ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ6/0342/05/08 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Միրզոյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Անտոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ |
2010 թվականի հուլիսի 30-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Անուշավան Նիկողոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 05.03.2010 թվականի վճռի դեմ՝ ըստ Անուշավան Նիկողոսյանի հայցի ընդդեմ ՀՀ Լոռու մարզպետի` մի շարք գործողություններ ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Անուշավան Նիկողոսյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Լոռու մարզպետի 04.04.2008 թվականի թիվ 145-Ա որոշումը, ինչպես նաև 02.04.2008 թվականին կայացած «Ստեփանավանի բշժկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթին վերաբերող փաստաթղթերը և ձայնագրությունը չտրամադրելը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության իրավասությանը պատկանող դիմումները քարտուղարության վարչության պետին հասցեագրելը, քարտուղարության վարչության պետի կատարած օրինախախտումների կապակցությամբ ծառայողական քննություն չանցկացնելը, ՀՀ Լոռու մարզպետի 16.10.2006 թվականի թիվ 285-Ն որոշմամբ սահմանված մրցույթների անցկացման ընթացակարգի 69-րդ կետի խախտմամբ 03.05.2008 թվականի մրցույթը չեղյալ չհայտարարելը, 02.04.2008 թվականին կայացած մրցույթի արդյունքների վիճարկման վերաբերյալ դատական գործընթացի կապակցությամբ 03.07.2008 թվականին նշանակված մրցույթը կամովին չհետաձգելը, 02.04.2008 թվականի մրցույթի հարցազրույցի իրեղեն ապացույց հանդիսացող ձայնագրության ոչնչացման վերաբերյալ ծառայողական քննություն չանցկացնելը և 17.03.2008 թվականին կայանալիք մրցույթի հանձնաժողովի նախագահին, առանց նրա փոխարեն հանձնաժողովի անդամներից մեկին հանձնաժողովի նախագահ նշանակելու, Երևան գործուղելը։
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 05.03.2010 թվականի վճռով հայցը մերժվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անուշավան Նիկողոսյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել ՀՀ Լոռու մարզպետը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով։
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ, 24-րդ, 26-րդ, 113-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանն ընդհանրապես չի անդրադարձել ՀՀ Լոռու մարզպետի գործողությունների օրինականությանը` չնայած այն հանգամանքին, որ վերջինս չէր ներկայացրել որևէ փաստարկ, որի հիմքով նրա գործողությունները 04.04.2008 թվականի թիվ 145-Ա որոշումն ընդունելիս կարող էին համարվել օրինական այն դեպքում, երբ հենց ինքն էր կրում այդ որոշման ընդունման համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքների ապացուցման բեռը:
Բացի այդ, ՀՀ Լոռու մարզպետի 14.04.2008 թվականի թիվ 076/1395-01 և 18.04.2008 թվականի թիվ 076/1476-01 գրություններով Անուշավան Նիկողոսյանի կողմից պահանջված փաստաթղթերը չեն տրամադրվել, իսկ Դատարանը, չնայած այն հանգամանքին, որ պատասխանողը չի ներկայացրել պահանջվող փաստաթղթերը հայցվորին ծանոթանալու նպատակով տրամադրելու վերաբերյալ որևէ ապացույց, ապացուցված է համարել մրցույթին վերաբերող փաստաթղթերը հայցվորին տրամադրած լինելու փաստը:
Սույն գործով չի ապացուցվել, թե ինչու մրցույթի ընթացակարգով նախատեսված չլինելու պարագայում այնուամենայնիվ կատարվել է մրցույթի հարցազրույցի ձայնագրություն, ինչպես նաև այն հայցվորի պահանջով նրան չտրամադրելու վերաբերյալ որևէ պատճառաբանություն չներկայացնելու իրավաչափ լինելը:
Դատարանն անարդարացիորեն իրավաչափ է համարել հայցվորի բոլոր դիմումները ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության վարչության պետին հասցեագրելը, քանի որ հենց պատասխանողի 07.08.2008 թվականի թիվ 076/2481-01 գրությամբ ևս հաստատվել է, որ դիմումներում բարձրացված խնդիրների գերակշիռ մասը գտնվում էր ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության իրավասության ներքո:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 05.03.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության։
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքում նշված փաստարկներն ու առարկությունները հայցվորի կողմից ներկայացված բազմաթիվ հայցադիմումներով քննարկվել և իրենց լուծումն են ստացել ՀՀ վարչական դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ մտած վճիռներով ու որոշումներով, ուստի այդ հիմքով վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 02.04.2008 թվականին անցկացվել է ՀՀ Լոռու մարզպետարանի ենթակայության տակ գտնվող պետությանը սեփականության իրավունքով պատկանող հարյուր տոկոս բաժնեմաս ունեցող «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ (գ.թ. 8)։
2) Անուշավան Նիկողոսյանը 02.04.2008 թվականին բողոք է ներկայացրել ՀՀ Լոռու մարզպետին, որով հայտնել է, որ համաձայն չէ կայացած մրցույթի հարցազրույցի մասով մրցութային հանձնաժողովի քվեարկության արդյունքների հետ և խնդրել է վերանայել մրցութային հանձնաժողովի քվեարկության արդյունքները (գ.թ. 12)։
3) ՀՀ Լոռու մարզպետի 04.04.2008 թվականի թիվ 145-Ա որոշմամբ Անուշավան Նիկողոսյանի վերաբերյալ մրցույթի արդյունքները թողնվել են անփոփոխ (գ.թ. 11)։
4) ՀՀ վարչական դատարանի 26.09.2008 թվականի թիվ ՎԴ6/0169/05/08 վարչական գործի վճռով մերժվել է Անուշավան Նիկողոսյանի հայցն ընդդեմ ՀՀ Լոռու մարզպետարանի` «ՀՀ Լոռու մարզպետարանի ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման)» մրցութային հանձնաժողովի 02.04.2008 թվականին կայացրած որոշումը` Անուշավան Նիկողոսյանի մասով, ու ՀՀ Լոռու մարզպետի 04.04.2008 թվականի թիվ 145-Ա որոշումը անվավեր ճանաչելու և իրեն «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթի հաղթող ճանաչելու պահանջների մասին:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ կետի համաձայն` վարչական դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ:
Սույն գործով վիճարկվել է ՀՀ Լոռու մարզպետի 04.04.2008 թվականի թիվ 145-Ա որոշման, ինչպես նաև 02.04.2008 թվականին կայացած «Ստեփանավանի բշժկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթին վերաբերող փաստաթղթերը և ձայնագրությունը չտրամադրելու, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության իրավասությանը պատկանող դիմումները քարտուղարության վարչության պետին հասցեագրելու, քարտուղարության վարչության պետի կատարած օրինախախտումների կապակցությամբ ծառայողական քննություն չանցկացնելու, ՀՀ Լոռու մարզպետի 16.10.2006 թվականի թիվ 285-Ն որոշմամբ սահմանված մրցույթների անցկացման ընթացակարգի 69-րդ կետի խախտմամբ 03.05.2008 թվականի մրցույթը չեղյալ չհայտարարելու, 02.04.2008 թվականին կայացած մրցույթի արդյունքների վիճարկման վերաբերյալ դատական գործընթացի կապակցությամբ 03.07.2008 թվականին նշանակված մրցույթը կամովին չհետաձգելու, 02.04.2008 թվականի մրցույթի հարցազրույցի իրեղեն ապացույց հանդիսացող ձայնագրության ոչնչացման վերաբերյալ ծառայողական քննություն չանցկացնելու և 17.03.2008 թվականին կայանալիք մրցույթի հանձնաժողովի նախագահին, առանց նրա փոխարեն հանձնաժողովի անդամներից մեկին հանձնաժողովի նախագահ նշանակելու, Երևան գործուղելու իրավաչափության հարցը:
Դատարանը գտել է, որ ՀՀ Լոռու մարզպետի 04.04.2008 թվականի թիվ 145-Ա որոշումն ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Լոռու մարզպետի 16.10.2006 թվականի թիվ 285-Ն որոշման պահանջներին համապատասխան, և դրանց իրավաչափությունը հիմնավորվել է նաև ՀՀ վարչական դատարանի կողմից քննված և ըստ էության լուծում ստացած օրինական ուժի մեջ մտած վճռով:
ՀՀ վարչական դատարանի 26.09.2008 թվականի թիվ ՎԴ6/0169/05/08 վարչական գործի վճռով մերժվել է Անուշավան Նիկողոսյանի հայցն ընդդեմ ՀՀ Լոռու մարզպետարանի` «ՀՀ Լոռու մարզպետարանի ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման)» մրցութային հանձնաժողովի 02.04.2008 թվականին կայացրած որոշումը` Անուշավան Նիկողոսյանի մասով, ու ՀՀ Լոռու մարզպետի 04.04.2008 թվականի թիվ 145-Ա որոշումը անվավեր ճանաչելու և իրեն «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթի հաղթող ճանաչելու պահանջների մասին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված որոշմամբ արդեն իսկ քննարկման առարկա է դարձել ՀՀ Լոռու մարզպետի 04.04.2008 թվականի թիվ 145-Ա որոշման, հայցապահանջի հիմքում ընկած 02.02.2008 թվականին կայացած «Ստեփանավանի բշժկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթի իրավաչափության հարցը. արդյունքում դրանք ճանաչվել են իրավաչափ: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ՀՀ Լոռու մարզպետի 04.04.2008 թվականի թիվ 145-Ա որոշումն անվավեր ճանաչելու մասով ենթակա է կարճման, քանի որ ՀՀ վարչական դատարանի 26.09.2008 թվականի թիվ ՎԴ6/0169/05/08 վարչական գործով միևնույն կողմերի մասնակցությամբ արդեն իսկ քննվել է ՀՀ Լոռու մարզպետի 04.04.2008 թվականի թիվ 145-Ա որոշումը անվավեր ճանաչելու պահանջը, և կայացվել է վճիռ:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի մնացած փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են, քանի որ բողոքարկվող վճռով դրանք մանրամասն վերլուծվել են, և յուրաքանքչյուր պահանջի վերաբերյալ ներկայացվել են մերժման հիմնավոր պատճառաբանություններ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 05.03.2010 թվականի վճռի` ՀՀ Լոռու մարզպետի 04.04.2008 թվականի թիվ 145-Ա որոշումը անվավեր ճանաչելու մասը և այդ մասով գործի վարույթը կարճել: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Ս. Անտոնյան |
Վ. Աբելյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |