Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության Կառավարության ԵՎ Շվեյցարիայի Դաշնային խորհրդի միջԵՎ Դիվանագիտական անձնագիր ունեցողների համար մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
ղեկավարվելով դիվանագիտական անձնագրեր ունեցող` իրենց պետությունների քաղաքացիների փոխադարձ այցելությունները դյուրացնելու ընդհանուր ցանկությամբ,
նպատակ ունենալով ամրապնդել իրենց պետությունների միջև երկկողմ համագործակցությունը,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
1. Պայմանավորվող կողմերի այն քաղաքացիները, որոնք ունեն վավերական դիվանագիտական անձնագրեր, և որոնք հանդիսանում են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում իրենց համապատասխան պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի աշխատակիցներ կամ միջազգային կազմակերպությունում իրենց պետության ներկայացուցիչներ, կարող են մուտք գործել մյուս Պայմանավորվող կողմի տարածք և իրենց ծառայության ընթացքում գտնվել այնտեղ առանց մուտքի արտոնագրի: Ուղարկող Պայմանավորվող կողմը դիվանագիտական ուղիներով նախապես ծանուցում է ընդունող Պայմանավորվող կողմին նշված անձանց նշանակման և գործառույթների մասին:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձինք ընդունող Պայմանավորվող կողմից ստանում են հավատարմագրման քարտ:
3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց ընտանիքի անդամները օգտվում են սույն հոդվածի 2-րդ կետում սահմանված հնարավորությունից, եթե նրանք բնակվում են նույն ընտանիքում, ընդունող պայմանավորվող կողմը նրանց ճանաչում է որպես սույն հոդվածի 1-ին կետում նշված անձի հետ բնակվելու իրավունք ունեցող ընտանիքի անդամներ, և նրանք ունեն վավերական անձնագիր:
Հոդված 2
1. Վավերական դիվանագիտական անձնագրեր ունեցող Պայմանավորվող կողմերի այն քաղաքացիները, որոնք ո´չ իրենց պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի աշխատակիցներ են, ո´չ էլ միջազգային կազմակերպությունում իրենց պետության ներկայացուցիչներ, կարող են մուտք գործել մյուս Պայմանավորվող կողմի տարածք, գտնվել այնտեղ 90 (իննսուն) օրը չգերազանցող ժամկետով ցանկացած 180 (հարյուր ութսուն) օրվա ընթացքում կամ հեռանալ մյուս Պայմանավորվող կողմի տարածքից առանց մուտքի արտոնագրի` պայմանով, որ նրանք մյուս Պայմանավորվող կողմի պետությունում որևէ տեսակի աշխատանք չեն կատարելու:
2. Պայմանավորվող կողմերի պետությունների` սույն հոդվածի 1-ին կետում նշված այն քաղաքացիները, ովքեր մտադիր են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գտնվել 90 (իննսուն) օրը գերազանցող ժամկետով, պարտավոր են նախապես ձեռք բերել մուտքի արտոնագիր: Մուտքի արտոնագիրն անվճար տրամադրվում է համապատասխան պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից:
3. Շվեյցարիայի տարածք մուտք գործելիս, տարանցելով մեկ կամ մի քանի այն պետությունների տարածքները, որոնց նկատմամբ ամբողջությամբ կիրառվում են ներքին սահմանների վերահսկողության և անձանց տեղաշարժի սահմանափակման վերացման դրույթները, ինչպես սահմանված է Շենգենյան Դրույթներում (Shengen Acqսis), 90 (իննսուն)-օրյա ժամկետը սկսվում է հաշվարկվել ազատ տեղաշարժի տարածքը սահմանափակող վերը նշված պետությունների կողմից ձևավորված արտաքին սահմանը հատելու օրվանից:
Հոդված 3
Պայմանավորվող կողմերի պետությունների քաղաքացիները պահպանում են մյուս Պայմանավորվող կողմի պետության մուտքի կանոնները և գործող ներպետական օրենսդրությունը, վերջինիս տարածքում գտնվելու ամբողջ ընթացքում:
Հոդված 4
Պայմանավորվող կողմերի իրավասու մարմիններն իրենց իրավունք են վերապահում մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիներին մերժելու մուտք գործել կամ գտնվել իրենց պետության տարածքում, ինչպես սահմանված է սույն Համաձայնագրի 1-ին և 2-րդ հոդվածներում` պետական անվտանգության, հասարակական կարգի և առողջության պահպանության կամ այլ լուրջ պատճառներով:
Հոդված 5
1. Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագիրն ստորագրելուց հետո` 30 (երեսուն) օրվա ընթացքում, դիվանագիտական ուղիներով փոխանակում են իրենց դիվանագիտական և սովորական անձնագրերի նմուշները:
2. Դիվանագիտական և սովորական անձնագրերում փոփոխություններ կատարելու դեպքում համապատասխան Պայմանավորվող կողմը մյուս Պայմանավորվող կողմին նոր նմուշներն ուղարկում է դրանց կիրառելիության վերաբերյալ տեղեկության հետ միասին` գործածության մեջ դնելուց առնվազն 30 (երեսուն) օր առաջ:
Հոդված 6
Քանի որ սույն Համաձայնագիրը կիրարկելու համար անձնական տվյալներ են փոխանցվում, այդ տվյալները հավաքվում, օգտագործվում և պաշտպանվում են` համաձայն ներպետական օրենսդրության: Մասնավորապես, պահպանվում են հետևյալ սկզբունքները.
ա) Ընդունող Պայմանավորվող կողմն օգտագործում է տվյալները միայն հայտարարված նպատակով և փոխանցող Պայմանավորվող կողմի կողմից սահմանված պայմաններով:
բ) Պահանջի դեպքում ընդունող Պայմանավորվող կողմը տեղեկացնում է փոխանցող Պայմանավորվող կողմին փոխանցված տվյալների օգտագործման մասին:
գ) Անձնական տվյալները կարող են փոխանցվել միայն սույն Համաձայնագիրը կիրարկելու համար պատասխանատու իրավասու մարմիններին և օգտագործվել նրանց կողմից: Այդ տվյալները կարող են այլ մարմինների փոխանցվել միայն փոխանցող Պայմանավորվող կողմի գրավոր համաձայնության դեպքում:
դ) Փոխանցող Պայմանավորվող կողմն ապահովում է, որ փոխանցվող տվյալները լինեն ճշգրիտ, անհրաժեշտ և չգերազանցեն այն պահանջները, որի նպատակով փոխանցվում են: Փոխանցող Պայմանավորվող կողմը պահպանում է այդ տվյալների փոխանցման հետ կապված` ներպետական օրենսդրությամբ սահմանված ցանկացած սահմանափակում: Եթե այդ տվյալները ճշգրիտ չեն կամ փոխանցվել են անօրինական կերպով, ընդունող Պայմանավորվող կողմն անմիջապես տեղեկացվում է այդ մասին և ճշտում կամ ոչնչացնում է դրանք:
ե) Ցանկացած անձ, դիմելու դեպքում, տեղեկացվում է իր մասին տվյալների փոխանցման և դրանց օգտագործման նպատակի վերաբերյալ` համաձայն այն Պայմանավորվող կողմի ներպետական օրենսդրության, որից այդ տեղեկատվությունը պահանջվել է:
զ) Փոխանցված անձնական տվյալները պահպանվում են այնքան, որքան անհրաժեշտ է դրանց փոխանցման նպատակի համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ վերահսկում է պահպանված տվյալների մշակումը և օգտագործումը` համաձայն իր ներպետական օրենսդրության:
է) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պաշտպանում է փոխանցված անձնական տվյալները չթույլատրված օգտագործումից, փոփոխումից կամ հրապարակումից:
Հոդված 7
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրարկման ժամանակ ծագող ցանկացած վեճ կարգավորվում է Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների միջև` խորհրդակցությունների կամ բանակցությունների միջոցով:
Հոդված 8
Պայմանավորվող կողմերից մեկի նախաձեռնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ: Ցանկացած փոփոխություն, որի շուրջ համաձայնվել են Պայմանավորվող կողմերը, ուժի մեջ է մտնում ներպետական օրենսդրությամբ նախատեսված համապատասխան ներքին ընթացակարգերի կատարման օրվանից:
Հոդված 9
Սույն Համաձայնագիրը չի կարող ազդել Պայմանավորվող կողմերի այլ պարտավորությունների վրա, որոնք ծագում են միջազգային համաձայնագրերից, մասնավորապես` այն պարտավորությունների, որոնք բխում են «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961 թվականի Վիեննայի կոնվենցիայից և «Հյուպատոսական հարաբերությունների մասին» 1963 թվականի Վիեննայի կոնվենցիայից:
Հոդված 10
1. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Այն ուժի մեջ է մտնում վերջին գրավոր ծանուցումն ստանալուց հետո` 30-րդ (երեսուներորդ) օրը, որով Պայմանավորվող կողմերը միմյանց ծանուցում են իրենց ներպետական օրենսդրությամբ նախատեսված համապատասխան ներպետական ընթացակարգերի կատարման մասին:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրեն իրավունք է վերապահում կասեցնելու Համաձայնագրի դրույթների գործողությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն` պետական անվտանգության, հասարակական կարգի և առողջության պահպանության կամ այլ լուրջ պատճառներով: Նման կասեցման մասին դիվանագիտական ուղիներով անմիջապես ծանուցվում է մյուս Պայմանավորվող կողմը: Նման կասեցումն ուժի մեջ է մտնում ծանուցումը մյուս Պայմանավորվող կողմի ստանալու օրվանից:
3. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող է դիվանագիտական ուղիներով ծանուցել մյուս Պայմանավորվող կողմին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին: Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է ծանուցումը մյուս Պայմանավորվող կողմի ստանալուց 30 (երեսուն) օր հետո:
Կատարված է Բեռն քաղաքում 2009 թվականի նոյեմբերի 10-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, գերմաներեն և անգլերեն. ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ ծագած տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2010թ. փետրվարի 25-ին:
