ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՆՑ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Մոլդովայի Հանրապետության կառավարությունը, այսուհետև` Կողմեր,
ցանկություն հայտնելով նպաստել երկու պետությունների միջև բարեկամական կապերի զարգացմանը,
երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ այցելությունների ռեժիմի իրավական կանոնակարգման նպատակով,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
1. Կողմերի պետությունների քաղաքացիները, այդ թվում երրորդ պետությունների տարածքներում մշտապես բնակվողները կամ ժամանակավորապես գտնվողները, կարող են առանց մուտքի արտոնագրի` արտասահման ուղևորվելու համար վավերական ճամփորդական փաստաթղթերի հիման վրա մուտք գործել, դուրս գալ, տարանցիկ տեղաշարժվել կամ գտնվել մյուս Կողմի պետության տարածքում անընդմեջ կամ մի քանի այցելությամբ՝ 6 ամսվա ընթացքում 90 օրը չգերազանցող ժամկետով` սկսած առաջին անգամ երկիր մուտք գործելու ամսաթվից:
2. Մի Կողմի պետության տարածք մուտք գործելու պահին մյուս Կողմի պետության քաղաքացին պետք է ունենա ոչ պակաս, քան 3 ամիս ժամկետով վավերական ճամփորդական փաստաթուղթ` հաշված մյուս Կողմի պետության տարածքից դուրս գալու ենթադրվող ամսաթվից:
Հոդված 2
1. Սույն Համաձայնագրին համապատասխան` արտասահման ուղևորվելու համար վավերական ճամփորդական փաստաթղթերն են.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար`
- դիվանագիտական անձնագիրը,
- Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը,
- Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայականը (միայն Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար),
Մոլդովայի Հանրապետության քաղաքացիների համար`
- դիվանագիտական անձնագիրը,
- ծառայողական անձնագիրը,
- Մոլդովայի Հանրապետության քաղաքացու անձնագիրը,
- ճամփորդական փաստաթուղթը (միայն Մոլդովայի Հանրապետություն վերադառնալու համար):
2. Կողմերը դիվանագիտական ուղիներով տեղեկատվություն են փոխանակում գործող ճամփորդական փաստաթղթերը փոփոխելու մասին: Կողմերը կփոխանակեն այդ փաստաթղթերի նմուշները ոչ ուշ, քան նշված փաստաթղթերը գործողության մեջ դնելուց 30 օր առաջ:
3. Արտասահման ուղևորվելու համար նախատեսված վավերական ճամփորդական փաստաթղթերի ցանկում փոփոխություններ և լրացումներ կատարվում են Կողմերի փոխադարձ համաձայնությամբ և ձևակերպվում սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածով նախատեսված առանձին արձանագրություններով:
Հոդված 3
Կողմերից մեկի պետության քաղաքացիները կարող են մուտք գործել, դուրս գալ, տարանցիկ տեղաշարժվել մյուս Կողմի պետության տարածքով` միջազգային ուղևորափոխադրումների համար նախատեսված սահմանային անցակետերով:
Հոդված 4
Մի Կողմի պետության քաղաքացիները մյուս Կողմի պետության տարածքում իրենց գտվելու ընթացքում պետք է պահպանեն այդ Կողմի պետության օրենսդրությունը:
Հոդված 5
Սույն Համաձայնագիրը չի սահմանափակում Կողմերից յուրաքանչյուրի իրավունքը՝ մերժելու մյուս Կողմի պետության այն քաղաքացիների մուտքը կամ ձեռնարկելու նրանց վերադարձնելու միջոցներ, որոնց ներկայությունը իր պետության տարածքում համարվում է անցանկալի:
Հոդված 6
1. Մի Կողմի պետության քաղաքացիները մյուս Կողմի պետության տարածքում սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում նշված փաստաթղթերը կորցնելու դեպքում պարտավոր են այդ մասին տեղեկացնել գտնվելու վայրի պետության իրավասու մարմիններին, որոնք տրամադրում են փաստաթղթերի կորստի մասին հայտարարությունը հաստատող տեղեկանք:
2. Կողմերի դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկներն իրենց քաղաքացիներին կտրամադրեն սույն Հոդվածի 1-ին կետում նշված իրենց պետություն վերադառնալու համար ճամփորդական փաստաթուղթը` Կողմերի պետությունների օրենսդրություններին համապատասխան:
Հոդված 7
Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց ծանուցում են իրենց պետության տարածք մուտք գործելու, ելքի, գտնվելու պայմանների փոփոխության մասին, բայց ոչ ուշ, քան այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց 30 օր առաջ:
Հոդված 8
Կողմերը փոխադարձ համաձայնությամբ կարող են սույն Համաձայնագրում կատարել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
Հոդված 9
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանմանն ու կիրառմանը վերաբերող վիճելի հարցերը կկարգավորվեն Կողմերի միջև խորհրդատվությունների և բանակցությունների միջոցով:
Հոդված 10
1. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի ամբողջովին կամ մասամբ կասեցնել սույն Համաձայնագրի գործողությունը, եթե դա անհրաժեշտ է պետության անվտանգության ապահովման, հասարակական կարգի կամ իր պետության բնակչության առողջության պաշտպանության համար:
2. Կողմերը պետք է անհապաղ տեղեկացնեն միմյանց սույն Հոդվածի 1-ին կետով նախատեսված միջոցառումների ձեռնարկման և դրանց վերացման մասին` նման որոշում ընդունելուց 15 օր առաջ:
Հոդված 11
1. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից 30 (երեսուն) օր լրանալուց հետո:
2. Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` այդ մասին մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելով: Այդ դեպքում Համաձայնագրի գործողությունը դադարում է նման ծանուցում ստանալու օրվանից 90 (իննսուն) օր անց:
Կատարված է Երևան քաղաքում 2016 թվականի նոյեմբերի 16-ին երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ռումիներեն և ռուսերեն, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթները մեկնաբանելիս տարաձայնություններ առաջանալու դեպքում հիմք է ընդունվում ռուսերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2017թ. նոյեմբերի 15-ին
