«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
26 հունիսի 2002 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ ---02103
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
23 մայիսի 2002 թ. |
N ՔԾԽՈ-11 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՄՐՑՈՒՅԹ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Սահմանել մրցույթ և ատեստավորում անցկացնելու համար թեստեր կազմելու կարգը:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Բադալյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՄՐՑՈՒՅԹ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ
1. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթ ու քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնելու համար թեստերը կազմվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ` Օրենք) և սույն կարգին համապատասխան:
2. Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի «ա», «բ» և «ե» ենթակետերի բնագավառներին վերաբերող հարցաշարերը կազմում է քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) աշխատակազմը, իսկ Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի «գ» և «դ» ենթակետերի բնագավառներին վերաբերող հարցաշարերը` համապատասխան մարմինների աշխատակազմերը: Յուրաքանչյուր մրցույթ կամ ատեստավորում անցկացնելուց առնվազն երկու ամիս առաջ հարցաշարերը ներկայացվում են Խորհուրդ:
3. Հարցաշարերը, ըստ բնագավառների, բաղկացած են հարցերից (խնդիրներից): Հարցերը վերաբերում են համապատասխան բնագավառների վերաբերյալ կոնկրետ հարցադրումներին, իսկ խնդիրները` կոնկրետ իրավիճակների նկարագրությանը:
4. Հարցերը (խնդիրները) կոդավորվում, համարակալվում են` ըստ բնագավառների և ըստ պաշտոնների խմբերի: Խորհրդի կամ համապատասխան մարմնի աշխատակազմը հարցաշարերը զետեղում է համակարգչում:
5. Մրցույթ կամ ատեստավորում անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ հարցաշարերն իրենց պատասխաններով հրապարակվում են Խորհրդի կողմից:
6. Համակարգչում առանձին զետեղվում է նաև կոդավորված և համարակալված հարցերի (խնդիրների) 3 կամ 4 ենթադրյալ պատասխան, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:
7. Թեստերը կազմվում են համակարգչային ծրագրի միջոցով համակարգչում նախօրոք զետեղված հարցաշարերի կոդավորված հարցերից (խնդիրներից)` պատահական ընտրությամբ: Համակարգչային ծրագիրը, ընտրելով հարցը (խնդիրը), միաժամանակ դուրս է բերում վերջինիս ենթադրյալ պատասխաններն ու միասնականացնում:
8. Թեստերը կազմում են.
- քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի անցկացման և այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման համար` Խորհրդի ստեղծած մրցութային կամ ատեստավորման հանձնաժողովները.
- քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի անցկացման և այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման համար` համապատասխան մարմնի ստեղծած մրցութային կամ ատեստավորման հանձնաժողովները:
9. Մրցութային կամ ատեստավորման հանձնաժողովները թեստերը կազմում են մինչև թեստավորման փուլը սկսելը:
10. Յուրաքանչյուր մրցույթի դեպքում մասնակիցների համար կազմվում է մեկ ընդհանուր թեստ` սույն կարգին և թափուր պաշտոնի անձնագրով նախատեսված պահանջներին համապատասխան:
11. Թեստավորման առաջադրանքները մասնակցին կամ քաղաքացիական ծառայողին կարող են առաջարկվել գրավոր կամ համակարգչի միջոցով: