Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին
Հայաստանի Հանրապետությունը և Քուվեյթի Պետությունը, այսուհետ` Կողմեր,
հիմք ընդունելով Կողմերի միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները և համագործակցությունը,
ցանկանալով ամրապնդել քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության տրամադրման իրավական հիմքը,
գործելով իրենց օրենսդրության համապատասխան, ինչպես նաև հարգելով միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքները, հատկապես՝ ինքնիշխան հավասարության և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքները,
համաձայնեցին հետևյալի մասին:
Հոդված 1
Իրավական օգնություն տրամադրելու պարտավորությունը
1. Կողմերը, սույն Համաձայնագրին և իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան, միմյանց տրամադրում են քրեական գործերով փոխադարձ իրավական օգնություն (իրավական օգնություն)։
2. Իրավական օգնությունը տրամադրվում է սույն Համաձայնագրին համապատասխան, եթե այն գործողությունը, որի առնչությամբ դիմում է ներկայացվել, քրեորեն պատժելի է երկու Կողմերի օրենքներով։ Հայցվող կողմը կարող է, իր հայեցողությամբ, իրավական օգնություն տրամադրել նաև այն դեպքում, երբ այն գործողությունը, որի առնչությամբ դիմում է ստացվել, իր օրենսդրությամբ քրեորեն պատժելի չէ։
3. Սույն Համաձայնագրի նպատակը բացառապես իրավական օգնություն տրամադրելն է, որը պետք է հայցվի միայն յուրաքանչյուր Կողմի կենտրոնական մարմինների կողմից։ Սույն Համաձայնագրի դրույթները չեն հանգեցնում ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար այնպիսի իրավունքների առաջացման, որոնցով կարելի է ստանալ կամ բացառել ապացույցը կամ կանխել իրավական օգնության մասին հարցման կատարումը։
4. Սույն Համաձայնագիրը կիրառվում է հանցագործությունների կատարման առնչությամբ անցկացվող հետաքննությունների և դատավարությունների նկատմամբ՝ երկու Կողմերի քրեական օրենսդրության համաձայն։
Հոդված 2
Իրավական օգնության շրջանակը
Իրավական օգնությունը ներառում է.
1) ընթացակարգային փաստաթղթերի հանձնումը,
2) ապացույցներ վերցնելը,
3) անձանց և առարկաների գտնվելու վայրը և ինքնության հաստատումը,
4) Հայցող կողմի իրավասու մարմին կամավոր ներկայանալու համար վկաներ, տուժողներ և փորձագետներ հրավիրելը,
5) գույքի պաշտպանության համար միջոցների ձեռնարկումը,
6) հետախուզման և առգրավման հարցումների կատարումը,
7) փաստաթղթերի, իրերի և այլ ապացույցների փոխանցումը,
8) հարցման կատարման ժամանակ Հայցող կողմի իրավասու մարմինների ներկայացուցիչների ներկայության համար թույլտվություն տրամադրելը,
9) իրավական օգնության այլ ձևերի տրամադրումը` սույն Համաձայնագրի նպատակներին համապատասխան և Հայցվող կողմի օրենքների համաձայն։
Հոդված 3
Կենտրոնական մարմինները
Սույն Համաձայնագրի շրջանակում պատշաճ համագործակցություն ապահովելու նպատակով յուրաքանչյուր Կողմ նշանակում է կենտրոնական մարմին։
Հայաստանի Հանրապետության համար կենտրոնական մարմին է հանդիսանում Գլխավոր դատախազությունը (այն անձանց առնչությամբ, որոնց գործերը գտնվում են մինչդատական փուլում) և Արդարադատության նախարարությունը (այն անձանց առնչությամբ, որոնց գործերը գտնվում են դատավարության փուլում):
Քուվեյթի Պետության համար կենտրոնական մարմին է հանդիսանում Արդարադատության նախարարությունը:
Հոդված 4
Դիմումների ձևը և բովանդակությունը
1. Իրավական օգնության մասին դիմումը պետք է կազմվի գրավոր, իսկ անհետաձգելի դեպքերում, կամ եթե Հայցվող կողմը թույլատրում է այլ կերպ վարվել, դիմումը կարող է ներկայացվել հեռատիպի, ֆաքսի, էլեկտրոնային նամակի տեսքով կամ հաղորդակցման այլ ձևերով, սակայն այնուհետև այն պետք է պատշաճ ժամկետում գրավոր հաստատվի։ Արտակարգ իրավիճակներում Հայցվող կողմն անմիջապես կատարում է իրավական օգնության մասին դիմումը և Հայցող կողմին տեղեկացնում է արդյունքների մասին մինչև դիմումների բնօրինակները ներկայացնելը։
2. Դիմումը ներառում է հետևյալը.
ա) իրավական օգնության մասին դիմում ներկայացնող իրավասու մարմնի անվանումը,
բ) դիմելու նպատակը և հայցվող իրավական օգնության նկարագրությունը,
գ) այն հանցանքի նկարագրությունը, որի առնչությամբ անցկացվում է նախաքննություն կամ դատավարություն, համապատասխան օրենքի տեքստը, ըստ որի` հանցանքը քրեորեն պատժելի է, և, անհրաժեշտության դեպքում, նաև տվյալ հանցանքի հետևանքով պատճառված վնասի չափը,
դ) այն հատուկ ընթացակարգերի նկարագրությունը, որոնք Հայցող կողմը ցանկանում է, որ Հայցվող կողմը հետևի հարցումը կատարելիս,
ե) նախաքննության կամ դատավարության սուբյեկտ հանդիսացող անձանց վերաբերյալ անձնական տեղեկություններ,
զ) այն ժամկետը, որի ընթացքում Հայցող կողմը ցանկանում է, որ դիմումը կատարվի,
է) այն անձանց ամբողջական անունները, ազգանունները (երկրորդ անունը), ծննդյան ամսաթիվն ու վայրը և հասցեները, հնարավորության դեպքում` նաև հեռախոսահամարները, որոնց պետք է ծանուցումներ ուղարկվեն, ինչպես նաև` նրանց կապը ընթացիկ նախաքննությանը կամ դատավարությանը և ցանկացած այլ օգտակար տեղեկություն,
ը) այն տեղանքի նշումը և այն վայրի նկարագրությունը, որտեղ պահանջվում է զննության և խուզարկության իրականացում, ինչպես նաև` առգրավման ենթակա առարկաները,
թ) Հայցվող կողմի տարածքում ապացույցներ ստանալու համար տրվող հարցերը,
ժ) եթե դիմումը ներկայացվում է Հայցող կողմի իրավասու մարմինների ներկայության համար` նրանց ամբողջական անունները, ազգանունները (երկրորդ անունը), պաշտոնները, ինչպես նաև նրանց ներկայության հիմքերը,
ժա) դիմումի ներկայացման փաստի, նրա բովանդակության և/կամ նրա առնչությամբ ձեռնարկված գործողությունը գաղտնի պահելու անհրաժեշտությունը, եթե այդպիսին առկա է,
ժբ) ցանկացած այլ տեղեկություն, որը կարող է օգտակար լինել Հայցվող կողմին` դիմումը կատարելու համար։
3. Եթե Հայցվող կողմը գտնում է, որ դիմումի մեջ պարունակվող տեղեկությունները բավարար չեն դիմումը կատարելու համար, ապա այդ Կողմը կարող է դիմել` լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար։
Հոդված 5
Լեզուն
Կողմերի ներկայացրած բոլոր դիմումները և հարակից փաստաթղթերը պետք է կազմվեն սույն Համաձայնագրին համապատասխան և ուղեկցվեն անգլերեն թարգմանությամբ։
Հոդված 6
Իրավական օգնություն տրամադրելու մասին դիմումների մերժումը կամ հետաձգումը
1. Իրավական օգնությունը կարող է մերժվել, եթե.
ա) դիմումի կատարումը կարող է վնաս հասցնել Հայցվող կողմի ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգին կամ էական մյուս շահերին,
բ) դիմումի կատարումը հակասում է Հայցվող կողմի օրենքներին կամ չի համապատասխանում սույն Համաձայնագրի դրույթներին,
գ) դիմումը վերաբերում է այնպիսի հանցանքի, որի համար Հայցող կողմի երկրում սահմանված հետապնդումը չի համապատասխանում Հայցվող կողմի` կրկնակի դատապարտման վերաբերյալ օրենսդրությանը (ne bis in idem),
դ) դիմումը վերաբերում է ռազմական իրավունքի ներքո հանցագործության, որը ընդհանուր քրեական իրավունքով հանցագործություն չէ,
ե) էական հիմքեր կան` կարծելու, որ իրավական օգնության մասին դիմումը ներկայացվել է անձին քրեորեն հետապնդելու` ռասայական, գենդերային, կրոնական, քաղաքացիության, էթնիկ ծագման կամ քաղաքական համոզմունքների հիման վրա։
2. Բանկային գաղտնիքի կամ հարկային գործարքների հետ կապված հարցերով իրավական օգնության տրամադրումը կատարվում է Հայցվող կողմի ազգային օրենսդրության համապատասխան: Երկու Կողմերի տարածքներում կիրառվող միջազգային և տարածաշրջանային կոնվենցիաներին համապատասխան` ահաբեկչության հանցագործությունների գործերով իրավական օգնության մասին դիմումը չի կարող մերժվել:
3. Հայցվող կողմը կարող է հետաձգել կամ մերժել իր տարածքում դիմումի կատարումը, եթե Կողմը համարում է, որ դիմումի կատարումը կարող է միջամտել կամ վնաս հասցնել քրեական գործով վարվող հետաքննությանը կամ դատավարությանը։
4. Նախքան դիմումի կատարումը հետաձգելու կամ մերժելու վերաբերյալ որոշում կայացնելը` Հայցվող կողմը քննարկում է, թե արդյո՞ք իրավական օգնություն կարելի է տրամադրել այնպիսի պայմաններով, որոնք նա անհրաժեշտ կհամարի։ Եթե Հայցող կողմն ընդունում է նման պայմաններով իրավական օգնությունը, ապա պարտավոր է համապատասխանել այդ պայմաններին։
5. Եթե Հայցվող կողմը որոշում է կայացնում իրավական օգնության տրամադրումը հետաձգելու կամ մերժելու մասին, ապա իր կենտրոնական մարմնի միջոցով այդ մասին տեղեկացնում է Հայցող կողմին` նշելով այդ որոշման պատճառները։
Հոդված 7
Փաստաթղթերի վավերականությունը
1. Սույն Համաձայնագրի համաձայն կենտրոնական մարմինների միջոցով փոխանցված և փոխանցող Կողմի իրավասու մարմնի կնիքով հաստատված փաստաթղթերը պետք է ընդունվեն` առանց օրինականացման ընթացակարգերի կամ վավերացման այլ ձևերի։
2. Սույն Համաձայնագրի նպատակների համար` այն փաստաթղթերը, որոնք ճանաչվում են որպես պաշտոնական փաստաթղթեր Կողմերից մեկի տարածքում, պետք է ճանաչվեն որպես այդպիսին նաև մյուս Կողմի տարածքում։
Հոդված 8
Գաղտնիությունը և տեղեկությունների օգտագործման սահմանափակումները
1. Հայցող կողմի խնդրանքով` Հայցվող կողմը գաղտնի է պահում իրավական օգնության մասին դիմումը, դրա բովանդակությունը, հարակից փաստաթղթերը և դիմումի համաձայն կատարված ցանկացած գործողություն, ինչպես նաև նման օգնություն տրամադրելու փաստը։
Եթե դիմումը չի կարող կատարվել առանց գաղտնիության սկզբունքը խախտելու, Հայցվող կողմն այդ մասին տեղեկացնում է Հայցող կողմին, որը որոշում է, թե արդյոք դիմումը, այնուամենայնիվ, պետք է կատարվի։
2. Առանց Հայցվող կողմի թույլտվության` Հայցող կողմը չպետք է օգտագործի սույն Համաձայնագրի համաձայն ստացված տեղեկությունները կամ ապացույցները իրավական օգնության մասին դիմումի մեջ նշված նպատակներից տարբեր այլ նպատակներով:
3. Առանձին դեպքերում, երբ Հայցող կողմին անհրաժեշտ է բացահայտել և մասամբ կամ ամբողջությամբ օգտագործել տեղեկությունները կամ ապացույցները նշված նպատակներից տարբեր այլ նպատակներով, Հայցող կողմը խնդրում է Հայցվող կողմի համաձայնությունը, ինչը կարող է մասամբ կամ ամբողջությամբ մերժվել:
Հոդված 9
Իրավական օգնության մասին դիմումների կատարումը
1. Դիմումները կատարվում են Հայցվող կողմի օրենքներին և սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան։
Հայցող կողմի դիմումի հիման վրա Հայցվող կողմը իրավական օգնություն է տրամադրում դիմումի մեջ նշված ձևով և հատուկ ընթացակարգին համապատասխան` այնքանով, որքանով դա չի հակասում Հայցվող կողմի օրենսդրությանը։
2. Հայցող Կողմի դիմումի հիման վրա` համապատասխան դատավարության մասնակիցները, նրանց օրինական ներկայացուցիչները և Հայցող կողմի ներկայացուցիչները կարող են ներկա լինել Հայցվող կողմի տարածքում անցկացվող դատավարությանը` Հայցվող կողմի օրենքների և ընթացակարգերի համաձայն:
3. Հայցվող կողմի կենտրոնական մարմինը դիմումի կատարման արդյունքում ստացված տեղեկությունները և ապացույցները պատշաճ ժամկետում փոխանցում է Հայցող կողմի կենտրոնական մարմնին։
4. Եթե հնարավոր չէ դիմումը մասամբ կամ ամբողջությամբ կատարել, Հայցվող կողմի կենտրոնական մարմինը այդ մասին անմիջապես տեղեկացնում է Հայցող Կողմի կենտրոնական մարմնին և նշում է դիմումի կատարմանը խոչընդոտող պատճառների մասին:
Հոդված 10
Փաստաթղթերի հանձնումը
1. Իրավական օգնության մասին դիմումին համապատասխան` Հայցվող կողմը անմիջապես հանձնում կամ կազմակերպում է ընթացակարգային փաստաթղթերի հանձնումը։
2. Դիմումի կատարումը հաստատվում է հանձնման փաստաթղթով, որում նշվում է ամսաթիվը, հասցեատիրոջ ստորագրությունը կամ Հայցվող կողմի իրավասու մարմնի հայտարարությունը, որը հաստատում է հանձնման փաստը, ամսաթիվը և եղանակը։ Հայցող կողմն անմիջապես տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման մասին։
Հոդված 11
Հայցվող կողմի տարածքում ապացույցներ վերցնելը
1. Հայցվող կողմը, իր օրենսդրության համապատասխան, իր տարածքում կազմակերպում է վկաների և տուժողների վկայությունները, հավաքում փորձագետների եզրակացությունները, այլ փաստաթղթեր, իրեր, դիմումի մեջ նշված այլ ապացույցներ և դրանք փոխանցում Հայցող կողմին։
2. Դիմումի կատարմանը ներկա գտնվող` Հայցող կողմի իրավասու մարմինների ներկայացուցիչներին թույլատրվում է ձևակերպել հարցեր, որոնք համապատասխան անձին կարող են տրվել Հայցվող կողմի իրավասու մարմնի ներկայացուցչի միջոցով։
3. Հայցող կողմը պահպանում է այն պայմանները, որոնք Հայցվող կողմը սահմանում է հանձնման ենթակա փաստաթղթերի և իրերի առնչությամբ, այդ թվում՝ այդ փաստաթղթերի և իրերի մասով երրորդ կողմի շահերի պաշտպանության պայմանները։
4. Հայցող կողմը, Հայցվող կողմի պահանջով, պատշաճ ժամկետում վերադարձնում է հանձնված փաստաթղթերի բնօրինակները և իրերը` սույն հոդվածի 1-ին պարբերության համապատասխան։
Հոդված 12
Անձանց և իրերի գտնվելու վայրը և ինքնության հաստատումը
Հայցվող կողմի կենտրոնական մարմինները, իրենց օրենսդրության համաձայն, գործադրում են բոլոր ջանքերը՝ պարզելու համար դիմումի մեջ նշված անձանց և իրերի գտնվելու վայրն ու ինքնությունը։
Հոդված 13
Հայցող կողմի տարածքում վկաների, տուժողների և փորձագետների` անձամբ ներկայանալը
1. Եթե Հայցող կողմը դիմում է ներկայացնում` վկայություն տալու, փորձաքննություն կատարելու կամ իր տարածքում ընթացակարգային այլ գործողություններ իրականացնելու նպատակով անձամբ ներկայանալու մասին, ապա Հայցվող կողմը իր տարածքում գտնվող անձին տեղեկացնում է Հայցող կողմի իրավասու մարմիններ ներկայանալու հրավերի մասին։
2. Հայցող կողմը ներկայացող անձին տեղեկացնում է նրա ներկա գտնվելու հետ կապված ծախսերին և ծախքերին առնչվող պայմանների ու պահանջների մասին, ինչպես նաև այն երաշխիքների մասին, որոնցից իրավունք ունի օգտվելու տվյալ անձը` սույն Համաձայնագրի 14-րդ հոդվածի համաձայն։
3. Դատական ծանուցագիրը չպետք է պարունակի զգուշացում` Հայցող կողմի տարածք անձի չներկայանալու դեպքում հարկադրանք կամ պատիժ կիրառելու մասին։
4. Ծանուցված անձն ինքն է որոշում ներկայանալու հարցը։ Հայցվող կողմի կենտրոնական մարմինը պատշաճ ժամկետում Հայցող կողմի կենտրոնական մարմնին տեղեկացնում է տվյալ անձի պատասխանի մասին։
Հոդված 14
Անձեռնմխելիությունը
1. Հայցող կողմի իրավասու մարմին ներկայացած անձը, անկախ իր քաղաքացիությունից, տվյալ Կողմի տարածքում չպետք է կալանավորվի կամ ենթարկվի քրեական հետապնդման կամ անձնական ազատության ցանկացած այլ սահմանափակման այնպիսի գործողության համար կամ մեղադրանքների հիման վրա, որոնք նախորդել են Հայցող կողմի տարածք այդ անձի մուտք գործելուն։
2. Ծանուցված անձը կորցնում է սույն հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված իր անձեռնմխելիության իրավունքը, եթե անձը, ազատ լինելով հեռանալ Հայցող կողմի տարածքից, չի հեռացել 15 օրվա ընթացքում այն բանից հետո, երբ համապատասխան իրավասու մարմնի կողմից նրան գրավոր ծանուցվել է, որ իր ներկայությունն այլևս չի պահանջվում, կամ եթե այդ տարածքից հեռանալուց հետո կամավոր վերադարձել է:
3. Ծանուցված անձին չպետք է պարտադրել վկայություն տալ դիմումի մեջ նշված գործից տարբեր այլ գործի առնչությամբ:
Հոդված 15
Հայցող կողմի տարածք հանձնված կամ դիմումի համաձայն ներկայացած անձի պաշտպանությունը
Հայցող կողմը անհրաժեշտության դեպքում ապահովում է իր տարածք հանձնված կամ դիմումի համաձայն ներկայացած անձի պաշտպանությունը` սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածին համապատասխան։
Հոդված 16
Իրերի հետ կապված միջոցները
1. Կողմերը համագործակցում են հանցագործության գործիքների և դրանից ստացված եկամուտների բացահայտման, ինչպես նաև դրանց առնչությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ։
Այս համագործակցությունը հիմնված է սույն Համաձայնագրի դրույթների, ինչպես նաև Անդրազգային կազմակերպված հանցագործության դեմ 2000 թվականի ՄԱԿ-ի կոնվենցիայի համապատասխան դրույթների, մասնավորապես` 2-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածների վրա և տարածվում է ոչ միայն սույն Կոնվենցիայով և դրա արձանագրություններով սահմանված հանցագործությունների վրա, այլ նաև ցանկացած այլ քրեական գործողության վրա` սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ պարբերության համապատասխան:
2. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Կողմերը միջոցներ են ձեռնարկում` համաձայնեցնելու համար հանցավոր գործունեությունից ստացված եկամուտների և բռնագրավված իրերի բաշխումը, ինչի արդյունքում Կողմերի միջև համագործակցությունը ձևակերպվում է որպես սույն Համաձայնագրի արձանագրություն։
Հոդված 17
Ծախսերը
1. Հայցվող կողմը իր տարածքում կրում է իրավական օգնության մասին դիմումների կատարման ծախսերը` բացառությամբ այն դեպքերի, երբ Հայցող կողմը կրում է.
ա) դեպի իր տարածք և իր տարածքից դուրս անձանց տեղափոխման և իր տարածքում նրանց ներկայության հետ կապված ծախսերը և այդ անձանց վճարվելիք այլ գումարները` սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածին համապատասխան,
բ) փորձագետների ծախսերն ու վճարները,
գ) սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածի 2-րդ պարբերությանը համապատասխան` Հայցող կողմի իրավասու մարմինների ներկայացուցիչների` դիմումի կատարմանը մասնակցության և ուղևորության հետ կապված ծախսերը,
դ) փոխանցվող առարկաները Հայցվող կողմի տարածքից Հայցող կողմի տարածք և հակառակ ուղղությամբ տեղափոխելու հետ կապված ծախսերը։
2. Եթե դիմումի կատարումը պահանջում է էական կամ արտակարգ ծախսեր, ապա Կողմերի կենտրոնական մարմինները նախաձեռնում են խորհրդակցություններ` դիմումի կատարման պայմանները, ինչպես նաև այդ ծախսերի վճարման եղանակները սահմանելու նպատակով։
Հոդված 18
Խորհրդակցությունները և վեճերի լուծումը
1. Կողմերի կենտրոնական մարմինները, Կողմերից որևէ մեկի խնդրանքով, խորհրդակցում են սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման վերաբերյալ:
2. Սույն Համաձայնագրի մեկնաբանումից և/կամ կիրառումից ծագող վիճահարույց հարցերը լուծվում են դիվանագիտական բանակցությունների միջոցով` երկու Կողմերի կենտրոնական մարմինների ներգրավմամբ։
Հոդված 19
Կիրառման ժամանակահատվածը
Սույն Համաձայնագիրը կիրառվում է այն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված դիմումների նկատմամբ, եթե անգամ համապատասխան գործողությունները կամ բացթողումները եղել են մինչև այդ ամսաթիվը:
Հոդված 20
Փոփոխությունները
Սույն Համաձայնագիրը կարող է ցանկացած ժամանակ գրավոր փոփոխվել երկու Կողմերի համաձայնությամբ, և փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 21-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան։
Հոդված 21
Եզրափակիչ դրույթներ
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դիվանագիտական ուղիներով վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից, որով Կողմերից մեկը մյուս Կողմին ծանուցում է սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ պահանջների բավարարման մասին։
2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մնում անորոշ ժամկետով, եթե Կողմերից մեկը մյուս Կողմին գրավոր չի տեղեկացնում Համաձայնագիրը դադարեցնելու իր մտադրության մասին: Այն դադարեցվում է ծանուցումն ստանալու ամսաթվից վեց ամիս անց։ Այնուամենայնիվ, մյուս Կողմի դիմումներին առնչվող գործընթացները մնում են ուժի մեջ մինչև դրանց ավարտը:
Ի վկայումն որի` ներքոստորագրյալները, լինելով իրենց Կառավարությունների կողմից պատշաճ կերպով լիազորված, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Երևան քաղաքում 2016 թվականի մարտի 23-ին, երեք օրինակով` հայերեն, արաբերեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են. մեկնաբանության ժամանակ տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը։
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2018թ. մարտի 30-ին