ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/0068/05/09 վարչական գործ թիվ ՎԴ/0068/05/09 2010թ.
Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի մասնակցությամբ դատավորներ Ա. Բարսեղյանի Վ. Աբելյանի Ս. Անտոնյանի Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ Մ. Դրմեյանի Ե. Խունդկարյանի Է. Հայրիյանի Տ. Պետրոսյանի Ե. Սողոմոնյանի
2010 թվականի փետրվարի 5-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Կարեն և Նանա» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 23.07.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի «Կարեն և Նանա» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)` 09.12.2008 թվականի թիվ 1101518 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին և ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյան-1 հարկային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն) հակընդդեմ հայցի ընդդեմ Ընկերության՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 09.12.2008 թվականի թիվ 1101518 ստուգման ակտը:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Տեսչությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 3.733.500 ՀՀ դրամ:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 23.07.2009 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 24-րդ հոդվածները և 26-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» 37-րդ, 55-57-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վարչական դատարանը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չհետազոտելով գործում առկա ապացույցները, ինչպես նաև չպարզելով գործի համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը, սխալ եզրահանգման է եկել խանութում առկա ապրանքի գրանցված չլինելու վերաբերյալ:
Մասնավորապես Վարչական դատարանը հաշվի չի առել, որ ստուգման ակտի բովանդակությունից որևէ համեմատություն չի երևում, դրանում ընդամենը վերացական ձևով նշված է, որ 3.930.000 ՀՀ դրամի ապրանքներ չեն գրանցվել:
Ավելին, գույքագրման ցանկում ամրագրված է ընդամենը փաստացի առկա ապրանքը, և այն չի պարունակում որևէ համեմատություն, իսկ չգրանցված ապրանքի մասին հետևությունը հնարավոր է միայն պարզելով այս կամ այն կոնկրետ ապրանքը գրքում գրանցված չլինելու փաստով՝ ամրագրելով այդ ապրանքի քանակը և արժեքը:
Բացի այդ, ձեռնարկատիրական գործունեության առարկայի գրանցված չլինելու խախտման մասին հետևությունը չի կարող լինել վերացական միայն գումարի մասով, առանց պարզելու այն փաստական հանգամանքը, թե որ ապրանքը չի գրանցվել: Այս կարևոր փաստական հանգամանքը ակտում բացակայում է, ինչն արդեն իսկ նշանակում է, որ բացակայում է ակտի հիմնավորումը:
Գործի քննության ընթացքում Ընկերության ներկայացուցչի կողմից փորձ է արվել ճշտել նշված փաստական հանգամանքը, սակայն որևէ պատասխան չի տրվել այն հարցադրմանը, թե գույքագրման ցանկում նշված որ ապրանքն ինչ քանակով գրանցված չի եղել: Հետևաբար, վարչական մարմինը չէր կարող ապրանքը համարել չգրանցված, ուստի ապրանքը չգրանցելու վերաբերյալ հետևությունը հիմնավորված չէ:
Դատարանն անտեսել է, որ գործի քննության ընթացքում Տեսչությունը փորձել է ապրանքները չգրանցելու հետևությունը հիմնավորել խանութում առկա ապրանքանյութական արժեքների դրամային արտահայտությամբ ավելցուկով, սակայն այս փաստը նույնպես չի հաստատվել, քանի որ ապրանքի չգրանցման խախտումը չի կարող հիմնված լինել միայն ընդհանուր ապրանքի արժեքի համեմատության հիման վրա, առանց անդրադառնալու ապրանքների առանձին տեսակների գրանցված լինելու հանգամանքին: Բացի այդ, Տեսչությունը չի կարողացել հիմնավորել նաև արժեքային արտահայտությամբ ավելցուկը, որն իբր կատարվել է գրանցման գրքի հետ համեմատելով:
Դատարանը, չանդրադառնալով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի» մասին ՀՀ օրենքի մի շարք պահանջների ակնհայտ խախտումների մասին Ընկերության նշած հիմքերին, վճռում նշել է, որ ««Կարեն և Նանա» ՍՊԸ-ի ներկայացուցչի կողմից նշված մյուս հանգամանքները, դատարանի կարծիքով, հիմք չեն կարող հանդիսանալ ըստ էության ճիշտ և իրական փաստերն արձանագրող ստուգման ակտն անվավեր ճանաչելու համար»:
Մինչդեռ Դատարանը, պարտավոր էր անդրադառնալ ակտն անվավեր ճանաչելու պահանջի հիմքում դրված բոլոր հիմքերին ու հիմնավորումներին, տալ դրանց վերաբերյալ իր իրավական դիրքորոշումը: Այնինչ, վճռում ոչ միայն բացակայում է Ընկերության նշած հիմքերի և հիմնավորումների վերլուծությունը, համապատասխան համոզմունքի ձևավորման պատճառաբանությունը, այլև նշված չէ, թե որ «մյուս հանգամանքները» Դատարանը հիմք չի համարում ակտն անվավեր ճանաչելու համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 23.07.2009 թվականի վճիռը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Կոմիտեի նախագահի 10.11.2008 թվականի թիվ 1101518 հանձնարարագրով հանձնարարվել է Ընկերությունում ՀՀ օրենսդրությամբ հարկային մարմիններին վերապահված իրավասության սահմաններում կատարել ձեռնարկատիրական գործունեության առարկաների (առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող) գրանցման ճշտության ստուգում (գ.թ. 14):
2. Ստուգման արդյունքներով 09.12.2008 թվականին կազմված թիվ 1101518 ակտով Ընկերությանը տուգանքի տեսքով առաջադրվել է լրացուցիչ հարկային պարտավորություն 1.965.000 ՀՀ դրամի չափով: Ակտով արձանագրվել է, որ ընկերության կողմից արտադրանքի, ապրանքների և դրանց գների հաշվառման գրքում /գործունեության հասցե՝ Երևան, Նալբանդյան 98/ չի գրանցվել վաճառքի (իրացման) գներով 3932,0 հ. դրամի ապրանք, այսինքն՝ ընկերության կողմից չի կատարվել ՀՀ կառավարության 31.07.1997թ. թիվ 315 որոշմամբ հաստատված կարգի պահանջները: Համաձայն ՀՀ կառավարության 31.07.1997թ. թիվ 315 որոշմամբ հաստատված կարգի և «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի՝ ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու համար ընկերությունից ենթակա է գանձման չգրանցված ապրանքի 50 տոկոսի չափով կամ 1965.0 հ.դրամ: Ակտում նշված է, որ ակտին կցվում է հավելված՝ 30 էջից: Նշված հավելվածը վերնագրված է Ընկերությանը պատկանող ք. Երևան, Նալբանդյան 98 հասցեում գտնվող խանութ-սրահի փաստացի առկա ապարանքանյութական արժեքների գույքագրման ցանկ՝ սույն թվականի նոյեմբերի 26-ի և 27-ի դրությամբ (գ.թ. 15):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտին ներկայացվում են հետևյալ պահանջները.
ա) վարչական ակտն իր բովանդակությամբ պետք է համապատասխանի դրա ընդունման համար oրենքով սահմանված պահանջներին, նշում պարունակի այն բոլոր էական փաստական և իրավաբանական հանգամանքների վերաբերյալ, որոնք վարչական մարմնին հիմք են տվել ընդունելու համապատասխան որոշում.
բ) վարչական ակտը պետք է կազմված լինի սահմանված ձևի և նմուշի թղթի վրա:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը: Վարչական մարմնի հայեցողական լիազորությունների իրականացման արդյունքում ընդունված վարչական ակտի հիմնավորումից պետք է պարզ լինեն այն նկատառումները, որոնց հիման վրա վարչական մարմինն ընտրել է տվյալ լուծումը:
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության համաձայն` ստուգման ակտում պետք է նկարագրվեն արձանագրված խախտումները, այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել, խախտման կոնկրետ ժամանակը, հղում` համապատասխան փաստաթղթերին, պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների oգտին առկա հանգամանքները: Իսկ նույն օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը:
Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է վարչական ակտում համապատասխան փաստաթղթերին հղում կատարելու պարտավորությանը վերաբերող իրավական վերլուծությանը:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական ակտում համապատասխան փաստաթղթերին հղում կատարելու պարտավորության սահմանումն օրենսդրի կողմից ինքնանպատակ չէ, քանի որ օրենքի այդ պահանջը պահպանված լինելու պարագայում միայն հնարավոր կլինի պարզել, ստուգել և հաստատված համարել խախտումների առկայությունը կամ բացակայությունը, ինչպես նաև դրանք բավարար հիմքերի առկայությամբ արձանագրված լինելու հանգամանքը, ինչը ստուգումն իրականացրած անձանց հնարավորություն կտա (ակտը վիճարկելու դեպքում) ապացուցելու, որ ուսումնասիրված փաստաթղթերում առկա տվյալները բավարար են եղել այս կամ այն եզրահանգման գալու և խախտում արձանագրելու համար, եթե նույնիսկ տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցիչները պնդեն, որ այդ փաստաթղթերը ստուգման պահին չեն ուսումնասիրվել (տես՝ «Նիգ Շինմոնտաժ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շահումյանի հարկային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն)` 24.09.2008 թվականի թիվ 1042697 ակտի 1-ին և 4-րդ կետերն անվավեր ճանաչելու պահանջի մասին և Տեսչության հակընդդեմ հայցն ընդդեմ Ընկերության` 4.347.400 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի 06.11.2009 թվականի թիվ ՎԴ/6698/05/08 որոշումը):
Բացի այդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն oրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
Վերը նշված նորմերից հետևում է, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է հետազոտել և գնահատել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը:
Վճռաբեկ դատարանն իր՝ նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածությանը (տես՝ Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի՝ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը): Ուստի, սույն որոշմամբ կրկին չի անդրադառնում տվյալ հարցին:
Սույն գործով Դատարանը, 30 էջանոց գույքագրման ցանկում արձանագրված ապրանքանյութական արժեքները համեմատելով Ընկերության՝ արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) գրքում առկա տվյալների հետ, հանգել է այն հետևության, որ համեմատության արդյունքում տնտեսվարող սուբյեկտի մոտ առկա են 3 930 000 ՀՀ դրամի չգրանցված ապրանքներ:
Միաժամանակ վերը նշվածը հիմք ընդունելով՝ Դատարանը պատճառաբանել է, որ Ընկերության ներկայացուցչի մյուս փաստարկները հիմք չեն ըստ էության ճիշտ և իրավական փաստերը արձանագրող ստուգման ակտն անվավեր ճանաչելու համար:
Մինչդեռ, սույն գործում առկա 09.12.2008 թվականի թիվ 1101518 վիճարկվող ակտում առկա չէ հղում համապատասխան փաստաթղթերին: Ակտից պարզ չէ, թե ստուգման ընթացքում կատարված գույքագրման արդյունքները որ փաստաթղթերի հետ են համեմատվել, որոնց արդյունքում հայտնաբերվել է 3.930.000 ՀՀ դրամ ապրանքային ավելցուկը:
Մասնավորապես Դատարանը, գալով նման եզրահանգման, չի նշել թե հատկապես Ընկերությունում առկա որ ապրանքներն ինչ քանակությամբ և արժեքով չեն գրանցվել Ընկերության՝ արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) գրքում:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտը հիմնավոր չէ:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 23.07.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Ա. Բարսեղյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |