ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0033/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0033/02/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Գ. Մատինյան | |
Դատավորներ՝ Լ. Գրիգորյան Ա. Թումանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի մարտի 12-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Հովիկ Մարկոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.11.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Շանթ Պլյուս» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Հովիկ Մարկոսյանի և «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից վերադարձնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Հովիկ Մարկոսյանին և «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ին վերադարձնել «Մերսեդես Բենց 609 D» մակնիշի 708 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 30.06.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 18.11.2009 թվականի որոշմամբ Հովիկ Մարկոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հովիկ Մարկոսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի կիրառման, այն է՝ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու համար անհրաժեշտ է ապացուցել այն հանգամանքը, որ վեճի առարկա ավտոմեքենան գտնվում է պատասխանողի տիրապետման ներքո: Մինչդեռ սույն գործում բացակայում է որևէ ապացույց, որը կհիմնավորեր այն հանգամանքը, որ վեճի առարկա գույքը գտնվում է Հովիկ Մարկոսյանի տիրապետման ներքո:
Վերանայվող դատական ակտն առերևույթ հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի 3-54 (ՎԴ) որոշմանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.11.2009 թվականի որոշումը և այն փոփոխել՝ Ընկերության հայցը մերժել:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքի պատճառաբանություններն անհիմն են, քանի որ գործի նյութերով հիմնավորվել է այն փաստը, որ վիճելի ավտոմեքենան գտնվում է Հովիկ Մարկոսյանի տիրապետության տակ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունի հետևյալ փաստը՝
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնի 27.02.2009 թվականի «Կատարողական վարույթն ավարտելու մասին» որոշման համաձայն` Ընկերության ավտոմեքենան 2008 թվականի ապրիլ ամսից գտնվել է «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի տիրապետության ներքո (Երևանի Ազատ Վշտունու 73): Ավտոմեքենայի վրա արգելանք է կիրառվել, և ի պահ է հանձնվել «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ին (գ.թ. 36):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն՝ սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապoրինի տիրապետումից:
Վերոհիշյալ հոդվածից հետևում է, որ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու գործով ապացուցման առարկան է պատասխանողի կողմից վեճի առարկա գույքը տիրապետելու փաստը:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին (տե՛ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների՝ ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843(ՎԴ)): Ուստի սույն որոշմամբ կրկին չի անդրադառնում տվյալ հարցին:
Սույն գործի փաստերով չի հիմնավորվել վեճի առարկա ավտոմեքենան Դավիթ Մանուկյանի տիրապետման ներքո գտնվելու փաստը:
Բացի այդ, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Կոտայքի մարզային բաժնի 27.02.2009 թվականի «Կատարողական վարույթն ավարտելու մասին» որոշման համաձայն` Ընկերության ավտոմեքենան 2008 թվականի ապրիլ ամսից գտնվել է «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի տիրապետության ներքո (Երևանի Ազատ Վշտունու 73) և ի պահ է հանձնվել «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ին: Այսինքն` ավտոմեքենան Հովիկ Մարկոսյանի տիրապետման ներքո չի գտնվում:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից չի կատարվել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում, հետևաբար կայացված դատական ակտն անհիմն է:
Այսպիսով, վերը նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 18.11.2009 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ և 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Հովիկ Մարկոսյանի վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.11.2009 թվականի որոշման` Հովիկ Մարկոսյանի մասը և այն փոփոխել` Հովիկ Մարկոսյանի մասով հայցը մերժել: Որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
2. «Շանթ պլյուս» ՍՊԸ-ից հօգուտ Հովիկ Մարկոսյանի բռնագանձել 10000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի և 20000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարած պետական տուրքի գումարներ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան Դատավորներ` Վ. Ավանեսյան Վ. Աբելյան Ս. Անտոնյան Մ. ԴՐՄԵՅԱՆ Ե. Խունդկարյան Է. Հայրիյան Տ. Պետրոսյան Ե. Սողոմոնյան