ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/3145/05/09 վարչական գործ թիվ ՎԴ/3145/05/09 2010թ.
Նախագահող դատավոր՝ Տ. Մուկուչյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ | ||
Մ. Դրմեյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2010 թվականի մարտի 12-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 29.09.2009 թվականի վճռի դեմ` ըստ անհատ ձեռնարկատեր Կարեն Հովհաննիսյանի հայցի ընդդեմ Կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն)` Տեսչության 21.05.2009 թվականի թիվ 1303066 ակտն անվավեր ճանաչելու և այն վերացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Կարեն Հովհաննիսյանը պահանջել է անվավեր ճանաչել և վերացնել Տեսչության 21.05.2009 թվականի թիվ 1303066 ակտը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 29.09.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կարեն Հովհաննիսյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը կիրառել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը համոզմունք է հայտնել, որ ստուգման հանձնարարագիրը ստորագրված չէ այն պաշտոնատար անձի կողմից, որն ունի այդ իրավասությունը: Մինչդեռ, նշված եզրահանգումն անհիմն է, քանի որ ստուգման հանձնարարագիրը ստորագրվել է դրա իրավասությունն ունեցող պաշտոնատար անձի կողմից:
2) Դատարանը կիրառել է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ ստուգում իրականացնող պաշտոնատար անձինք մինչև ստուգումը սկսելն ուսումնասիրել են Կարեն Հովհաննիսյանի հարկման գործը, և արդյունքում պարզվել է, որ վերջինս չի համարվում ավելացված արժեքի հարկ վճարող: Կարեն Հովհաննիսյանի մոտ իրականացված ստուգումն օրացուցային տարվա կտրվածքով երկրորդ ստուգումն էր, այսինքն՝ օրենքով սահմանված կարգով կիրառվել է 150.000 ՀՀ դրամ տուգանքը, իսկ Դատարանի եզրահանգումը «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության մասով տվյալ դեպքում կիրառելի չէ:
Բացի այդ, նշված հոդվածի մասով տրվել է պաշտոնական պարզաբանում, որը լիարժեք չի ուսումնասիրվել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 29.09.2009 թվականի վճիռը և այն փոփոխել՝ հայցը մերժել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները
Դատարանը նշել է, որ Կոմիտեի նախագահի անունից 20.05.2009 թվականին տրվել է թիվ 1303066 հանձնարարագիրը, որը ստորագրված է այլ անձի կողմից, որի ինքնությունը (այդ թվում՝ զբաղեցրած պաշտոնը) դատաքննությամբ հնարավոր չեղավ պարզել: Իսկ Տեսչությունը կաշկանդված չէր և ունեցել էր բավականին երկար ժամանակ՝ վճռաբեկ բողոքին կից ներկայացված 14.05.2009 թվականի թիվ 2/218 հրամանի մասին տեղյակ լինելու և այն Դատարան ներկայացնելու համար, որը չի ներկայացվել:
Դատարանի կողմից «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության կիրառման վերաբերյալ բողոք բերած անձի պատճառաբանություններն անհիմն են, քանի որ եթե պարզվեր, որ Կարեն Հովհաննիսյանը ավելացված արժեքի հարկ վճարող է, և նրա կողմից կատարվել են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ, ապա կիրառվող տուգանքի չափը կիրառված 150.000 ՀՀ դրամի փոխարեն պետք է լիներ 300.000 ՀՀ դրամ՝ հիմք ընդունելով ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի օգոստոսի 21-ի ՀՕ-139-Ն օրենքը:
Բողոք բերած անձը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.5-րդ հոդվածի 2-րդ մասը, քանի որ վերջինս վճռաբեկ բողոքում նշված «նյութական խախտումների» մասին իր դիրքորոշումը չի հայտնել գործի քննության ընթացքում, թեև զրկված չէր այն հայտնելու հնարավորությունից:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Կոմիտեի նախագահի անունից 20.05.2009 թվականին տրված թիվ 1303066 հանձնարարագրի հիման վրա Կարեն Հովհաննիսյանի մոտ կատարվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում (գ.թ. 13):
2) Տեսչության 21.05.2009 թվականի թիվ 1303066 ակտի 2-րդ կետի համաձայն՝ «Համապատասխան նախորդ ստուգումը, որով արձանագրվել է խախտում, կատարվել է Շենգավիթի ՀՏ կողմից, կազմվել է 15.01.2009թ. N 2301779 ստուգման ակտը, որով արձանագրվել է 75,0 հազար դրամ տուգանք: Ստուգմամբ պարզվեց, որ ս/թ մայիսի 21-ին ժամը 1214-ին ք. Երևան, Ֆուչիկի 26-2 հասցեում գործող ա/ձ Կ. Հովհաննիսյանի խանութից կատարվեց գնում, գնվեց մեկ տուփ բնական հյութ 250 դրամ արժողությամբ, որի գումարը վաճառքի պահին չմուտքագրվեց ՀԴՄ և ՀԴՄ-ի կտրոն չտրամադրվեց: Ժամը 1218-ին հանվեց Z հաշվետվություն, որտեղ արտացոլված էր 2720 դրամ օրական հասույթով: Խախտվել է ՀՀ կառավարության 26.08.04թ. թիվ 1325-Ն (ՀԴՄ-ի շահագործման կանոնների մասին) որոշման պահանջները և ըստ ՀԴՄ կիրառման մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերության, նշված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում առաջացնում է տուգանք 150,0 հազ. դրամի չափով» (գ.թ. 14-15):
3) 21.05.2009 թվականի հսկիչ-դրամարկղային մեքենայի դրամարկղային կտրոնի համաձայն՝ Կարեն Հովհաննիսյանից նույն թվականին ժամը 1219-ին կատարվել է 250 ՀՀ դրամի գնում (գ.թ. 60):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը մատնանշում է այն փաuտերը, որոնք, իր կարծիքով, էական են վեճի լուծման համար, և անհրաժեշտության դեպքում կողմերից պահանջում է ներկայացնել այդ փաuտերի ապացույցներ:
Նշված հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով իրավաuու է, չuահմանափակվելով վարչական դատավարության մաuնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ, մաuնավորապեu, պահանջելու վարչական վարույթի նյութեր, տեղեկություններ, ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու կողմերին անձամբ ներկայանալ դատական նիuտի:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարական գործողությունների իրականացումը թեև Դատարանի իրավունք է, սակայն Դատարանի այդ իրավունքը սահմանափակված է նույն օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու Դատարանի պարտականությամբ և պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից (տե՛ս ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչության հայցի ընդդեմ «Ջորջ ընդ Բրանդն» ՍՊԸ-ի` 131.200 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, թիվ ՎԴ/5525/05/08 (2009թ.) վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):
Սույն գործով Դատարանը պատճառաբանել է, որ Կոմիտեի նախագահի անունից (Կոմիտեի նախագահի ձևաթղթով) 20.05.2009 թվականին տրվել է թիվ 1303066 հանձնարարագիրը, որը ստորագրված է այլ անձի կողմից, որի ինքնությունը (այդ թվում՝ զբաղեցրած պաշտոնը) դատաքննությամբ հնարավոր չեղավ պարզել:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, կարևորելով Կոմիտեի նախագահի անունից 20.05.2009 թվականին տրված թիվ 1303066 հանձնարարագիրն այլ անձի կողմից ստորագրված լինելու փաստը, պարտավոր էր Տեսչությունից պահանջել ներկայացնելու այդ անձի՝ հանձնարարագիրը ստորագրելու լիազորությունը հավաստող ապացույցը: Մինչդեռ, Դատարանը, առանց Տեսչությունից համապատասխան ապացույցներ պահանջելու, այլ անձի կողմից հանձնարարագիրը ստորագրելու լիազորություն ունենալու փաստը հիմնավորված չի համարել և այդ հանգամանքը նույնպես դրել է հայցը բավարարելու հիմքում:
2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և (կամ) շահագործման կանոնների խախտմամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում են հարյուր հիսուն հազար դրամի չափով: Տուգանքը նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, նույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումն առաջին անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում են երեք հարյուր հազար դրամի չափով, և նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է 5 օրով: Գործունեության կասեցման հիմքերի վերաբերյալ հայտարարությունը փակցվում է գնորդների և հաճախորդների համար տեսանելի տեղում:
Նշված պարբերություններով նախատեսված տուգանքների չափերը սահմանվել են ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի օգոստոսի 21-ի ՀՕ-139-Ն օրենքի 2-րդ հոդվածով: Մասնավորապես, նշված հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունում «յոթանասունհինգ հազար» բառերը փոխարինել «հարյուր հիսուն հազար» բառերով, երկրորդ պարբերությունում «հարյուր հիսուն հազար» բառերը՝ «երեք հարյուր հազար» բառերով, երրորդ պարբերությունում «երեք հարյուր հազար» բառերը՝ «վեց հարյուր հազար» բառերով: Իսկ այդ օրենքի 3-րդ հոդվածով սահմանվել է, որ նույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից, իսկ նույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանվող փոփոխություններն ավելացված արժեքի հարկ վճարող չհանդիսացողների մասով ուժի մեջ են մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:
Վերոգրյալ նորմերից հետևում է, որ Տեսչության 21.05.2009 թվականի թիվ 1303066 ակտը կայացնելու պահին ավելացված արժեքի հարկ վճարող չհանդիսացողների նկատմամբ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ պարբերություններով կարող էր նշանակվել տուգանք 75.000 ՀՀ դրամի, ապա նաև նույն խախտումը մեկ տարվա ընթացքում առաջին անգամ կրկնելու դեպքում՝ 150.000 ՀՀ դրամի չափով:
Սույն գործով Դատարանը պատճառաբանել է, որ տվյալ դեպքում պատասխանատվություն սահմանող կիրառման ենթակա իրավանորմի որոշման համար էական նշանակություն ունի պարզելու, թե Կարեն Հովհաննիսյանը ավելացված արժեքի հարկ վճարող է, թե՝ ոչ: Վարչական ակտը չի պարունակում որևէ դրույթ առ այն, որ նշված հանգամանքը դարձել է քննարկման առարկա իրականացված վարչական վարույթի ժամանակ:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ Տեսչության իրականացրած վարչական վարույթի ընթացքում Կարեն Հովհաննիսյանի՝ ավելացված արժեքի հարկ վճարող չհանդիսանալու հանգամանքի քննարկման և պարզման փաստն ապացուցվում է վիճարկվող ակտով խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնվելու համար նշանակված տուգանքի չափով:
Մասնավորապես, Տեսչության 21.05.2009 թվականի թիվ 1303066 ակտի 2-րդ կետում արձանագրվել է, որ Տեսչության կողմից կատարված համապատասխան նախորդ ստուգման արդյունքում 15.01.2009 թվականին կազմվել է թիվ 2301779 ստուգման ակտը, որով նշանակվել է 75.000 ՀՀ դրամ տուգանք, իսկ վիճարկվող ակտով 150.000 ՀՀ դրամ տուգանք է նշանակվել նախորդ ակտով արձանագրված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնվելու համար:
Այսինքն` սույն գործում առկա են բավարար ապացույցներ, որոնք հաստատում են այն հանգամանքը, որ Տեսչությունը մինչև վիճարկվող ակտով Կարեն Հովհաննիսյանի նկատմամբ տուգանք նշանակելը պարզել է վերջինիս՝ ավելացված արժեքի հարկ վճարող չհանդիսանալու հանգամանքը, այլապես տուգանքի չափի խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում չէր կարող կազմել 150.000 ՀՀ դրամ, այլ կկազմեր 300.000 ՀՀ դրամ:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի թույլ տված վերը նշված խախտումները չեն հանգեցրել գործի սխալ լուծմանը և վճռաբեկ բողոքի պատճառաբանությունները Դատարանի ըստ էության ճիշտ վճիռը բեկանելու հիմք հանդիսանալ չեն կարող հետևյալ պատճառաբանությամբ.
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն՝ ստուգման ակտում պետք է նկարագրվեն արձանագրված խախտումները, այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել, խախտման կոնկրետ ժամանակը, հղում՝ համապատասխան փաստաթղթերին, պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը:
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները սահմանվում են նույն օրենքով: Հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջները, գրանցման կարգը և շահագործման կանոնները, ինչպես նաև դրանց շահագործման համար օգտագործվող ժապավեններին ներկայացվող պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողների կողմից կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաներին կամ նույն օրենքի 8-րդ հոդվածում նշված պահանջներին բավարարող ծրագիր պարունակող համակարգչային սարքավորումներին ներկայացվող պահանջները, գրանցման կարգը և շահագործման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ հարկային մարմնի հետ համատեղ:
Նշված օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքի, ինչպես նաև նույն օրենքի 5-րդ հոդվածում նշված կարգերի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
ՀՀ կառավարության 26.08.2004 թվականի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին» թիվ 1325-Ն որոշմամբ հաստատված «Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման» կանոնների (այսուհետ՝ Կանոններ) 1-ին կետի համաձայն՝ նույն կանոնները մշակվել են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
Կանոնների 19-րդ կետի համաձայն՝ պատասխանատու անձը պարտավոր է՝ ա) հաշվիչ սարքի միջոցով մուտքագրել դրամական գումարը, որոշել ընդհանուր գումարը և տեղեկացնել գնորդին, պատվիրատուին և այլն, բ) ՀԴՄ-ի միջոցով տպել և գումարն ստանալու պահին ապրանքի հետ միասին գնորդին, պատվիրատուին տրամադրել դրամարկղային չեկ (կտրոն), իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման ժամանակահատվածում՝ ժապավենի դարձերեսին հատուկ համար (համարներ) պարունակող չեկ (կտրոն), գ) ծառայությունների մատուցման դեպքում՝ չեկը (կտրոնը) տրամադրվում է այդ ծառայության դիմաց կանխիկ վճարում ստանալու պահին:
Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և (կամ) շահագործման կանոնների խախտմամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման համար պատասխանատվությունն առաջանում է նույն օրենքի ուժով ընդունված Կանոններով նախատեսված պատասխանատու անձի կողմից հաշվիչ սարքի միջոցով դրամական գումարը չմուտքագրելու, կամ ընդհանուր գումարը չորոշելու և գնորդին կամ պատվիրատուին չտեղեկացնելու, կամ հաշվիչ-դրամարկղային մեքենայի միջոցով չտպելու և գումարն ստանալու պահին ապրանքի հետ միասին գնորդին, պատվիրատուին դրամարկղային չեկ (կտրոն) չտրամադրելու, կամ ծառայությունների մատուցման դեպքում՝ չեկը (կտրոնը) այդ ծառայության դիմաց կանխիկ վճարում ստանալու պահին չտրամադրելու պարտականության չկատարման դեպքում: Ընդ որում, վարչական մարմինը ստուգման ընթացքում նշված խախտումների հայտնաբերման դեպքում օրենքի ուժով պարտավոր է դրանք արձանագրել ստուգման ակտում: Միայն նշված պահանջի պահպանման արդյունքում է հնարավոր հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և (կամ) շահագործման կանոնների խախտման համար որևէ կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը ենթարկել պատասխանատվության: Այսինքն` տուգանք կիրառելու համար բավարար չէ միայն կոնկրետ խախտման հայտնաբերումը, այլ այդ խախտումը սահմանված կարգով և ժամկետներում ենթակա է արձանագրման և ապացուցման, որի պարտավորությունը դրված է վարչական մարմնի վրա:
Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է նաև այն հանգամանքները, որ Կարեն Հովհաննիսյանի խանութից «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան հսկիչ գնում չի իրականացվել: Ստուգման ընթացքում դրամարկղում առկա դրամական միջոցների չափը չի հանդիսացել ուսումնասիրման առարկա (չի հաշվարկվել), «Z» հաշվետվության մեծության և դրամարկղում առկա միջոցների տարբերության փաստ՝ իրականացված վարչարարությամբ չի բացահայտվել (հայտնաբերվել) և սահմանված կարգով չի ամրագրվել ստուգման ակտում: Իրականացված վարչարարությամբ ու կազմված վարչական ակտով չի հիմնավորվել այն հանգամանքը, որ Կարեն Հովհաննիսյանից կատարված 250 ՀՀ դրամի գնումի դեպքում չի տրվել դրամարկղային կտրոն:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանությունները հիմնավոր են և բխում են գործում առկա ապացույցներից:
Այսպես` սույն գործում առկա չէ որևէ ապացույց, որով կհաստատվեր այն հանգամանքը, որ Կարեն Հովհաննիսյանի մոտ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հավելվածի «Հսկիչ գնումների անցկացման» կարգի պահանջներին համապատասխան իրականացվել է հսկիչ գնում, իսկ վիճարկվող ակտում նշված 250 ՀՀ դրամ արժողությամբ մեկ տուփ բնական հյութի գնումը չի կարող դիտվել որպես այդպիսին, քանի որ Տեսչությունն ի սկզբանե չի ունեցել նշված կարգի 1.4-րդ կետին համապատասխան տրված հսկիչ գնում իրականացնելու հանձնարարագիր, ինչպես նաև կատարված գնման արդյունքում չի կազմվել նույն կարգի 1.6-րդ կետով սահմանված արձանագրություն:
Վիճարկվող ակտում արձանագրված չեն նաև հայտնաբերված խախտումները, մասնավորապես, ստուգման ընթացքում դրամարկղում առկա դրամական միջոցների չափի, հանված հաշվետվության մեծության և դրամարկղում առկա միջոցների տարբերության վերաբերյալ որևէ նշում այն չի պարունակում:
Ինչ վերաբերում է 21.05.2009 թվականին ժամը 1219-ի դրությամբ 250 ՀՀ դրամի գնում կատարելու հանգամանքին, ապա դրա վերաբերյալ գործում առկա հսկիչ-դրամարկղային մեքենայի հսկիչ ժապավենը հավաստում է միայն այն փաստը, որ Կարեն Հովհաննիսյանից կատարվել է 250 ՀՀ դրամի գնում, և այդ գնման արդյունքում տրվել է դրամարկղային կտրոն: Իսկ այն հանգամանքը, որ նշված գնումը վիճարկվող ակտում նշված ժամը 1214-ի գնումն է, որի ժամանակ դրամարկղային կտրոն չի տրամադրվել, գործում առկա ապացույցներով չի հիմնավորվում:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանն իրավացիորեն հաստատված է համարել այն հանգամանքը, որ իրականացված վարչարարությամբ ու կազմված վարչական ակտով չի հիմնավորվել, որ Կարեն Հովհաննիսյանից կատարված 250 ՀՀ դրամի գնումի դեպքում դրամարկղային կտրոն չի տրվել:
Ուստի, ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում հիմք ընդունելով վերոհիշյալ պատճառաբանությունները՝ անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով սահմանված՝ գործն ըuտ էության ճիշտ լուծող թերի պատճառաբանված, uխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված դատական ակտը պատճառաբելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
Ինչ վերաբերում է Կոմիտեի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.5-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը խախտելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումներն ուժի մեջ են մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չեն: Հետևաբար, վճռաբեկ բողոքը քննության ընդունելու պայմաններում վճռաբեկ բողոքի պատասխանի նշված փաստարկը ենթակա չէ քննարկման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վարչական դատարանի 29.09.2009 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան Դատավորներ` Ե. Սողոմոնյան Վ. Աբելյան Ս. Անտոնյան Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ Մ. Դրմեյան Ե. Խունդկարյան Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան