ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3516/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3516/02/08 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան | |
Դատավորներ՝ Ա. Խառատյան Ա. Պետրոսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի փետրվարի 5-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և Աշոտիկ Եղոյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Աշոտիկ Եղոյանի ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության՝ չօգտագործված ամենամյա արձակուրդների համար դրամական փոխհատուցման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Աշոտիկ Եղոյանը պահանջել է բռնագանձել ՀՀ գլխավոր դատախազությունից 1.386.000 ՀՀ դրամ՝ որպես 1994-2003 թվականներին չօգտագործված արձակուրդների համար դրամական հատուցում:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 29.12.2008 թվականի վճռով Աշոտիկ Եղոյանի հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է ՀՀ գլխավոր դատախազությունից հօգուտ Աշոտիկ Եղոյանի բռնագանձել 418.213 ՀՀ դրամ՝ որպես չօգտագործված ամենամյա արձակուրդների համար դրամական հատուցման գումար:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.07.2009 թվականի որոշմամբ Աշոտիկ Եղոյանի և ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 29.12.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Աշոտիկ Եղոյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Աշոտիկ Եղոյանը:
Աշոտիկ Եղոյանի վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Աշոտիկ Եղոյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-րդ, 169-րդ և 170-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 51-րդ և 53-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-րդ, 169-րդ, 170-րդ հոդվածների և ՀՀ գլխավոր դատախազի 31.05.2007 թվականի թիվ 21 հրամանով հաստատված՝ «Դատախազներին ամենամյա հերթական արձակուրդ տրամադրելու կարգը սահմանելու մասին» կարգի ընդհանուր դրույթների 4-րդ, 5-րդ և 9.2-րդ կետերի բովանդակությունից հետևում է, որ Դատարանը հաշվարկի հիմքում պետք է դներ իր միջին աշխատավարձի այն չափը և տրամադրվող արձակուրդի այն տևողությունը, որոնք սահմանված էին զբաղեցրած պաշտոնից իր ազատվելու ժամանակ, այսինքն՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու պահին: Այնինչ, Դատարանը հիմք է ընդունել ՀՀ գլխավոր դատախազության ֆինանսատնտեսական վարչության 17.12.2008 թվականի տեղեկանքը, համաձայն որի` վճարվելիք գումարի հաշվարկը կատարվել է 1994-2003 թվականների ընթացքում իր միջին օրական աշխատավարձի գումարը տվյալ ժամանակահատվածում տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով, ինչը չի բխում օրենքի պահանջներից:
Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.07.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել:
2.1 ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Դատարանը կիրառել է «ՀՀ աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելու» մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 12-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
«ՀՀ աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելու» մասին ՀՀ օրենքի 2-րդ և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 12-րդ հոդվածների բովանդակությունից հետևում է, որ ՀՀ աշխատանքային օրենսդրության հետադարձ ուժ ունենալու հանգամանքը կախվածության մեջ է դրված ՀՀ աշխատանքային օրենսգրքով, այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերից: Տվյալ դեպքում գործող աշխատանքային օրենսգիրքը գործատու համարվող ՀՀ դատախազության համար իրավունքները սահմանափակող, պարտականություններ սահմանող, ինչպես նաև իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտ է, քանի որ չօգտագործված արձակուրդների համար դրամական հատուցում վճարելու հետևանքով գործատուի մոտ ծագում է լրացուցիչ պարտավորություն: Հետևաբար, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասը տվյալ դեպքում կիրառելի չէ:
Նախկին ՀՀ աշխատանքային օրենսգրքի 246.1-րդ հոդվածից հետևում է, որ այն գործատուների համար սահմանում է չօգտագործած արձակուրդների դիմաց դրամական փոխհատուցում վճարելու պարտականություն` միայն երկու տարվա համար, իսկ գործող աշխատանքային օրենսդրությունը սահմանում է պարտականությունների ավելի լայն ծավալ` պարտականությունների խստացումով, հետևաբար պետք է կիրառվի ՀՀ աշխատանքային օրենսգրքի 12-րդ հոդվածը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.07.2009 թվականի որոշման հայցը բավարարելու մասը և այն փոփոխել` Աշոտիկ Եղոյանի հայցը մերժել:
2.2 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Գործող աշխատանքային օրենսգիրքը ՀՀ գլխավոր դատախազության համար ոչ մի նոր պարտավորություն չի սահմանել, որը կվատթարացնի նրա իրավական վիճակը, քանի որ չօգտագործված արձակուրդների համար դրամական հատուցում վճարելն օրենքով նախատեսված պարտավորությունն է: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը վճռաբեկ բողոքում չի նշել, թե ինչ նոր պարտավորություններ են սահմանվել ՀՀ գլխավոր դատախազության համար, որոնք նախկին աշխատանքային օրենսգրքով սահմանված չեն եղել, կամ ինչով է սահմանափակել իր իրավունքները, որի հետ կապված հետադարձ ուժ չի կարող ունենալ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Աշոտիկ Եղոյանը 07.09.1994 թվականից միչև 27.11.2007 թվականն աշխատել է ՀՀ դատախազության համակարգում (գ.թ. 5):
2. ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի 27.11.2007 թվականի թիվ 659 հրամանով երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ Աշոտիկ Եղոյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից (գ.թ. 6):
4. ՀՀ դատախազության ֆինանսատնտեսական վարչության պետի 18.11.2008 թվականի թիվ 10/21-261-08 գրությամբ մերժվել է չօգտագործված արձակուրդների համար փոխհատուցում ստանալու մասին Աշոտիկ Եղոյանի դիմումը: Նույն գրության համաձայն՝ Աշոտիկ Եղոյանը ՀՀ դատախազության համակարգում աշխատելու ընթացքում ամենամյա հերթական արձակուրդից օգտվել է 2004, 2005, 2006 և 2007 թվականներին (գ.թ. 7):
6. ՀՀ գլխավոր դատախազության ֆինանսատնտեսական վարչության պետի 17.12.2008 թվականի թիվ 10/21-293-08 տեղականքի համաձայն` 1994-2003 թվականների արձակուրդներից օգտվելու դեպքում կհաշվարկվեր արձակուրդային գումարներ, համապատասխանաբար` 2183 ՀՀ դրամ, 3280 ՀՀ դրամ, 10.500 ՀՀ դրամ, 12.000 ՀՀ դրամ, 24.095 ՀՀ դրամ, 31.231 ՀՀ դրամ, 32.662 ՀՀ դրամ, 32.662 ՀՀ դրամ, 127.600 ՀՀ դրամ և 142000 ՀՀ դրամ (գ.թ. 25):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի, ինչպես նաև Աշոտիկ Եղոյանի վճռաբեկ բողոքները նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն, իսկ Աշոտիկ Եղոյանի վճռաբեկ բողոքն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով բարձրացված պահանջի քննության համար անհրաժեշտ է պատասխանել հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք գործող աշխատանքային օրենսգրքի ամենամյա վճարովի արձակուրդի չօգտագործված մասի համար փոխհատուցում ստանալու մասին նորմերը պետք է կիրառվեն նաև նախկին աշխատանքային օրենսգրքի գործողության ժամանակ առկա իրավահարաբերությունների նկատմամբ:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ և կիրառելով «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, հանգել է այն հետևության, որ տվյալ հոդվածն արտոնում է մինչև օրենսգիրքը գործողության մեջ դնելը ծագած աշխատանքային հարաբերությունների շարունակումը՝ դրանց նկատմամբ օրենսգրքի դրույթների կիրառմամբ, ուստի չվճարված արձակուրդային գումարները ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ենթակա են բռնագանձման ամբողջ ժամանակահատվածի համար:
21.06.2005 թվականին ուժը կորցրած ՀՀ աշխատանքային օրենսգրքի 246.1-րդ հոդվածի համաձայն` դրամական պահանջների հարցերով, բացի հարկադրական պարապուրդի ժամանակամիջոցի համար աշխատողին միջին աշխատավարձը կամ ցածր վարձատրվող աշխատանք կատարելու ժամանակամիջոցի համար աշխատավարձի տարբերությունը վճարելու պահանջներից (սույն օրենսգրքի 240 հոդված և 246 հոդվածի երկրորդ մաս), աշխատանքային վեճերը քննելիս, վեճը քննող մարմինն իրավունք ունի վճիռ կայացնել վճարելու աշխատողին նրան հասանելիք գումարները ոչ ավելի, քան մեկ տարվա համար, իսկ արձակման դեպքում` չօգտագործած արձակուրդի դիմաց դրամական փոխհատուցման հարցերով, ոչ ավելի, քան երկու աշխատանքային տարվա համար:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի (ընդունվել է 09.11.2004 թվականին և ուժի մեջ է մտել է 21.06.2005 թվականին) 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս` անկախ դրա գործողության ժամկետից: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Եթե աշխատողին ամենամյա արձակուրդը չի տրամադրվել մեկ տարուց ավելի ժամանակահատվածով, ապա հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:
⚖Նույն օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ միայն սույն օրենսգրքով, այլ օրենքներով, ինչպես նաև տվյալ նորմատիվ իրավական ակտով նախատեսված դեպքերում: Հետադարձ ուժ չի կարող տրվել գործատուների կամ քաղաքացիների իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը խստացնող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ պարտականությունների կատարման կարգը սահմանող կամ խստացնող, գործատուների կամ քաղաքացիների գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ խստացնող, ինչպես նաև նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին:
Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ գործող ՀՀ աշխատանքային օրենսդրության նորմերին հետադարձ ուժ տալը պայմանավորված է միայն մեկ պայմանով, այն է՝ եթե դա սահմանված է թվարկված իրավական ակտերում:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով նախկին աշխատանքային օրենսգրքի գործողության ժամանակ տևած աշխատանքային իրավահարաբերությունների նկատմամբ գործող աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառելի չէ, քանի որ ոչ մի իրավական ակտում նախատեսված չէ տվյալ նորմի հետադարձ ուժը:
Ինչ վերաբերում է Դատարանի եզրահանգմանն այն մասին, որ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի ուժով գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի նորմերին հետադարձ ուժ է տրվում, ապա Վճռաբեկ դատարանն այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
⚖«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ մինչև օրենսգիրքը գործողության մեջ դնելը ծագած աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, և դրանց նկատմամբ կիրառվում են օրենսգրքի դրույթները:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը աշխատանքային հարաբերությունները տարանջատել է երկու մասի, այն է՝ աշխատանքային հարաբերություններ, որոնք ծագել են մինչև գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի ուժի մեջ մտնելը և ուժի մեջ մտնելուց հետո ծագած աշխատանքային հարաբերություններ: Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի ուժով օրենսդիրն ընդունել և օրենսգրքի կարգավորման դաշտ է բերել նաև մինչև օրենսգիրքը գործողության մեջ դնելը ծագած աշխատանքային հարաբերությունները: Այսինքն՝ վերոնշյալ հոդվածը որևէ առնչություն չունի ՀՀ աշխատանքային օրենսգրքի նորմերի հետադարձ ուժի հետ:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով չօգտագործված ամենամյա արձակուրդի դրամական փոխհատուցման գումարը պետք է հաշվարկվի երկու տարվա` 2002-2003 թվականների համար, իսկ փոխհատուցման չափը պետք է որոշվի համապատասխան ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չափով:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն:
Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազության ֆինանսատնտեսական վարչության պետի 17.12.2008 թվականի թիվ 10/21-293-08 տեղեկանքի համաձայն` 2002-2003 թվականների արձակուրդներից օգտվելու դեպքում կհաշվարկվեր արձակուրդային գումարներ, համապատասխանաբար` 127.600 ՀՀ դրամ և 142000 ՀՀ դրամ: Հետևաբար, Աշոտիկ Եղոյանի հայցը պետք է բավարարվի մասնակիորեն` 269.600 ՀՀ դրամի չափով:
Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Աշոտիկ Եղոյանի վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2009 թվականի որոշման` հայցը բավարարելու մասը և այն փոփոխել՝ Աշոտիկ Եղոյանի հայցը բավարարել մասնակիորեն` ՀՀ գլխավոր դատախազությունից հօգուտ Աշոտիկ Եղոյանի բռնագանձել 269.600 ՀՀ դրամ՝ որպես 2002-2003 թվականների ամենամյա չօգտագործված արձակուրդների համար դրամական փոխհատուցում: Հայցը մնացած մասով մերժել:
2. Աշոտիկ Եղոյանի վճռաբեկ բողոքը մերժել:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Ա. Բարսեղյան |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |