Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Համաձայնագիր հետ ընդունելու մասին)
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
նպատակ ունենալով ամրապնդել իրենց համագործակցությունը` անօրինական միգրացիայի դեմ արդյունավետ պայքարելու համար,
սույն Համաձայնագրի հիման վրա և փոխադարձության սկզբունքով Հայաստանի Հանրապետության կամ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տարածքներ մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ այնտեղ բնակվելու պայմաններին չբավարարող կամ այլևս չբավարարող անձանց ինքնությունը պարզելու և վերադարձնելու արագ և արդյունավետ ընթացակարգեր ստեղծելու և այդպիսի անձանց տարանցումը դյուրացնելու մտադրությամբ,
հարգելով միջազգային համաձայնագրերով և Պայմանավորվող կողմերի ներպետական օրենսդրությամբ սահմանված` մարդու հիմնարար իրավունքները և ազատությունները,
նկատի ունենալով, որ անձանց վերադարձը կիրականացվի գործերն անհատական կարգով քննելու սկզբունքով և կանոնավոր կերպով,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Հասկացությունների սահմանումներ
1. Քաղաքացի նշանակում է՝ անձ, որն ունի Պայմանավորվող կողմերի պետություններից մեկի քաղաքացիություն:
2. Երրորդ երկրի քաղաքացի նշանակում է` անձ, որը քաղաքացիություն չունեցող անձ չէ, ոչ էլ ունի Պայմանավորվող կողմերի պետություններից որևէ մեկի քաղաքացիություն:
3. Քաղաքացիություն չունեցող անձ նշանակում է` անձ, որը չունի որևէ պետության քաղաքացիություն:
4. Առանց թույլտվության գտնվող անձ նշանակում է՝ անձ, որը չի բավարարում կամ այլևս չի բավարարում Պայմանավորվող կողմերից մեկի պետության տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ այնտեղ բնակվելու պայմանները:
5. Հայցող Պայմանավորվող կողմ նշանակում է` կողմ, որը դիմում է մյուս Պայմանավորվող կողմին իր պետության տարածքում առանց թույլտվության գտնվող անձին հետ ընդունելու կամ նրա տարանցումը թույլատրելու դիմումով:
6. Հայցվող Պայմանավորվող կողմ նշանակում է` կողմ, որը հայցող Պայմանավորվող կողմից ստանում է այդ Պայմանավորվող կողմի պետության տարածքում առանց թույլտվության գտնվող անձին հետ ընդունելու կամ նրա տարանցումը թույլատրելու վերաբերյալ դիմում:
7. Կացության թույլտվություն սույն Համաձայնագրի իմաստով նշանակում է՝ Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից տրված այն վավերական թույլտվությունը, որը անձին թույլ է տալիս մուտք գործել Պայմանավորվող կողմերի պետությունների տարածքներ և բնակվել այնտեղ:
8. Բազմակի մուտքի վիզա նշանակում է` Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրության համաձայն իրավասու մարմինների կողմից անձին տրված վավերական թույլտվություն` դրանում նշված նպատակներով, պայմաններով և ժամկետներում մեկ անգամից ավելի իր պետության տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու համար:
Հոդված 2
Սեփական քաղաքացիներին հետ ընդունելը
1. Հայցվող Պայմանավորվող կողմն առանց պաշտոնականության հետ կընդունի հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածքում առանց թույլտվության գտնվող անձին՝ պայմանով, որ հաստատված է, որ այդ անձը հայցվող Պայմանավորվող կողմի պետության քաղաքացի է:
Քաղաքացիությունը հաստատված է համարվում սույն Համաձայնագրի 1-ին Հավելվածում նշված փաստաթղթերով:
2. Հայցվող Պայմանավորվող կողմը, հայցող Պայմանավորվող կողմի դիմումով, առանց այլ, քան սույն Համաձայնագրով նախատեսված պաշտոնականության, հետ կընդունի հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածքում առանց թույլտվության գտնվող անձին՝ պայմանով, որ կարող է prima facie փաստերի հիման վրա հավաստի կերպով ենթադրվել, որ այդ անձը հայցվող Պայմանավորվող կողմի պետության քաղաքացի է:
Քաղաքացիությունը հավաստի կերպով կարող է ենթադրվել սույն Համաձայնագրի 2-րդ Հավելվածում նշված փաստաթղթերով:
Նման փաստաթղթերի առկայության դեպքում Պայմանավորվող կողմերը անձի քաղաքացիությունը կհամարեն հաստատված, եթե Պայմանավորվող կողմերը չհաստատեն հակառակը:
3. Դիմումին տրվող դրական պատասխանի դեպքում հայցվող Պայմանավորվող կողմը հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան 14 օրվա ընթացքում ըստ 2-րդ կետի հետ ընդունելու ենթակա անձին կտրամադրի վերադարձի համար պահանջվող ճամփորդական փաստաթուղթ, որը վավերական կլինի առնվազն 30 օր: Եթե իրավական կամ փաստական պատճառներով համապատասխան անձին հնարավոր չի լինի փոխադրել տրված ճամփորդական փաստաթղթի վավերականության ժամկետի ընթացքում, հայցվող Պայմանավորվող կողմը հնարավորին չափ շուտ, բայց ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում տրամադրում է նույն վավերականության ժամկետով նոր ճամփորդական փաստաթուղթ:
4. Հայցող Պայմանավորվող կողմը նույն պայմաններով հետ կվերցնի վերադարձված անձին, եթե հետագա ստուգումների արդյունքում երեք ամսվա ընթացքում հաստատվի, որ հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածքից մեկնելու պահին այդ անձը չի ունեցել հայցվող Պայմանավորվող կողմի պետության քաղաքացիություն կամ հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածքում ունեցել է կացության իրավունք:
Հոդված 3
Երրորդ երկրի քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց հետ ընդունելը
1. Պայմանավորվող կողմերը ելնում են այն սկզբունքից, որ երրորդ երկրի քաղաքացին, որպես կանոն, վերադարձվում է այն երկիրը, որի քաղաքացիությունն ունի: Պայմանավորվող կողմերը ելնում են նաև այն սկզբունքից, որ քաղաքացիություն չունեցող անձը վերադարձվում է այն երկիրը, որտեղ ունեցել է իր վերջին բնակությունը, կամ որը նրան տվել է ճամփորդական փաստաթուղթ:
2. Հայցվող Պայմանավորվող կողմը հայցող Պայմանավորվող կողմի դիմումի հիման վրա, առանց այլ, քան սույն Համաձայնագրով նախատեսված պաշտոնականության, հետ կընդունի այն անձին, որը հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածք մուտք գործելուց հետո կորցրել է հայցվող Պայմանավորվող կողմի պետության քաղաքացիությունը և ձեռք չի բերել որևէ պետության քաղաքացիություն կամ հայցող Պայմանավորվող կողմից չի ստացել հավաստիացում, որ կստանա նրա քաղաքացիությունը, եթե այդ անձը չի բավարարում կամ այլևս չի բավարարում հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու համար գործող պայմանները:
Սույն կետում նշված անձանց վրա տարածվում են սույն Համաձայնագրի 1-ին և 2-րդ Հավելվածներում թվարկված` հաստատման կամ հավաստման միջոցները:
3. Հայցվող Պայմանավորվող կողմը հայցող Պայմանավորվող կողմի դիմումի հիման վրա, առանց այլ, քան սույն Համաձայնագրով նախատեսված պաշտոնականության, հետ կընդունի երրորդ երկրի յուրաքանչյուր քաղաքացու և քաղաքացիություն չունեցող յուրաքանչյուր անձի, որոնք չեն բավարարում կամ այլևս չեն բավարարում հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու գործող պայմանները.
ա) եթե ապացուցվել է կամ հավաստի է դարձել, որ այդ անձն ունի հայցվող Պայմանավորվող կողմի կողմից տրված կացության վավերական թույլտվություն, կամ
բ) եթե ապացուցվել է կամ հավաստի է դարձել, որ այդ անձն անօրինական ձևով գտնվելու փաստը պարզելու պահին ունեցել է հայցվող Պայմանավորվող կողմի կողմից տրված կացության վավերական թույլտվություն, և անօրինական ձևով գտնվելու փաստը պարզելու պահից անցել է ամենաշատը վեց ամիս, կամ
գ) եթե ապացուցվել է, որ այդ անձը հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածք մուտք գործելու պահին ունեցել է հայցվող Պայմանավորվող կողմի կողմից տրված կացության վավերական թույլտվություն, և մուտք գործելու պահից անցել է ամենաշատը վեց ամիս, կամ
դ) եթե ապացուցվել է կամ հավաստի է դարձել, որ անձն ունի հայցվող Պայմանավորվող կողմի կողմից տրված վավերական բազմակի մուտքի վիզա. եթե անձն ունի մի քանի պետության վավերական վիզաներ, ապա հետ ընդունելու պարտականություն հայցվող Պայմանավորվող կողմն ունի միայն այն դեպքում, եթե նրա կողմից տրված վիզայի վավերականության ժամկետը ավելի երկար է, քան մյուսներինը, կամ
ե) եթե անձն անօրինական մուտք է գործել հայցող Պայմանավորվող կողմի տարածք անմիջապես հայցվող Պայմանավորվող կողմի տարածքից:
Սույն կետում նշված երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետ ընդունելու պայմանների առկայությունն ապացուցող փաստաթղթերի ցանկը ներկայացված է 3-րդ Հավելվածում: Պայմանավորվող կողմերը փոխադարձաբար, առանց հետագա պաշտոնականության, կճանաչեն ցանկացած նման ապացույց:
Երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետ ընդունելու պայմանների առկայությունը հավաստող փաստաթղթերի ցանկը ներկայացված է 4-րդ Հավելվածում: Այն դեպքերում, երբ առկա են նման հավաստող փաստաթղթեր, Պայմանավորվող կողմերը ելնում են այն բանից, որ պայմաններն առկա են, եթե չեն կարող հաստատել հակառակը:
4. Հայցող Պայմանավորվող կողմի դիմումի հիման վրա հայցվող Պայմանավորվող կողմը անհրաժեշտության դեպքում հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան դիմումի դրական պատասխանից հետո 14 օրվա ընթացքում հետ ընդունելու ենթակա անձին տրամադրում է վերադարձի համար պահանջվող ճամփորդական փաստաթուղթ, որը վավերական կլինի առնվազն 30 օր: Եթե իրավական կամ փաստական պատճառներով համապատասխան անձին հնարավոր չի լինի փոխադրել տրված ճամփորդական փաստաթղթի վավերականության ընթացքում, հայցվող Պայմանավորվող կողմը հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում տրամադրում է նույն վավերականության ժամկետով նոր ճամփորդական փաստաթուղթ:
Հոդված 4
Հետ ընդունելու դիմում
1. Հետ ընդունելու ենթակա անձի փոխադրումը 2-րդ և 3-րդ հոդվածներում նշված պարտավորություններից որևէ մեկի հիման վրա կպահանջի հետ ընդունելու վերաբերյալ դիմումի ներկայացում հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին` բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի:
2. Հետ ընդունելու դիմումը կփոխարինվի գրավոր ծանուցմամբ, որը ժամանակին` համապատասխան անձի վերադարձվելուց առաջ պետք է ուղարկվի հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին, եթե վերադարձվող անձն ունի 1-ին Հավելվածում կամ 3-րդ Հավելվածում թվարկված փաստաթղթերից որևէ մեկը:
3. Հետ ընդունելու դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`
ա) տվյալներ հետ ընդունելու ենթակա անձի մասին (օրինակ` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, հնարավորության դեպքում՝ հայրանունը, ծննդյան վայրը և կացության վերջին վայրը),
բ) այն փաստաթղթերի պատճենները, որոնք քաղաքացիության ապացույց են հանդիսանում կամ prima facie հավաստում են դրա մասին:
4. Հնարավորության դեպքում հետ ընդունելու դիմումը պետք է պարունակի նաև հետևյալ տեղեկատվությունը.
ա) նշում, որ փոխադրման ենթակա անձը կարող է օգնության կամ խնամքի հատուկ կարիք ունենալ՝ պայմանով, որ տվյալ անձը համաձայնություն է տվել այդ նշմանը,
բ) նշումներ փոխադրման առանձին դեպքում անհրաժեշտ պաշտպանության կամ անվտանգության միջոցների մասին:
Հոդված 5
Ժամկետներ
1. Հետ ընդունելու դիմումը հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին պետք է ներկայացվի վեց ամսվա ընթացքում` այն բանից հետո, երբ հայցող Պայմանավորվող կողմը հայտնաբերում է, որ երրորդ երկրի քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը բնակվում է առանց թույլտվության: Այն դեպքերում, երբ առկա են իրավական կամ փաստական խոչընդոտներ` հետ ընդունելու վերաբերյալ դիմումը ժամանակին ներկայացնելու համար, հայցող Պայմանավորվող կողմի խնդրանքով` այդ ժամկետը կերկարաձգվի, սակայն միայն մինչև այն պահը, երբ խոչընդոտները կդադարեն գոյություն ունենալուց:
2. Հետ ընդունելու դիմումին պետք է պատասխան տրվի հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում: Ժամկետն սկսում է գործել հետ ընդունելու դիմումը հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կողմից ստացվելու օրվանից: Այն դեպքերում, երբ առկա են իրավական կամ փաստական խոչընդոտներ պատասխանը ժամանակին ներկայացնելու համար, հայցող Պայմանավորվող կողմի խնդրանքով այդ ժամկետը կերկարաձգվի մինչև խոչընդոտների վերանալը, բայց ոչ ավելի, քան ևս մեկ ամսով: Այդ ժամկետների ընթացքում որևէ պատասխան չլինելու դեպքում հետ ընդունելու վերաբերյալ դիմումին համաձայնությունը համարվում է տրված:
Հետ ընդունելու դիմումի մերժման դեպքում հայցվող Պայմանավորվող կողմը կտեղեկացնի հայցող Պայմանավորվող կողմին մերժման ընդհանուր պատճառների մասին:
3. Հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինն անձին հետ ընդունելու դիմումի վերաբերյալ համաձայնության հիման վրա և ճամփորդական փաստաթղթի տրամադրումից հետո հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին կուղարկի ծանուցում անձի վերադարձի մասին ոչ ուշ, քան նախատեսվող վերադարձի օրվանից 7 օր առաջ:
4. Դրական պատասխան ստանալուց հետո համապատասխան անձը կփոխադրվի հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում: Հայցող Պայմանավորվող կողմի դիմումի հիման վրա այս ժամանակահատվածը կարող է երկարաձգվել իրավական կամ փաստական խոչընդոտները վերացնելու համար անհրաժեշտ ժամանակով: Եթե փոխադրումը չի կարող իրականացվել իրավական կամ փաստական խոչընդոտների պատճառով, ապա Հայցող Պայմանավորվող կողմը կտեղեկացնի այդ մասին հայցվող Պայմանավորվող կողմին:
Հոդված 6
Փոխադրման ձևը և տեղափոխման միջոցները
Վերադարձը, որպես կանոն, կիրականացվի օդային ճանապարհով: Օդային ճանապարհով վերադարձը չի սահմանափակվում հայցող Պայմանավորվող կողմի ազգային ավիաընկերությունների կամ անվտանգությունն ապահովող անձնակազմի օգտագործմամբ և կարող է իրականացվել ինչպես չվացուցակով կատարվող, այնպես էլ, հայցվող Պայմանավորվող կողմի համաձայնությամբ, չարտերային թռիչքներով:
Հոդված 7
Տարանցման սկզբունքներ
1. Հայցվող Պայմանավորվող կողմը հայցող Պայմանավորվող կողմի դիմումի հիման վրա թույլ կտա երրորդ երկրի քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց տարանցում իր պետության տարածքով, եթե հետագա ուղևորությունը տարանցման այլ հնարավոր պետություններ և հետ ընդունելը վերջնակետ հանդիսացող պետության կողմից երաշխավորված է:
2. Պայմանավորվող կողմերը ջանքեր կգործադրեն երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց տարանցումը իրականացնել միայն այն դեպքերում, երբ այդ անձինք չեն կարող անմիջապես վերադարձվել վերջնակետ հանդիսացող երկիր:
3. Հայցվող Պայմանավորվող կողմը կարող է մերժել տարանցումը.
ա) եթե երրորդ երկրի քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը տարանցման այլ պետությունում կամ վերջնակետ հանդիսացող պետությունում կարող է ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ ստորացուցիչ վերաբերմունքի, քրեական հետապնդման կամ պատժամիջոցների կիրառման, մահապատժի, ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելու կամ քաղաքական հայացքների համար հետապնդումների ռիսկի, կամ նրան կարող է սպառնալ քրեական հետապնդման կամ պատժամիջոցների կիրառման վտանգ հայցվող Պայմանավորվող կողմի պետության տարածքում,
բ) հանրային առողջության, ազգային անվտանգության, հասարակական կարգի կամ այլ ազգային շահերից ելնելով:
4. Հայցվող Պայմանավորվող կողմը կարող է չեղյալ համարել տարանցման համար տրված թույլտվությունը, եթե հետագայում առաջանան կամ հայտնաբերվեն 3-րդ կետում նշված տարանցմանը խոչընդոտող հանգամանքներ, կամ եթե այլևս չի երաշխավորվում հետագա ուղևորությունը դեպի տարանցման հնարավոր պետություններ կամ հետ ընդունելը վերջնակետ հանդիսացող պետություն:
Հոդված 8
Տարանցման ընթացակարգը
1. Տարանցման վերաբերյալ դիմումն իրավասու մարմիններին պետք է ներկայացվի գրավոր և պարունակի հետևյալ տեղեկությունները.
ա) տարանցման ձևը (օդային ճանապարհով, ցամաքով կամ ծովով), տարանցման այլ հնարավոր պետությունները և նախատեսվող վերջնական նպատակակետը,
բ) տվյալ անձի տվյալները (oրինակ՝ անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը և, եթե հնարավոր է, ծննդյան վայրը, քաղաքացիությունը, ճամփորդական փաստաթղթի տեսակը և համարը),
գ) սահմանի հատման նախատեսված կետը, փոխադրման ժամանակը և հնարավոր ուղեկցումը,
դ) հայտարարություն, որ, հայցող Պայմանավորվող կողմի տեսանկյունից, 7-րդ հոդվածի 2-րդ կետի պայմանները առկա են, և որ հայտնի չէ 7-րդ հոդվածի 3-րդ կետում նախատեսված մերժման որևէ պատճառ:
2. Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, կպատասխանի տարանցման դիմումին: Դիմումի մերժման դեպքում պետք է նշվեն պատճառները: Այս ժամկետը սկսում է գործել դիմումը ստանալու օրվանից: Այս ժամկետում որևէ պատասխան չլինելու դեպքում կհամարվի, որ համաձայնությունը տրվել է:
Տարանցման դիմումի վերաբերյալ համաձայնության հիման վրա հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան նախատեսված տարանցման օրվանից յոթ օր առաջ, կծանուցի անձի տարանցման մասին:
3. Պայմանավորվող կողմերի փոխադարձ խորհրդակցությունների հիման վրա հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները կաջակցեն տարանցման իրականացմանը:
Հոդված 9
Տեղափոխման և տարանցման ծախսերը
1. Սույն Համաձայնագրի համաձայն՝ հետ ընդունելու հետ կապված փոխադրման բոլոր ծախսերը մինչև հայցվող Պայմանավորվող կողմի պետության սահման և, սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, վերադարձի հետ կապված բոլոր ծախսերը կհոգա հայցող Պայմանավորվող կողմը:
2. Տարանցման հետ կապված բոլոր ծախսերը մինչև վերջնական նպատակակետ հանդիսացող պետության սահման և վերադարձի հետ կապված բոլոր ծախսերը կհոգա հայցող Պայմանավորվող կողմը:
Հոդված 10
Տվյալների պաշտպանություն
Անձնական տվյալների փոխանցումը տեղի կունենա միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ կլինի Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից սույն Համաձայնագրի կիրառման համար: Անձնական տվյալների փոխանցման և մշակման ժամանակ գործում են հետևյալ սկզբունքները` հաշվի առնելով Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի ներպետական իրավունքը.
ա) անձնական տվյալները կարող են հավաքվել միայն սույն Համաձայնագրի հստակ, որոշակի և օրինական կիրառման նպատակով և չեն կարող օգտագործվել ոչ փոխանցողի, ոչ էլ ստացողի կողմից որևէ եղանակով, որը համատեղելի չէ այդ նպատակի հետ,
բ) փոխանցող և ստացող մարմինները պարտավոր են արձանագրել անձնական տվյալների փոխանցումը և ստացումը,
գ) անձնական տվյալները պետք է համապատասխանեն այն նպատակներին, որոնց համար հավաքվում կամ օգտագործվում են, պետք է այդ նպատակի համար կարևոր լինեն և չպետք է դուրս գան դրա սահմաններից:
Մասնավորապես, փոխանցված անձնական տվյալները կարող են վերաբերել միայն հետևյալին.
- հետ վերադարձվող անձի տվյալներին (օրինակ` ազգանունը, անունը, որևէ նախկին անունը, ծածկանունը կամ կեղծանունը, ծննդյան ամսաթիվը և վայրը, սեռը, ներկա և նախկին քաղաքացիությունը),
- անձը հաստատող փաստաթղթին կամ անձնագրին (համարը, վավերականության ժամկետը, տալու ամսաթիվը, տրամադրող մարմինը, տալու վայրը),
- գտնվելու վայրերին և երթուղիներին,
- այլ տեղեկությունների, որոնք, սույն Համաձայնագրի համաձայն, անհրաժեշտ են հետ վերադարձվող անձի ինքնությունը պարզելու կամ հետ ընդունելու հետ կապված նախադրյալներն ուսումնասիրելու համար,
դ) անձնական տվյալները պետք է լինեն ճշգրիտ և անհրաժեշտության դեպքում թարմացվեն,
ե) փոխանցված անձնական տվյալները պետք է ոչնչացվեն այն պահից, երբ այլևս անհրաժեշտ չեն լինի այն նպատակի համար, որի համար փոխանցվել են,
զ) փոխանցող և ստացող մարմինները պարտավոր են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել` կանխելու համար անձնական տվյալներից չթույլատրված օգտվելը, դրանք փոփոխելը և հրապարակելը,
է) ինչպես փոխանցող, այնպես էլ ստացող մարմինները կձեռնարկեն բոլոր պատշաճ միջոցները` անհրաժեշտության դեպքում ապահովելու համար անձնական տվյալների ուղղումը, ոչնչացումը կամ չտարածումը այն դեպքում, երբ տվյալների մշակումը չի համապատասխանում սույն հոդվածի դրույթներին, մասնավորապես, երբ այդ տվյալները կարևոր կամ ճշգրիտ չեն կամ ավելորդ են օգտագործման նպատակների համար: Սա ներառում է նաև մյուս Պայմանավորվող կողմին ուղղված ծանուցումը տվյալների որևէ ուղղման, ոչնչացման կամ հետագա տարածման արգելքի վերաբերյալ,
ը) փոխանցող մարմնի խնդրանքով ստացող մարմինը կտեղեկացնի փոխանցած տվյալների օգտագործման և օգտագործումից ստացված արդյունքների մասին,
թ) անձնական տվյալները կարող են փոխանցվել միայն իրավասու մարմիններին: Այդ տվյալները այլ մարմիններին հետագա փոխանցման համար պահանջվում է փոխանցող մարմնի նախնական համաձայնությունը:
Հոդված 11
Իրավասու մարմիններ
Սույն Համաձայնագրի կիրառման համար պատասխանատու Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները ներկայացված են սույն Համաձայնագրի 5-րդ Հավելվածում:
Պայմանավորվող կողմերն անհապաղ տեղեկացնում են միմյանց իրավասու մարմիններին վերաբերող փոփոխությունների մասին:
Հոդված 12
Փորձագետների հանձնախումբ
Պայմանավորվող կողմերը պարտավորվում են սույն Համաձայնագրի իրականացման ընթացքում առաջացող խնդիրները լուծել փոխադարձ համաձայնությամբ: Սույն Համաձայնագրի իրականացման մանրամասները Պայմանավորվող կողմերը կկարգավորեն փորձագետների մակարդակով: Այդ նպատակով նրանք կստեղծեն փորձագետների հանձնախումբ: Կողմերից յուրաքանչյուրն անհրաժեշտության դեպքում կարող է Համաձայնագրի իրականացման առնչությամբ առաջացող հարցերի վերաբերյալ քննարկում կազմակերպել:
Հոդված 13
Հարաբերությունն այլ միջազգային պայմանագրերի հետ
Սույն Համաձայնագիրը չի ազդի Պայմանավորվող կողմերի` այլ միջազգային պայմանագրերից, ինչպես նաև նրանց` վերազգային և միջազգային կազմակերպություններում անդամակցությունից բխող իրավունքների և պարտավորությունների վրա:
Հոդված 14
Ուժի մեջ մտնելը և տևողությունը
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Հայաստանի Հանրապետության Կառավարության ծանուցումը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության կողմից ստացվելու օրվանից մեկ ամիս հետո:
2. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:
Հոդված 15
Կասեցումը և դադարեցումը
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, ելնելով հանրային առողջության, ազգային անվտանգության կամ հասարակական կարգի պահպանման նկատառումներից, կարող է ամբողջովին կամ մասամբ կասեցնել սույն Համաձայնագրի դրույթների գործողությունը` բացառությամբ սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի: Կասեցման մասին մյուս Պայմանավորվող կողմին անմիջապես գրավոր ծանուցվում է դիվանագիտական ուղիներով: Կասեցումն ուժի մեջ է մտնում ծանուցման օրվանը հաջորդող յոթերորդ օրը, եթե ծանուցման մեջ կասեցման այլ` ավելի ուշ ժամկետ նշված չէ:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը դիվանագիտական ուղիներով: Սույն Համաձայնագրի գործողությունը կդադարի մյուս Պայմանավորվող կողմի կողմից համապատասխան ծանուցումը ստացվելու օրվանից վեց ամիս հետո:
Հոդված 16
Հավելվածներ
Սույն Համաձայնագրի 1-5-րդ Հավելվածները կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
1-4-րդ Հավելվածների փոփոխությունները կհամաձայնեցվեն Պայմանավորվող կողմերի միջև գրավոր և ուժի մեջ կմտնեն դիվանագիտական ուղիներով միմյանց ծանուցելու օրվանից:
Կատարված է Բեռլին քաղաքում 2006 թվականի նոյեմբերի 16-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն և գերմաներեն. ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիր
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության միջև առանց թույլտվության գտնվող անձանց հետ ընդունելու և տարանցիկ փոխադրելու մասին (Համաձայնագիր հետ ընդունելու մասին)
Հավելված 1
Քաղաքացիության հաստատման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկ
(2-րդ հոդվածի 1-ին կետ, 3-րդ հոդվածի 2-րդ կետ)
1. Հայաստանի Հանրապետության համար.
- Հայաստանի Հանրապետության քաղաքացու վավերական անձնագիր,
- Հայաստանի Հանրապետության դիվանագիտական վավերական անձնագիր:
2. Գերմանիայի Դաշնային Հանրապետության համար.
ա) բոլոր տեսակի վավերական անձնագրեր` գերմանական քաղաքացիության նշումով.
- Գերմանիայի Դաշնային Հանրապետության ճամփորդական անձնագիր,
- Գերմանիայի Դաշնային Հանրապետության ծառայողական անձնագիր,
- Գերմանիայի Դաշնային Հանրապետության դիվանագիտական անձնագիր.
բ) Գերմանիայի Դաշնային Հանրապետության ինքնության քարտ:
3. Սույն Հավելվածում նշված փաստաթղթերը հաստատող են համարվում նաև դրանց վավերականության ժամկետը լրանալուց հետո` 6 ամսվա ընթացքում:
Համաձայնագիր
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության միջև առանց թույլտվության գտնվող անձանց հետ ընդունելու և տարանցիկ փոխադրելու մասին (Համաձայնագիր հետ ընդունելու մասին)
Հավելված 2
Քաղաքացիության prima facie հավաստման համար ներկայացվող փաստաթղթերի և տվյալների ընդհանուր ցանկ
(2-րդ հոդվածի 2-րդ կետ, 3-րդ հոդվածի 2-րդ կետ)
- 1-ին Հավելվածում նշված անձնագրերը, որոնց վավերականության ժամկետը լրացել է ավելի քան 6 ամիս առաջ,
- զինվորական գրքույկ,
- վարորդական իրավունքի վկայական,
- ցանկացած այլ փաստաթուղթ և փորձագիտական եզրակացություն, որը կարող է օգնել` որոշելու համար համապատասխան անձի քաղաքացիությունը,
- վերը նշված փաստաթղթերի պատճենները,
- համապատասխան անձի կողմից ներկայացված տվյալները,
- լեզուն, որով խոսում է տվյալ անձը,
- վկաների արժանահավատ ցուցմունքները,
- հայցող Պայմանավորվող կողմի դիմումով հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինների կողմից իրականացված` համապատասխան անձանց քննության արդյունքները:
Համաձայնագիր
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության միջև առանց թույլտվության գտնվող անձանց հետ ընդունելու և տարանցիկ փոխադրելու մասին (Համաձայնագիր հետ ընդունելու մասին)
Հավելված 3
Երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետ ընդունելու պահմանների առկայության հաստատման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկ
(3-րդ հոդվածի 3-րդ կետ)
- Կացության թույլտվության փաստաթղթեր,
- հայցվող Պայմանավորվող կողմի ճամփորդական փաստաթուղթ, որը տրվում է այն անձին, որը հայցվող Պայմանավորվող կողմի քաղաքացի չէ,
- բազմակի մուտքի վավերական վիզա:
Համաձայնագիր
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության միջև առանց թույլտվության գտնվող անձանց հետ ընդունելու և տարանցիկ փոխադրելու մասին (Համաձայնագիր հետ ընդունելու մասին)
Հավելված 4
Երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետ ընդունելու պայմանների առկայությունը հավաստող փաստաթղթերի և տվյալների ընդհանուր ցուցակ
(3-րդ հոդվածի 3-րդ կետ)
- Կացության թույլտվության ժամկետանց փաստաթղթեր,
- հայցվող Պայմանավորվող կողմի ճամփորդական ժամկետանց փաստաթուղթ,
- վերը նշված փաստաթղթերի պատճենները,
- վկաների արժանահավատ ցուցմունքներ,
- անձի ինքնության և նրա գտնվելու վերաբերյալ տեղեկատվություն, որը տրամադրվել է միջազգային կազմակերպության կողմից,
- համապատասխան անձի կողմից ներկայացված տվյալներ,
- Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների համաձայնությամբ` նաև այլ փաստաթղթեր և տվյալներ:
Համաձայնագիր
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության միջև առանց թույլտվության գտնվող անձանց հետ ընդունելու և տարանցիկ փոխադրելու մասին (Համաձայնագիր հետ ընդունելու մասին)
Հավելված 5
Իրավասու մարմիններ
(11-րդ հոդված)
Պայմանավորվող կողմերի իրավասու մարմիններն են.
1. Հետ ընդունելու մասին դիմումը ներկայացնելու և մշակելու, ինչպես նաև ճամփորդական փաստաթուղթ տալու հայտը ներկայացնելու համար
ա) Հայաստանի Հանրապետության կողմից`
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն.
բ) Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից`
- արտասահմանցիների մասին օրենսդրության կատարման համար իրավասու մարմիններ կամ
- դաշնային ոստիկանական վարչություն:
2. Հետ ընդունելու մասին դիմումն ընդունելու համար
ա) Հայաստանի Հանրապետության կողմից`
- Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ.
բ) Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից`
- Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:
3. Վերադառնալու համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթուղթ տալու համար
ա) Հայաստանի Հանրապետության կողմից`
- Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ.
բ) Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից`
- Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:
4. Տարանցման դեպքերում հայտեր ներկայացնելու և հայտերի մշակման համար
ա) Հայաստանի Հանրապետության կողմից`
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն.
բ) Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից`
- դաշնային ոստիկանական վարչություն:
5. Ըստ 9-րդ հոդվածի ծախսերի հաշվարկման համար
ա) Հայաստանի Հանրապետության կողմից`
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն.
բ) Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից`
- այն մարմինը, որը ներկայացրել է ընդունման մասին դիմումը կամ տարանցման մասին հայտը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2008թ. ապրիլի 20-ին: