ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
10 փետրվարի 2010 թ. |
ՔԱՂԱՔԱՑԻ ՍԱՄՎԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6 ԵՎ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՐՐՈՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` դիմող Ս. Հովհաննիսյանի, գործով որպես պատասխանող ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Խաչատրյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Սամվել Հովհաննիսյանի դիմումի հիման վրա՝ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 և 8-րդ հոդվածների, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի երրորդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը քաղաքացի Ս. Հովհաննիսյանի` 15.10.2009թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմի 2009 թվականի հոկտեմբերի 30-ի որոշմամբ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 6 և 8-րդ հոդվածների, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի և 52-րդ հոդվածի 1-ին մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ Ս. Հովհաննիսյանի դիմումը քննության է ընդունվել մասնակի. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ դիմումի քննությունը մերժվել է` վիճարկվող դրույթը դիմողի նկատմամբ կիրառված չլինելու պատճառաբանությամբ:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքները և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հոկտեմբերի 27-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի նոյեմբերի 25-ին և ուժի մեջ է մտել 1998 թվականի նոյեմբերի 30-ին։
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2002 թվականի նոյեմբերի 19-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2003 թվականի մարտի 31-ին և ուժի մեջ է մտել 2003 թվականի ապրիլի 10-ին։
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է.
«Հոդված 6. Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող պետական կենսաթոշակների տեսակները
Զինծառայողներին նշանակվում են պետական կենսաթոշակներ`
ա) երկարամյա ծառայության համար.
բ) հաշմանդամության համար:
Զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին նշանակվում է սոցիալական կենսաթոշակ` կերակրողին կորցնելու դեպքում»:
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է.
«Հոդված 8. Կենսաթոշակի ընտրության իրավունքը
Պետական տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձին իր ընտրությամբ նշանակվում է մեկ կենսաթոշակ»:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Պետական տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձին իր ընտրությամբ նշանակվում է մեկ կենսաթոշակ»:
2. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է նրան, որ դիմողը 1978 թվականի օգոստոսի 31-ից մինչև 1996 թվականի նոյեմբերի 2-ը ծառայել է ՀՀ ոստիկանության համակարգում: 1998 թվականի հունվարի 7-ից մինչև 2007 թվականի հուլիսի 23-ն աշխատել է ՀՀ դատախազության համակարգում և զբաղեցրել ՀՀ զինվորական դատախազության ՀԿԳ քննիչի պաշտոն: 2007 թվականի հուլիսի 23-ին սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից և նույն օրն էլ ծառայության է անցել ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչությունում` որպես ՀԿԳ ավագ քննիչ:
2008 թվականի մարտի 18-ին ազատվել է աշխատանքից և անցել երկարամյա ծառայության կենսաթոշակի: 2008 թվականի ապրիլի 18-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազին` ոստիկանության երկարամյա ծառայության կենսաթոշակից հրաժարվելու և դատախազության երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու խնդրանքով, ինչը մերժվել է այն հիմնավորմամբ, որ ինչպես ոստիկանության ծառայողների, այնպես էլ դատախազության աշխատողների թոշակավորումը կատարվում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով, և հիմքեր չկան ՀՀ դատախազության համակարգից կենսաթոշակի անցնելու համար:
Դիմողը 2008 թվականի հունիսի 2-ին դիմել է ՀՀ վարչական դատարան` ի թիվս այլոց, ՀՀ դատախազության անգործությունը վիճարկելու և ՀՀ դատախազությանը ոստիկանության երկարամյա ծառայության կենսաթոշակը դատախազության երկարամյա ծառայության կենսաթոշակով փոխելուն պարտավորեցնելու պահանջով, ինչը ՀՀ վարչական դատարանի 02.06.2009թ. վճռով մերժվել է: Վարչական դատարանը ՀՀ դատախազությանը ոստիկանության երկարամյա ծառայության կենսաթոշակը դատախազության երկարամյա ծառայության կենսաթոշակով փոխելուն պարտավորեցնելու պահանջի մասով մերժումը պատճառաբանել է նրանով, որ կենսաթոշակների տեսակները սահմանված են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքներով, հայցվորի պահանջը վերաբերում է ոչ թե կենսաթոշակի տեսակը փոխելուն, այլ մեկ համակարգի փոխարեն մյուս համակարգից նույն տեսակի կենսաթոշակ նշանակելուն, և կենսաթոշակը մեկ համակարգից մյուս համակարգ տեղափոխելը չի նշանակում կենսաթոշակի տեսակը փոխել:
Վերը նշված վճռի դեմ դիմողը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան: Վերջինս, վերահաստատելով ՀՀ վարչական դատարանի եզրահանգումները, իր` 29.07.2009թ. որոշմամբ վերադարձրել է վճռաբեկ բողոքը:
3. Դիմողը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների հանրապետական գործադիր մարմինների համակարգի ծառայողների համար սահմանված երկարամյա ծառայության համար կենսաթոշակը երկարամյա ծառայության համար կենսաթոշակի տարբեր տեսակներ են: Միաժամանակ դիմողը ՀՀ և ՌԴ կենսաթոշակային ապահովության բնագավառը կարգավորող օրենսդրական ակտերի համեմատական վերլուծության արդյունքում գտնում է, որ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 6 և 8-րդ հոդվածները, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը չեն համապատասխանում իրավական որոշակիության պահանջներին, ինչը հնարավորություն է ընձեռում, որպեսզի վարչական և դատական մարմիններն օրենքի մեկնաբանման և կիրառման հարցում ցուցաբերեն կամայական մոտեցում:
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի առնչությամբ դիմողը գտնում է, որ
նշված հոդվածը երկարամյա ծառայության համար կենսաթոշակ ստանալու իրավունքը վերապահել է բացառապես զինծառայողներին, ինչի կապակցությամբ այն ներքին հակասության մեջ է գտնվում նույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի հետ, որը երկարամյա ծառայության համար կենսաթոշակ ստանալու իրավունքը վերապահել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների հանրապետական գործադիր մարմինների ծառայողներին: Դրա հետևանքով, ըստ դիմողի, առկա է օրենսդրական բաց, որը դրսևորվում է նրանում, որ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը հնարավորություն չի ընձեռում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների հանրապետական գործադիր մարմինների համակարգի ծառայողների համար սահմանված երկարամյա ծառայության համար կենսաթոշակն առանձին-առանձին, ըստ համապատասխան համակարգերի, դիտարկել որպես երկարամյա ծառայության կենսաթոշակի տարբեր տեսակներ:
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի առնչությամբ դիմողը գտնում է, որ նշված դրույթների իրավական անորոշության հետևանքով հնարավոր չէ կանխատեսել, թե պետական տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձին երբ է տրվում պետական տարբեր կենսաթոշակների միջև ընտրություն կատարելու իրավունք` կենսաթոշակ նշանակելիս, թե՞ նաև կենսաթոշակ նշանակվելուց հետո, եթե կենսաթոշակի անցնելուց հետո անձը շարունակում է աշխատել և այդ ընթացքում ձեռք է բերում մեկ այլ տեսակի կենսաթոշակի իրավունք: Դիմողը գտնում է, որ տարբեր կենսաթոշակի միջև ընտրություն կատարելու իրավունքը պետք է տարածվի վերը նշված բոլոր դեպքերի վրա:
Որպես իրավակիրառական պրակտիկայում վիճարկվող նորմերի իրավական անորոշության հետևանքով դրանց կամայական մեկնաբանության առկայության ապացույց դիմողը վկայակոչում է իր գործով ՀՀ վարչական դատարանի 02.06.2009թ. կայացրած վճիռը և նույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2009թ.` «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, որով ՀՀ վճռաբեկ դատարանը վերահաստատել է վարչական դատարանի եզրահանգումները:
4. Պատասխանող կողմը` առարկելով դիմողի փաստարկների դեմ, գտնում է, որ դիմողի բարձրացրած հարցերը հիմնականում վերաբերում են իրավական ակտերի մեկնաբանության հետ կապված խնդիրների, և պետք է դիտարկվեն այդ տեսանկյունից: «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ է և դրանում` «պետական տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձ» հասկացությունը վկայում է, որ խոսքը վերաբերում է այն դեպքին, երբ անձը դեռ չի իրացրել իր պետական կենսաթոշակ ստանալու իրավունքը:
Կենսաթոշակի իրավունքը հանդիսանում է կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած անձի գույքային իրավունք: Այդ գույքային իրավունքի իրացման դեպքում անձը կորցնում է այդ` արդեն իրացրած իրավունքը, «...փոխարենը ձեռք բերում այլ իրավունք` գույք»: Դիմողը նշված գույքային իրավունքն իրացրել է կենսաթոշակ ստանալու համար ներկայացրած դիմումի բավարարմամբ:
Հիմք ընդունելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով սահմանված` կենսաթոշակի տեսակները` պատասխանողը գտնում է, որ կենսաթոշակի տեսակի փոփոխումը ենթադրում է նշված հոդվածով սահմանված կենսաթոշակի մեկ տեսակի փոխարինումը նույն հոդվածով նախատեսված կենսաթոշակի այլ տեսակով: Մինչդեռ խնդրո առարկա դեպքում խոսքը վերաբերում է նույն տեսակի` երկարամյա ծառայության պետական կենսաթոշակի փոփոխման պահանջին, ինչն օրենքով չի սահմանվում:
Պատասխանողը գտնում է, որ վիճարկվող դրույթները սահմանում են պետական կենսաթոշակների տեսակները և պետական կենսաթոշակի տեսակը փոխելու քաղաքացու իրավունքը, հետևաբար` այդ առումով այդ դրույթները չեն կարող հակասել ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի պահանջներին:
5. Սույն գործի քննության շրջանակներում անհրաժեշտություն է առաջանում պարզել «պետական կենսաթոշակների տեսակներ» դրույթի իմաստը, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում օգտագործված` «զինվորական ծառայություն» հասկացության բովանդակությունը, «կենսաթոշակի ընտրության իրավունք» և «կենսաթոշակի տեսակը փոխելու իրավունք» հասկացությունների բովանդակությունը, «դատախազների թոշակավորում» և «զինծառայողների թոշակավորում» հասկացությունների բովանդակային ընդհանրություններն ու տարբերությունները: Այդ կապակցությամբ հարկ է վիճարկվող հոդվածները դիտարկել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքների տարբեր հոդվածների, ինչպես նաև կենսաթոշակային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի համատեքստում:
6. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը սահմանում է պետական կենսաթոշակների տեսակները: Նշված հոդվածի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը սահմանել է պետական կենսաթոշակների երկու տեսակ` ապահովագրական և սոցիալական: Այդ տեսակներից յուրաքանչյուրի համար նույն հոդվածով սահմանվել են նաև պետական կենսաթոշակների ենթատեսակներ: Մասնավորապես, ըստ դիտարկվող հոդվածի` պետական կենսաթոշակի «ապահովագրական» անվանումը կրող տեսակը ստորաբաժանված է «տարիքային», «արտոնյալ պայմաններով», «երկարամյա ծառայության», «հաշմանդամության», «կերակրողին կորցնելու դեպքում» ու «մասնակի» ենթատեսակների: Պետական կենսաթոշակի` «սոցիալական» անվանումը կրող տեսակն ստորաբաժանված է «ծերության», «հաշմանդամության», «կերակրողին կորցնելու դեպքում» ենթատեսակների: Նույն օրենքի 52-րդ հոդվածի ուսումնասիրությունից բխում է, որ պետական կենսաթոշակների վերը նշված ենթատեսակները ևս հանդիսանում են պետական կենսաթոշակի տեսակներ:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ պետական կենսաթոշակների նշված երկու տեսակների տարբերակման հիմքում դրված են աշխատանքային հարաբերությունները: Այսինքն` ապահովագրական կենսաթոշակի իրավունքը պայմանավորված է կա՛մ կենսաթոշակառուի աշխատանքային (ապահովագրական) ստաժով, կա՛մ, կախված ապահովագրական կենսաթոշակի տարատեսակների բնույթից, աշխատանքային խեղմամբ կամ մասնագիտական հիվանդությամբ կամ դրանց հետևանքով կերակրողին կորցնելով: Իսկ սոցիալական կենսաթոշակի իրավունքը պայմանավորված է անձի` աշխատանքային հարաբերությունների հետևանք չհանդիսացող հիվանդությամբ կամ դրա հետևանքով կերակրողին կորցնելով, ինչպես նաև անձի տարիքով, ինչի հետևանքով նա անկարող է դառնում իրեն ապահովել ինքնուրույն աշխատանքով և, միևնույն ժամանակ, նրա աշխատանքային ստաժը չի բավարարում նրան նշանակել տարիքային ապահովագրական կենսաթոշակ:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ուսումնասիրությունից բխում է նաև, որ երկարամյա ծառայության կենսաթոշակի վերաբերյալ նույն օրենքով սահմանված իրավակարգավորումը չի վերաբերում «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում նշված սուբյեկտներին:
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը զինծառայող է համարում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության, «Հայաստանի փրկարար ծառայության»` «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 112-րդ հոդվածով սահմանված դեպքերում` հանրապետական գործադիր մարմինների համակարգի հրամանատարական և շարքային անձնակազմի ծառայողներին:
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի վիճարկվող 6-րդ հոդվածը զինծառայողների, այն է` Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության, «Հայաստանի փրկարար ծառայության»` «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 112-րդ հոդվածով սահմանված դեպքերում` հանրապետական գործադիր մարմինների համակարգի հրամանատարական և շարքային անձնակազմի ծառայողների և դրանց հավասարեցված անձանց համար սահմանում է պետական կենսաթոշակների հետևյալ երկու տեսակները` երկարամյա ծառայության համար և հաշմանդամության համար:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ զինծառայողների համար սահմանված պետական կենսաթոշակների նշված երկու տեսակները, ի տարբերություն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական կենսաթոշակի «ապահովագրական» և «սոցիալական» անվանումը կրող տեսակների, ունեն նաև ընդհանրություններ: Բոլոր դեպքերում, նշված ընդհանրության հիմքում դրված են միայն աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները: Տվյալ դեպքում օրենսդիրը հաշվի է առել միայն ծառայողական պարտականությունների ոչ ստանդարտ, արտակարգ, կյանքի համար վտանգավոր պայմաններում կատարման հանգամանքը` այս առումով հավասար և միասնական մոտեցում ցուցաբերելով նմանատիպ ծառայություններ իրականացնող Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության, Հայաստանի փրկարար ծառայության համակարգերին: Այսինքն` թե՛ երկարամյա ծառայության համար, թե՛ հաշմանդամության համար կենսաթոշակի իրավունքը պայմանավորված է միայն կենսաթոշակառուի աշխատանքային (ապահովագրական) ստաժով, կա՛մ, հաշմանդամության համար կենսաթոշակի դեպքում` ծառայության ընթացքում ձեռք բերված խեղմամբ կամ հիվանդությամբ կամ դրանց հետևանքով կերակրողին կորցնելով:
Նկատի ունենալով տարբեր համակարգերում երկարամյա ծառայության համար կենսաթոշակի բնույթի, նշանակման ու վճարման կարգի համասեռությունը, օրենսդիրն առանձին-առանձին` ըստ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության, Հայաստանի փրկարար ծառայության հանրապետական գործադիր մարմինների համակարգի, չի տարբերակել երկարամյա ծառայության համար կենսաթոշակի ենթատեսակներ:
7. Կենսաթոշակային ապահովության վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը քաղաքացիներին վերապահելով կենսաթոշակի ընտրության իրավունք, միաժամանակ վերջիններիս վերապահել է նաև կենսաթոշակի տեսակը փոխելու իրավունք: Այդ իրավունքը սահմանված է, մասնավորապես, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքներով: Օրենսդրության մեջ նշված երկու ինստիտուտների տարբերակումն ինքնանպատակ չէ: «Կենսաթոշակի տեսակ փոխել» հասկացության մեջ «փոխել» բառի առկայությունից բխում է, որ կենսաթոշակի տեսակը փոխելու իրավունքն անձի մոտ ծագում է այն ժամանակ, երբ տվյալ անձի նկատմամբ արդեն իսկ նշանակվել է կենսաթոշակ:
Ի կատարումն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 20 և 26-րդ հոդվածների, ՀՀ կառավարությունը 12.05.2005 թվականին ընդունել է «Կենսաթոշակ ստանալու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակ փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը հաստատելու մասին» թիվ 930-Ն որոշումը, որը, ի թիվս այլոց, պետք է սահմաներ կենսաթոշակի տեսակը փոխելու կարգը:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ կառավարության տվյալ որոշումը լիարժեք չի իրացրել օրենքի պահանջը, քանի որ գործնականում հստակ չէ կենսաթոշակի տեսակը փոխելու կարգը: Նման վիճակը հետևանք է նաև այն բանի, որ օրենքով հստակ սահմանված չեն «կենսաթոշակի ընտրության իրավունք», «կենսաթոշակի տեսակը փոխելու իրավունք», «կենսաթոշակի տեսակ», «կենսաթոշակի ենթատեսակ» հասկացությունները:
Առաջացել է լուրջ շփոթ նաև այն պատճառով, որ համակարգային մոտեցում չցուցաբերելով, «Դատախազության մասին» 22.02.2007թ. օրենքն ընդունելուց հետո պահպանվել է ՀՀ 1998թ. օրենքի 40-րդ հոդվածի այն դրույթի իրավաբանական ուժը, համաձայն որի` «Դատախազների և քննիչների թոշակավորում իրականացվում է ներքին գործերի մարմիններում ծառայություն անցնող ղեկավար կազմի անձանց համար կիրառվող պայմաններով, նորմերով և կարգով»: «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքների` քննության առարկա նորմերի գործողության պայմաններում «Դատախազության մասին» ՀՀ օրենքի տվյալ նորմն իրավաչափ կարող էր լինել միայն սույն որոշման 6-րդ կետում հիշատակված համասեռության պայմաններում: Իրականում այդ պայմանը չի գործում: Գործնականում առկա են երկու տարբեր համակարգեր, որոնցում համադրելի չեն աշխատանքի ստաժը և կենսաթոշակի չափը, և որոնցից յուրաքանչյուրից դիմողը հավասար իրավունք ունի ստանալու երկարամյա ծառայության համար կենսաթոշակ:
ՀՀ սահմանադրական դատարանն իր` 4 հոկտեմբերի 2006թ. ՍԴՈ-649 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ «Կենսաթոշակի վճարումը գործնականում սեփականությունը սեփականատիրոջը փոխանցելու միջոց է»։ Նույն որոշման մեջ դատարանը միաժամանակ արձանագրել է, որ «Կենսաթոշակը սոցիալական ապահովության միջոց լինելով հանդերձ, սեփականության ձև է` նաև ըստ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի»: Հետևաբար, պատասխանող կողմի, ինչպես նաև ՀՀ վարչական դատարանում պատասխանողի ներկայացուցիչների բոլոր դատողություններն առ այն, որ անձը միայն մեկ անգամ իրավունք ունի կենսաթոշակի տեսակ ընտրել և այն հետագայում փոփոխման ենթակա չէ, սահմանադրական դատարանը համարում է ոչ հիմնավոր` դիմումատուի հայցապահանջը մերժելու տեսանկյունից: Դիմողի բարձրացրած հիմնախնդիրն ամենևին չի առնչվում վեճի առարկա հոդվածների դրույթներին, որոնք իրենց իրավակարգավորման շրջանակներում սահմանադրականության խնդիր չեն առաջացնում: Այն վերաբերում է կենսաթոշակների նշանակման հիմնախնդրի կարգավորման տեսանկյունից երկու ոչ միասեռ համակարգերն արհեստական ձևով միմյանց կապակցելուն:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողի սահմանադրական իրավունքն է պահանջել ու ստանալ իր հասանելիք երկարամյա ծառայության կենսաթոշակը` իր իսկ կողմից ընտրված համակարգից` նաև իր որոշումը վերանայելու հիմքով: ՀՀ որևէ օրենքով տվյալ հարցով անձի որոշումը փոխելու իրավունքը սահմանափակված չէ: ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ մի շարք միջազգային իրավական պարտավորություններով միանշանակ պահանջ է առաջադրված, որ իրավունքի սահմանափակումը պետք է նախատեսված լինի միայն օրենքով, լինի համաչափ, չաղավաղի իրավունքի էությունը:
Հաշվի առնելով, որ պատասխանող կողմը, ինչպես նաև վարչական դատարանը, վարչական դատարանում պատասխանողի ներկայացուցիչը և երրորդ անձինք դիմողի իրավունքի սահմանափակումը բխեցնում են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի մեկնաբանությունից, սահմանադրական դատարանը գտնում է, որ նման մեկնաբանությունը հիմնավոր չէ, չի բխում ՀՀ Սահմանադրության 1, 3, 31 և 83.5-րդ հոդվածների պահանջներից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածը` իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան տրված բովանդակության մասով, որով սահմանափակվում է անձի իրավունքը կենսաթոշակը նշանակելուց հետո կատարել վերընտրություն, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 31 և 83.5-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:
3. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի երրորդ մասը` իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան տրված բովանդակության մասով, որով սահմանափակվում է անձի իրավունքը կենսաթոշակը նշանակելուց հետո կատարել վերընտրություն, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 31 և 83.5-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:
4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
10 փետրվարի 2010 թ. ՍԴՈ-865 |