Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության ԵՎ Չեխիայի Հանրապետության միջԵՎ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին
Հայաստանի Հանրապետությունը և Չեխիայի Հանրապետությունը (այսուհետ՝ Պայմանավորվող կողմեր),
անօրինական միգրացիան կանխելու իրենց ցանկությանը համապատասխան,
ապահովելու համար այն անձանց հետընդունումը, որոնց մուտքը և բնակությունը Պայմանավորվող կողմերի տարածքում անօրինական է,
նկատի ունենալով, որ սույն Համաձայնագիրը հիմք չի հանդիսանա մարդկանց զանգվածային արտաքսման համար,
հավատարիմ լինելով հետընդունման ենթակա անձանց գործերի անհատական կարգով քննման սկզբունքին,
ապահովելու համար հետընդունման ենթակա անձանց միջազգային պայմանագրերով և ազգային օրենսդրությամբ երաշխավորվող իրավունքները և հիմնարար ազատությունները,
հիմնվելով փոխադարձության սկզբունքի վրա,
համաձայնեցին հետևյալի շուրջ.
Գլուխ I
Համաձայնագրում օգտագործված տերմիններ
Հոդված 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար ստորև բերված տերմիններն ունեն հետևյալ նշանակությունը.
1) «Հայցող Պայմանավորվող կողմ» - յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որն իր տարածքում հայտնաբերել է առանց թույլտվության բնակվող անձի և այդ անձի հետընդունման հայցով դիմել է մյուս Պայմանավորվող կողմին,
2) «Հայցվող Պայմանավորվող կողմ» - յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որին ներկայացվել է դիմում Հայցող Պայմանավորվող կողմի տարածքում առանց թույլտվության բնակվող անձի հետընդունման վերաբերյալ,
3) «առանց թույլտվության բնակվող անձ» - ցանկացած անձ, որը չի բավարարում Հայցող Պայմանավորվող կողմի տարածք մուտք գործելու կամ բնակվելու սահմանված պայմանները,
4) «Երրորդ երկիր» - Պայմանավորվող կողմերից բացի` ցանկացած երկիր,
5) «Երրորդ երկրի քաղաքացի» - ցանկացած անձ, որը չի հանդիսանում Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի, ներառյալ քաղաքացիություն չունեցող անձը:
Գլուխ II
Սեփական քաղաքացիների հետընդունումը
Հոդված 2
1) Հայցվող Պայմանավորվող կողմը իր տարածք հետ կընդունի առանց թույլտվության բնակվող ցանկացած անձի Հայցող Պայմանավորվող կողմի ծանուցմամբ, ինչպես սահմանված է սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածում, եթե հաստատված է, որ այդ անձն ունի Հայցվող Պայմանավորվող կողմի քաղաքացիություն:
2) Հայցվող Պայմանավորվող կողմը իր տարածք հետ կընդունի առանց թույլտվության բնակվող ցանկացած անձի` Հայցող Պայմանավորվող կողմի պահանջով, եթե հիմնավոր կերպով ենթադրվում է, որ այդ անձն ունի Հայցվող Պայմանավորվող կողմի քաղաքացիություն:
Հոդված 3
1) Պայմանավորվող կողմերի քաղաքացիությունը կհամարվի հաստատված հետևյալ վավերական փաստաթղթերով.
1.1. Չեխիայի Հանրապետության քաղաքացիությունը`
- Չեխիայի Հանրապետության` անձը հաստատող փաստաթուղթ,
- Չեխիայի Հանրապետության` ցանկացած տեսակի ճամփորդական փաստաթուղթ.
1.2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը`
- Հայաստանի Հանրապետության անձնագիր:
2) Եթե քաղաքացիությունը հնարավոր չէ հաստատել սույն հոդվածի 1-ին կետում թվարկված որևէ փաստաթղթի միջոցով, քաղաքացիությունը կարող է հիմնավոր կերպով ենթադրվել` հիմք ընդունելով.
2.1. սույն հոդվածի 1-ին կետում թվարկված փաստաթղթերը, որոնց վավերականության ժամկետն ավարտվել է,
2.2. զորակոչիկների վկայականը կամ զինգրքույկը,
2.3. վարորդական իրավունքը,
2.4. ծննդյան վկայականը,
2.5. քաղաքացիության վկայականը,
2.6. հետընդունման ենթակա անձի հայտարարության գրառումը Հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կողմից,
2.7. ամուսնություն կնքելու համար իրավունակությունը հաստատող փաստաթուղթը, քանի որ այն ներառում է քաղաքացիության մասին նշում,
2.8. քաղաքացիության մասին վկայող ցանկացած այլ փաստաթուղթ:
3) Պայմանավորվող կողմերը կճանաչեն սույն հոդվածի 1-ին կետի համաձայն հաստատված քաղաքացիությունը: Եթե քաղաքացիությունը հիմնավոր կերպով ենթադրվել է` սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն, ապա Պայմանավորվող կողմերի միջև այդ ենթադրությունը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը չի հերքել այն:
Հոդված 4
1) Անձանց հետընդունման վերաբերյալ դիմումները յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի իրավասու մարմնից մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին կներկայացվեն գրավոր: Դիմումը կներառի.
1.1. անուն, ազգանուն և հայտնաբերված այլ անուններ, որոնցով տվյալ անձը հայտնի է, ծննդյան ամսաթիվ և վայր, սեռ, քաղաքացիություն և վերջին հասցեն այն Պայմանավորվող կողմի տարածքում, որի քաղաքացին է տվյալ անձը, և անձի մեկ լուսանկար,
1.2. Հայցող Պայմանավորվող կողմի տարածք մուտք գործելու ամսաթիվը և եղանակը, եթե հայտնի է, և նշում այն մասին, որ անձը չի բավարարում Հայցող Պայմանավորվող կողմի տարածք մուտք գործելու կամ այնտեղ բնակվելու պայմանները,
1.3. հետընդունման ենթակա անձի վատառողջության կամ տարիքի պատճառով հատուկ օգնության, խնամքի կամ աջակցության անհրաժեշտության մասին նշում,
1.4. անհրաժեշտ պաշտպանական կամ անվտանգության միջոցառումների մասին նշում,
1.5. փոխանցման առաջարկվող վայրը և ամսաթիվը:
2) Դիմումին կկցվեն այն փաստաթղթերի պատճենները, որոնց հիման վրա քաղաքացիությունը համարվում է ապացուցված կամ հիմնավոր կերպով ենթադրվում է, ինչպես նախատեսված է սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում:
3) Հայցվող Պայմանավորվող կողմը անհապաղ կպատասխանի դիմումին, բայց ոչ ուշ, քան դիմումը ստանալու օրվանից երեսուն օր հետո: Հայցվող Պայմանավորվող կողմը անհապաղ հետ կընդունի այն անձին, ում հետընդունումը համաձայնեցվել է, բայց ոչ ուշ, քան Հայցող Պայմանավորվող կողմի դրական պատասխանը ստանալուց հետո յոթ օրվա ընթացքում: Անձի փոխադրումը կարող է հետաձգվել իրավական կամ գործնական խոչընդոտների պատճառով այնքան ժամանակ, որքան այդ խոչընդոտներն առկա են: Եթե խոչընդոտները տևում են մեկ տարուց ավելի, Հայցող Պայմանավորվող կողմը նոր դիմում է ներկայացնում:
Եթե դիմումը մերժվում է, մերժման պատճառները ներկայացվում են գրավոր:
4) Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված դիմումը չի պահանջվում, եթե անձն ունի Հայցվող Պայմանավորվող կողմի վավերական փաստաթուղթ` 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն: Հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը գրավոր տեղեկացնում է Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին այդ անձի փոխանցման մասին նախատեսվող փոխանցումից առնվազն 7 օր առաջ: Ծանուցումը պետք է ներառի սույն հոդվածի 1-ին կետում թվարկված տվյալները և զուգակցվի 3-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված փաստաթղթի պատճենով:
5) Այն անձը, որն իր վատառողջության կամ տարիքի պատճառով հատուկ օգնության, խնամքի կամ աջակցության կարիք ունի, կամ եթե անհրաժեշտ են պաշտպանական կամ անվտանգության միջոցներ, փոխադրվում և հանձնվում է ուղեկցությամբ: Կազմվում է հետընդունման մասին պաշտոնական արձանագրություն երկու օրինակով` ներառելով հետևյալ տվյալները.
5.1. անձի անուն և ազգանուն,
5.2. ծննդյան ամսաթիվ և վայր,
5.3. քաղաքացիություն,
5.4. անձի մոտ գտնվող անձնական իրերի և գումարի ցանկ,
5.5. հատուկ օգնության, խնամքի կամ աջակցության կարիք ունեցող անձի հետընդունման դեպքում պաշտոնական արձանագրությունը կներառի տեղեկություններ փոխանցման պահին անձի առողջական վիճակի մասին:
6) Եթե անձը, որի հետընդունումը համաձայնեցված է, չունի Հայցվող Պայմանավորվող կողմի վավերական ճամփորդական փաստաթուղթ, ապա Հայցող Պայմանավորվող կողմը այդ անձին կտրամադրի արտակարգ ճամփորդական փաստաթուղթ:
7) Հայցող Պայմանավորվող կողմը անձին հետ կընդունի նույն պայմաններով, եթե հայտնաբերվել է, որ հետընդունման դիմումի ներկայացման կամ փոխանցման մասին ծանուցման պահին անձը չի հանդիսացել Հայցվող Պայմանավորվող կողմի քաղաքացի:
Գլուխ III
Երրորդ երկրների քաղաքացիների հետընդունումը
Հոդված 5
1) Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը մյուս Պայմանավորվող կողմի դիմումով հետ է ընդունում Երրորդ երկրի քաղաքացուն, որը Հայցող Պայմանավորվող կողմի տարածքում առանց թույլտվության բնակությունը հայտնաբերելու պահին.
1.1. ունի Հայցվող Պայմանավորվող կողմի վավեր արտոնագիր կամ կացության թույլտվություն (այսուհետ՝ բնակության թույլտվություն), որի հիման վրա նա գտնվում էր իր տարածքում, կամ
1.2. ուղղակիորեն մուտք է գործել Հայցող Պայմանավորվող կողմի տարածք առանց թույլտվության` Հայցվող Պայմանավորվող կողմի տարածքը լքելուց հետո հինգ օրվա ընթացքում:
2) Օդանավակայանի տարանցիկ արտոնագիրը, տարանցիկ արտոնագիրը, միջազգային պաշտպանության համար դիմած օտարերկրացիներին տրամադրված արտոնագիրը և ելքի պահանջը չեն համարվում սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված բնակության թույլտվություն:
Հոդված 6
1) Երրորդ երկրի քաղաքացու հետընդունման դիմումը ներկայացվում է և քննվում անմիջականորեն Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից: Դիմումը պետք է ներառի.
1.1. անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ և վայր, սեռ, քաղաքացիություն, եթե հայտնի է,
1.2. ճամփորդական փաստաթղթի, եթե առկա է, տեսակը, համարը, տալու վայրը և վավերականությունը,
1.3. Հայցող Պայմանավորվող կողմի տարածք մուտք գործելու ամսաթիվը, վայրը և միջոցը, եթե հայտնի են,
1.4. դիմում ներկայացնելու պատճառները, ինչպես նախատեսված է սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածով,
1.5. անձի վատառողջության կամ տարիքի պատճառով հատուկ օգնության, խնամքի կամ աջակցության կարիք ունենալու մասին նշում,
1.6. պաշտպանության կամ անվտանգության անհրաժեշտ միջոցների մասին նշում,
1.7. անձի` լեզուների տիրապետման մասին նշում, մասնավորապես` հետընդունման ենթակա անձի հետ հաղորդակցումը հեշտացնելու նպատակով թարգմանչի անհրաժեշտության մասին,
1.8. անձի փոխանցման համար առաջարկվող վայրը և ամսաթիվը:
2) Երրորդ երկրի քաղաքացու հետընդունման դիմումը ներկայացվում է առանց անհարկի հետաձգման, եթե անգամ քաղաքացու անհապաղ փոխանցումը իրավական կամ գործնական խոչընդոտների պատճառով հնարավոր չէ: Դիմումը ներկայացվում է ոչ ուշ, քան մեկ տարի անց այն օրվանից հետո, երբ Հայցող Պայմանավորվող կողմը հաստատում է, որ Երրորդ երկրի քաղաքացու` իր տարածք մուտք գործելը կամ բնակությունը անօրինական է եղել:
3) Հայցվող Պայմանավորվող կողմը անհապաղ պատասխանում է դիմումին, բայց ոչ ուշ, քան այն ստանալու օրվանից երեսուն օր հետո:
4) Հայցվող Պայմանավորվող կողմը անհապաղ հետ է ընդունում Երրորդ երկրի քաղաքացուն, որի հետընդունումը համաձայնեցված է, բայց ոչ ուշ, քան Հայցող Պայմանավորվող կողմի դրական պատասխանն ստանալուց յոթ օր հետո: Երրորդ երկրի քաղաքացու փոխանցումը կարող է հետաձգվել իրավական կամ գործնական խոչընդոտների պատճառով այնքան ժամանակ, քանի դեռ այդ խոչընդոտներն առկա են, բայց մեկ տարուց ոչ ավելի:
5) Երրորդ երկրի քաղաքացին, որը վատառողջության կամ տարիքի պատճառով հատուկ օգնության, խնամքի կամ աջակցության կարիք ունի, կամ եթե անհրաժեշտ են պաշտպանության կամ անվտանգության միջոցներ, փոխանցվում և հանձնվում է ուղեկցությամբ: Կազմվում է Հետընդունման մասին պաշտոնական արձանագրություն երկու օրինակով` ներառելով հետևյալ տվյալները.
5.1. անձի անուն և ազգանուն,
5.2. ծննդյան ամսաթիվ և վայր,
5.3. քաղաքացիություն,
5.4. անձի մոտ գտնվող անձնական իրերի և գումարի ցանկ,
5.5. հատուկ օգնության, խնամքի կամ աջակցության կարիք ունեցող անձի հետընդունման դեպքում պաշտոնական արձանագրությունը կներառի տեղեկություններ փոխանցման պահին անձի առողջական վիճակի մասին:
6) Եթե անձը, որի հետընդունումը համաձայնեցված է, չունի վավերական ճամփորդական փաստաթուղթ, ապա Հայցող Պայմանավորվող կողմը այդ անձին տրամադրում է արտակարգ ճամփորդական փաստաթուղթ:
7) Հայցող Պայմանավորվող կողմը Երրորդ երկրի քաղաքացուն հետ կընդունի, եթե Հայցվող Պայմանավորվող կողմը հետ ընդունելուց հետո` երեսուն օրվա ընթացքում, հայտնաբերում է, որ հետընդունման պայմանները, ինչպես սահմանված են սույն Համաձայնագրով, չեն բավարարվել հետընդունման դիմումի ներկայացման պահին:
Գլուխ IV
Երրորդ երկրի քաղաքացիների տարանցումը
Հոդված 7
1) Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրն ընդունում է Երրորդ երկրի քաղաքացուն օդով տարանցման համար` մյուս Պայմանավորվող կողմի պահանջով, և միջոցներ է ձեռնարկում անձի ընդունումը նպատակակետ երկրում կամ տարանցման այլ երկրներում ապահովելու համար:
2) Տարանցումը կարող է մերժվել, եթե Երրորդ երկրի քաղաքացուն.
2.1. նպատակակետ երկրում և/կամ տարանցման այլ երկրներում սպառնում է անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների կամ մահապատժի վտանգ, կամ էլ վտանգ է սպառնում նրա կյանքին կամ ազատությանը ռասայական, կրոնական, էթնիկ ինքնության, որոշակի սոցիալական խմբի պատկանելության կամ որոշակի քաղաքական հայացքներ ունենալու պատճառով,
2.2. նպատակակետ երկրում և/կամ տարանցման այլ երկրներում սպառնում է քրեական հետապնդման վտանգ,
2.3. Հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում սպառնում է քրեական հետապնդման կամ բանտարկման վտանգ, նման փաստերի մասին Հայցող Պայմանավորվող կողմը պետք է տեղեկացվի նախքան տարանցման իրականացումը:
Հոդված 8
1) Տարանցման դիմումները կներկայացվեն և կքննվեն անմիջականորեն Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից: Դիմումը պետք է ներառի.
1.1. անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ և վայր, սեռ, քաղաքացիություն,
1.2. անձնագրի տեսակ, համար, տալու վայր և վավերականություն,
1.3. հայտարարություն, որը հավաստում է, որ ընդունումը նպատակակետ երկրում կամ տարանցման այլ երկրում կազմակերպվել է 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն,
1.4. հայտարարություն, որը հավաստում է այն հանգամանքների բացակայության մասին, որոնք կարող են տարանցման մերժման պատճառ դառնալ` 7-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն,
1.5. թռիչքի մանրամասներ (ամսաթիվ, չվերթի համար, ժամանման և մեկնման ժամ),
1.6. անձի վատառողջության կամ տարիքի պատճառով հատուկ օգնության, խնամքի կամ աջակցության անհրաժեշտության մասին նշում,
1.7. պաշտպանության կամ անվտանգության անհրաժեշտ միջոցների մասին նշում,
1.8. անձի` լեզուների տիրապետման մասին նշում, մասնավորապես` տարանցման ենթակա անձի հետ հաղորդակցվելը հեշտացնելու նպատակով թարգմանչի անհրաժեշտության մասին,
1.9. անձի փոխանցման համար առաջարկվող վայրը և ժամկետը,
1.10. նպատակակետ երկիրը և համապատասխան տարանցման երկիրը (երկրները)` յուրաքանչյուր փոխադրման չվերթի ամսաթվի և ժամի մասին նշումով,
1.11. ուղեկցությամբ իրականացվող տարանցման դեպքում` Երրորդ երկրի քաղաքացուն ուղեկցող անձանց տվյալները (անուն, ազգանուն, պաշտոն, անձնագիր):
2) Օդով տարանցման վերաբերյալ դիմումը պետք է ուղարկվի առանց անհարկի հետաձգման, այնպես որ այն Հայցվող Պայմանավորվող կողմին հասնի ոչ ուշ, քան տարանցման մեկնարկից 72 ժամ առաջ: Հայցվող Պայմանավորվող կողմը պատասխանում է ոչ ուշ, քան դիմումը ստանալուց 24 ժամ հետո:
3) Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները օդով տարանցումը կիրականացնեն իրենց ազգային օրենսդրության համաձայն:
4) Տարանցման ենթակա անձի կամ ուղեկցող անձնակազմի համար արտոնագիր չի պահանջվի օդանավակայանի տարանցման գոտում մնալու ընթացքում:
5) Օդով տարանցման ենթակա անձը կարող է հետ վերադարձվել Հայցող Պայմանավորվող կողմին, եթե չեն բավարարվել 7-րդ հոդվածի 1-ին կետի պայմանները, կամ եթե բացահայտվել են պատճառներ, որոնց հիման վրա տարանցումը մերժվում է, ինչպես սահմանված է 7-րդ հոդվածի 2-րդ կետում:
Գլուխ V
Անձնական տվյալների պաշտպանությունը
Հոդված 9
1) Պայմանավորվող կողմերը կփոխանցեն անձնական տվյալները (այսուհետ` Տվյալներ), որոնք անհրաժեշտ են սույն Համաձայնագրի իրականացման համար, իրենց ազգային օրենսդրության համաձայն, եթե սույնով այլ բան նախատեսված չէ: Պայմանավորվող կողմերը կգործեն հետևյալ սկզբունքների համաձայն.
1.1. Հայցվող Պայմանավորվող կողմը կարող է օգտագործել Տվյալները բացառապես սույն Համաձայնագրի նպատակներով և Հայցող Պայմանավորվող կողմի սահմանած պայմաններով:
1.2. Հայցվող Պայմանավորվող կողմը, Հայցող Պայմանավորվող կողմի պահանջով, կտրամադրի տեղեկություններ փոխանցած Տվյալների և դրանց միջոցով ձեռք բերած արդյունքների օգտագործման վերաբերյալ:
1.3. Տվյալները կփոխանցվեն բացառապես Պայմանավորվող կողմերի իրավասու մարմիններին: Տվյալների հրապարակումը այլ մարմիններին կարող է իրականացվել միայն Հայցող Պայմանավորվող կողմի գրավոր համաձայնությամբ:
1.4. Հայցող Պայմանավորվող կողմը հաշվի կառնի փոխանցվող Տվյալների հավաստիությունը և ճշգրտությունը և կքննարկի փոխանցման անհրաժեշտությունը և նպատակահարմարությունը: Տվյալները չեն փոխանցվի, եթե դրանք հակասում են Հայցող Պայմանավորվող կողմի օրենսդրությանը կամ վնասում են Տվյալների սուբյեկտների օրինական շահերը: Եթե բացահայտվի, որ սխալ կամ ոչ ճշգրիտ Տվյալներ են փոխանցվել, կամ դրանք չպետք է փոխանցվեին, Հայցվող Պայմանավորվող կողմը անհապաղ կտեղեկացվի այդ մասին: Հայցվող Պայմանավորվող կողմը կուղղի այդ Տվյալները կամ կոչնչացնի դրանք, եթե դրանք չպետք է փոխանցվեին:
1.5. Անձը, ում Տվյալները պետք է փոխանցվեն կամ փոխանցվել են, տեղեկացվում է փոխանցվող Տվյալների վերաբերյալ, եթե նա նման պահանջ է ներկայացնում, և եթե դա թույլատրվում է համապատասխան Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ:
1.6. Հայցող Պայմանավորվող կողմը տեղեկություններ կտրամադրի իր օրենսդրությանը համապատասխան Տվյալների ոչնչացման համար գործող ժամկետների մասին: Այդ ժամկետներից անկախ` հետընդունման կամ տարանցման ենթակա անձի վերաբերյալ Տվյալները պետք է ոչնչացվեն, հենց որ դադարի գոյություն ունենալ այն պատճառը, որով դրանք փոխանցվել են: Հայցող Պայմանավորվող կողմը կտեղեկացվի այդ Տվյալների ոչնչացման և վերջինիս պատճառների մասին: Սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու դեպքում ստացված բոլոր Տվյալները կոչնչացվեն սույն Համաձայնագիրը դադարեցնելու օրվանից ոչ ուշ:
1.7. Պայմանավորվող կողմերը գրառումներ կվարեն Տվյալների փոխանցման, ստացման և ոչնչացման մասին: Այդ գրառումներում պահպանվող Տվյալները կարող են օգտագործվել միայն ստուգելու համար` արդյոք Տվյալները մշակվել են օրենսդրության և սույն Համաձայնագրի դրույթների համաձայն:
1.8. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ կլինեն կանխելու համար Տվյալների չարտոնված կամ պատահական օգտագործումը, դրանց կորուստը կամ չարտոնված կամ պատահական փոփոխումը կամ ոչնչացումը, դրանց չարտոնված փոխանցումը կամ հրապարակումը կամ ցանկացած այլ չարտոնված մշակում կամ օգտագործում:
2) Անձանց հետընդունման կամ տարանցման հետ կապված փոխանցվող Տվյալները կվերաբերեն միայն հետևյալին.
2.1. Հետընդունման կամ տարանցման ենթակա անձի և անհրաժեշտության դեպքում նաև նրա ընտանիքի անդամների վերաբերյալ Տվյալներ (օրինակ` անուն, ազգանուն, նախկին անուններ, մականուններ կամ կեղծանուններ, այլ անուններ, ծննդյան վայր և ամսաթիվ, ներկա և նախկին քաղաքացիություններ) և/կամ այլ տվյալներ, որոնք թույլ կտան պարզելու հետընդունման կամ տարանցման ենթակա անձի ինքնությունը, ինչպես նաև` տվյալ անձի հետընդունումը կամ տարանցումը կազմակերպելու համար անհրաժեշտ տվյալներ,
2.2. անձնագիր, ինքնությունը հաստատող փաստաթուղթ կամ այլ անձնական կամ ճամփորդական փաստաթուղթ կամ անցագիր (համարը, վավերականությունը, տալու ամսաթիվը և վայրը, տրամադրող մարմինը և այլն),
2.3. Պայմանավորվող կողմի տրամադրած կացության թույլտվություն,
2.4. բնակության վայրերը և մինչ այդ անցած երթուղիները:
Գլուխ VI
Ծախսերի փոխհատուցումը
Հոդված 10
1) 2-6-րդ հոդվածներում նախատեսված դեպքերում անձանց հետընդունման հետ կապված ծախսերը կրում է Հայցող Պայմանավորվող կողմը մինչև Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կողմից տվյալ անձի ընդունման պահը:
2) 4-րդ հոդվածի 7-րդ կետով և 6-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված անձանց վերադարձի հետ կապված տրանսպորտային ծախսերը կրում է Հայցող Պայմանավորվող կողմը:
3) 7-րդ և 8-րդ հոդվածներում նախատեսված անձանց տարանցման և/կամ 8-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված` Երրորդ երկրի քաղաքացիների վերադարձի հետ կապված ծախսերը կրում է Հայցող Պայմանավորվող կողմը:
Գլուխ VII
Համաձայնագրի իրականացումը
Հոդված 11
1) Պայմանավորվող կողմերը պարտավորվում են պատշաճ կերպով իրականացնել անձանց հետընդունումը և տարանցումը՝ միջազգային իրավունքի և սովորութային ընթացակարգերի համաձայն և հարգելով այդ անձանց իրավունքները և արժանապատվությունը:
2) Սույն Համաձայնագրի իրականացման համար Պայմանավորվող կողմերի իրավասու մարմիններն են.
Հայաստանի Հանրապետության համար՝
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը,
Չեխիայի Հանրապետության համար՝
- Չեխիայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը:
Հոդված 12
Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները կփոխանակեն այն փաստաթղթերի նմուշները, որոնք.
1. թվարկված են 3-րդ հոդվածի 1-ին կետում,
2. հավաստում են Պայմանավորվող կողմերի տարածքում բնակության թույլտվությունը:
Հոդված 13
Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները պատասխանատու են սույն Համաձայնագրի իրականացման համար, որի համար նրանք կկնքեն Իրականացման արձանագրություն, որտեղ նրանք կմանրամասնեն.
1. իրավասու կազմակերպական այն միավորները, որոնք պատասխանատու են դիմումների, անձանց հետընդունման և տարանցման կատարման և սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված` ոչ պարզ և վիճելի հարցերի լուծման, ինչպես նաև փոխադարձ հաղորդակցման համար,
2. սահմանի հատման այն կետերը, որոնցում կիրականացվի անձանց փոխանցումը,
3. փաստաթղթերը և այլ միջոցները, որոնք ապացուցում են կամ բավարար հիմք են հանդիսանում` ենթադրելու, որ 5-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված` Երրորդ երկրի քաղաքացու հետընդունման պայմանները կատարված են,
4. ուղեկցությամբ տարանցում կատարելու մանրամասները,
5. 10-րդ հոդվածով նախատեսված ծախսերի փոխհատուցման ձևը և ընթացակարգը:
Հոդված 14
1) Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները կնշանակեն երկու փորձագետի՝ սույն Համաձայնագրի իրականացումը համատեղ գնահատելու և անհրաժեշտության դեպքում դրա իրականացման հետ կապված հարցերի լուծումներ առաջարկելու համար, ներառյալ Համաձայնագրի կամ Իրականացման արձանագրության մեջ հնարավոր փոփոխությունների և լրացումների մասին առաջարկները: Այդ հանդիպումներին կարող են հրավիրվել նաև այլ փորձագետներ:
2) Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ իրականացման առնչությամբ ծագող ցանկացած վեճ կլուծվի Պայմանավորվող կողմերի միջև` բանակցությունների միջոցով:
Հոդված 15
Սույն Համաձայնագիրը չի ազդում Պայմանավորվող կողմերի` միջազգային այլ պայմանագրերից բխող պարտավորությունների վրա:
Գլուխ VIII
Եզրափակիչ դրույթներ
Հոդված 16
1) Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրությամբ նախատեսված` համապատասխան անհրաժեշտ պահանջների կատարման մասին միմյանց գրավոր ծանուցման օրվան հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը:
2) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ամբողջովին կամ մասամբ կասեցնել սույն Համաձայնագրի իրականացումը, բացառությամբ 2-4-րդ հոդվածների, պետության անվտանգության, հասարակական կարգի կամ հանրային առողջության պահպանման նկատառումներից ելնելով: Պայմանավորվող կողմերը միմյանց դիվանագիտական ուղիներով անմիջապես կծանուցեն Համաձայնագրի իրականացման կասեցման որոշման մասին: Համաձայնագրի իրականացման կասեցումն ուժի մեջ կմտնի մյուս Պայմանավորվող կողմին ծանուցումը հանձնելու օրվան հաջորդող երեսուներորդ օրը:
3) Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ չեղյալ հայտարարել այն դիվանագիտական ուղիներով մյուս Պայմանավորվող կողմին գրավոր ծանուցելու միջոցով: Համաձայնագիրը կդադարեցվի ծանուցումը ստանալուն հաջորդող իննսուներորդ օրը:
Կատարված է Երևան քաղաքում 2010 թվականի մայիսի 17-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, չեխերեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2011թ. ապրիլի 1-ին
Կիրարկման արձանագրություն
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության և Չեխիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի կիրարկման մասին
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը և Չեխիայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը (այսուհետ՝ Պայմանավորվող կողմեր),
Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) կիրարկման նպատակով,
Համաձայնագրի 13-րդ հոդվածին համապատասխան,
համաձայնեցին հետևյալի մասին.
Համաձայնագրի կիրարկման համար իրավասու կազմակերպական միավորներ
Հոդված 1
1) Հետևյալ կազմակերպական միավորները իրավասու են ներկայացնելու և զբաղվելու Համաձայնագրի 2-րդ հոդվածով նախատեսված դիմումներով և սեփական քաղաքացիների հետընդունման դիմումներով, Համաձայնագրի 4-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված` փոխանցման մասին ծանուցմամբ, Համաձայնագրի 5-րդ հոդվածով նախատեսված` Երրորդ երկրի քաղաքացիների հետընդունման դիմումներով և Համաձայնագրի 7-րդ հոդվածով նախատեսված` Երրորդ երկրի քաղաքացիների տարանցման դիմումներով, ինչպես նաև` լուծելու Համաձայնագրի կիրարկման հետ կապված` ոչ հստակ և վիճահարույց հարցերը:
Հայկական կողմի համար՝
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայություն
Հասցե` Երևան, Հրաչյա Քոչարի 4
Հեռ.` (37410) 225 865
Ֆաքս` (37410) 225 824
Էլ. հասցե` migratiօn@dօlpհin.am
Չեխական կողմի համար՝
Չեխիայի Հանրապետության ոստիկանություն
Ոստիկանական ծառայության օտարերկրացիների հարցերով բաժին
Հասցե` Olšanskո 2, P.O. BOX 78, Pragսe 3
Հեռ.` (+420) 974 841 826
Ֆաքս` (+ 420) 974 841 839
Էլ. հասցե` cօcpp@mvcr.cz
Դիմումի ձևերը
Հոդված 2
1) Համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն` սեփական քաղաքացու հետընդունման դիմումը պետք է կազմվի սույն Արձանագրության 1-ին հավելվածում նշված ձևաթղթի օրինակով: Համաձայնագրի 4-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` սեփական քաղաքացու փոխանցման ծանուցումը պետք է ներկայացվի սույն Արձանագրության 2-րդ հավելվածում նշված ձևաթղթի օրինակով:
2) Համաձայնագրի 6-րդ հոդվածի համաձայն` Երրորդ երկրի քաղաքացու հետընդունման դիմումը պետք է կազմվի սույն Արձանագրության 3-րդ հավելվածում նշված ձևաթղթի օրինակով:
3) Համաձայնագրի 4-րդ հոդվածի 5-րդ կետի և 6-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` հետընդունման պաշտոնական արձանագրության ձևը ներկայացված է սույն Արձանագրության 4-րդ հավելվածում:
4) Համաձայնագրի 7-րդ հոդվածի համաձայն` Երրորդ երկրի քաղաքացու տարանցման դիմումը պետք է կազմվի սույն Արձանագրության 5-րդ հավելվածում նշված ձևաթղթի օրինակով:
Սահմանային հատման կետեր
Հոդված 3
Սեփական և Երրորդ երկրի քաղաքացիների հետընդունումը և Երրորդ երկրի քաղաքացիների տարանցումը կիրականացվեն սահմանային հատման հետևյալ կետերում.
Հայկական կողմի համար` |
Զվարթնոց օդանավակայան |
Չեխական կողմի համար՝ |
Պրագա-Ռուզինե օդանավակայան |
Փաստաթղթեր և միջոցներ
Հոդված 4
1) Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 1.2-րդ ենթակետի համաձայն` Երրորդ երկրի քաղաքացու հետընդունման պայմանների համապատասխանությունը պետք է ապացուցվի հետևյալով.
1. Հայցվող Պայմանավորվող կողմի պետության իրավասու մարմնի կողմից անձի ճամփորդական փաստաթղթում դրված մուտքի կամ ելքի կնիքներով.
2. Հայցվող Պայմանավորվող կողմի պետության իրավասու մարմնի կողմից անձի ճամփորդական փաստաթղթում կատարված ցանկացած պաշտոնական գրառմամբ.
3. թռիչքի տոմսերով, ճամփորդական տոմսերով, անձի անունով տրված ստացականներով և հաշիվներով, որոնք հստակորեն ապացուցում են հետընդունման ենթակա Երրորդ երկրի քաղաքացու գտնվելը Հայցվող Պայմանավորվող կողմի պետության տարածքում:
2) Եթե Երրորդ երկրի քաղաքացու հետընդունման պայմանների համապատասխանությունը չի կարող ապացուցվել սույն հոդվածի 1-ին կետում նշված եղանակով, Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 1.2-րդ ենթակետով նախատեսված` Երրորդ երկրի քաղաքացու հետընդունման պայմանների համապատասխանությունը կարող է հիմնավոր կերպով ենթադրվել հետևյալ հիմքերով.
1. միջազգային ճամփորդական տոմսեր.
2. Հայցվող Պայմանավորվող կողմի պետության տարածքում տրված ստացականներ կամ հաշիվներ.
3. Հայցվող Պայմանավորվող կողմի պետության տարածքում շենքեր կամ այլ շինություններ մուտք գործելու համար տրված քարտեր.
4. Հայցվող Պայմանավորվող կողմի պետության տարածքում բուժման ուղեգրեր.
5. հետընդունման ենթակա Երրորդ երկրի քաղաքացու կողմից արված հայտարարության գրառում.
6. վկայի հայտարարության գրառում.
7. այլ իրական կամ նյութական ապացույց, որը համապատասխանում է Հայցվող Պայմանավորվող կողմի պետության տարածքում հետընդունման ենթակա Երրորդ երկրի քաղաքացու գտնվելու ժամանակահատվածին կամ Հայցվող Պայմանավորվող կողմի պետության տարածք նրա անօրինական մուտքին կամ կացությանը:
Ծախսերի փոխհատուցում
Հոդված 5
1) Համաձայնագրի 7-րդ և 8-րդ հոդվածների համաձայն` Հայցվող Պայմանավորվող կողմի կրած` անձանց տարանցման հետ կապված ծախսերը պետք է փոխհատուցի Հայցող Պայմանավորվող կողմը Հայցվող Պայմանավորվող կողմի հաշվին բանկային փոխանցման միջոցով` հաշիվը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում: Այդ ծախսերը կներառեն.
ա/ անձնական ծախսերը,
բ/ ճամփորդական ծախսերը,
գ/ ոստիկանության մեքենաներ օգտագործելու հետ կապված ծախսերը,
դ/ տարանցման ենթակա անձանց կեցության ծախսերը,
ե/ այլ ապացուցված ծախսեր:
2) Ճամփորդական ծախսեր կհամարվեն այն ծախսերը, որոնք առաջացել են հասարակական տրանսպորտի միջոցների օգտագործումից, բացառությամբ` տաքսին: Այլ ապացուցված ծախսերը կներառեն միայն այն ծախսերը, որոնք խելամիտ ձևով կատարվել են անձանց տարանցման ընթացքում` հետևելով առավելագույն տնտեսման սկզբունքին: Այդ ծախսերը մասնավորապես ներառում են այն հատուկ ծախսերը, որոնք առնչվում են տարանցման ենթակա անձանց անհրաժեշտ բուժման կամ տուրքերի կամ հեռահաղորդակցման ծախսերի հետ:
3) Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն փոխհատուցման ենթակա գումարները պետք է որոշվեն Հայցվող Պայմանավորվող կողմի պետության օրենսդրության համաձայն:
4) Հայցվող Պայմանավորվող կողմը, սույն հոդվածի 1-ին կետի համաձայն, կկազմի ծախսերի փոխհատուցման հաշվետվություն յուրաքանչյուր ամսին՝ նախորդ օրացուցային ամսվա համար:
5) Ծախսերի փոխհատուցման յուրաքանչյուր հաշվետվությանը կից պետք է ներկայացվեն փաստացի ծախսերը ապացուցող փաստաթղթեր` սույն հոդվածի 1-ին կետում թվարկված կետերին համապատասխան:
6) Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված ծախսերի փոխհատուցումը կկիրառվի տարանցման ենթակա անձանց, ինչպես նաև ուղեկցող անձնակազմի առնչությամբ:
7) Համաձայնագրի 4-րդ հոդվածի 7-րդ կետի և 6-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն անձանց հետընդունման առնչությամբ Հայցվող Պայմանավորվող կողմի կրած տրանսպորտային ծախսերը պետք է փոխհատուցի Հայցող Պայմանավորվող կողմը Հայցվող Պայմանավորվող կողմի հաշվին բանկային փոխանցման միջոցով` հաշիվը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում:
8) Համաձայնագրի 10-րդ հոդվածի համաձայն կրած ծախսերի փոխհատուցման վայրերը կլինեն.
Հայկական կողմի համար՝
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայություն
Հասցե` Երևան, Հրաչյա Քոչարի 4
Հեռ.` (37410) 225 865
Ֆաքս` (37410) 225 824
Էլ. հասցե` migratiօn@dօlpհin.am
Չեխական կողմի համար՝
Չեխիայի Հանրապետության ոստիկանություն
Ոստիկանական ծառայության օտարերկրացիների հարցերով բաժին
Հասցե` Olšanskո 2, P.O. BOX 78, 130 51,Pragսe 3
Հեռ.` (+420) 974 841 826
Ֆաքս` (+ 420) 974 841 839
Էլ. հասցե` cօcpp@mvcr.cz
Եզրափակիչ դրույթներ
Հոդված 6
Համաձայնագրի և սույն Արձանագրության կիրարկման ժամանակ սույն Արձանագրության 1-ին հոդվածում նշված Պայմանավորվող կողմերը և իրավասու կազմակերպական միավորները փոխադարձ հաղորդակցման ժամանակ կօգտագործեն անգլերենը, եթե նրանք այլ համաձայնության չեն եկել:
Հոդված 7
Սույն Արձանագրության 1-ին հոդվածում նշված իրավասու կազմակերպական միավորները միմյանց անհապաղ կծանուցեն իրենց անունների, հասցեների, ֆաքսի կամ հեռախոսահամարների կամ էլեկտրոնային հասցեների ցանկացած փոփոխության մասին:
Հոդված 8
Սույն Արձանագրությունն ուժի մեջ կմտնի Համաձայնագրի 16-րդ հոդվածի համաձայն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո: Սույն Արձանագրությունը չի կիրառվի այն ժամանակ և այն տևողությամբ, որի ընթացքում Համաձայնագիրը կասեցվել է: Սույն Արձանագրությունը կդադարի Համաձայնագրի դադարեցման հետ մեկտեղ:
Կատարված է Երևան քաղաքում 2010 թվականի մայիսի 17-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, չեխերեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Արձանագրության մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում կգերակայի անգլերեն տեքստը: