Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄԻՋԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությունը (այսուհետ` Նախարարություն), մի կողմից, և Եվրոպական համայնքների վիճակագրական գրասենյակը, (այսուհետ` Եվրոստատ), մյուս կողմից,
հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև 1996 թվականին ստորագրված Գործընկերության և Համագործակցության Համաձայնագիրը (ԳՀՀ) և, մասնավորապես, վերջինիս վիճակագրության բնագավառում համագործակցությանը վերաբերող գլուխը,
հաշվի առնելով, որ ԳՀՀ համատեքստում, համագործակցությունը վիճակագրության բնագավառում պետք է ուղղված լինի արդյունավետ վիճակագրական համակարգերի հետագա զարգացմանը, վիճակագրական տվյալների տեղեկատվական և ծրագրային տեխնոլոգիական համատեղելիությանը, արժանահավատ վիճակագրության ժամանակին տրամադրմանը, Կողմերի միջև տնտեսական համագործակցությանը և մոնիտորինգ անցկացնելուն, ինչպես նաև Հայաստանում տնտեսական բարեփոխման գործընթացին աջակցելուն և Հայաստանում մասնավոր ձեռնարկությունների զարգացմանը նպաստելուն,
հաշվի առնելով, այս նպատակով, միջազգային և, մասնավորապես, համայնքի մեթոդներին, ստանդարտներին և դասակարգումներին համապատասխանեցման անհրաժեշտությունը և վիճակագրական տեղեկության համապատասխան փոխանակման կազմակերպման անհրաժեշտությունը` տվյալների բազաներ կառուցելու և/կամ օգտագործելու միջոցով,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1. | Գործունեության ոլորտը |
Կողմերը սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան կհամագործակցեն արտաքին առևտրին վերաբերող վիճակագրական տեղեկությունների փոխանակման բնագավառում:
Հոդված 2. | Նպատակները |
Սույն Համաձայնագրում ընդգրկված վիճակագրական տվյալների փոխանակման նպատակներն են.
- տրամադրել անհրաժեշտ տեղեկատվական աջակցություն Նախարարությանը` նպատակ ունենալով օգնելով ստեղծելու պայմաններ և տրամադրել անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն ԳՀՀ իրականացման համար,
- տրամադրել Եվրոպական հաստատություններին և անդամ պետությունների կառավարություններին այնպիսի տեղեկատվություն, որը պահանջվում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև տնտեսական հարաբերությունների ձևավորման, մոնիտորինգի անցկացման և գնահատման համար, և մատչելի դարձնել Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վիճակագրությունը լայն հասարակայնությանը, գործարար և այլ տնտեսական ու սոցիալական շրջանակներին` Եվրոպական միության շրջանակում:
Հոդված 3. | Վիճակագրական տվյալներ |
Սույն Համաձայնագրում նշված վիճակագրական տվյալները պարունակում են արտաքին առևտրի վերաբերյալ մանրամասն տվյալներ` ըստ սույն Համաձայնագրի անբաժանելի մասը կազմող 1-ին Հավելվածում նշված ձևի:
Հոդված 4. | Ռեսուրսները |
Սույն Համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները կստացվեն համատեղ վիճակագրական համագործակցության ծրագրից, որը հաստատվել է Նախարարության և Եվրոստատի միջև` «TACIS» ծրագրի շրջանակում:
Հոդված 5. | Ընթացակարգերը |
Եվրոստատը և Նախարարությունը միմյանց միջև կփոխանակեն անվճար հրատարակություններ և տվյալներ, որոնք վերաբերում են 1-ին հավելվածում նշված արտաքին առևտրի տվյալների ցանկին:
Տվյալների փոխանակումը կիրականացվի եռամսյակը մեկ` համապատասխան համակարգչային աջակցության միջոցով:
Կողմերի միջև փոխանակված տվյալներն առաջին հերթին պետք է օգտագործվեն իրենց ներպետական նպատակների համար: Հիշյալ տվյալների ցանկացած լրացուցիչ ներառումը հրատարակություններում, նախատեսված արտաքին տարածման համար, կպահանջեն երկու Կողմերի նախօրոք և հստակ համաձայնությունը և համապատասխան մեջբերում հրատարակության տեքստում:
Հոդված 6. | Որոշումների ընդունումը |
Կողմերի միջև գործնական աշխատանքային կապերը կիրականացվեն նրանց կողմից նշանակված ներկայացուցիչների միջև: Սույն Համաձայնագիրն իրականացնելու և մոնիտորինգ անցկացնելու համար որոշումները կընդունվեն, որքանով որ դա հնարավոր է, երկու Կողմերից նշանակված ներկայացուցիչների կողմից:
Սույն Համաձայնագրի իրականացման և մեկնաբանման հետ կապված տարաձայնությունները կկարգավորվեն Կողմերի միջև խորհրդակցությունների միջոցով:
Անհրաժեշտության դեպքում որոշումները կընդունվեն Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի և Եվրոստատի գլխավոր տնօրենի մակարդակներով:
Հոդված 7. | Վերանայումը |
Փոխադարձ համաձայնությամբ Կողմերը կարող են փոփոխություններ և լրացումներ մտցնել սույն Համաձայնագրի մեջ առանձին արձանագրություններով, որոնք կհանդիսանան սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
Այդ արձանագրությունը ուժի մեջ կմտնի սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածում նախատեսված կարգով:
Հոդված 8. | Ուժի մեջ մտնելը |
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ, Կողմերի համար պարտադիր ընթացակարգերի ավարտի մասին միմյանց ծանուցման օրվանից:
Հոդված 9. |
Գործողության ժամկետը |
Սույն Համաձայնագիրը գործում է 5 տարի ժամկետով, որը ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամանակահատվածներով, եթե Կողմերից մեկը ընթացիկ ժամկետի ավարտից առնվազն 6 ամիս առաջ չծանուցի մյուսին Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Երևան քաղաքում 1999 թվականի փետրվարի 23-ին, Լյուքսեմբուրգ քաղաքում 1999 թվականի մարտի 9-ին, երկու օրինակով` հայերեն և անգլերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Հավելված 1
Արտաքին առևտրի վերաբերյալ տվյալների ներկայացման համար օգտագործվելիք ֆորմատը հետևյալն է.
ներկայացման համար սովորական միջոցը մագնիսական ժապավենն է կամ ինտերնետ ցանցի էլեկտրոնային փոստը: Սովորական ֆորմատի ֆայլը սահմանափակված չէ: Օգտագործվելու է ASCII սիմվոլների հավաքածուն: Բացի ստորև նշված տեղեկությունից, անհրաժեշտ է (տվյալների պատշաճ մեկնաբանության համար) մեզ տրամադրել տեղեկություն` օգտագործվող մեթոդաբանության, գաղտնիության այն մեթոդների և կանոնների վերաբերյալ, որոնք օգտագործվում են Ձեր կողմից:
Յուրաքանչյուր գրանցում պետք է ընդգրկի հետևյալ դաշտերը.
Լեսպոնդենտի կոդը |
Միշտ ISO կոդը | ||
|
| ||
Հոսքը |
I-ներմուծման համար, E-արտահանման համար, R-վերաարտահանման համար | ||
|
| ||
Տարին |
Օրինակ, 1996 թ. | ||
|
| ||
Ժամանակահատվածը |
1 (հունվարի) - 12 (դեկտեմբերի)` ամիսների համար 31 (I եռամսյակ) - 34 (IV եռամսյակ)` եռամսյակների համար | ||
|
| ||
Ծագման երկիրը |
Այս դաշտն օգտագործվում է միայն ներմուծման և վերաարտահանման համար և մատնանշում է արտադրության (ծագման) երկիրը: Ծագման երկիրը պետք է կոդավորվի` օգտագործվելով կոդավորումը: Եթե օգտագործվում է այլ կոդավորում, խնդրվում է տրամադրել Ձեր կոդավորումից ISO-ին անցնելու ֆայլը: Այս դաշտն օգտագործվում է միայն ներմուծման, վերաարտահանման համար և մատնանշում է արտադրության (ծագման) երկիրը (ստորև տես` 1-ին և 12-րդ օրինակները): | ||
|
| ||
Նշանակման երկիրը |
Այս դաշտն օգտագործվում է միայն արտահանման և վերաարտահանման համար: Նշանակման երկիրը պետք է կոդավորվի` օգտագործելով ISO կոդավորումը: Եթե օգտագործվում է այլ կոդավորում, խնդրվում է տրամադրել Ձեր կոդավորումից ISO-ին անցնելու ֆայլը: (Ստորև տես` 1-ին և 2-րդ օրինակները): | ||
|
| ||
Ապրանքի կոդը |
Ապրանքի ազգային կոդը վերցված է Ապրանքի նկարագրման և կոդավորման հարմոնիզացված համակարգից (ՀՀ): Շատ երկրներ օգտագործում են Համակցված անվանացանկի (ՀԱ) կոդավորում, որը ՀՀ-ի ընդլայնումն է: | ||
|
| ||
Ծավալը |
Առևտրի ծավալը ԱՄՆ դոլարով կամ եվրոյով (խնդրվում է նշել Ձեր ընտրությունն ուղեկից նամակում): | ||
|
| ||
Առաջին քանակական թիվը |
Առաջին և երկրորդ քանակական թվեր. այս երկու դաշտերը ցույց են տալիս ներմուծված, արտահանված կամ վերաարտահանված ապրանքների քանակությունը, սովորաբար օգտագործվում է միայն մեկ քանակական թիվ, սակայն, որոշ դեպքերում` երկուսը: Եթե առկա են միջազգային առաջարկություններ: Տես` 3-րդ օրինակ, ստորև: | ||
|
| ||
Առաջին քանակական միավորը |
Այս դաշտը ցույց է տալիս այն միավորը, որով արտահայտված է առաջին քանակական թիվը: Այստեղ նախընտրելի է օգտագործել ISO կոդավորումը (կգ, լիտր և այլն): Եթե օգտագործվում է ազգային կոդավորումը, խնդրվում է տրամադրել ֆայլ բացատրություններով: Տես` 3-րդ օրինակը, ստորև: | ||
|
| ||
Երկրորդ քանակական թիվը |
Եթե առկա է այս դաշտը, այն ցույց է տալիս ներմուծվող, արտահանվող և վերաարտահանվող ապրանքների քանակությունը` արտահայտված երկրորդ քանակական միավորով, սովորաբար օգտագործվում է միայն մեկ քանակական թիվ, սակայն որոշ դեպքերում` երկուսը: Դա միշտ լուծվում է ազգային մակարդակով, անգամ, եթե առկա են միջազգային առաջարկություններ: (Ստորև տես` 3-րդ օրինակը): | ||
|
| ||
Երկրորդ քանակական միավորը |
Եթե առկա է երկրորդ քանակական թիվը, այս դաշտը ցույց է տալիս այն միավորը, որով արտահայտված է երկրորդ քանակական թիվը: Այստեղ նախընտրելի է օգտագործել ISO կոդավորումը (կգ, լիտր և այլն): Եթե օգտագործվում է ազգային կոդավորում, խնդրվում է տրամադրել ֆայլ բացատրություններով: (Ստորև տես` 3-րդ օրինակը): |
Օրինակներ
● Օրինակ 1
- Հոսք = R (վերաարտահանում)
- Ծագման երկիր = FI
- Նշանակման երկիր = DE
Նշանակում է ֆիննական ծագում ունեցող ապրանքների վերաարտահանում Գերմանիա:
● Օրինակ 2
- Հոսք =E (արտահանում)
- Ծագման երկիր = (դատարկ դաշտը նշանակում է, որ ապրանքի ծագման երկիրը ձերն է)
- Նշանակման երկիր = DE
Նշանակում է ապրանքի սովորական արտահանում ձեր երկրից Գերմանիա:
● Օրինակ 3. քանակություն ԵՄ առևտրում`
- «Կարտոֆիլի» համար օգտագործվում է միայն առաջին քանակական թիվը` կգ,
- «Կենդանի կենդանիների» համար առաջին քանակական միավորը կգ է, և երկրորդ քանակական միավորը` կետերի թիվը,
- «Գինիների» և այլ ալկոհոլային խմիչքների համար առաջին քանակական միավորը կգ է, և երկրորդ քանակական միավորը` լիտր: Սակայն, «Ոգելից ալկոհոլային խմիչքների» համար երկրորդ քանակական միավորը լիտր է` զուտ (100%) ալկոհոլով:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2000 թվականի ապրիլի 10-ից:
