Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.03.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.08.10/37(771).1 Հոդ.898.34
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
26.03.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
26.03.2010
Дата вступления в силу
26.03.2010

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության 

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԿԴ/0004/11/09

ԿԴ/0004/11/09

Նախագահող դատավոր՝ Ե. Դարբինյան

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

 

Ե. Դանիելյանի

Հ. Ղուկասյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

     
քարտուղարությամբ

Կ. Աբրահամյանի

 

2010 թվականի մարտի 26-ին

 ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով դիմող Արմեն Սաշայի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանի վերաքննիչ բողոքը մերժելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2009 թվականի դեկտեմբերի 17-ի որոշման դեմ Ա.Հովհաննիսյանի ներկայացուցիչ Ա.Պապիկյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. Նախաքննության մարմնի 2008 թվականի հուլիսի 28-ի որոշմամբ Ա.Հովհաննիսյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի և 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 20114308 քրեական գործը` Մ.Անդրեասյանի, Կ.Խաչատրյանի, նրանց եղբայրներ Կ.Անդրեասյանի և Վ.Խաչատրյանի կողմից Ա.Հովհաննիսյանին և Գ.Բայրամյանին ծեծի ենթարկելու և Ա.Հովհաննիսյանին բռնության ու սպառնալիքի գործադրմամբ 50.000 ԱՄՆ դոլար պարտքի մասին պարտավորագիր գրել տալու փաստի առթիվ:

2. Նախաքննության մարմնի 2009 թվականի հունվարի 28-ի որոշմամբ թիվ 20114308 քրեական գործի վարույթը կարճվել է, և քրեական հետապնդում չի իրականացվել:

Վերոնշյալ որոշման դեմ Ա.Հովհաննիսյանի ներկայացուցիչ Ս.Շահնազարյանը ՀՀ գլխավոր դատախազին բողոք է ներկայացրել, որը չի բավարարվել:

Դատախազի նշված որոշումը Ա.Հովհաննիսյանի ներկայացուցիչը բողոքարկել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Առաջին ատյանի դատարան):

3. 2009 թվականի մայիսի 26-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանը վերացրել է թիվ 20114308 քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին նախաքննության մարմնի 2009 թվականի հունվարի 28-ի որոշումը:

Առաջին ատյանի դատարանի նշված որոշման դեմ վերաքննիչ բողոք չի ներկայացվել:

4. Նախաքննության մարմնի 2009 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ թիվ 20114308 քրեական գործի վարույթը վերստին կարճվել է, և Մ.Անդրեասյանի, Կ.Խաչատրյանի և վերջիններիս եղբայրների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել` հանցագործության դեպքի և հանցակազմի բացակայության հիմքերով:

5. Վերոնշյալ որոշման դեմ Ա.Հովհաննիսյանի ներկայացուցիչ Ս.Շահնազարյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ջ.Ֆարխոյանը գրությամբ հայտնել է, որ այդ որոշումը վերացնելու հիմքեր չկան:

6. 2009 թվականի օգոստոսի 31-ին Ա.Հովհաննիսյանի ներկայացուցիչ Ս.Շահնազարյանը դիմում է ներկայացրել Առաջին ատյանի դատարան` խնդրելով վերացնել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2009 թվականի հուլիսի 3-ի որոշումը:

Առաջին ատյանի դատարանը 2009 թվականի նոյեմբերի 5-ի որոշմամբ մերժել է թիվ 20114308 քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականցնելու մասին նախաքննության մարմնի 2009 թվականի հուլիսի 3-ի որոշումը վերացնելու վերաբերյալ Ա.Հովհաննիսյանի ներկայացուցիչ Ս.Շահնազարյանի բողոքը:

7. Ա.Հովհաննիսյանի ներկայացուցիչ Ա.Պապիկյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2009 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի նոյեմբերի 5-ի որոշումը թողել է օրինական ուժի մեջ, իսկ Ա.Պապիկյանի վերաքննիչ բողոքը` մերժել:

 Վերաքննիչ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 17-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Ա.Հովհաննիսյանի ներկայացուցիչ Ա.Պապիկյանը:

8. Ա.Պապիկյանի բողոքը ՀՀ Վճռաբեկ դատարանը 2010 թվականի մարտի 17-ի որոշմամբ վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով («վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ»):

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

 

9. Վերաքննիչ դատարանի որոշման մեջ առկա է հետևյալ ձևակերպումը. «Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ եթե դատախազին ներկայացված բողոքի կապակցությամբ դատախազը որոշում չի կայացրել, այլ բողոքաբերին պատասխանել է ցանկացած այլ եղանակով, որը նախատեսված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, և եթե չեն անցել ներկայացված բողոքի կապակցությամբ դատախազի կողմից որոշում կայացնելու դատավարական ժամկետները, այդ պատասխանների նկատմամբ չեն կարող կիրառվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի և 263-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները: Այլ կերպ ասած, եթե դատախազի կողմից իրեն ուղղված բողոքի կապակցությամբ կայացվել է ցանկացած այլ ակտ և ոչ թե որոշում, ապա այդ ակտը դատական բողոքարկման առարկա հանդիսանալ չի կարող: Ելնելով վերոգրյալից՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատախազի կողմից որոշում կայացնելու դատավարական ժամկետներն անցնելուց հետո ընդհանուր իրավասության դատարան կարող է բողոքարկվել դատախազի անգործությունը, քանի որ քրեադատավարական օրենքով նախատեսված ընթացակարգը չպահպանելն այդ դեպքում հավասարազոր է անգործության. /Նման դիրքորոշում հայտնել է ՀՀ վճռաբեկ դատարանը 29.06.2009թ-ի թիվ ԵԿԴ/0019/11/09 որոշմամբ/» /գործ թիվ ԿԴ/0004/11/09 գ.թ.100/:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

10. Բողոք բերած անձը փաստարկել է, որ առկա են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետով նախատեսված հիմքերը` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, ինչպես նաև վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալը, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ:

11. Բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ և 390-րդ հոդվածների պահանջները:

Մասնավորապես, բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից սխալ է մեկնաբանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը, ինչպես նաև դատարանը կիրառել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

12. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 17-ի որոշումը և գործը վերադարձնել նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-844 որոշումը, որով հակասահմանադրական է ճանաչվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի «…և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» դրույթը, դատական պրակտիկայում դրան տրված՝ նաև «անգործությանը» վերագրվող բովանդակության մասով, պարտավորեցնո՞ւմ է արդյոք Առաջին ատյանի դատարանին դատական վերահսկողության կարգով ըստ էության քննության առնել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչի 2009 թվականի հուլիսի 3-ի որոշման դեմ դիմող Ա.Հովհաննիսյանի ներկայացուցիչ Ս.Շահնազարյանի բողոքը:

14. Խնդրո առարկա հարցադրման կապակցությամբ իրավական դիրքորոշում Վճռաբեկ դատարանն արտահայտել է Արևիկ Մողրովյանի վերաբերյալ որոշմամբ, որի համաձայն՝ «(...) Մյասնիկ Հարութիկի Ավետիսյանի վերաբերյալ 2009 թվականի հունիսի 29-ի ԵԿԴ/0019/11/09 որոշմամբ ձևավորած դիրքորոշումը (…) պետք է վերանայել և համապատասխանեցնել ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշման հետ:

(…) Վճռաբեկ դատարանը, ղեկավարվելով ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-844 որոշմամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի միասնական կիրառության հետ կապված անհրաժեշտ է համարում ձևավորել հետևյալ մոտեցումը՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատական բողոքարկման առարկա անմիջականորեն կարող են հանդիսանալ քրեական հետապնդման մարմինների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները, եթե դրանք չեն բավարարվել դատախազի կողմից` անկախ նրանից, թե բողոքարկման արդյունքում դատախազի կողմից ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված ակտեր են կայացվել, թե դրսևորվել է անգործություն» (տե՛ս Արևիկ Մողրովյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԿԴ/0076/11/09 որոշման 14-րդ և 15-րդ կետերը):

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչի 2009 թվականի հուլիսի 3-ի որոշման բողոքարկման արդյունքում դատախազը որոշում չի կայացրել (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի նոյեմբերի 5-ի որոշմամբ Ա.Հովհաննիսյանի ներկայացուցչի բողոքը մերժվել է, իսկ Վերաքննիչ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով մինչև ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-844 որոշման կայացումը Մ.Ավետիսյանի վերաբերյալ որոշմամբ Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված այն մոտեցումը, որ ընդհանուր իրավասության դատարան պետք է բողոքարկվի դատախազի անգործությունը, քանի որ քրեադատավարական օրենքով նախատեսված ընթացակարգը չպահպանելն այդ դեպքում հավասարազոր է անգործության (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

16. Հիմք ընդունելով սույն որոշման 14-րդ կետում և համապատասխանաբար նաև Ա.Մողրովյանի որոշման մեջ շարադրված դատողությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները պարտավոր էին դատական վերահսկողության կարգով քննության առնել դիմող Ա.Հովհաննիսյանի ներկայացուցչի բողոքները:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ ըստ էության նոր քննության, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որն առաջացրել է ծանր հետևանքներ, այն է՝ խախտվել են Ա.Հովհաննիսյանի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները (ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներ):

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչի 2009 թվականի հուլիսի 3-ի որոշման դեմ դիմող Արմեն Սաշայի Հովհաննիսյանի ներկայացուցչի դիմումը մերժելու վերաբերյալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի նոյեմբերի 5-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 17-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

 

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան