ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2010 թվականի N 662-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը «I. Ընդհանուր դրույթներ» բաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` I.1-ին բաժնով.
«I.1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
4.1. Համայնքի ղեկավարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբվենցիաներ ստանալու նպատակով տվյալ տարվա բյուջետային գործընթացն սկսելու ժամանակ սուբվենցիայի ստացման ծրագրային հայտերը ներկայացնում են համապատասխան մարզպետին, իսկ Երևանի քաղաքապետը` համապատասխան ոլորտային պետական կառավարման մարմիններ և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն:
4.2. Սուբվենցիայի ծրագրային հայտերը մարզպետարանում քննարկվելուց և ամփոփվելուց հետո ներկայացվում են համապատասխան ոլորտային պետական կառավարման մարմիններ և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն` քննարկման:
4.3. Պետական կառավարման մարմինները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ քննարկումների արդյունքների հիման վրա սուբվենցիայի ծրագրային հայտի վերաբերյալ`
ա. դրական եզրակացություն տալու դեպքում` ոլորտի գծով տվյալ տարվա համար նախատեսված բյուջետային հատկացումների ընդհանուր չափաքանակների սահմաններում դրանք ներառում են առաջիկա տարվա իրենց բյուջետային ֆինանսավորման հայտերում և համապատասախան եզրակացության հետ միասին ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն (Երևան քաղաքի գծով` Երևանի քաղաքապետարան),
բ. բացասական եզրակացություն տալու դեպքում` դրանք` համապատասխան եզրակացության հետ միասին ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն և համապատասխան մարզպետարան (Երևան քաղաքի գծով` նաև Երևանի քաղաքապետարան):
4.4. Սույն կարգի գործողությունը չի տարածվում «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ֆինանսավորվող բնապահպանական ծրագրերի վրա»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. հունիսի 7 Երևան |