ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 սեպտեմբերի 2010 թվականի N 1426-Ն
«ԼՈՌԻ ԲԵՐԴ» ՔԱՂԱՔԱՏԵՂԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ԼՈՌԻ ԲԵՐԴ» ՔԱՂԱՔԱՏԵՂԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 312-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ե» ենթակետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդի գյուղական համայնքի ավագանու 2010 թվականի նոյեմբերի 1-ի N 19 որոշումը և այն հանգամանքը, որ «Լոռի բերդ» հուշարձանախումբը կարիք ունի հատուկ ուսումնասիրման և պահպանական պայմանակարգի (ռեժիմի) սահմանման, ինչը հնարավորինս անաղարտ կպահպանի հուշարձանախումբը և կապահովի դրա նպատակային օգտագործումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն ընդունել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդի գյուղական համայնքին պատկանող՝ գյուղատնտեսական նշանակության 4.08 հեկտար հողերը:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման ընդունումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող՝ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջոցների հաշվին:
3. Պետական սեփականություն հանդիսացող՝ գյուղատնտեսական նշանակության 4.08 հեկտար այլ հողատեսքերը և 0.53 հեկտար ջրային հողերը փոխադրել հատուկ պահպանվող հողերի կատեգորիա` դրանք ընդգրկելով «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում:
4. Ստեղծել «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց, հաստատել «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի, արգելոցի տարածքը սահմանել 38.89 հեկտար՝ համաձայն N 2 հավելվածի, հաստատել «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի սահմանների և տարածքների նկարագրությունը` համաձայն N 3 հավելվածի:
5. Ստեղծել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց» մասնաճյուղը:
6. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ համատեղ՝ սույն որոշման ընդունումից հետո՝ սահմանված կարգով կնքել 38.89 հեկտար հողերի անհատույց մշտական օգտագործման պայմանագիր` դրանում սահմանելով, որ սույն կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և պայմանագրի կնքման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն որոշման ընդունումից հետո երկամսյա ժամկետում ապահովել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց» մասնաճյուղի կանոնադրության հաստատումը:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 202 որոշման մեջ փոփոխություն կատարելու և պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 312-Ն որոշման N 1 հավելվածի ցանկը 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21-րդ կետով.
«21. «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց»:
8. Սահմանել, որ «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի պահպանման և շահագործման ծախսերն իրականացվելու են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1426-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԼՈՌԻ ԲԵՐԴ» ՔԱՂԱՔԱՏԵՂԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցը (այսուհետ` արգելոց) ստեղծվում է` պայմանավորված «Լոռի բերդ» քաղաքատեղի» հուշարձանախմբի հատուկ ուսումնասիրման և պահպանական պայմանակարգի (ռեժիմի) սահմանման անհրաժեշտությամբ, ինչը հնարավորություն կտա ապահովելու հուշարձանախմբի հնարավորինս անաղարտ պահպանությունը և դրա նպատակային օգտագործումը: Արգելոցը գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդի գյուղական համայնքի վարչական տարածքում:
2. Արգելոցի ստեղծման նպատակներն են`
1) հուշարձանի բնապատմական միջավայրի պատմամշակութային հողերի և դրանց հարող տեղանքապատկերների (լանդշաֆտներ) հնարավորինս անաղարտ պահպանումը.
2) «Լոռի բերդ» քաղաքատեղի» հնագիտական հուշարձանից հայտնաբերված և այդ հուշարձանին վերաբերող մշակութային արժեքների պահպանումը, ուսումնասիրումը, ինչպես նաև նպատակային օգտագործումը.
3) գիտաճանաչողական զբոսաշրջության զարգացման նախադրյալների ստեղծումը և բնակչության` մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի ձևավորումը:
3. Արգելոցի անվանումն է`
1) հայերեն լրիվ` «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց.
2) հայերեն կրճատ` «Լոռի բերդ» արգելոց.
3) ռուսերեն` Историко-культурный заповедник «Лори берд».
4) ռուսերեն կրճատ` Заповедник «Лори берд».
5) անգլերեն լրիվ` Historical and cultural preservation of «Lori berd».
6) անգլերեն կրճատ` Preservation of «Lori berd»:
II. ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՅՄԱՆԱԿԱՐԳԸ (ՌԵԺԻՄԸ)
4. Արգելոցի տարածքում արգելվում են`
1) տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և հաղորդակցության այլ ուղիների շինարարությունը` բացառությամբ արգելոցի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների շինարարության.
2) մեքենայացված տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը` թույլատրված ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրանց համար չնախատեսված վայրերում.
3) երկրաբանահետախուզական աշխատանքները, որոնք ուղեկցվում են փորձնական հանույթներով, մակաբացումներով, պայթեցումներով և բնապատմական միջավայրը խախտող այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ.
4) օգտակար հանածոների մշակումը, հանքաշերտերի, հանքաելուստների և լեռնատեսակների ելքերի շահագործումը.
5) բույսերի, ծաղիկների ու սերմերի մթերումը, անասունների արածեցումը, բուսածածկի այլ խախտումներ.
6) թունաքիմիկատների օգտագործումը.
7) ցանկացած այլ գործունեություն, որը խախտում, աղճատում, նսեմացնում է արգելոցի բնապատմական համակարգերը, հնագիտական հուշարձանները կամ սպառնում գիտական և (կամ) մշակութային արժեքի պահպանությանը:
5. Արգելոցի տարածք մուտքը թույլատրվում է`
1) գիտահետազոտական աշխատանքների կատարման, արգելոցի գործունեության հետ կապված այցելությունների,
2) կանոնակարգված, գիտաճանաչողական զբոսաշրջության համար:
III. ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
6. Արգելոցի պահպանությունը, ուսումնասիրությունը, օգտագործումը և հանրահռչակումն իրականացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց» մասնաճյուղը:
7. Արգելոցի տարածքում գտնվող հուշարձաններին և դրանց բնապատմական միջավայրին առնչվող աշխատանքները համաձայնեցվում են պետական լիազոր մարմնի հետ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1426-Ն որոշման
գ. ԼՈՌԻ-ԲԵՐԴ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1426-Ն որոշման |
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԼՈՌԻ ԲԵՐԴ» ՔԱՂԱՔԱՏԵՂԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
Արգելոցի սահմաններն սկսվում են Լոռի բերդ ամրոցի միջնաբերդի պարսպապատի եզրից 20 մ հս գտնվող կետից (N 1 կետ), անցնում է աե 85 մ՝ մինչև Ուռուտ գետի վրա գտնվող կամրջից 20 մ հս գտնվող կետը (N 2 կետ), ապա շարունակվում է հվ-աե 330 մ` Ուռուտ գետի ձախ ափով, և շարունակվում ուղիղ դեպի հվ 30 մ՝ մինչև Ուռուտ և Ձորագետ գետերի միախառնվելու կետը (N 5 կետ), թեքվում է դեպի հվ-ամ` անցնելով Ձորագետի ձախ ափով՝ 75 մ (N 6 կետ), և շարունակվում է հս-ամ 40 մ՝ Ձորագետի ափից մինչև ամրոցի սարահարթի հվ-աե անկյունը (N 7 կետ), ձգվում է դեպի հվ, այնուհետև՝ հս-ամ հրվանդանի տափարակի եզրով 1 կմ՝ մինչև երկրորդական պարսպի հվ եզրը (N 16 կետ)` Ձորագետին զուգահեռ, նրանից 40 մ դեպի հյուսիս հեռավորությամբ (NN 7-16 կետեր), ապա թեքվում է հս-աե, անցնում երկրորդակապ պարսպի արտաքին եզրով 400 մ` ընդգրկելով քաղաքատեղին (NN 16-21 կետեր), շարունակվում է դեպի աե և հվ-աե 700 մ` տափարակի եզրով, Ուռուտ գետին զուգահեռ, նրանից 30 մ դեպի հվ-ամ հեռավորությամբ (NN 21-1 կետեր) և միանում է միջնաբերդի պարսպապատի հյուսիսային եզրին՝ 20 մ հս գտնվող կետին (N 1 կետ):
Արգելոցի տարածքն ընդգրկում է Լոռի բերդ ամրոցի միջնաբերդը և քաղաքատեղին:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան