Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական և արդյունաբերական համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Չեխիայի Հանրապետության կառավարությունը (հետագայում անվանվող` Կողմեր),
ընդունելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները և գոյություն ունեցող տնտեսական կապերի շարունակման և ամրապնդման կարևորությունը,
ցանկանալով զարգացնել հետագա համագործակցությունը տնտեսական, արդյունաբերական, տեխնիկական և գիտական ոլորտներում,
համոզված լինելով, որ սույն Համաձայնագիրը կօժանդակի երկու երկրների միջև համագործակցության տարբեր ձևերի համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, մասնավորապես` տնտեսական և արդյունաբերական ոլորտներում,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
1. Կողմերը, իրենց ազգային օրենսդրություններին և ստանձնած միջազգային պարտավորություններին, ներառյալ Չեխիայի Հանրապետության` Եվրոպական Միությանը անդամակցությունից բխող պարտավորություններին համաձայն, կզարգացնեն և կուժեղացնեն տնտեսական, ներդրումային և արդյունաբերական փոխշահավետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
2. Նշված համագործակցությունը մասնավորապես ուղղված կլինի երկու Կողմերի պետությունների տնտեսվարող սուբյեկտների միջև համագործակցության խթանմանը, ներառելով փոքր և միջին ձեռնարկությունները` ներդրումային գործունեության, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, ինչպես նաև համագործակցության այլ ձևերի զարգացման նպատակով:
Հոդված 2
1. Կողմերի միջև սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված համագործակցությունը կիրականացվի մասնավորապես, հետևյալ ոլորտներում.
ա) ներդրումների խթանում,
բ) մեքենաշինություն,
գ) էներգաարտադրություն,
դ) զբոսաշրջություն,
ե) գյուղատնտեսություն,
զ) գիտություն, տեխնոլոգիաներ և նորարարություն,
է) տեղեկատվական տեխնոլոգիաներ,
ը) տրանսպորտ,
թ) ջրային ռեսուրսների կառավարում,
ժ) ապակեգործություն,
ի) քաղաքացիական շինարարություն,
լ) տարածաշրջանային զարգացում,
խ) մունիցիպալ ծառայություններ,
ծ) բնության պահպանություն,
կ) տնտեսական համագործակցությունը խթանող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ:
2. Կողմերը միմյանց հետ կքննարկեն համագործակցության նախապատվելի ոլորտները, ինչպես նաև տնտեսական, ներդրումային և արդյունաբերական համագործակցության նոր ուղղությունները:
Հոդված 3
1. Նշված համագործակցության զարգացման նպատակով Կողմերը.
● կփոխանակեն տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում և Չեխիայի Հանրապետությունում տնտեսական զարգացման, կանխատեսումների և ռազմավարությունների վերաբերյալ,
● կխթանեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացումը և համագործակցությունը երրորդ երկրներում,
● կփոխանակեն վիճակագրական տվյալներ և վերլուծություններ ապրանքների փոխադարձ առևտրի վերաբերյալ,
● կտեղեկացնեն միմյանց առևտրական ցուցահանդեսների, տոնավաճառների, գործարար համաժողովների և այլ նմանատիպ միջոցառումների անցկացման մասին:
Կողմերը կարող են պայմանավորվել համագործակցության այլ ձևերի վերաբերյալ:
2. Սույն Հոդվածում նշված համագործակցությունը Կողմերը կիրականացնեն մասնավորապես` աշխատանքային շփումների, համապատասխան նյութերի փոխանակման, սույն Համաձայնագրի 4-րդ Հոդվածի դրույթների համաձայն ստեղծված տնտեսական համագործակցության Միջկառավարական Հանձնաժողովի նիստերի շրջանակներում, ինչպես նաև այլ հնարավոր և ընդունելի միջոցներով:
Հոդված 4
1. Սույն Համաձայնագրի դրույթների իրականացման նպատակով Կողմերը կստեղծեն տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական Միջկառավարական Հանձնաժողով (այսուհետ` Միջկառավարական Հանձնաժողով):
2. Միջկառավարական Հանձնաժողովը բաղկացած կլինի Կողմերի ներկայացուցիչներից, ինչպես նաև, համանախագահների փոխադարձ համաձայնությամբ իր կազմում կարող է ներառել համապատասխան կազմակերպությունների և այլ մարմինների ներկայացուցիչներին:
3. Միջկառավարական Հանձնաժողովի նիստերը անց են կացվելու տարին մեկ անգամ, հաջորդականության սկզբունքով` Հայաստանի Հանրապետությունում և Չեխիայի Հանրապետությունում: Անհրաժեշտության դեպքում Կողմերը կարող են հրավիրել արտահերթ նիստեր, որոնց անցկացման ժամկետը և վայրը պետք է փոխադարձաբար համաձայնեցվեն Կողմերի ներկայացուցիչների միջև:
4. Միջկառավարական Հանձնաժողովը համատեղ ղեկավարվելու է երկու երկրների` տնտեսական և արդյունաբերական համագործակցության համար պատասխանատու նախարարությունների ներկայացուցիչների կողմից` փոխնախարարի մակարդակով, կամ այդ նպատակով նրանց կողմից լիազորված անձանց կողմից:
5. Միջկառավարական Հանձնաժողովը կարող է ստեղծել մասնագիտացված աշխատանքային խմբեր: Միջկառավարական Հանձնաժողովը իր աշխատանքներին մասնակցելու նպատակով կարող է հրավիրել գործարար շրջանակների կամ մասնավոր հատվածի ներկայացուցիչներին:
6. Միջկառավարական Հանձնաժողովի անդամները նշանակվում են համաձայն յուրաքանչյուր Կողմի ազգային ընթացակարգերի:
Հոդված 5
1. Միջկառավարական Հանձնաժողովի հիմնական նպատակներն են.
ա) երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության ծրագրերի քննարկում և երկու երկրների տնտեսական և զարգացման ծրագրերի մասին տեղեկատվության փոխանակում,
բ) երկկողմ տնտեսական և արդյունաբերական համագործակցության ակտիվացման նոր հնարավորությունների որոնում և բացահայտում, ինչպես նաև համագործակցության պայմանների բարելավմանն ուղղված առաջարկությունների մշակում,
գ) տնտեսական համագործակցությունը և երկու երկրների միջև առևտուրը խոչընդոտող խնդիրների ուսումնասիրում,
դ) համագործակցության նախապատվելի ոլորտների որոնում և գնահատում, որոնց շրջանակներում հնարավոր կլինի իրականացնել տնտեսական համագործակցության հատուկ ծրագրեր, այդ ծրագրերի իրականացման նախապայմանների սահմանում, ինչպես նաև ռազմավարական նպատակներին հասնելու նպատակով համագործակցության ծրագրերի և նախագծերի իրականացում,
ե) հատուկ ուշադրություն երկու երկրների փոքր և միջին ձեռնարկությունների միջև համագործակցության զարգացման նկատմամբ,
զ) սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված, ինչպես նաև սույն Համաձայնագրի կիրառման առնչությամբ ցանկացած հարցերի դիտարկում և ուսումնասիրում,
է) տնտեսական և արդյունաբերական համագործակցության և ներդրումների խթանման ոլորտներում Կողմերի համար որպես խորհրդատվական մարմին ծառայություն:
2. Միջկառավարական Հանձնաժողովը կարող է ներկայացնել առաջարկություններ` սույն Համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
Հոդված 6
1. Կողմերի միջև սույն Համաձայնագրով սահմանված համագործակցությունը կիրականացվի լիովին համապատասխան Կողմերի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների, ներառյալ այն պարտավորությունների, որոնք սահմանված են ինչպես Եվրոպական Ընկերակցությունների և Եվրամիության կողմից կնքած միջազգային պայմանագրերով, այնպես էլ 1996թ. ապրիլի 22-ին ստորագրված` մի կողմից` Եվրոպական Ընկերակցությունների ու նրանց անդամ պետությունների և, մյուս կողմից, Հայաստանի Հանրապետության միջև Գործընկերության և համագործակցության մասին Համաձայնագրով:
2. Կողմերի միջև սույն Համաձայնագրով սահմանված համագործակցությունը չի ազդի յուրաքանչյուր Կողմի` այլ միջազգային պայմանագրերով ստանձնած իրավունքների և պարտավորությունների վրա, որոնք բխում են Եվրոպական Միությանը Չեխիայի Հանրապետության և միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցությունից:
Հոդված 7
1. Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ:
2. Այդ փոփոխությունները կձևակերպվեն սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող առանձին Արձանագրություններով և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 8-րդ Հոդվածով նախատեսված կարգով:
Հոդված 8
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցագրի ստացման օրվանից:
2. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:
3. Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` այդպիսի մտադրության մասին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելով մյուս Կողմին: Սույն Համաձայնագիրն ուժը կկորցնի մյուս Կողմի` այդպիսի ծանուցագիր ստանալու ամսաթվին հաջորդող վեցերորդ ամսվա առաջին օրը:
Կատարված է Պրահա քաղաքում 2014թ. հունվարի 30-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, չեխերեն և անգլերեն լեզուներով, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի մեկնաբանման շուրջ տարաձայնությունների առաջացման դեպքում հիմք է ընդունվում անգլերեն լեզվով տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2014թ. ապրիլի 4-ին
![loading...](/static/img/loader.gif)