ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0594/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0594/02/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան | |
Դատավորներ՝ Ն. Բարսեղյան Ա. Մկրտչյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ | ||
Է. Հայրիյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի հունիսի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ավետիս Գալստյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.03.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ Փորսոր (Հասմիկ) Ավդոյանի հայցի ընդդեմ Ավետիս Գալստյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Փորսոր Ավդոյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը ՀՀ Արարատի մարզի Բերդիկ գյուղում գտնվող 978 քմ մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ:
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 18.09.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.03.2010 թվականի որոշմամբ Դատարանի 18.09.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ավետիս Գալստյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքերը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի իմաստով քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, կարող է դրա նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերել, եթե տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ, անընդմեջ որպես սեփական գույք տիրապետում է այն: Վերաքննիչ դատարանը չի հետազոտել և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա մի շարք ապացույցներ, մասնավորապես այն, որ Ավետիս Գալստյանը հոր մահից հետո՝ 2009 թվականին, որպես ժառանգություն ընդունել է վիճելի 978 քմ մակերեով տնամերձ հողամասը, դարձել է դրա սեփականատերը, և նշված հողամասը գտնվում է Ավետիս Գալստյանի տիրապետման և օգտագործման ներքո:
Տվյալ դեպքում անհասկանալի է, թե Փորսոր Ավդոյանը որ ժամանակահատվածում է օգտագործել վիճելի հողամասը, և ինչ հիմքով է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվել նրա սեփականության իրավունքը հողամասի նկատմամբ, քանի որ նա տնամերձ հողամասը չի տիրապետել որպես սեփական գույք:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 05.03.2010 թվականի որոշումը՝ Փորսոր Ավդոյանի հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) ՀՀ Արարատի մարզի Բերդիկ համայնքի 978 քմ տնամերձ հողամասի սեփականատերն էր Ավետիս Գալստյանի հայրը՝ Հայրիկ Գալստյանը (գ.թ. 12):
2) 23.06.1998 թվականի նոտարական վավերացում չստացած առուվաճառքի պայմանագրով Հասմիկ Ավդոյանը գնել է ՀՀ Արարատի մարզի Բերդիկ համայնքի 978 քմ տնամերձ հողամասը (գ.թ. 10):
3) ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 26.06.2009 թվականի վճռով մերժվել է Փորսոր Ավդոյանի հայցը՝ նոտարական վավերացում չստացած առուվաճառքի պայմանագիրը վավեր ճանաչելու և Ավետիս Գալստյանի ժառանգության իրավունքի վկայագիրը, սեփականության իրավունքի գրանցամատյանում կատարված գրառումն անվավեր ճանաչելու պահանջները (գ.թ. 27):
4) 31.03.2009 թվականին տրված ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա ՀՀ Արարատի մարզի Բերդիկ համայնքի 978 քմ տնամերձ հողամասի նկատմամբ գրանցվել է Ավետիս Գալստյանի սեփականության իրավունքը (գ.թ. 5,6):
5) ՀՀ Արարատի մարզի Բերդիկի գյուղապետարանի 29.07.2009 թվականի տեղեկանքի համաձայն` Փորսոր Ավդոյանը 1998 թվականից մինչև 2008 թվականը մշակել է Հայրիկ Գալստյանին պատկանող տնամերձ հողամասը (գ.թ. 12):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`
1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:
2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:
3. Տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:
4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տես, օրինակ` Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ ընդդեմ Մանվել, Սոֆիկ, Մելանյա, Սամվել Սարիբեկյաններ և Քնարիկ Աղազարյան, Մանվել Սարիբեկյան և Քնարիկ Աղազարյան ընդդեմ Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության իրավունքի վկայականը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):
Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն՝ վիճելի հողամասի սեփականատերն էր Ավետիս Գալստյանի հայրը՝ Հայրիկ Գալստյանը: 23.06.1998 թվականի նոտարական վավերացում չստացած առուվաճառքի պայմանագրով Հասմիկ (Փորսոր) Ավդոյանը ՀՀ Արարատի մարզի Բերդիկ համայնքի 978 քմ մակերեսով տնամերձ հողամասը գնել է Հայրիկ Գալստյանից: Հետագայում Փորսոր Ավդոյանը պահանջել է նոտարական վավերացում չստացած առուվաճառքի պայմանագիրը վավեր ճանաչել: ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 26.06.2009 թվականի վճռով նշված հայցը մերժվել է: Գյուղապետի տեղեկանքի համաձայն Փորսոր Ավդոյանը 1998 թվականից մինչև 2008 թվականը մշակել է Հայրիկ Գալստյանին պատկանող 0.097 հա տնամերձ հողամասը: Հայրիկ Գալստյանի մահից հետո 31.03.2009 թվականին տրված ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա Ավետիս Գալստյանը որպես ժառանգություն ընդունել է վիճելի հողամասը և ստացել սեփականության իրավունքի վկայական: 06.08.2009 թվականին Փորսոր Ավդոյանը, դիմելով Դատարան, պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը, Ավետիս Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող 978 քմ մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ:
Վերաքննիչ դատարանը, վճռի հիմքում դնելով Գյուղապետի տեղեկանքը, հաստատված է համարել, որ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված բոլոր պայմանների միաժամանակյա առկայությունը սույն իրավահարաբերությունում առկա է, ինչը հիմք է արձանագրելու, որ հայցվոր Փորսոր Ավդոյանի սեփականության իրավունքը ձեռքբերման վաղեմության ուժով կարող է ճանաչվել վիճելի գույքի նկատմամբ»:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Գյուղապետի տեղեկանքի համաձայն Փորսոր Ավդոյանը վիճելի հողամասը մշակել է 1998 թվականից մինչև 2008 թվականը, այսինքն՝ վիճելի հողամասի փաստացի տիրապետումը սկսվել է 1998 թվականից և ավարտվել մինչև 2008 թվականը: Գյուղապետի տեղեկանքում նշված է միայն վիճելի հողամասի փաստացի տիրապետման սկիզբ համարվող տարեթիվը (1998 թվականը) և ավարտը (մինչև 2008 թվականը), հստակ նշված չէ հողամասի փաստացի տիրապետման սկիզբ և վերջ համարվող տարվա ամիսը և օրը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Փորսոր Ավդոյանի կողմից վիճելի գույքի փաստացի տիրապետման սկիզբը պետք է համարել 23.06.1998 թվականի նոտարական վավերացում չստացած առուվաճառքի պայմանագրի կնքման օրը, ինչից սկսվել է գույքի փաստացի տիրապետումը, ուստի 10 տարվա տիրապետման ավարտը կլիներ 23.06.2008 թվականը: Մինչդեռ, Գյուղապետի տեղեկանքի համաձայն Փորսոր Ավդոյանի կողմից վիճելի գույքի փաստացի տիրապետումը եղել է մինչև 2008 թվականը, այսինքն՝ վիճելի գույքի տիրապետման 10 տարվա վավերապայմանը չի հիմնավորվել:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի ուժով չի կարող ճանաչվել Փորսոր Ավդոյանի սեփականության իրավունքը վիճելի հողամասի նկատմամբ, քանի որ գործով չի հիմնավորվել այն 10 տարի անընդմեջ տիրապետելու հանգամանքը:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.03.2010 թվականի որոշումը և այն փոփոխել՝ Փորսոր Ավդոյանի հայցը մերժել:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ | ||
Է. Հայրիյան | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |