ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները` ի դեմս կառավարությունների, այսուհետ՝ անդամ պետություններ՝
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի վրա,
ցանկանալով նպաստել համագործակցության տարբեր ոլորտներում հավասարակշռված փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը,
ձգտելով ստեղծել բարենպաստ պայմաններ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) արդյունավետ գործունեության համար՝
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Սույն Համաձայնագրի նպատակներով գործածվում են հետևյալ հասկացությունները՝
«ներքին տարանցում»՝ ծառայողական և (կամ) քաղաքացիական զենքի ներմուծում (արտահանում) մեկ անդամ պետության տարածք այլ անդամ պետության տարածքից երրորդ անդամ պետության տարածքով, ինչպես նաև ծառայողական և (կամ) քաղաքացիական զենքի ներմուծում (արտահանում) մեկ անդամ պետության տարածքի մի մասից մյուս մասը այլ անդամ պետության տարածքով.
«հայտատու»՝ թույլատրագիր ստանալու դիմում ներկայացրած իրավաբանական անձ կամ ֆիզիկական անձ, այդ թվում՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված.
«իրավասու մարմին»՝ տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան թույլատրագրեր տրամադրելու համար լիազորված՝ անդամ պետության մարմին.
«տեղափոխում»՝ ծառայողական և (կամ) քաղաքացիական զենքի ներմուծում (արտահանում) մեկ անդամ պետության տարածք մյուս անդամ պետության տարածքից.
«թույլատրագիր»՝ անդամ պետության իրավասու մարմնի կողմից այդ պետության օրենսդրությանը համապատասխան տրամադրվող փաստաթուղթ, որով հաստատվում է ծառայողական և (կամ) քաղաքացիական զենքի տեղափոխման ու ներքին տարանցման իրավունքը.
«ծառայողական և (կամ) քաղաքացիական զենք»՝ ծառայողական և (կամ) քաղաքացիական զենք, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերը և դրա համար նախատեսված փամփուշտները, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ մշակութային արժեք ունեցող զենքը, որոնք նշված են Ապրանքների միասնական ցանկի 1.6 և 2.22 բաժիններում, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ և որոնք հաշվառման մեջ են գտնվում անդամ պետություններից որևէ մեկում:
Սույն Համաձայնագրում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով:
Հոդված 2
Սույն Համաձայնագրով կարգավորվում են ծառայողական և քաղաքացիական զենքի տեղափոխման ու ներքին տարանցման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև այդպիսի տեղափոխման և ներքին տարանցման նկատմամբ պետական հսկողության հետ կապված հարցերի շուրջ իրավասու մարմինների միջև փոխգործակցությունը:
Սույն Համաձայնագիրը չի տարածվում արտահանման հսկողությանը վերաբերող հարաբերությունների վրա:
Հոդված 3
Սույն Համաձայնագրի գործողությունը տարածվում է՝
ծառայողական և քաղաքացիական զենքի տեղափոխում ու ներքին տարանցում իրականացնող իրավաբանական անձանց վրա.
որպես անհատ ձեռնարկատերեր գրանցված ֆիզիկական անձանց վրա, որոնք, իրենց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված, իրականացնում են քաղաքացիական զենքի տեղափոխում և ներքին տարանցում, եթե դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ.
քաղաքացիական զենքի, ինչպես նաև անդամ պետության օրենսդրությանը համապատասխան պարգևատրման փաստաթղթերի հիման վրա ստացված քաղաքացիական և (կամ) ծառայողական զենքի տեղափոխում ու ներքին տարանցում իրականացնող ֆիզիկական անձանց վրա:
Հոդված 4
Անդամ պետությունները պետական հսկողություն են իրականացնում ծառայողական և քաղաքացիական զենքի տեղափոխման ու ներքին տարանցման նկատմամբ՝ սույն Համաձայնագրին և անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:
Իրավաբանական և որպես անհատ ձեռնարկատերեր գրանցված ֆիզիկական անձինք կարող են իրականացնել ծառայողական և (կամ) քաղաքացիական զենքի տեղափոխում ու ներքին տարանցում միայն ապրանքաուղեկից փաստաթղթերի լրակազմում թույլատրագրի բնօրինակի առկայության դեպքում:
Ֆիզիկական անձինք կարող են իրականացնել քաղաքացիական զենքի, ինչպես նաև անդամ պետության օրենսդրությանը համապատասխան պարգևատրման փաստաթղթերի հիման վրա ստացված քաղաքացիական և (կամ) ծառայողական զենքի տեղափոխում ու ներքին տարանցում միայն թույլատրագրի բնօրինակի առկայության դեպքում:
Ծառայողական և քաղաքացիական զենքի տեղափոխումն ու ներքին տարանցումն առանց թույլատրագրերի չի թույլատրվում:
Ծառայողական կամ քաղաքացիական զենքի ժամանակավոր ներմուծման (ժամանակավոր արտահանման) թույլատրագիրը նաև հետադարձ արտահանման (ներմուծման) թույլատրագիր է:
Հոդված 5
Ծառայողական և քաղաքացիական զենքի տեղափոխումն ու ներքին տարանցումը կարող են իրականացվել հետևյալ դեպքերում՝
ա) իրավաբանական անձանց կողմից ծառայողական և (կամ) քաղաքացիական զենքի ներմուծում մեկ անդամ պետության տարածք մյուս անդամ պետության տարածքից և արտահանում մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան հետագա իրացման համար.
բ) ֆիզիկական անձանց կողմից ֆիզիկական անձի քաղաքացիության պետությունից տարբերվող անդամ պետության տարածքում ձեռք բերված քաղաքացիական զենքի ներմուծում մեկ անդամ պետության տարածք մյուս անդամ պետության տարածքից և արտահանում մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք.
գ) ֆիզիկական անձի քաղաքացիության պետությունից տարբերվող անդամ պետության տարածքում անդամ պետության օրենսդրությանը համապատասխան պարգևատրման փաստաթղթերի հիման վրա ստացված քաղաքացիական և (կամ) ծառայողական զենքի ներմուծում մեկ անդամ պետության տարածք մյուս անդամ պետության տարածքից և արտահանում մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք.
դ) իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից ծառայողական և (կամ) քաղաքացիական զենքի ժամանակավոր ներմուծում մեկ անդամ պետության տարածք մյուս անդամ պետության տարածքից և ժամանակավոր արտահանում մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք՝ սպորտային կամ մշակութային միջոցառումներին մասնակցելիս օգտագործելու նպատակով, եթե դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ.
ե) ֆիզիկական անձանց կողմից քաղաքացիական զենքի ժամանակավոր ներմուծում մեկ անդամ պետության տարածք մյուս անդամ պետության տարածքից՝ որսին մասնակցելիս օգտագործելու նպատակով.
զ) իրավաբանական անձանց կողմից քաղաքացիական զենքի ժամանակավոր ներմուծում մեկ անդամ պետության տարածք մյուս անդամ պետության տարածքից և ժամանակավոր արտահանում մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք՝ որսին մասնակցելիս օգտագործելու նպատակով, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ.
է) ծառայողական և (կամ) քաղաքացիական զենքի ժամանակավոր ներմուծում մեկ անդամ պետության տարածք մյուս անդամ պետության տարածքից կամ ժամանակավոր արտահանում մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք՝ վերանորոգման կամ հիմնական մասերի (պահեստամասերի) փոխարինման նպատակով՝ այդ զենքի հետագա հետադարձ արտահանմամբ կամ ներմուծմամբ.
ը) այլ անդամ պետություն մշտական բնակության մեկնող ֆիզիկական անձանց կողմից քաղաքացիական զենքի, ինչպես նաև անդամ պետության օրենսդրությանը համապատասխան պարգևատրման փաստաթղթերի հիման վրա ստացված քաղաքացիական և (կամ) ծառայողական զենքի արտահանում մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք և այլ անդամ պետությունից մշտական բնակության համար անդամ պետություն մուտք գործող ֆիզիկական անձանց կողմից քաղաքացիական զենքի, ինչպես նաև անդամ պետության օրենսդրությանը համապատասխան պարգևատրման փաստաթղթերի հիման վրա ստացված քաղաքացիական և (կամ) ծառայողական զենքի ներմուծում.
թ) իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից ծառայողական և (կամ) քաղաքացիական զենքի ժամանակավոր ներմուծում մեկ անդամ պետության տարածք մյուս անդամ պետության տարածքից և ժամանակավոր արտահանում մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք՝ ցուցահանդեսներում ցուցադրելու նպատակով.
ժ) իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից մշակութային արժեք ունեցող քաղաքացիական զենքի ժամանակավոր ներմուծում մեկ անդամ պետության տարածք մյուս անդամ պետության տարածքից և ժամանակավոր արտահանում մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք, եթե դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ.
ժա) ծառայողական և (կամ) քաղաքացիական զենքի ժամանակավոր ներմուծում մեկ անդամ պետության տարածք մյուս անդամ պետության տարածքից և ժամանակավոր արտահանում մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք՝ համապատասխանության գնահատման (հաստատման) (սերտիֆիկացման, համապատասխանության հայտարարագրման, բժշկակենսաբանական հետազոտությունների) նպատակներով փորձարկումներ անցկացնելու համար:
Հոդված 6
Թույլատրագրերը տրամադրվում են անդամ պետությունների իրավասու մարմինների կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող միասնական ձևով:
Թույլատրագրերը հայտատուին տրվում են անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
Ծառայողական կամ քաղաքացիական զենքի արտահանման թույլատրագիրը (բացառությամբ ֆիզիկական անձանց կողմից որսին մասնակցելիս օգտագործելու նպատակով իրենց պատկանող քաղաքացիական զենքի արտահանման) տրամադրվում է այն անդամ պետության իրավասու մարմնի կողմից, որտեղից նախատեսվում է ծառայողական կամ քաղաքացիական զենքի արտահանումը, այդպիսի զենքի ներմուծման թույլատրագրի առկայության դեպքում, որը տրամադրվել է այն անդամ պետության իրավասու մարմնի կողմից, որտեղ նախատեսվում է դրա ներմուծումը:
Ծառայողական կամ քաղաքացիական զենքի ներքին տարանցման թույլատրագիրը (բացառությամբ ֆիզիկական անձանց կողմից որսին մասնակցելիս օգտագործելու նպատակով իրենց պատկանող քաղաքացիական զենքի ներքին տարանցման) տրամադրվում է ներքին տարանցման անդամ պետության իրավասու մարմնի կողմից դրա ներմուծման թույլատրագրի առկայության դեպքում, որը տրամադրված է այն անդամ պետության իրավասու մարմնի կողմից, որտեղ նախատեսվում է ծառայողական կամ քաղաքացիական զենքի ներմուծումը, և այն անդամ պետության իրավասու մարմնի կողմից ծառայողական կամ քաղաքացիական զենքի արտահանման համար տրամադրված թույլատրագրի առկայության դեպքում, որտեղից նախատեսվում է այդպիսի զենքի արտահանումը:
Ֆիզիկական անձանց կողմից որսին մասնակցելիս օգտագործելու նպատակով իրենց պատկանող քաղաքացիական զենքի տեղափոխումը և ներքին տարանցումն իրականացվում է այն անդամ պետության իրավասու մարմնի կողմից տրամադրված՝ այդպիսի զենքի ներմուծման թույլատրագրի հիման վրա, որտեղ նշված քաղաքացիական զենքը որսին մասնակցելիս պետք է օգտագործվի: Որսին մասնակցելիս օգտագործելու նպատակով քաղաքացիական զենքի ներմուծման թույլատրագիրը տրամադրվում է ընդունող անդամ պետության իրավաբանական անձին կամ ֆիզիկական անձին: Ֆիզիկական անձանց կողմից որսին մասնակցելիս օգտագործվելու նպատակով քաղաքացիական զենքի արտահանման թույլատրագիր չի պահանջվում:
Սույն հոդվածի հինգերորդ պարբերության մեջ նշված թույլատրագիրը ճանաչվում է այլ անդամ պետությունների իրավասու մարմինների կողմից դրա գործողության ժամկետի ընթացքում և ներքին տարանցման դեպքում այն ներքին տարանցման թույլտվություն է:
Ֆիզիկական անձը որսին մասնակցելիս օգտագործելու նպատակով քաղաքացիական զենքի արտահանումից առնվազն 10 օր առաջ արտահանման մասին գրավոր տեղեկացնում է այն անդամ պետության իրավասու մարմնին, որտեղից նախատեսվում է այդ արտահանումը՝ կցելով անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված՝ որսին մասնակցելը հաստատող փաստաթղթի պատճենը (ծառայությունների մատուցման մասին պայմանագիրը կամ հրավերը):
Որսին մասնակցելիս օգտագործելու նպատակով ֆիզիկական անձի կողմից արտահանված քաղաքացիական զենքը պետք է ներմուծվի այն անդամ պետություն, որտեղ գրանցված է նշված քաղաքացիական զենքը՝ մինչև ներմուծման թույլատրագրի գործողության ժամկետի ավարտը:
Որսին մասնակցելիս օգտագործելու նպատակով քաղաքացիական զենք ներմուծելու համար իրավասու մարմինների կողմից թույլատրագրերի տրամադրման ժամկետը չպետք է գերազանցի 15 օրացուցային օրը:
Հոդված 7
Իրավասու մարմինները յուրաքանչյուր եռամսյակը մեկ, հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ից ոչ ուշ, համաձայնեցված ձևով (այդ թվում՝ էլեկտրոնային կապուղիներով) այլ անդամ պետությունների իրավասու մարմիններ են ուղարկում հաշվետու ժամանակաշրջանում տրամադրված թույլատրագրերի մասին տեղեկություններ:
Անդամ պետությունները սույն Համաձայնագրին համապատասխան ստացված տեղեկատվությունն օգտագործում են բացառապես սույն Համաձայնագրի կատարման նպատակներով։
Հոդված 8
Անդամ պետությունները միմյանց և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնում են իրենց իրավասու մարմինների մասին:
Իրավասու մարմինների փոփոխման դեպքում անդամ պետությունները 30 օրվա ընթացքում դիվանագիտական ուղիներով դրա մասին ծանուցում են միմյանց և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին:
Հոդված 9
Սույն Համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 112-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 10
Սույն Համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Միության իրավունքի մաս է կազմում։
Հոդված 11
Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 12-րդ հոդվածով սահմանված կարգով։
Հոդված 12
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Կատարված է Երևան քաղաքում, 2016 թվականի մայիսի 20-ին, մեկ օրինակից՝ ռուսերենով:
Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն Համաձայնագրի ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կտրամադրի դրա հաստատված պատճենը։
Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից |
Բելառուսի Հանրապետության Կառավարության կողմից |
Ղազախստանի Հանրապետության Կառավարության կողմից |
Ղրղզստանի Հանրապետության Կառավարության կողմից |
Ռուսաստանի Դաշնության Կառավարության կողմից |