համաձայնագիրը` 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:
Հոդված 10
1. Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ ցանկացած վեճ երկու կամ ավելի Պայմանավորվող կողմերի միջև պետք է կարգավորվի նրանց միջև` բանակցությունների միջոցով, որքանով դա հնարավոր է:
2. Ցանկացած վեճ, որը չի կարգավորվում բանակցությունների միջոցով, ներկայացվում է արբիտրաժի, եթե վեճի մասնակից Պայմանավորվող կողմերից որևէ մեկը նման դիմում է ներկայացնում, և փոխանցվում է վեճի մասնակից Կողմերի համաձայնությամբ ընտրված մեկ կամ մի քանի արբիտրների: Եթե արբիտրաժի համար դիմումի ամսաթվից հետո` երեք ամսվա ընթացքում, վեճի մասնակից Կողմերը չեն կարողանում համաձայնության գալ արբիտրի կամ արբիտրների ընտրության հարցում, ապա այդ Կողմերից ցանկացածը կարող է դիմել Գլխավոր քարտուղարին` նշանակելու համար մեկ արբիտր, որի որոշմանն էլ ներկայացվում է վեճը:
3. Սույն հոդվածի 2-րդ պարբերության համաձայն նշանակված արբիտրի կամ արբիտրների որոշումը պարտադիր է վեճի մասնակից Պայմանավորվող կողմերի համար:
Հոդված 11
1. Յուրաքանչյուր նոր Պայմանավորվող կողմ կարող է սույն Համաձայնագրին միանալու ժամանակ հայտարարել, որ Համաձայնագրի 10-րդ հոդվածը չի համարում իր համար պարտադիր: Մյուս Պայմանավորվող կողմերի համար 10-րդ հոդվածը պարտադիր չէ այն նոր Պայմանավորվող կողմի նկատմամբ, որը նման վերապահում է արել:
2. Սույն հոդված 1-ին պարբերության համաձայն վերապահում արած ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ հետ վերցնել վերապահումը` Գլխավոր քարտուղարին ծանուցելով:
3. Սույն Համաձայնագրին կամ դրան կցված Կանոնակարգերի նկատմամբ այլ վերապահումներ չեն թույլատրվում: Սակայն ցանկացած Պայմանավորվող կողմ, 1-ին հոդվածի դրույթներին համապատասխան, կարող է հայտարարել, որ մտադիր չէ կիրառելու որոշ Կանոնակարգեր կամ մտադիր չէ կիրառելու դրանցից ոչ մեկը:
Հոդված 12
Սույն Համաձայնագրին կցված Կանոնակարգերը կարող են փոփոխվել հետևյալ ընթացակարգով.
1. Կանոնակարգերի փոփոխությունները կատարվում են Վարչական կոմիտեի կողմից, ինչպես նկարագրված է 1-ին հոդվածի 2-րդ պարբերության մեջ, և 1-ին լրացման մեջ նշված ընթացակարգին համապատասխան: Անհրաժեշտության դեպքում փոփոխությունը կարող է ներառել առկա պահանջները` որպես այլընտրանքային տարբերակ: Պայմանավորվող կողմերը նշում են, թե Կանոնակարգերի շրջանակում ո՛ր այլընտրանքային տարբերակներն են կիրառելու: Կանոնակարգի շրջանակում այլընտրանքային տարբերակ (տարբերակներ) կիրառող Պայմանավորվող կողմերը պարտավորված չեն ընդունելու նույն Կանոնակարգի շրջանակում նախորդ այլընտրանքային տարբերակի (տարբերակների) հաստատումը: Միայն ամենավերջին փոփոխությունները կիրառող Պայմանավորվող կողմերը պարտավորված չեն ընդունելու նախորդ փոփոխությունների կամ չփոփոխված Կանոնակարգերի հաստատումները: Ավելի վաղ կատարված մի շարք փոփոխություններ կամ չփոփոխված Կանոնակարգ կիրառող Պայմանավորվող կողմերը ընդունում են ավելի ուշ կատարված փոփոխությունների հաստատումները: Կանոնակարգի փոփոխությունը կատարվելուց հետո Վարչական կոմիտեի կողմից փոխանցվում է Գլխավոր քարտուղարին: Դրանից հետո` հնարավորինս կարճ ժամկետում, Գլխավոր քարտուղարը ծանուցում է այդ փոփոխության մասին Կանոնակարգը կիրառող Պայմանավորվող կողմերին:
2. Կանոնակարգի փոփոխությունը համարվում է ընդունված, եթե Գլխավոր քարտուղարի ծանուցելուց հետո` վեց ամսվա ընթացքում, ծանուցման օրվա դրությամբ Կանոնակարգը կիրառող Պայմանավորվող կողմերի ավելի քան մեկ երրորդը չի տեղեկացնում Գլխավոր քարտուղարին փոփոխությանը իր անհամաձայնության մասին: Եթե այդ ժամանակահատվածի լրանալուց հետո Գլխավոր քարտուղարը չի ստանում Կանոնակարգը կիրառող Պայմանավորվող կողմերի ավելի քան մեկ երրորդի անհամաձայնության մասին հայտարարությունները, ապա Գլխավոր քարտուղարը հնարավորինս կարճ ժամկետում փոփոխությունը հայտարարում է ընդունված և պարտադիր Կանոնակարգը կիրառող այն Պայմանավորվող կողմերի համար, որոնք չեն հայտարարել դրա նկատմամբ իրենց առարկության մասին: Եթե Կանոնակարգը փոփոխվում է, իսկ չփոփոխված Կանոնակարգը կիրառող Պայմանավորվող կողմերի առնվազն մեկ հինգերորդը հաջորդիվ հայտարարում է, որ ցանկանում է շարունակել կիրառել չփոփոխված Կանոնակարգը, ապա չփոփոխված Կանոնակարգը համարվում է փոփոխված Կանոնակարգի այլընտրանք և պաշտոնապես, որպես այդպիսին, ներառվում է Կանոնակարգում` ուժի մեջ մտնելով փոփոխության ընդունման կամ ուժի մեջ մտնելու օրվանից: Այս դեպքում Կանոնակարգը կիրառող Պայմանավորվող կողմերի պարտավորությունները նույնն են, ինչ սահմանված է 1-ին պարբերության մեջ:
3. Եթե որևէ նոր Պայմանավորվող կողմ միանում է սույն Համաձայնագրին Գլխավոր քարտուղարի կողմից Կանոնակարգում փոփոխության մասին ծանուցվելու և դրա ուժի մեջ մտնելու միջև ընկած ժամանակահատվածում, ապա տվյալ Կանոնակարգը ուժի մեջ չի մտնում այդ Պայմանավորվող կողմի համար մինչև նրա` այդ փոփոխությունը պաշտոնապես ընդունելուց երկու ամիս հետո կամ Գլխավոր քարտուղարի կողմից առաջարկվող փոփոխության մասին այդ Կողմին ծանուցվելուց հետո վեցամսյա ժամանակահատվածի լրանալուց երկու ամիս հետո:
Հոդված 13
Համաձայնագրի և դրա լրացումների տեքստերը կարող են փոփոխվել հետևյալ ընթացակարգով.
1. Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է առաջարկել սույն Համաձայնագրի և դրա լրացումների մեկ կամ մի քանի փոփոխություն: Համաձայնագրի և դրա լրացումների առաջարկվող փոփոխությունների տեքստը փոխանցվում է Գլխավոր քարտուղարին, որը փոխանցում է այն բոլոր Պայմանավորվող կողմերին և տեղեկացնում է սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված բոլոր մյուս երկրներին:
2. Սույն հոդվածի 1-ին պարբերության համաձայն շրջանառված ցանկացած առաջարկվող փոփոխություն համարվում է ընդունված, եթե Գլխավոր քարտուղարի կողմից առաջարկվող փոփոխության շրջանառման օրվանից հետո` վեց ամիս ժամանակահատվածում, Պայմանավորվող կողմերից ոչ մեկը առարկություն չի ներկայացնում:
3. Գլխավոր քարտուղարը հնարավորինս կարճ ժամկետում ծանուցում է բոլոր Պայմանավորվող կողմերին առաջարկվող փոփոխության վերաբերյալ առարկություն ներկայացնելու մասին: Եթե առաջարկվող փոփոխության վերաբերյալ առարկություն է ներկայացվել, ապա փոփոխությունը համարվում է չընդունված և չունի ոչ մի ուժ: Եթե նման առարկություն չի ներկայացվել, ապա փոփոխությունը բոլոր Պայմանավորվող կողմերի համար ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 2-րդ պարբերության մեջ նշված վեց ամիս ժամկետը լրանալուց երեք ամիս հետո:
Հոդված 14
Ի լրումն սույն Համաձայնագրի 1-ին, 12-րդ և 13-րդ հոդվածներում նախատեսված ծանուցումների` Գլխավոր քարտուղարը Պայմանավորվող կողմերին ծանուցում է.
ա) 6-րդ հոդվածի համաձայն միանալու մասին,
բ) 7-րդ հոդվածի համաձայն սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթվերի մասին,
գ) 8-րդ հոդվածի համաձայն չեղյալ հայտարարելու մասին,
դ) 9-րդ հոդվածի համաձայն ստացված ծանուցումների մասին,
ե) 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն ստացված հայտարարությունների և ծանուցումների մասին,
զ) 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն ցանկացած փոփոխության ուժի մեջ մտնելու մասին,
է) 13-րդ հոդվածի 3-րդ պարբերության համաձայն ցանկացած փոփոխության ուժի մեջ մտնելու մասին:
Հոդված 15
1. Եթե վերոնշյալ դրույթների ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ չփոփոխված Համաձայնագրի 1-ին հոդվածի 3-րդ և 4-րդ պարբերության մեջ նախատեսված ընթացակարգերն ընթացքի մեջ են` նոր Կանոնակարգ ընդունելու համար, ապա տվյալ Կանոնակարգն ուժի մեջ է մտնում տվյալ հոդվածի 5-րդ պարբերության դրույթների համաձայն:
2. Եթե վերոնշյալ դրույթների ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ չփոփոխված Համաձայնագրի 12-րդ հոդվածի 1-ին պարբերության մեջ նախատեսված ընթացակարգերն ընթացքի մեջ են` Կանոնակարգի փոփոխություն ընդունելու համար, ապա այդ փոփոխությունն ուժի մեջ է մտնում տվյալ հոդվածի դրույթների համաձայն:
3. Եթե Համաձայնագրի բոլոր Պայմանավորվող կողմերը համաձայն են, ապա չփոփոխված Համաձայնագրի դրույթների ներքո ընդունված ցանկացած Կանոնակարգ կարող է դիտարկվել որպես վերոնշյալ դրույթների ներքո ընդունված Կանոնակարգ:
Լրացում 1
ՎԱՐՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Հոդված 1
Վարչական կոմիտեի կազմում ընդգրկվում են փոփոխված Համաձայնագրի բոլոր Պայմանավորվող կողմերը:
Հոդված 2
Միավորված ազգերի կազմակերպության` Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի Գործադիր քարտուղարը քարտուղարության ծառայություններ է մատուցում Կոմիտեին:
Հոդված 3
Յուրաքանչյուր տարի իր առաջին նիստում Կոմիտեն ընտրում է նախագահ և փոխնախագահ:
Հոդված 4
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը Կոմիտեի նիստ է հրավիրում Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի հովանու ներքո, եթե անհրաժեշտ է ընդունել նոր Կանոնակարգ կամ Կանոնակարգի փոփոխություն:
Հոդված 5
Առաջարկվող նոր Կանոնակարգերը դրվում են քվեարկության: Համաձայնագրի Պայմանավորվող կողմ յուրաքանչյուր երկիր ունի մեկ քվե: Որոշումների ընդունման համար անհրաժեշտ է քվորում` Պայմանավորվող կողմերի թվի կեսից ոչ պակաս: Քվորումի որոշման համար Համաձայնագրի Պայմանավորվող կողմեր հանդիսացող տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպությունները քվեարկում են իրենց անդամ պետությունների թվին հավասար քվեներով: Տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպությունների ներկայացուցիչը կարող է ներկայացնել կազմակերպության կազմի մեջ մտնող ինքնիշխան պետությունների քվեները: Նոր Կանոնակարգերի նախագծերն ընդունվում են ներկա գտնվող և քվեարկող անդամների երկու երրորդի քվեներով:
Հոդված 6
Կանոնակարգերում առաջարկվող փոփոխությունները դրվում են քվեարկության: Համաձայնագրի Պայմանավորվող կողմ հանդիսացող, տվյալ Կանոնակարգը կիրառող յուրաքանչյուր երկիր ունի մեկ քվե: Որոշումների ընդունման համար անհրաժեշտ է քվորում` Կանոնակարգը կիրառող Պայմանավորվող կողմերի թվի կեսից ոչ պակաս: Քվորումի որոշման համար Համաձայնագրի Պայմանավորվող կողմեր հանդիսացող Տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպությունները քվեարկում են իրենց անդամ պետությունների թվին հավասար քվեներով: Տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպությունների ներկայացուցիչը կարող է ներկայացնել կազմակերպության կազմի մեջ մտնող այն ինքնիշխան պետությունների քվեները, որոնք կիրառում են Կանոնակարգը: Կանոնակարգերի փոփոխությունների նախագծերն ընդունվում են ներկա գտնվող և քվեարկող անդամների երկու երրորդի քվեներով:
Լրացում 2
ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
1. ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ
1.1 Պայմանավորվող կողմի` հաստատում տրամադրող մարմինը նախքան տեսակի հաստատման տրամադրումը պետք է ստուգի արդյունավետ հսկողություն ապահովելու համար բավարար կարգավորումների կամ ընթացակարգերի առկայությունը, որպեսզի արտադրվող փոխադրամիջոցները, սարքավորումները կամ մասերը համապատասխանեն հաստատված տեսակին:
1.2 1.1-ին պարբերության պահանջը պետք է ստուգվի տեսակի հաստատում տրամադրող մարմնի կողմից, բայց կարող է նաև ստուգվել տեսակի հաստատում տրամադրող մարմնի անունից և նրա դիմումի հիման վրա` մեկ այլ Պայմանավորվող կողմի` հաստատում տրամադրող մարմնի կողմից: Այդ դեպքում վերջինը նշված` հաստատում տրամադրող մարմինը պատրաստում է համապատասխանության մասին հայտարարություն` նշելով այն ոլորտները և արտադրական հարմարությունները, որոնք ստուգվել են տեսակի հաստատման ենթակա ապրանքի (ապրանքների) առնչությամբ:
1.3 Հաստատում տրամադրող մարմինը պետք է ընդունի նաև արտադրողի գրանցումը ԻՍՕ 9002 ներդաշնակեցված ստանդարտի համակարգում (որի գործողության շրջանակում ընդգրկված է հաստատման ենթակա ապրանքը (ապրանքները) կամ հավաստագրման նմանատիպ որևէ այլ ստանդարտ, որը բավարարում է 1.1-ին պարբերության պահանջները: Արտադրողը պետք է ներկայացնի գրանցման մանրամասները և հաստատում տրամադրող մարմնի անունից և նրա դիմումի հիման վրա տեղեկացնի հաստատում տրամադրող մարմնին դրա վավերության կամ գործողության շրջանակի ցանկացած վերանայման մասին:
1.4 Մեկ այլ Պայմանավորվող կողմի մարմնից դիմում ստանալով` հաստատման մարմինը անմիջապես ուղարկում է 1.2-րդ պարբերության վերջին նախադասության մեջ նշված համապատասխանության հայտարարությունը կամ տեղեկացնում է, որ չի կարող տրամադրել նման հայտարարություն:
2. ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
2.1 Սույն Համաձայնագրին կցված Կանոնակարգի հիման վրա հաստատված ցանկացած փոխադրամիջոց, սարքավորում կամ մաս պետք է լինի այնպես արտադրված, որ համապատասխանի հաստատված տեսակին` բավարարելով սույն լրացման և տվյալ Կանոնակարգի պահանջները:
2.2 Պայմանավորվող կողմի` սույն Համաձայնագրին կցված Կանոնակարգի հիման վրա տեսակի հաստատում տրամադրող մարմինը պետք է ստուգի պատշաճ կարգավորումների և վերահսկողության փաստաթղթային պլանների առկայությունը, որոնք պետք է համաձայնեցվեն արտադրողի հետ յուրաքանչյուր հաստատման համար՝ նշված ժամանակահատվածներում այնպիսի փորձարկումների կամ հարակից ստուգումների անցկացման նպատակով, որոնք անհրաժեշտ են հաստատված տեսակի հետ շարունակական համապատասխանությունը ստուգելու համար՝ ներառյալ, մասնավորապես, տվյալ Կանոնակարգում նշված փորձարկումները, եթե կիրառելի են:
2.3 Հաստատում ստացողը մասնավորապես պետք է.
2.3.1 Ապահովի համապատասխան ընթացակարգերի առկայությունը` արդյունավետ կերպով վերահսկելու համար ապրանքների (փոխադրամիջոցների, սարքավորումների կամ մասերի) համապատասխանությունը հաստատված տեսակին:
2.3.2 Ունենա փորձարկող սարքավորումների հասանելիություն, որոնք անհրաժեշտ են` ստուգելու համար համապատասխանությունը յուրաքանչյուր հաստատված տեսակին:
2.3.3 Ապահովի, որ փորձարկումների արդյունքների տվյալները գրանցվեն, և կցված փաստաթղթերը պահպանվեն հաստատում տրամադրող մարմնի հետ համաձայնեցված որոշակի ժամանակահատվածի ընթացքում: Այս ժամանակահատվածը չպետք է գերազանցի 10 տարին:
2.3.4 Վերլուծի յուրաքանչյուր տեսակի փորձարկման արդյունքները՝ ստուգելու և ապահովելու համար ապրանքի հատկանիշների կայունությունը` հաշվի առնելով արդյունաբերական արտադրության շեղումները:
2.3.5 Ապահովի, որ ապրանքի յուրաքանչյուր տեսակի համար առնվազն իրականացվեն սույն լրացման մեջ նախատեսված ստուգումները և կիրառելի Կանոնակարգերում նախատեսված փորձարկումները:
2.3.6 Ապահովի, որ տվյալ տեսակի փորձարկման ընթացքում անհամապատասխանությունն ապացուցող նմուշառումից կամ փորձարկումներից հետո անցկացվի հետագա նմուշառում և փորձարկում: Պետք է ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը` տվյալ արտադրության համապատասխանությունը վերականգնելու համար:
2.4 Տեսակի հաստատում տրամադրած մարմինը կարող է ցանկացած ժամանակ ստուգել յուրաքանչյուր արտադրական կառույցում կիրառվող համապատասխանության վերահսկման մեթոդները: Այդ ստուգումների բնականոն հաճախականությունը պետք է համապատասխանի սույն լրացման 1.2-րդ կամ 1.3-րդ պարբերությունների համաձայն ընդունված կարգավորումներին (եթե այդպիսիք առկա են), և պետք է լինի այնպիսին, որ ապահովի վերահսկողության համապատասխան տեսակների վերանայումը որոշակի ժամանակահատվածում` հաստատում տրամադրող մարմնի կողմից ստեղծված վստահության մթնոլորտին համապատասխան:
2.4.1 Այցելող տեսուչին հենց ստուգման ժամանակ պետք է ներկայացվեն փորձարկումների արձանագրությունները և արտադրական փաստաթղթերը:
2.4.2 Եթե փորձարկման բնույթը թույլ է տալիս, տեսուչը կարող է կատարել այն նմուշների պատահական ընտրություն, որոնք փորձարկվում են արտադրողի լաբորատորիայում (կամ Տեխնիկական ծառայության կողմից, եթե դա նախատեսված է սույն Համաձայնագրին կցված Կանոնակարգում): Նմուշների նվազագույն քանակը կարող է սահմանվել արտադրողի կողմից իրականացված ստուգման արդյունքների հիման վրա:
2.4.3 Եթե վերահսկողության մակարդակը համարվում է անբավարար, կամ երբ անհրաժեշտություն կա ստուգելու 2.4.2-րդ պարբերության համաձայն անցկացվող փորձարկումների հիմնավոր լինելը, տեսուչը պետք է ընտրի նմուշներ, որոնք ուղարկվում են տեսակի հաստատման փորձարկումներ իրականացնող Տեխնիկական ծառայությանը:
2.4.4 Հաստատում տրամադրող մարմինը կարող է իրականացնել սույն լրացման մեջ կամ սույն Համաձայնագրին կցված կիրառելի Կանոնակարգում նախատեսված ցանկացած ստուգում կամ փորձարկում:
2.4.5 Ստուգման ընթացքում անբավարար արդյունքների դեպքում տրամադրող մարմինը պետք է ապահովի, որ հնարավորինս արագ անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն` արտադրության համապատասխանությունը վերականգնելու համար: