ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
18 մարտի 2010 թվականի N 569-Ա
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ N 1 ՇԵՆՔԻ ԲԱԿՈՒՄ ԲԱԶՄԱՀԱՐԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքի կազմից հետ վերցնել Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի N 3 հասցեում գտնվող` 3176.85 քառ. մետր ընդհանուր մակերեսով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության շենքն ու դրա զբաղեցրած` օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1219 քառ. մետր հողատարածքը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը:
2. Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի N 3 հասցեում գտնվող տարածքի համալիր իրացման գործընթացում որպես կառուցապատող ներգրավել «ՌՈՍԻՉ ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` կառուցապատող):
3. Երևան քաղաքի Հայաստանի Հանրապետության կառավարական N 1 շենքի բակում կառուցվող բազմահարկ վարչական շենքի (այսուհետ` վարչական շենք) շինարարությունն իրականացնելու (կառուցելու) համար, որպես վճարման միջոց, կառուցապատողին սեփականության իրավունքով փոխանցել հետևյալ գույքը`
1) Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի N 3 հասցեում գտնվող` 3176.85 քառ. մետր ընդհանուր մակերեսով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության շենքը` 1219 քառ. մետր զբաղեցրած հողատարածքով.
2) պետական սեփականություն համարվող` Երևան քաղաքի Զաքիյան փողոցի N 2/1 հասցեում գտնվող կաթսայատան շենքը` 9700 խոր. մետր ծավալով և 1939,2 քառ.մետր զբաղեցրած հողատարածքով.
3) պետական սեփականություն համարվող` Երևան քաղաքի Զաքիյան փողոցի N 2/1 հասցեում գտնվող լաբորատոր շենքը` 7000 խոր. մետր ծավալով և 347,0 քառ. մետր զբաղեցրած հողատարածքով:
4. Համաձայն սույն որոշման 3-րդ կետի` Երևան քաղաքի Հայաստանի Հանրապետության կառավարական N 1 շենքի բակում բազմահարկ վարչական շենքի կառուցման նախագծի համալիր իրականացման նպատակով կառուցապատողի հետ կնքել գլխավոր կապալի պայմանագիր` սահմանելով հետևյալ պարտադիր պայմանները`
1) կառուցապատողն իր միջոցների հաշվին, գլխավոր կապալի պայմանագրի և ամփոփ ֆինանսական հաշվարկի շրջանակներում իրականացնում է վարչական շենքի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումն ու սահմանված կարգով համաձայնեցումը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հետ, շինարարական համալիր աշխատանքների կատարումը, որի ավարտից հետո կառուցված շենքը (այսուհետ` կապալի պայմանագրի առարկա) սահմանված կարգով հանձնում է Հայաստանի Հանրապետությանը` ի սեփականություն: Այն ենթակա է հանձնման «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.
2) շինարարական աշխատանքների ավարտման ժամկետը սահմանել 18 ամիս` շինարարության ամբողջական թույլտվություն ստանալու օրվանից.
3) նախագծի մշակման և շինարարության իրականացման արժեքը չի կարող պակաս լինել 10.0 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամից` ներառյալ ավելացված արժեքի հարկը, որը հաշվարկվում է կառուցապատողի հետ կնքված գլխավոր կապալի պայմանագրի պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հաստատված փոխարժեքով.
4) գլխավոր կապալի պայմանագրի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում` սահմանված շինարարության արժեքը փոփոխության ենթակա չէ։ Ինչպես նաև պայմանագրում նախատեսել համապատասխան դրույթ` Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ վարչական շենքի ընդհանուր մակերեսը 13000 քառ. մետրը գերազանցելու դեպքում շինարարության արժեքի ավելացման հետևանքով կողմերի միջև փոխհարաբերությունների կարգավորման վերաբերյալ.
5) կառուցապատողն է կարգավորում գույքային հարաբերությունները Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի N 3 հասցեում գտնվող` հրդեհից տուժած շենքում տեղակայված սենքերի սեփականատերերի և այլ գույքային իրավունքներ ունեցող սուբյեկտների հետ:
5. Առաջարկել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել`
1) վարչական շենքի ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը` այն նախօրոք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ.
2) սույն որոշման 3-րդ կետում նշված հողամասերի մակերեսների սահմանների ճշգրտումը, անհրաժեշտության դեպքում հողամասերի կամ դրանց առանձին մասերի փոխանակումը, ընդլայնումը և դրանցից միասնական հողատարածքի կազմավորումը.
3) վարչական շենքի և Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի N 3 հասցեում բազմաֆունկցիոնալ համալիր շինարարություն իրականացնելու թույլտվության տրամադրումը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` կնքել սույն որոշման 5-րդ կետի համաձայն կազմավորված միասնական հողատարածքի և դրա վրա տեղադրված շենքերի ու շինությունների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման, որպես վարչական շենքի կառուցման դիմաց վճարման միջոց, ինչպես նաև սույն որոշման 4-րդ կետով նախատեսված վարչական շենքի կառուցման պարտավորություններն ապահովելու նպատակով գրավի պայմանագիր` գրավի առարկա նախատեսելով Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի N 3 հասցեի միասնական հողատարածքը և այնտեղ կառուցվելիք բազմաֆունկցիոնալ համալիրը (կառույցները):
7. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ` սույն որոշման 4-րդ կետի համաձայն կառուցապատողի հետ կնքել գլխավոր կապալի պայմանագիր վարչական շենքի համալիր իրականացման վերաբերյալ:
8. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի «Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության կառավարական N 1 շենքի բակում վարչական շենքի կառուցման ներդրումային ծրագիրն իրականացնելու մասին» N 1498-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. հունիսի 29 Երևան |
|