ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/7615/05/08 |
Վարչական գործ թիվ ՎԴ/7615/05/08 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ք. Մկոյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Տ. Պետրոսյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի փետրվարի 5-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 19.06.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) հայցի ընդդեմ Արթուր Ջանազյանի՝ 400.000 ՀՀ դրամ վարչական տուգանքը բռնագանձելու և ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Քաղաքապետարանը պահանջել է բռնագանձել Արթուր Ջանազյանից 400.000 ՀՀ դրամ վարչական տուգանքը և պարտավորեցնել քանդելու Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 31 և 32 շենքերին հարակից տարածքում ինքնակամ կառուցած ավտոտնակը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 19.06.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արթուր Ջանազյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 297-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետի 28.10.2008 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշումն Արթուր Ջանազյանի կողմից չի բողոքարկվել, այն որևէ դատական ակտով անվավեր չի ճանաչվել, հետևաբար, Դատարանը պետք է ելներ այն կանխավարկածից, որ նշված որոշումն օրինական ուժի մեջ է և ենթակա է պարտադիր կատարման:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 19.06.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վարչական իրավախախտման արձանագրությամբ չի նշվել իրավախախտման կատարման ժամանակը, ինչպես նաև այն, որ Քաղաքապետարանը դիմել է դատարան հարկադրանքի միջոց կիրառելու պահանջով, սակայն չի կայացրել որևէ պարտականություն սահմանող վարչական ակտ, իրավացիորեն գտել է, որ վարչական ակտը հիմնավոր չէ, հետևաբար, վարչական տույժը ենթակա չէ բռնագանձման, իսկ ավտոտնակը քանդելուն պարտավորեցնելու պահանջն անհիմն է:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակցի կողմից 07.10.2008 թվականին կազմված արձանագրության համաձայն՝ Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 31 և 32 շենքերին հարակից տարածքում Արթուր Ջանազյանի կողմից կառուցվել է ավտոտնակ՝ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի (գ.թ. 10):
2) Վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի 28.10.2008 թվականի թիվ Վ-32/6 արձանագրության և եզրակացության համաձայն՝ Երևանի քաղաքապետին առաջարկություն է ներկայացվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով Արթուր Ջանազյանին 400.000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին (գ.թ. 7-8):
3) Երևանի քաղաքապետի 28.10.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-32/6 որոշմամբ Արթուր Ջանազյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 400.000 ՀՀ դրամ տուգանքի: Միաժամանակ սահմանվել է, որ տարածքն անհրաժեշտ է բերել նախկին տեսքի, իսկ Արթուր Ջանազյանին առաջարկվել է միջոցներ ձեռնարկել իրավախախտման պատճառները և պայմանները վերացնելու ուղղությամբ (գ.թ. 6):
4) Արթուր Ջանազյանը Երևանի քաղաքապետի 28.10.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-32/6 որոշումը չի վիճարկել, նշված որոշումը չի վերացվել և չի հաստատվել դրա առոչինչ լինելը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար oրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում, վարչական իրավախախտումների մասին oրենսդրության հիմունքներին, նույն oրենսգրքին և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հողoգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 297-րդ հոդվածի համաձայն՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը պարտադիր է կատարման պետական և հասարակական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից:
Սույն գործով Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքները, որ Երևանի քաղաքապետի 28.10.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-32/6 որոշումը կայացվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի դրույթների խախտմամբ, ինչպես նաև այդ որոշմամբ Արթուր Ջանազյանին ընդամենն առաջարկվել է միջոցներ ձեռնարկել իրավախախտման պատճառները և պայմանները վերացնելու ուղղությամբ, այսինքն` բացակայում է վարչական ակտը, որը կպարտավորեցներ Արթուր Ջանազյանին տարածքը բերել նախկին տեսքին:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը հայցը մերժելիս դուրս է եկել հայցի շրջանակներից, քանի որ վարչական ակտի իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում անդրադարձել է վարչական ակտի իրավաչափության հարցին և բացառել է դրա իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությունը այն դեպքում, երբ սույն գործով Երևանի քաղաքապետի 28.10.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-32/6 որոշումը չի վիճարկվել, չի վերացվել և չի հաստատվել դրա առոչինչ լինելը:
ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ Երևանի քաղաքապետի 28.10.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-32/6 որոշումն ընդունվել է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակում: Դրա հետևանքով պետք է եզրակացնել, որ նշված որոշումն իրավաչափ է և որևէ անձ, այդ թվում՝ պետական մարմինը, չի կարող կասկածի տակ դնել այդ որոշման իրավաչափությունը (տե՛ս, Երևանի քաղաքապետարանի հայցն ընդդեմ Հրաչյա Քարամյանի՝ ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու և 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքը բռնագանձելու պահանջների մասին, վարչական գործով Վճռաբեկ դատարանի 27.05.2009 թվականի թիվ ՎԴ/2068/05/08 որոշումը):
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտի իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում անդրադառնալով վարչական ակտի իրավաչափության հարցին և բացառելով դրա իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությունը` Դատարանը թույլ է տվել օրենքի ակնհայտ և կոպիտ խախտում:
Ինչ վերաբերում է Դատարանի այն պատճառաբանությանը, որ բացակայում է Արթուր Ջանազյանին տարածքը նախկին տեսքին բերելուն պարտավորեցնելու վերաբերյալ վարչական ակտը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևանի քաղաքապետի 28.10.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-32/6 որոշմամբ սահմանվել է, որ տարածքն անհրաժեշտ է բերել նախկին տեսքի:
Վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Դատական ակտը փոփոխելիս՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 19.06.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. Երևանի քաղաքապետարանի հայցը բավարարել` Արթուր Ջանազյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը և նրան պարտավորեցնել քանդելու Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 31 և 32 շենքերին հարակից տարածքում ինքնակամ կառուցած ավտոտնակը:
2. Արթուր Ջանազյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 32.000 (երեսուներկու հազար) ՀՀ դրամ` որպես հայցադիմումի և վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Տ. Պետրոսյան |
Վ. աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Ե. Սողոմոնյան |