Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին» 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին
«Մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին» 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) մասնակից պետությունները՝ ի դեմս կառավարությունների, այսուհետ՝ Կողմեր,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Համաձայնագրում կատարել փոփոխություններ՝ այն շարադրելով նոր խմբագրությամբ՝ սույն Արձանագրության հավելվածի համաձայն, որը դրա անբաժանելի մասն է կազմում։
Հոդված 2
Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը ստորագրած Կողմերի կողմից կատարվելու մասին երրորդ ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից։
Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում համապատասխան ծանուցումներն ավանդապահի ստանալու օրվանից։
Ուժի մեջ մտնելուց հետո սույն Արձանագրությունը բաց է Համաձայնագրի մասնակից պետությունների միանալու համար՝ միանալու մասին փաստաթղթերն ավանդապահին փոխանցելու միջոցով։ Միացած պետության համար սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ավանդապահի ստանալու օրվանից։
Կատարված է Դուշանբե քաղաքում 2018 թվականի հունիսի 1-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն։ Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Արձանագրությունն ստորագրած յուրաքանչյուր պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։
Ադրբեջանի Հանրապետության Կառավարության կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության Կառավարության կողմից՝ |
[վերապահումով] [ստորագրություն] |
[ստորագրություն] |
Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից՝ |
Տաջիկստանի Հանրապետության Կառավարության կողմից՝ |
[հատուկ կարծիքով] [ստորագրություն] |
[ստորագրություն] |
Բելառուսի Հանրապետության Կառավարության կողմից՝ |
Թուրքմենստանի Կառավարության կողմից՝ |
[ստորագրություն] |
____________________ |
Ղազախստանի Հանրապետության Կառավարության կողմից՝ |
Ուզբեկստանի Հանրապետության Կառավարության կողմից՝ |
[ստորագրություն] |
[ստորագրություն] |
Ղրղզստանի Հանրապետության Կառավարության կողմից՝ |
Ուկրաինայի Կառավարության կողմից՝ |
[ստորագրություն] |
_____________________ |
Մոլդովայի Հանրապետության Կառավարության կողմից՝ ____________________ |
Հավելված «Մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին» 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության |
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները՝ ի դեմս կառավարությունների, այսուհետ՝ Կողմեր,
հաստատելով Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին հիմնադիր փաստաթղթերի նպատակներին և սկզբունքներին իրենց հավատարմությունը,
ցանկանալով զարգացնել բարեկամական հարաբերությունները, այդ թվում՝ նաև մաքսային գործի ոլորտում համագործակցության միջոցով,
ձգտելով սույն Համաձայնագրի մասնակից պետությունների մաքսային մարմինների համագործակցության միջոցով նպաստել սույն Համաձայնագրի մասնակից պետությունների միջև ուղևորային և բեռնային հաղորդակցության զարգացմանն ու արագացմանը,
նկատի ունենալով, որ մաքսային իրավախախտումները վնաս են հասցնում սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տնտեսական շահերին,
համոզված լինելով, որ մաքսային օրենսդրության պահպանումը և մաքսային իրավախախտումների դեմ պայքարը առավել հաջող կարող են իրականացվել սույն Համաձայնագրի մասնակից պետությունների մաքսային մարմինների համագործակցության դեպքում,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Սահմանումներ
Սույն Համաձայնագրի նպատակներով գործածվող եզրույթներն ունեն հետևյալ իմաստները.
«մաքսային օրենսդրություն»՝ սույն Համաձայնագրի մասնակից պետությունների միջազգային պայմանագրերի, օրենքների և ենթաօրենսդրական ակտերի ամբողջություն, որոնց կիրառումն ու կատարման ապահովումն անմիջականորեն վերապահված են սույն Համաձայնագրի մասնակից պետությունների մաքսային մարմիններին, ինչպես նաև՝ սույն Համաձայնագրի մասնակից պետությունների մաքսային մարմինների կողմից իրենց իրավասության շրջանակներում արձակվող իրավական ակտերի ամբողջություն, որոնք առնչվում են ապրանքների, ուղևորների ձեռնածանրոցների և ուղեբեռի, արժույթի և այլ արժեքների, միջազգային փոստային և սուրհանդակային առաքանիների (էքսպրես բեռների) ներմուծմանը, արտահանմանը, տարանցմանը, մաքսային վճարների գանձմանը, արտոնությունների տրամադրմանը, արգելքների և սահմանափակումների սահմանմանը, ինչպես նաև սույն Համաձայնագրի մասնակից պետությունների մաքսային սահմաններով ապրանքների տեղափոխման նկատմամբ հսկողությանը.
«Կողմերի պետությունների մաքսային մարմիններ»՝ սույն Համաձայնագրի մասնակից պետությունների կենտրոնական մաքսային մարմիններ (մաքսային գործի ոլորտում լիազորված մարմիններ) և սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքային մաքսային մարմիններ, որոնք սույն Համաձայնագրի մասնակից պետությունների կենտրոնական մաքսային մարմինների կողմից լիազորված են սույն Համաձայնագրի շրջանակներում տեղեկատվություն փոխանակելու համար.
«մաքսային վճարներ»՝ Կողմերի պետությունների մաքսային մարմինների կողմից գանձվող մաքսատուրքեր, հարկեր, մաքսավճարներ, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր և այլ վճարներ.
«մաքսային իրավախախտում»՝ մաքսային օրենսդրության խախտում կամ խախտման փորձ.
«անձ»՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ.
«թմրամիջոցներ»՝ նյութեր, որոնք ՄԱԿ-ի կողմից ներառված են «Թմրամիջոցների մասին» 1961 թվականի Միասնական կոնվենցիայի ցանկերում՝ հետագայում կատարված փոփոխություններով և լրացումներով.
«հոգեմետ նյութեր»՝ նյութեր, որոնք ՄԱԿ-ի կողմից ներառված են «Հոգեմետ նյութերի մասին» 1971 թվականի Կոնվենցիայի ցանկերում՝ հետագայում կատարված փոփոխություններով.
«հարցում ներկայացնող մաքսային մարմին»՝ մաքսային գործերում օգնություն ցուցաբերելու մասին հարցում ուղարկող՝ Կողմի պետության մաքսային մարմին.
«հարցում ստացող մաքսային մարմին»՝ մաքսային գործերում օգնություն ցուցաբերելու մասին հարցում ստացող՝ Կողմի պետության մաքսային մարմին.
«պրեկուրսորներ»՝ Միավորված ազգերի կազմակերպության «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» 1988 թվականի դեկտեմբերի 20-ի կոնվենցիայի աղյուսակներում ընդգրկված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի արտադրման, պատրաստման, վերամշակման ժամանակ օգտագործվող նյութեր.
«վերահսկելի մատակարարում»՝ մեթոդ, որի դեպքում թույլատրվում են ապրանքների անօրինական խմբաքանակների ներմուծումը, արտահանումը կամ տեղափոխումը սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներով՝ նրանց իրավասու մարմինների գիտությամբ կամ հսկողությամբ՝ մաքսային օրենսդրության խախտումների մեջ ներգրավված անձանց հայտնաբերելու և պարզելու նպատակով.
«Կողմերի պետությունների մաքսային սահմաններ»՝ սույն Համաձայնագրի մասնակից պետությունների մաքսային տարածքների սահմաններ, իսկ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համար՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային տարածքի սահմաններ.
«մաքսային գործ»՝ մաքսային օրենսդրության պահպանումն ապահովող մեթոդների և միջոցների ամբողջություն։
Հոդված 2
Սույն Համաձայնագրի կիրառության ոլորտը
1. Սույն Համաձայնագրի հիման վրա Կողմերի պետությունների մաքսային մարմիններն իրենց իրավասության շրջանակներում և պահպանելով իրենց պետությունների մաքսային օրենսդրությունը՝ փոխօգնություն ցուցաբերելու միջոցով համագործակցություն են իրականացնում հետևյալ նպատակներով.
ա) Կողմերի պետությունների մաքսային սահմաններով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման հետ կապված մաքսային հարաբերությունների կարգավորման կարգի կատարելագործում.
բ) մաքսային օրենսդրության պահանջների կատարման ապահովում, այդ թվում՝ ապրանքների դասակարգման, դրանց մաքսային արժեքի և ապրանքների ծագման, մաքսային վճարների հաշվարկի ճշգրտության մասին հայտարարագրվող տեղեկությունների հավաստիության նկատմամբ հսկողության իրականացում, ինչպես նաև Կողմերի պետությունների մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների նկատմամբ արգելքների, սահմանափակումների և հսկողության ապահովում.
գ) մաքսային իրավախախտումների կանխարգելում, հայտնաբերում, և հետաքննում.
դ) մաքսային գործի բնագավառում տարբեր ուղղություններով փորձի փոխանակում։
2. Սույն Համաձայնագրով չեն շոշափվում քրեական գործերով փոխադարձ իրավական օգնություն ցուցաբերելու հարցերը։
Հոդված 2.1
Հարցումների փոխանակման կազմակերպումը
1. Հարցումների և դրանց պատասխանների փոխանակումը կարող է կատարվել ինչպես Կողմերի պետությունների կենտրոնական մաքսային մարմինների, այնպես էլ անմիջականորեն Կողմերի պետությունների տարածքային մաքսային մարմինների միջև։
2. Կողմերի պետությունների՝ հարցում ներկայացնող կենտրոնական մաքսային մարմինների հարցումներն ուղարկվում են Կողմերի պետությունների՝ հարցում ստացող կենտրոնական մաքսային մարմիններին։
3. Կողմերի պետությունների՝ հարցում ներկայացնող տարածքային մաքսային մարմինների հարցումներն ուղարկվում են անմիջականորեն Կողմերի պետությունների՝ հարցում ստացող տարածքային մաքսային մարմիններին։
4. Այն դեպքերում, երբ հնարավոր չէ որոշել, թե Կողմի պետության ո՛ր մաքսային մարմնին պետք է ուղարկել հարցումը, հարցումները մի Կողմի պետության կենտրոնական մաքսային մարմնի կողմից ուղարկվում են մյուս Կողմի պետության կենտրոնական մաքսային մարմնի հասցեով։
5. Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերի միջև նամակագրությունը վարվում է ռուսերենով։
Հոդված 2.2
Հարցումներ ուղարկելու հիմքերը
Հարցումներ ուղարկելու հիմքերն են.
ա) մաքսային օրենսդրության պահանջների խախտման (հնարավոր խախտման) մասին վկայող տվյալների կամ հանգամանքների հայտնաբերումը.
բ) Կողմերի պետությունների մաքսային մարմինների իրավապահ ստորաբաժանումների գործերով և նյութերով ստուգումների անցկացումը, վարչական վարույթի վարումը (վարույթի իրականացումը).
գ) սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածով նախատեսված դեպքերում փաստաթղթերի փոխանցումը.
դ) հարցում ստացող Կողմի պետության տարածքում բնակվող կամ հիմնադրված անձանց ծանուցման անհրաժեշտությունը.
ե) մաքսային հսկողության իրականացումը։
Հոդված 3
Մաքսային ձևակերպումների պարզեցումը
Կողմերի պետությունների մաքսային մարմինները՝
ա) փոխադարձ համաձայնությամբ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ՝ ուղղված մաքսային գործառնությունների (մաքսային ձևակերպման) իրականացման արագացմանը և մաքսային հսկողության արդյունավետության բարձրացմանը, այդ թվում՝ ռիսկերի կառավարման համակարգի կիրառման միջոցով.
բ) ճանաչում են միմյանց նույնականացման միջոցները (կապարակնիքները, կնիքների դրոշմվածքները, դրոշմակնիքները), միմյանց մաքսային փաստաթղթերը, իսկ անհրաժեշտության դեպքում տեղափոխվող ապրանքների վրա դնում են սեփական մաքսային ապահովման միջոցները։
Հոդված 4
Հաստատման հավաստագրեր ներկայացնելը
1. Կողմերի պետությունների մաքսային մարմինները հարցման հիման վրա միմյանց են ներկայացնում հաստատման հավաստագրեր, որոնցով հաստատվում է, որ մի Կողմի պետության տարածքից արտահանված ապրանքները մյուս Կողմի պետության տարածք են ներմուծվել օրինական հիմունքներով։ Հաստատման հավաստագրերում նշվում են մաքսային այն ընթացակարգերի տեսակն ու արդյունքները, որոնց համաձայն ապրանքները ձևակերպվել են։ Դա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ ապրանքները վերաարտահանվում են այլ Կողմի պետության տարածքից։
2. Կողմերի պետությունների կենտրոնական մաքսային մարմինները հարցման դեպքում միմյանց են ներկայացնում տեղեկություններ այն մասին, որ իրենց ենթակայության տակ գտնվող մաքսային մարմինների կողմից ներկայացված հաստատման հավաստագրերը կամ այլ փաստաթղթեր իսկական են և պարունակում են անհրաժեշտ բոլոր տվյալները։
Հոդված 5
Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ու դրանց պրեկուրսորների, ինչպես նաև սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությամբ կամ սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներում գործող միջազգային իրավական ակտերով արգելված այլ առարկաների և նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը
1. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ու դրանց պրեկուրսորների, ինչպես նաև սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությամբ կամ սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներում գործող միջազգային իրավական ակտերով արգելված այլ առարկաների և նյութերի (այսուհետ՝ այլ առարկաներ և նյութեր) ապօրինի շրջանառության կանխարգելմանը, հետապնդմանը և կանխմանն ուղղված գործողությունների ակտիվացման նպատակով Կողմերի պետությունների կենտրոնական մաքսային մարմիններն առանց նախնական հարցման և հնարավորինս կարճ ժամկետում միմյանց են հաղորդում տեղեկություններ՝
ա) այն անձանց վերաբերյալ, որոնք հայտնի է, որ զբաղվում են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ու դրանց պրեկուրսորների, ինչպես նաև այլ առարկաների և նյութերի ապօրինի շրջանառությամբ կամ կասկածվում են դրա մեջ.
բ) տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ բեռնարկղերի, փոստային և սուրհանդակային առաքանիների (էքսպրես բեռների) վերաբերյալ, որոնք հայտնի է, որ օգտագործվում են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ու դրանց պրեկուրսորների, ինչպես նաև այլ առարկաների և նյութերի ապօրինի շրջանառության համար կամ այդպիսի օգտագործման կասկած են հարուցում։
2. Կողմերի պետությունների կենտրոնական մաքսային մարմիններն առանց նախնական հարցման միմյանց տեղեկացնում են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ու դրանց պրեկուրսորների, ինչպես նաև այլ առարկաների և նյութերի ապօրինի շրջանառության՝ անձանց կողմից կիրառվող եղանակների և դրանց նկատմամբ հսկողության նոր մեթոդների մասին։
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան՝ Կողմերի պետությունների ցանկացած կենտրոնական մաքսային մարմնի ստացած տեղեկությունները, հաղորդումներն ու փաստաթղթերը տվյալ տեղեկությունները տրամադրած Կողմի պետության մաքսային մարմնի գրավոր համաձայնության առկայության դեպքում կարող են փոխանցվել նրա իրավապահ և այլ պետական մարմիններին, որոնք զբաղվում են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ու դրանց պրեկուրսորների, ինչպես նաև այլ առարկաների և նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարով։
4. Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրության հիման վրա և փոխադարձ համաձայնեցմամբ կենտրոնական մաքսային մարմիններն անհրաժեշտության դեպքում օգտվում են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ու դրանց պրեկուրսորների, ինչպես նաև այլ առարկաների և նյութերի վերահսկելի մատակարարումներից։
Վերահսկելի մատակարարումներից օգտվելու մասին որոշումներն ընդունվում են Կողմերի պետությունների կենտրոնական մաքսային մարմինների կողմից՝ ազգային օրենսդրության համապատասխան, յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար առանձին, և անհրաժեշտության դեպքում այդ մարմինները կարող են հաշվի առնել ֆինանսական պայմանավորվածությունները։
Հոդված 6
Տեղեկությունների փոխանցումը
1. Կողմերի պետությունների մաքսային մարմինները սեփական նախաձեռնությամբ կամ հարցման դեպքում միմյանց անհապաղ փոխանցում են կատարված կամ նախապատրաստվող այն գործողությունների մասին անհրաժեշտ ամբողջ տեղեկությունը, որոնք հանդիսանում են կամ կարող են հանդիսանալ մաքսային օրենսդրության խախտում, ապրանքների դասակարգման, դրանց մաքսային արժեքի և ապրանքների ծագման, մաքսային վճարների հաշվարկի ճշգրտության, ինչպես նաև Կողմերի պետությունների մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների նկատմամբ արգելքների, սահմանափակումների և հսկողության պահպանման մասին տեղեկությունները։
2. Կողմերի պետությունների մաքսային մարմինները հնարավորինս կարճ ժամկետում, այդ թվում՝ առանց նախնական հարցման, միմյանց հաղորդում են տեղեկություններ հնարավոր այնպիսի մաքսային իրավախախտումների մասին, որոնց դեմ պայքարում հատկապես շահագրգռված են սույն Համաձայնագրի մասնակից պետությունները։ Դա նախևառաջ վերաբերում է մաքսային իրավախախտումներին, երբ տեղափոխվում են՝
ա) ապրանքներ, որոնք կարող են սպառնալիք լինել շրջակա բնական միջավայրի կամ բնակչության առողջության համար.
բ) զենք, զինամթերք, պայթուցիկ և թունավորող նյութեր, պայթուցիկ սարքեր.
գ) պատմական, գեղարվեստական, մշակութային կամ հնագիտական զգալի արժեք ներկայացնող առարկաներ.
դ) հատուկ կարևոր նշանակություն ունեցող և մաքսային մարմինների միջև համաձայնեցված ցանկերում ներառված ապրանքներ, որոնք ենթարկվում են ոչ սակագնային սահմանափակումների կամ ենթակա են բարձր մաքսատուրքերով կամ հարկերով հարկման.
ե) ահաբեկչական և (կամ) ծայրահեղական ուղղվածության կամ ազգամիջյան և (կամ) միջկրոնական հիմքով թշնամանքի և երկպառակության հրահրման միտումներ պարունակող գրականություն, լսա-, տեսա- և այլ նյութեր.
զ) պոռնոգրաֆիական բովանդակություն ունեցող տեսա- և այլ նյութեր.
է) ապրանքներ, որոնց առնչությամբ հիմքեր կան ենթադրելու, որ դրանք նմանակված (կոնտրաֆակտ) են։
Հոդված 7
Փաստաթղթերի փոխանցումը
1. Կողմերի պետությունների կենտրոնական մաքսային մարմինները սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, միմյանց հետ փոխանակում են մաքսային հարցերով գործող օրենսդրական և այլ նորմատիվ ակտերի պատճենները և հետագայում միմյանց անհապաղ կտեղեկացնեն մաքսային օրենսդրության բոլոր փոփոխությունների և լրացումների մասին։
2. Մի Կողմի պետության մաքսային մարմինը մյուս Կողմի պետության մաքսային մարմնի հարցման դեպքում փոխանցում է մաքսային օրենսդրության կիրառման հարցերով վարչական մարմինների որոշումների պատճենները։
3. Սույն հոդվածին համապատասխան փաստաթղթերի փոխանցման մասին հարցումներում սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածի 2-րդ կետի «ե», «է» ենթակետերով նախատեսված դրույթների կատարում չի պահանջվում։
4. Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի փոխանցումը կատարվում է գաղտնիության պահպանման պայմաններով՝ սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրության համապատասխան։
Հոդված 8
Փոխօգնության տրամադրումը
Կողմերի պետությունների մաքսային մարմինները մաքսային գործի բնագավառում տրամադրում են փոխօգնություն՝ նաև իրականացնելով.
ա) պաշտոնատար անձանց նախապատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում.
բ) մաքսային հարցերով փորձագետների փոխանակում.
գ) մաքսային հարցերին վերաբերող՝ մասնագիտական, գիտական և տեխնիկական տեղեկությունների փոխանակում.
դ) մաքսային օրենսդրության խախտումների դեմ պայքարի գործում փորձի փոխանակում։
Հոդված 9
Մաքսային օրենսդրության պահպանման ապահովում
Մի Կողմի պետության կենտրոնական մաքսային մարմնի հարցումով մյուս Կողմի պետության կենտրոնական մաքսային մարմինն ապահովում է ստուգման անցկացումը՝ սույն Համաձայնագրի 2.2-րդ հոդվածի «ա», «ե» կետերով նախատեսված հիմքերով։ Ստուգման արդյունքները հաղորդվում են Կողմի պետության՝ հարցում ներկայացնող կենտրոնական մաքսային մարմնին՝ սույն Համաձայնագրի 12-րդ հոդվածին համապատասխան։
Հոդված 9.1
Հարցումները իրավապահ գործունեության իրականացման շրջանակներում
1. Կողմերի պետությունների մաքսային մարմինների իրավապահ ստորաբաժանումների գործերով և նյութերով ստուգումներ անցկացնելիս մի Կողմի պետության մաքսային մարմինը մյուս Կողմի պետության մաքսային մարմնին ուղարկում է հարցումներ՝
ա) տեղեկությունների և փաստաթղթերի (դրանց հաստատված պատճենների) տրամադրման մասին.
բ) անձանցից բացատրություններ ստանալու մասին.
գ) օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման մասին այն դեպքում, եթե դա չի հակասում հարցում ստացող մաքսային մարմնի՝ սույն Համաձայնագրի մասնակից պետության օրենսդրությանը։
2. Վարչական վարույթ իրականացնելիս մի Կողմի պետության մաքսային մարմինը մյուս Կողմի պետության մաքսային մարմին ուղարկում է հարցումներ՝
ա) տեղեկությունների և փաստաթղթերի (դրանց հաստատված պատճենների) տրամադրման մասին.
բ) առանձին ընթացակարգային գործողություններ անցկացնելու մասին։
3. Սույն Համաձայնագրի շրջանակներում հարցում ստացող մաքսային մարմինն իրականացնում է միայն սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությամբ նախատեսված հետևյալ ընթացակարգային գործողությունները.
ա) հարցաքննում է անձանց.
բ) պահանջում է գործով վարույթի համար անհրաժեշտ փաստաթղթերը (դրանց հաստատված պատճենները).
գ) զննում է ապրանքները, տրանսպորտային միջոցները, շինությունները և տարածքները։
Հոդված 9.2
Ծանուցումները
1. Հարցման հիման վրա Կողմերի պետությունների մաքսային մարմինները հարցում ստացող մաքսային մարմնի պետության տարածքում բնակվող կամ հիմնադրված անձանց ծանուցում են հարցում ներկայացնող մաքսային մարմնի կողմից ընդունված, հարցման մեջ թվարկված և դրան կցված բոլոր փաստաթղթերի և որոշումների մասին։
2. Ծանուցումը կատարվում է հարցում ստացող մաքսային մարմնի պետության տարածքում գործող օրենսդրության համապատասխան։ Ծանուցումը կարող է կատարվել հարցման մեջ նախապես պայմանավորված ձևով կամ եղանակով՝ պայմանով, որ դա չի համարվում հարցում ստացող մաքսային մարմնի պետության տարածքում գործող օրենսդրությանը հակասող։
Հոդված 9.3
Ապացույցները
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների մաքսային մարմինների կողմից Կողմերի պետությունների մաքսային օրենսդրության դրույթներին համապատասխան ձևակերպված՝ մաքսային հսկողության անցկացման արդյունքները, ինչպես նաև ընթացակարգային գործողությունների իրականացման արդյունքները և հարցումների հիման վրա ստացված նյութերը ճանաչվում են որպես մաքսային իրավախախտումների վերաբերյալ գործերով ապացույցներ և նշված գործերն այլ ապացույցների հետ մեկտեղ քննելիս ենթակա են գնահատման՝ սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրության համաձայն։
Հոդված 10
Փորձագետները և վկաները
Այն դեպքում, երբ մի Կողմի դատական կամ վարչական մարմինները մաքսային իրավախախտումների վերաբերյալ քննվող նյութերի առնչությամբ դիմում են համապատասխան հարցմամբ, մյուս Կողմի պետության մաքսային մարմինն իր աշխատակիցներին կարող է լիազորել այդպիսի դատական կամ վարչական քննություններին որպես վկաներ կամ փորձագետներ հանդես գալու համար։ Այդ աշխատակիցները ցուցմունքներ կամ եզրակացություններ են տալիս՝ ըստ ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում իրենց պարզած փաստերի։ Դատական կամ վարչական քննություններին մասնակցելու մասին հարցման մեջ պետք է նշված լինի, թե ո՛ր գործով և որպես ի՛նչ պետք է հանդես գա Կողմի պետության՝ հարցում ստացող մաքսային մարմնի աշխատակիցը։
Հոդված 11
Հարցման ձևը և բովանդակությունը
1. Սույն Համաձայնագրով նախատեսված հարցումն ուղարկվում է գրավոր՝ Կողմի պետության հարցում ներկայացնող մաքսային մարմնի ձևաթղթով՝ կցելով այն փաստաթղթերը (դրանց հաստատված պատճենները), որոնց հղումներ են արվում հարցման տեքստի մեջ, և որոնք անհրաժեշտ են դրա պատշաճ կատարման համար։
2. Հարցումը պետք է պարունակի՝
ա) հարցում ստացող և հարցում ներկայացնող մաքսային մարմինների անվանումները.
բ) հղում սույն Համաձայնագրին.
գ) հարցում ուղարկելու հիմքը.
դ) Կողմի պետության մաքսային օրենսդրության դրույթների նշումը, որոնց պահպանումը պետք է ստուգվի հարցումը կատարելու ընթացքում
ե) գործի էության համառոտ նկարագիրը և դրա իրավաբանական որակումը՝ հարցում ներկայացնող Կողմի պետության օրենսդրության համապատասխան (բացառությամբ սույն Համաձայնագրի 2.2-րդ հոդվածի «ե» կետին համապատասխան հարցումների ուղարկման դեպքերի).
զ) պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը.
է) հարցման մեջ նշված անձանց մասին առկա տեղեկությունը.
ը) հարցման, հանձնարարականի կատարման հետ կապված միջնորդությունները։
3. Սույն Համաձայնագրի 9.1-րդ և 9.2-րդ հոդվածներին համապատասխան հարցումներ ուղարկելիս հարցման մեջ նաև նշվում են՝
ա) մաքսային իրավախախտման վերաբերյալ գործի համարը, վնասի չափը, եթե այդ տեղեկությունը հայտնի է.
բ) կոնկրետ գործողությունների ցանկը, որոնց կատարումը պահանջվում է, այն հարցերը, որոնք պետք է տրվեն անձանց, և դրանց հաջորդականությունը, այն հանգամանքները, որոնք պետք է պարզվեն և ճշտվեն.
գ) այն անձի ճշգրիտ հասցեն, որին պետք է հանձնվի փաստաթուղթը, հանձնվող փաստաթղթի անվանումը, ինչպես նաև հանձնելու ձևը կամ եղանակը (ծանուցումը հանձնելու անհրաժեշտության դեպքում).
դ) հարցման մեջ նշված միջոցառումների կատարման ժամկետը։
4. Հարցումն ուղարկվում է կապի հասանելի միջոցներով, այդ թվում՝ ֆաքսիմիլային և էլեկտրոնային՝ փոստով բնօրինակի հետագա լրացուցիչ ուղարկմամբ։
Հոդված 12
Հարցման կատարումը
1. Կողմերի պետությունների մաքսային մարմինները հարցումների կատարման գործում միմյանց աջակցություն են տրամադրում՝ սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրության համապատասխան և իրենց իրավասության սահմաններում։
2. Հարցումը կատարվում է այն ստանալու օրվանից հետո մեկ ամիսը չգերազանցող ժամկետում։ Պահանջվող տեղեկությունը ներկայացնելու ժամկետի կրճատման անհրաժեշտության դեպքում հարցման տեքստում կատարվում է վերապահում՝ նշելով պատճառները։ Այդ դեպքում հարցման կատարման ժամկետը կարող է կրճատվել մինչև երկու շաբաթ։
Եթե հարցում ստացող մաքսային մարմինը չի տիրապետում պահանջվող տեղեկատվությանը, այդ թվում՝ նաև այլ պետական մարմիններից տեղեկատվություն ստանալու անհրաժեշտության դեպքում, ձեռնարկում է այդ տեղեկատվությունն ստանալուն ուղղված միջոցներ՝ ներկայանալով սեփական անունից՝ իր պետության օրենսդրության համապատասխան։ Այդ դեպքում հարցումը կատարելու ժամկետը կարող է երկարաձգվել մինչև երկու ամիս։
3. Սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածով նախատեսված հարցումը կատարվում է այն ստանալու օրվանից երկու ամիսը չգերազանցող ժամկետում։
4. Հարցում ստացող մաքսային մարմինը լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով կարող է դիմել հարցում ներկայացնող մաքսային մարմնին, եթե դա անհրաժեշտ է հարցումը կատարելու համար։ Տվյալ դիմումն ուղարկվում է էլեկտրոնային փոստով կամ ֆաքսիմիլային կապի միջոցով՝հետագա փոստով տեղ հասցնելու պայմանով։ Այդ լրացուցիչ տեղեկատվությունը հարցում ներկայացնող մաքսային մարմնի կողմից պետք է տրամադրվի հարցում ստացող մաքսային մարմնին դրա տրամադրման մասին գրավոր դիմումն ուղարկելու օրվանից հետո երկու ամսից ոչ ուշ: Այդ դեպքում հարցման կատարման ժամկետը հաշվարկվում է լրացուցիչ տեղեկատվությունն ստանալու օրվանից։
5. Եթե անհնար է հարցումը մասամբ կամ ամբողջությամբ կատարել սույն Համաձայնագրով սահմանված ժամկետներում, ապա հարցում ստացող մաքսային մարմինը հարցում ներկայացնող մաքսային մարմնին տեղեկացնում է կատարման ենթադրվող ժամկետների մասին։
6. Հարցում ստացող մաքսային մարմինը հարցում ներկայացնող մաքսային մարմնին ուղարկում է հարցման պատասխանը, ինչպես նաև համապատասխան նյութերը՝ հարցումը պարունակող նամակն ստորագրած պաշտոնատար անձի անունով։ Ընդ որում, ստացված հարցման վավերապայմաններին հղումը պարտադիր է։
7. Այն փաստաթղթերը, որոնք Կողմերից մեկի պետության տարածքում պատրաստված կամ վավերացված են որևէ հաստատության կամ դրա համար հատուկ լիազորված անձի կողմից՝ նրանց իրավասության սահմաններում և սահմանված ձևով, և վավերացված են զինանշանի պատկերով կնիքով, մյուս Կողմերի պետությունների տարածքներում ընդունվում են առանց որևէ լրացուցիչ հաստատման։
8. Հարցմանն ի պատասխան՝ հարցում ստացող մաքսային մարմինը ներկայացնում է պահանջվող տեղեկությունները, մաքսային, առևտրային, տրանսպորտային և հարցման էության հետ առնչություն ունեցող այլ փաստաթղթերի՝ պատշաճորեն հաստատված պատճենները, այլ փաստաթղթեր և տեղեկություններ, որոնք, հարցում ստացող մաքսային մարմնի կարծիքով, կարող են նպաստել հարցում ներկայացնող մաքսային մարմնի կողմից որոշումների ընդունմանը և միջոցների ձեռնարկմանը, որոնք նախատեսած են հարցում ներկայացնող մաքսային մարմնի պետության օրենսդրությամբ։ Սույն կետում նշված փաստաթղթերը և տեղեկությունները Կողմի պետության տարածքային մաքսային մարմնի կողմից ներկայացվում են այդ Կողմի պետության կենտրոնական մաքսային մարմնի հետ համաձայնեցնելուց հետո, եթե նման համաձայնեցումը նախատեսված է հանրային օրենսդրությամբ։
9. Այն փաստաթղթերը, որոնք Կողմերից մեկի պետության տարածքում դիտարկվում են որպես պաշտոնական փաստաթղթեր, մյուս Կողմերի պետությունների տարածքներում ունեն պաշտոնական փաստաթղթերի ապացուցողական ուժ։
10. Հարցման կատարումը մերժվում է, եթե.
դրա կատարումը կարող է վնաս հասցնել հարցում ստացող մաքսային մարմնի պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, հակասում է օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին.
հարցումը չի համապատասխանում սույն Համաձայնագրի 2.1-րդ և 11-րդ հոդվածներում նշված կարգին և(կամ) դրույթներին.
սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան պահանջված լրացուցիչ տեղեկատվությունը չի ստացվել հարցումը կատարելու համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվությունը տրամադրելու մասին հարցումն ուղարկելու օրվանից հետո երկու ամսվա ընթացքում.
Կողմի պետության տարածքային մաքսային մարմինը Կողմի պետության կենտրոնական մաքսային մարմնի կողմից լիազորված չէ սույն Համաձայնագրի շրջանակներում տեղեկատվություն փոխանակելու համար.
հարցումն օբյեկտիվորեն չի կարող կատարվել հարցում ստացող մաքսային մարմնից անկախ պատճառներով։
11. Հարցման կատարումը մերժելու, ինչպես նաև մերժման պատճառների մասին Կողմի պետության՝ հարցում ներկայացնող մաքսային մարմինն անհապաղ գրավոր տեղեկացվում է։
12. Այն դեպքում, երբ հարցում ստացող մաքսային մարմնի՝ սույն Համաձայնագրի մասնակից պետության օրենսդրությամբ ընթացակարգային գործողությունների կատարման համար պահանջվում է լիազորված պաշտոնատար անձանց հատուկ որոշումների, փաստաթղթերի վերծանում, ապա դրանց վերծանումը կատարվում է ըստ հարցման կատարման վայրի։
13. Կողմերի պետությունների մաքսային մարմինների համաձայնությամբ հարցում ստացող մաքսային մարմնի պետության տարածքում ընթացակարգային գործողությունները կարող են կատարվել հարցում ներկայացնող մաքսային մարմնի ներկայացուցիչների ներկայությամբ կամ նրանց մասնակցությամբ՝ հարցում ստացող մաքսային մարմնի պետության օրենսդրության համապատասխան։
14. Հարցում ներկայացնող մաքսային մարմնի խնդրանքով՝ հարցում ստացող մաքսային մարմինը նախապես տեղեկացնում է ընթացակարգային առանձին գործողությունների կատարման վերաբերյալ հանձնարարականի իրականացման նախատեսվող ժամանակի և վայրի մասին, որպեսզի հարցում ներկայացնող մաքսային մարմինն ուսումնասիրի հանձնարարականի իրականացման ժամանակ իր ներկայացուցիչների ներկա գտնվելու հնարավորությունը։
Հոդված 13
Փաստաթղթերը
1. Հարցման դեպքում փաստաթղթերի բնօրինակները կարող են փոխանցվել այն դեպքերում, երբ այդ փաստաթղթերի պաշտոնապես հաստատված պատճենները կամ լուսապատճենները բավարար չեն։
2. Փաստաթղթերի բնօրինակները հարցում ստացող մաքսային մարմնին պետք է վերադարձվեն հնարավորինս կարճ ժամկետում։
3. Սույն հոդվածի դրույթները կիրառելիս չպետք է խախտվեն հարցում ստացող մաքսային մարմնի պետության կամ սույն Համաձայնագրի մասնակից չհանդիսացող պետության իրավունքներն ու օրինական շահերը։
Հոդված 14
Ստացված տեղեկատվության օգտագործումը
1. Սույն Համաձայնագրի շրջանակներում ստացված ցանկացած տեղեկատվություն օգտագործվում է բացառապես Կողմերի պետությունների մաքսային մարմինների կողմից և միայն սույն Համաձայնագրում նշված նպատակներով։
Այլ նպատակներով այն կարող է փոխանցվել կամ օգտագործվել միայն այն դեպքում, երբ այդպիսի տեղեկատվություն տրամադրած՝ Կողմի պետության մաքսային մարմինը դրա համար տվել է իր գրավոր համաձայնությունը։ Հարցում ներկայացնող մաքսային մարմինը, սույն Համաձայնագրի նպատակներին համապատասխան, իրավասու է ցուցմունքների իր արձանագրային գրառումներում, հաշվետվություններում և վկաների ցուցմունքներում, ինչպես նաև դատաքննություններում որպես ապացուցողական հիմք օգտագործելու այն տեղեկատվությունը, որն ստացվել է սույն Համաձայնագրին համապատասխան։
2. Կողմերի պետությունների մաքսային մարմինները սույն Համաձայնագրին համապատասխան ստացված տեղեկատվության մասով ապահովում են գաղտնիության նույնպիսի ռեժիմ, ինչպիսին համանման բնույթի և բովանդակության սեփական տեղեկատվության համար նախատեսված է իրենց պետությունների օրենսդրությամբ։
3. Սույն Համաձայնագրի շրջանակներում չի իրականացվում պետական գաղտնիք (պետական գաղտնիքներ) պարունակող տեղեկատվության փոխանակում։
Հոդված 15
Ծախսերը
1. Սույն Համաձայնագրի հիման վրա իրականացված հարցման կատարման հետ կապված ծախսերը կրում է հարցում ստացող մաքսային մարմինը՝ բացառությամբ վկաների, փորձագետների և պետական ծառայության մեջ չգտնվող թարգմանիչների համար կատարվող ծախսերի, որոնք կրում է հարցում ներկայացնող մաքսային մարմինը, որը պետք է նախապես տեղեկացված լինի նշված հարցման շրջանակներում նախատեսվող ծախսերի մասին։
2. Սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված այլ ծախսերի փոխհատուցումը կարող է լինել Կողմերի պետությունների մաքսային մարմինների միջև առանձին պայմանավորվածության առարկա։
Հոդված 16
Սույն Համաձայնագրի կատարումը
1. Սույն Համաձայնագրին համապատասխան համագործակցությունը և փոխօգնությունն իրականացվում են անմիջապես Կողմերի պետությունների մաքսային մարմինների միջև։
2. Սույն Համաձայնագրի դրույթների կատարման նպատակով Կողմերի պետությունների կենտրոնական մաքսային մարմինները կարող են իրենց իրավասության շրջանակներում հրատարակել նորմատիվ իրավական ակտեր, ինչպես նաև կնքել կոնկրետ մաքսային հարցերով առանձին միջազգային պայմանագրեր։
3. Կողմերի պետությունների կենտրոնական մաքսային մարմինները ընտրում են իրենց կառուցվածքային ստորաբաժանումները և պաշտոնատար անձանց, որոնք ապահովում են սույն Համաձայնագրի դրույթների իրականացման հետ կապված հարցերի կարգավորումը, և նրանց լիազորում են ուղղակի կոնտակտ իրականացնելու համար։
4. Կողմերի պետությունների կենտրոնական մաքսային մարմինները փոխանակում են ուղղակի կոնտակտ իրականացնելու համար լիազորված անձանց ցուցակները, ինչպես նաև սույն Համաձայնագրի շրջանակներում տեղեկատվության փոխանակման համար Կողմերի պետությունների կենտրոնական մաքսային մարմինների կողմից լիազորված՝ Կողմերի պետությունների տարածքային մաքսային մարմինների ցուցակները և անհապաղ միմյանց ծանուցում են նշված ցուցակներում փոփոխությունների մասին։
5. Կողմերի պետությունների կենտրոնական մաքսային մարմինները համատեղ որոշումների ընդունման միջոցով կարող են որոշել սույն Համաձայնագրի դրույթների իրականացմանն ուղղված գործողությունների կարգը։
6. Կողմերի պետությունների կենտրոնական մաքսային մարմիններն անհրաժեշտության դեպքում անցկացնում են խորհրդակցություններ սույն Համաձայնագրի դրույթների կատարման հետ կապված հարցերի քննարկման համար։
Հոդված 17
Համաձայնագրի հարաբերակցությունը միջազգային այլ պայմանագրերի հետ
Սույն Համաձայնագրի դրույթները չեն դիպչում Կողմերի կողմից միջազգային այլ պայմանագրերին համապատասխան իրավունքներն ու պարտավորությունները։
Հոդված 18
Եզրափակիչ դրույթներ
1. Յուրաքանչյուր Կողմ կարող է հայտարարել սույն Համաձայնագրից դուրս գալու մասին՝ առնվազն 6 ամիս առաջ այդ մասին գրավոր ծանուցելով սույն Համաձայնագրի ավանդապահին, որն այդ դիմումն ուղարկում է բոլոր Կողմերին։
2. Սույն Համաձայնագիրը բաց է ցանկացած պետության միանալու համար՝ միանալու մասին փաստաթուղթն ավանդապահին փոխանցելու միջոցով։
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ավանդապահի ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո։
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից չհանդիսացող պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած կամ դրան միացած պետությունների՝ միանալու վերաբերյալ համաձայնության մասին վերջին ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո։
Կատարված է Մոսկվա քաղաքում 1994 թվականի ապրիլի 15-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն։ Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած պետություններին կուղարկի դրա հաստատված պատճենը։
Ադրբեջանի Հանրապետության Կառավարության կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության Կառավարության կողմից՝ |
Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից՝ |
Տաջիկստանի Հանրապետության Կառավարության կողմից՝ |
Բելառուսի Հանրապետության Կառավարության կողմից՝ |
Թուրքմենստանի Կառավարության կողմից՝ |
Ղազախստանի Հանրապետության Կառավարության կողմից՝ |
Ուզբեկստանի Հանրապետության Կառավարության կողմից՝ |
Ղրղզստանի Հանրապետության Կառավարության կողմից՝ |
Ուկրաինայի Կառավարության կողմից՝ |
Մոլդովայի Հանրապետության Կառավարության կողմից՝ |
ՎԵՐԱՊԱՀՈՒՄ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
«Մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին» 1994 թվականի ապրիլի 15-ին ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին 2018 թվականի հունիսի 1-ի արձանագրությանը
Բացառությամբ Համաձայնագրի 5-րդ հոդվածի 4-րդ կետի։
Սույն Համաձայնագրում շարադրված ոչ մի իրավունք, պարտականություն և դրույթ Ադրբեջանի Հանրապետության կողմից չի կիրառվի Հայաստանի Հանրապետության նկատմամբ, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը չի ազատագրել Ադրբեջանի Հանրապետության բոլոր օկուպացված տարածքները և ամբողջությամբ չի վերացրել ագրեսիայի հետևանքները։
Ադրբեջանի Հանրապետության վարչապետի առաջին տեղակալ՝ |
[ստորագրություն] |
Յաղուբ Էյուբով |
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
«Մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին» 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության վերաբերյալ
««Մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին» 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության կողմից վերապահում ներկայացնելու կապակցությամբ՝ նշված համաձայնագրի ոչ մի իրավունք, պարտականություն և դրույթ Հայաստանի Հանրապետության կողմից չի կիրառվի Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ, քանի դեռ չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականության կիրառման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի սանձազերծման հետևանք է;
Առաջին փոխվարչապետ՝ |
[ստորագրություն] |
Ա. Միրզոյան |