«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
17 սեպտեմբերի 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60004239
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
16 սեպտեմբերի 2004 թ. |
N 111-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԻՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի օգոստոսի 30-ի N 56-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման N 0092 լիցենզիայի պայմանները հաստատելու մասին» N 79-Ա որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տրված էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման N 0092 լիցենզիայի պայմանների 4.42 կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել հատուկ հաշվից վճարումներ կատարելու և երաշխիքային գումարն օգտագործելու կարգը (հավելված):
2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգին համապատասխան կնքված հատուկ հաշվի և երաշխիքային գումարի հաշվի սպասարկման ու գրավի պայմանագրերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 10-օրյա ժամկետում:
3. Սահմանել, որ մինչև 10 ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող էլեկտրական էներգիա արտադրող ընկերությունները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ գրավի պայմանագիր չեն կնքում:
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի դեկտեմբերի 10-ի «Հատուկ հաշվից վճարումներ կատարելու և երաշխիքային գումարն օգտագործելու կարգը հաստատելու մասին» N 89-Ն և Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի հունիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի դեկտեմբերի 10-ի N 89-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 36-Ն որոշումները:
5. Մինչև 2004 թվականի հոկտեմբերի 1-ն առաքված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները կատարվում են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող կարգով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հոկտեմբերի 1-ից:
(6-րդ կետը փոփ. 30.11.04 N 156-Ն)
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Հավելված |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԻՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ
1. Համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 1-ի N 79-Ա որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տրված էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման N 0092 լիցենզիայի պայմանների 4.22, 4.39, 4.40 և 4.41 կետերի, արտադրողներին և շուկային ծառայություններ մատուցող ընկերություններին առաքված էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների դիմաց երաշխավորված վճարումներ ապահովելու համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկում բացում է հատուկ հաշիվ և գրավադրում երաշխիքային գումար կամ ներկայացնում է հանձնաժողովի հետ համաձայնեցված բանկային երաշխիք` անհրաժեշտ երաշխիքային գումարի չափով (այսուհետ` երաշխիքային գումար)` որպես նախորդ ամսվա վերջի դրությամբ առկա պարտքերի վճարումն ապահովելու լրացուցիչ միջոց: Երաշխիքային գումարը 2004 թվականից սկսած կազմում է նախորդ տարվա միջին ամսական գնված էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների ընդհանուր գումարի 10%-ը: Հատուկ հաշիվը և երաշխիքային գումարի հաշիվը սպասարկող բանկերի ընտրությունը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ:
2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության` սույն կարգի 1-ին կետում նշված հատուկ հաշվի և երաշխիքային գումարի հաշվի սպասարկման պայմանագրերը և դրանցում կատարվող փոփոխությունները նախապես համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ:
3. Հատուկ հաշվի միջոցները և գրավադրված երաշխիքային գումարը կառավարվում են սույն կարգին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տրված լիցենզիայի պայմաններին և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված պայմանագրերի օրինակելի ձևերին համապատասխան:
4. Սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողների կողմից կատարվող բոլոր դրամական վճարումներն ընդունվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի և վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու լիցենզիա ստացած իրավաբանական անձանց (այսուհետ՝ վճարահաշվարկային կազմակերպություններ) կողմից, այդ բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների հետ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կնքած պայմանագրերի հիման վրա: Համաձայն այդ պայմանագրերի՝ սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից մուտքագրված գումարներն առևտրային բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից մեկ բանկային օրվա ընթացքում փոխանցվում են սույն կարգի 1-ին կետում նշված հատուկ հաշվին: Առևտրային բանկերը և վճարահաշվարկային կազմակերպությունները սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից մուտքագրված գումարները, բացի սույն կարգի 1-ին կետում նշված հատուկ հաշվից, որևէ այլ բանկային հաշիվների չեն կարող փոխանցել, ինչն ամրագրվում է բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների հետ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կնքած պայմանագրերում: Այդ պայմանագրերը և հետագայում դրանցում կատարվող փոփոխությունները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանը:
(4-րդ կետը խմբ. 09.06.10 N 281-Ն)
5. Գնված էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների դիմաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության դրամային վճարումները կարող են իրականացվել միայն հատուկ հաշվի միջոցով` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության վճարման հանձնարարագրերի հիման վրա:
6. Վճարման պահին, բայց ոչ ուշ, քան պայմանագրերով սահմանված ժամկետը, հատուկ հաշվում միջոցների անբավարար լինելու դեպքում, այդ հաշիվն սպասարկող բանկը, առանց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության համաձայնության, պակասը լրացնում է երաշխիքային գումարից` սույն կարգին և պայմանագրին համապատասխան: Այն դեպքում, երբ երաշխիքային գումարը չի բավարարում վճարումներն ապահովելու համար, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է մինչև վճարման պահը հատուկ հաշվին փոխանցել պակասող գումարը: Նշված երաշխիքային գումարի սպառման կամ մասնակի օգտագործման դեպքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է եռօրյա ժամկետում լրացնել սահմանված չափաքանակը:
7. Յուրաքանչյուր ամսվա հինգից հատուկ հաշվին մուտքագրված գումարները համարվում են գրավադրված էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրող և շուկային ծառայություններ մատուցող ընկերությունների օգտին` որպես նախորդ ամսվա վերջի դրությամբ առկա պարտքերի վճարումն ապահովելու միջոց, որը ամրագրվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության և էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրող և շուկային ծառայություններ մատուցող ընկերությունների միջև կնքվող գրավի պայմանագրում (պայմանագրերում): Գրավի պայմանագիրը (պայմանագրերը), ինչպես նաև նրանում (նրանցում) կատարվող փոփոխությունները և լրացումները համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ: Գրավադրումը դադարում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից նախորդ ամսվա վերջի դրությամբ առկա դրամական պարտավորությունների ամբողջական կատարումից հետո: Նշված գործառույթի իրականացումից հետո միայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը կարող է տնօրինել հատուկ հաշվի գումարներն ու փոխանցել իր ընթացիկ հաշվին:
8. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը յուրաքանչյուր ամիս, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած ձևերին համապատասխան, հատուկ հաշվի գումարների շարժի մասին հաշվետվություն է ներկայացնում հանձնաժողով: