ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ2/0078/05/09 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Հ. Թորոսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. Դրմեյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Անտոնյանի | |
|
Վ. Ավանեսյանի | |
Ա. Բարսեղյանի | ||
|
Ե. Խունդկարյանի | |
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի նոյեմբերի 6-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 07.04.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ Տեսչության հայցի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Մերուժան Մովսիսյանի՝ 50.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, և ըստ Մերուժան Մովսիսյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի՝ տուգանք սահմանելու մասին 16.09.2008 թվականի թիվ 2322 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Տեսչությունը պահանջել է Մերուժան Մովսիսյանից բռնագանձել Տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետի 16.09.2008 թվականի թիվ 2322 որոշմամբ նշանակված վարչական տույժի գումարը՝ 50.000 ՀՀ դրամի չափով:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Մերուժան Մովսիսյանը պահանջել է վերացնել տուգանք սահմանելու մասին 16.09.2008 թվականի թիվ 2322 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 07.04.2009 թվականի վճռով Տեսչության հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ բավարարվել:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը հաստատված համարելով, որ գործում առկա 11.09.2008 թվականի ծանուցագրի պատճենից չի երևում, թե ինչի մասին է ծանուցվել Մերուժան Մովսիսյանը, հանգել է այն հետևության, որ հայցվոր կողմը չկիրառելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը վարչական գործի քննության տեղի ու ժամանակի մասին պատասխանողին պատշաճ չի ծանուցել:
Մինչդեռ Դատարանը հաշվի չի առել այն, որ Մերուժան Մովսիսյանը վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը ներկա է գտնվել:
Տվյալ պարագայում, Դատարանը, հաշվի չի առել, որ օրենքը վարչական մարմնի համար սահմանելով պարտականություն, այն է պատշաճ ծանուցել վարչական վարույթի մասնակիցներին, նպատակ է հետապնդել ապահովելու վարչական ակտի հասցեատիրոջ հնարավորությունը մասնակցելու վարչական վարույթին և ներկայացնելու իր դիրքորոշումը: Օրենքը ծանուցման հստակ ձև չի սահմանել, հետևաբար կարևորվում է ոչ թե ծանուցման ձևը, այլ ծանուցման փաստը:
2) Դատարանը սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը գտել է, որ սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կաննոնների խախտման մասին 10.09.2008 թվականի արձանագրությունը կազմվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի ոչ բոլոր պահանջների պահպանմամբ:
Մասնավորապես, դատարանը հաստատված համարելով, որ արձանագրությունը պարունակում է սխալ տեղեկություն իրավախախտման կատարման ժամանակի մասին, հանգել է այն հետևության, որ արձանագրությունը կազմվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի պահանջների խախտմամբ և հիմք է վարչական ակտն անվավեր ճանաչելու համար:
Մինչդեռ արձանագրության մեջ նշված տեղեկությունները լիազորված մարմնի համար նախապես հաստատված ապացուցողական նշանակություն չունեն, որն էլ վերջնական որոշում կայացնելու համար իրականացնում է վարչական իրավախախտման գործի քննություն:
Բացի այդ, Դատարանն անտեսել է, որ ստուգումն իրականացվել է ստուգվող տնտեսվարող սուբյեկտի ներկայությամբ, նրան բացատրվել են օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները, հայտնաբերված խախտումների բնույթը:
Ավելին, Մերուժան Մովսիսյանը տեղյակ է եղել ստուգման իրականացման մասին, սահմանված կարգով ստացել է ստուգման հանձնարարագիրը և հնարավորություն ուներ մասնակցել ստուգման գործընթացին, սակայն ցանկություն չի հայտնել մասնակցելու, հետևաբար զրկված չի եղել իր իրավունքները լիարժեք իրականացնելու հնարավորությունից:
3) Դատարանը չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր, ինչպես նաև կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանն անտեսել է, որ վիճարկվող վարչական ակտը պարունակում է գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը:
Մասնավորապես, որոշման մեջ առկա է առանձին բաժին «Հաստատեցի», որը նախատեսված է գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքները շարադրելու համար:
Բացի այդ, Դատարանը պետք է կիրառեր ոչ թե «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասը, այլ միայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի դրույթները, քանի որ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությունը վարչական վարույթի առանձին տեսակ է, որի համար սահմանված են որոշակի առանձնահատկություններ, որոնցից մեկը վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության արդյունքում ընդունված որոշման բովանդակությանը ներկայացված պահանջներն են:
Հետևաբար, Դատարանի նման դիրքորոշումը հակասում է Վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի թիվ ՎԴ3/0294/05/08 վարչական գործով կայացված որոշմամբ արտահայտված դիրքորոշմանը:
4) Դատարանը չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 288-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը հաշվի չի առել, որ Տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետի 16.09.2008 թվականի տուգանք սահմանելու մասին թիվ 2322 որոշումը կարող էր բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով միայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 288-րդ հոդվածով սահմանված 10-օրյա ժամկետում:
Մինչդեռ Դատարանը հաշվի չի առել, որ նշված որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին հակընդդեմ հայցը ներկայացվել է 18.03.2009 թվականին, այսինքն՝ այն ժամանակ, երբ ընդունված տուգանքի որոշումը բողոքարկելու համար սահմանված 10-օրյա ժամկետը մոտ վեց ամիս առաջ լրացել է, հետևաբար ակտը դարձել է անբողոքարկելի:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 07.04.2009 թվականի վճիռը և փոփոխել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Տեսչության պետի 22.08.2008 թվականի թիվ 1982/05 հանձնարարագրի համաձայն՝ 28.08.2008 թվականից մինչև 12.09.2008 թվականն ընկած ժամանակահատվածում անհատ ձեռնարկատեր Մերուժան Մովսիսյանի «Իշխան» լողափում անցկացվել է սանիտարական օրենսդրության, սանիտարական կանոնների և նորմերի, հիգիենիկ նորմատիվների, սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի, հակահամաճարակային ռեժիմի պահանջների կատարման նկատմամբ թեմատիկ ստուգում (գ.թ. 3):
2) Ստուգման ընթացքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ 10.09.2008 թվականին կազմվել է «Սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների խախտման մասին» թիվ 3275 արձանագրությունը, որով արձանագրվել է ՀՀ կառավարության N 347-Ն որոշմամբ հաստատված սանիտարական կանոնների N 2-III 2.1, 5.4, 5.5, 5.6, 5.7, 5.8, 5.9, 5.12, 6.2 կետերի խախտման փաստ: Մերուժան Մովսիսյանը հրաժարվել է արձանագրությունն ստորագրելուց (գ.թ. 6):
3) Տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետի «Տուգանք սահմանելու մասին» 16.09.2008 թվականի թիվ 2322 որոշման համաձայն՝ անհատ ձեռնարկատեր Մերուժան Մովսիսյանի նկատմամբ նշանակվել է տուգանք` 50.000 ՀՀ դրամի չափով (գ.թ. 9-10):
4) Մերուժան Մովսիսյանը 23.08.2008 թվականին ստացել է 22.08.2008 թվականի թիվ 1982/05 հանձնարարագիրը, որում` ստուգման ժամանակահատվածը նշվել է 28.08.2008 թվականից մինչև 12.09.2008 թվականը (գ. թ. 3):
5) Մերուժան Մովսիսյանն ընդունել է, որ մասնակցել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը (գ. թ. 42):
6) Մերուժան Մովսիսյանը վճարման կարգադրությունը ստացել է 13.03.2009 թվականին և հակընդդեմ հայց ներկայացրել՝ 19.03.2009 թվականին (գ. թ. 12-15):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ
1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ ոդվածի 1-ին պարբերության համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:
Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է վարչական պատասխանատվության ենթարկելու գործերի վարույթի ժամանակ գործի քննության տեղի և ժամանակի մասին անձին ծանուցելու հետ կապված իրավական հարցերին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը, սահմանելով վարչական պատասխանատվության ենթարկվող անձի իրավունքներն ու պարտականությունները, միաժամանակ սահմանում է պարտադիր կանոն, այն է՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Նշված կանոնից բացառություն է կազմում միայն այն դեպքը, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության մասին վարույթի մասնակիցներին ծանուցելը պետք է նպատակ հետապնդի ապահովել պատասխանատվության ենթարկվող անձին լսելու հնարավորությունը, ինչը հնարավորություն կտա վերջինիս լիարժեք իրականացնել իր իրավունքների պաշտպանությունը: Հետևաբար, ընտրվող պատշաճ ծանուցման ձևը պետք է լինի այնպիսին, որ անձին հնարավորություն ընձեռի ապահովել վերոհիշյալ պահանջները (Տե՛ս ՀՀ աշխատանքի պետական տեսչությունն ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովի՝ պատասխանողին գործողություններ կատարելուն պարտավորեցնելու և պարտավոր անձի նկատմամբ տուգանք նշանակելու պահանջների մասին, և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովն ընդդեմ ՀՀ աշխատանքի պետական տեսչության՝ ՀՀ աշխատանքի պետական տեսչության 15.10.2007 թվականի թիվ 15-Ա որոշումն անվավեր ճանաչելու և այն վերացնելու պահանջների մասին վարչական գործով Վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի թիվ ՎԴ/0016/05/08 գործով որոշումը):
Սույն գործով Դատարանը, հաստատված համարելով, որ գործում առկա 11.09.2008 թվականի ծանուցագրի պատճենից չի երևում, թե որտեղ և որ ամսվա 16-ին և ում մոտ են քննվելու ստուգման արդյունքները, հանգել է այն հետևության, որ հայցվորը գործը քննելու մասին պատասխանողին պատշաճ չի ծանուցել:
Մինչդեռ սույն վարչական գործի քննության ընթացքում Մերուժան Մովսիսյանն ընդունել է փաստ այն մասին, որ մասնակցել է վարչական գործի քննությանը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անկախ ծանուցման ձևի ընտրության եղանակից վարչական մարմինը ապահովել է Մերուժան Մովսիսյանի վարչական վարույթին ներկա գտնվելու իրավունքը, և նա հնարավորություն է ունեցել ներկայացնելու իր առարկությունները և դրանք հիմնավորող ապացույցները:
2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է դրա կազմելու ամսաթիվն ու տեղը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը, տեղեկություններ խախտողի անձի մասին, վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը, այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար, վկաների և տուժողների ազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան, խախտողի բացատրությունը, գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 275-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս մարմինը (պաշտոնատար անձը) լուծում է հետևյալ հարցերը՝ ....ճիշտ են կազմվել, արդյոք, վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը և մյուս նյութերը, իսկ նույն օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել՝ կատարվել է արդյոք վարչական իրավախախտում, արդյոք տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ, արդյոք նա ենթակա է վարչական պատասխանատվության, կան արդյոք պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ, պատճառվել է արդյոք գույքային վնաս…, ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
Նշված հոդվածներից հետևում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը գործի նյութ է, որի հիման վրա վարչական մարմինը, լսելով վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում մասնակցող անձանց, հետազոտելով ապացույցները և լուծելով միջնորդությունների հարցը որոշում է կայացնում տվյալ անձին վարչական պատասխանատվության ենթարկելու կամ գործի վարույթը կարճելու մասին:
Սույն գործով Դատարանը, անդրադառնալով վարչական իրավախախտման վերաբերյալ 10.09.2008 թվականի արձանագրությանը և հաստատված համարելով, որ արձանագրության համաձայն` իրավախախտումը հայտնաբերվել է 10.09.2008 թվականին, սակայն վկա Հ. Խաչատրյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ստուգումը կատարվել է 28.08.2008 թվականին, հանգել է այն հետևության, որ արձանագրությունը կազմվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, այն է` դրանում սխալ է նշված իրավախախտման կատարման ժամանակը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործով արձանագրության մեջ իրավախախտման կատարման ժամանակը սխալ նշված լինելը հիմք չէ տուգանք նշանակելու մասին որոշումն անվավեր ճանաչելու համար, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի պահանջների խախտումը կարող է հանգեցնել վարչական տուգանք սահմանելու մասին որոշման անվավերության միայն, եթե տվյալ խախտումը էական նշանակություն ունի անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցում և այն հանգեցրել է այդ անձի` օրենքով սահմանված իրավունքների և օրինական շահերի խախտմանը:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ հանգամանքները էական չեն Մերուժան Մովսիսյանին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցում և չեն հանգեցրել նրա` օրենքով սահմանված իրավունքների և օրինական շահերի խախտմանը, հետևաբար հիմք չեն «Տուգանք սահմանելու մասին» 16.09.2008 թվականի թիվ 2322 որոշումն անվավեր ճանաչելու համար:
Ինչ վերաբերում է Դատարանի այն պատճառաբանությանը, որ ստուգմանը մասնակից է դարձվել տարածքի դռների բանալիներ ունեցող աշխատակիցը, որը Մերուժան Մովսիսյանի կողմից լիազորված չէ, որպես ներկայացուցիչ հանդես գալու համար, հետևաբար ստուգումը կատարվել է առանց պատասխանողի կամ նրա կողմից լիազորված անձի մասնակցության, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ:
«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` ստուգումն իրականացնող անձինք իրենց լիազորություններն իրականացնելիս իրավունք ունեն տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործել տնտեսվարող սուբյեկտի ստուգվող ստորաբաժանումներ:
Սույն գործի փաստերի համաձայն` Մերուժան Մովսիսյանն ստացել է 22.08.2008 թվականի թիվ 1982/05 հանձնարարագիրը, ստուգմանը մասնակից է դարձվել տարածքի դռների բանալիներ ունեցող աշխատակիցը:
Այսինքն՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստուգում իրականացնող տեսուչները ստուգվող տարածք մուտք գործելիս պահպանել են վերոնշյալ հոդվածի պահանջը, այն է` տարածք են մուտք գործել տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչի` բանալիներ ունեցող աշխատակցի մասնակցությամբ: Ինչ վերաբերում է աշխատակցի մոտ որպես ներկայացուցիչ հանդես գալու առանձին լիազորագրի բացակայությանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենքով այդպիսին չի պահանջվում:
Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մերուժան Մովսիսյանն իմացել է ստուգման մասին, հնարավորություն է ունեցել մասնակցել ստուգմանը, սակայն ներկա չի գտնվել ստուգման ժամանակ, հետևաբար նրա չներկայանալը հիմք չէր վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումն անվավեր ճանաչելու համար:
3) Վճռաբեկ բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և ՀՀ միջազգային պայմանագրերով:
Սույն վարչական գործով Դատարանը, կիրառելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասը, նշել է, որ «Տուգանք սահմանելու մասին» թիվ 2322 որոշման մեջ չի հիմնավորվել, թե ինչու է նշանակվել 50.000 ՀՀ դրամի տուգանք, այլ ոչ թե՝ այլ չափի, որի իրավունքը հայցվոր կողմն ուներ՝ հայեցողական լիազորություն վերապահված լինելու հիմքով:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական պատասխանատվության ենթարկելու գործերի վարույթը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին առանձին տեսակի վարչական վարույթ է, որը կարգավորվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության վարույթը կարգավորող նորմերով:
Մասնավորապես, վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի քննության ընթացքում ընդունված որոշման բովանդակության համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ սահմանված են այլ պահանջներ, քան «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ գրավոր վարչական ակտի հիմնավորումներին ներկայացվող պահանջները:
Այսպես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քննելով վարչական իրավախախտման գործը, մարմինը (պաշտոնատար անձը) գործի վերաբերյալ որոշում է ընդունում…, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որոշումը պետք է պարունակի՝ այն ընդունած մարմնի (պաշտոնատար անձի) անվանումը, գործի քննության ժամանակաթիվը, տեղեկություններ այն անձի մասին, որի վերաբերյալ քննվում է գործը, գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը, տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտի նշումը, գործի վերաբերյալ ընդունված որոշումը (Տե՛ս ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունն ընդդեմ Տաթևիկ Մնացականյանի՝ 40.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին թիվ ՎԴ3/0294/05/08 գործով Վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի կարգավորումը սույն գործով կիրառելի չէ:
4) Վճռաբեկ բողոքը չորրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատ կարող է տրվել որոշումն ընդունելու օրվանից հետո տասն օրվա ընթացքում: Նշված ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու դեպքում այդ ժամկետը կարող է վերականգնվել գանգատը քննելու համար իրավազոր մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, այն անձի դիմումով, որի նկատմամբ ընդունված է որոշումը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այլ օրենքներում պարունակվող վարչական դատավարական նորմերը պետք է համապատասխանեն նույն օրենսգրքին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը դատարան կարող է ներկայացվել` վիճարկման հայցի դեպքում երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:
Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում պարունակվող վարչական դատավարական նորմերը պետք է համապատասխանեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքին, իսկ հակառակ դեպքում պետք է կիրառվեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 288-րդ հոդվածը և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում են վարչական դատարան դիմելու տարբեր ժամկետներ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 288-րդ հոդվածը կիրառելի չէ:
Ինչ վերաբերում է բողոքի այն փաստարկին, որ ընդունված տուգանքի որոշումը բողոքարկելու համար սահմանված 10-օրյա ժամկետը մոտ վեց ամիս առաջ լրացել է, և ակտը դարձել է անբողոքարկելի, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն նույնպես անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետները բաց թողնելուց հետո ակտը դառնում է անբողոքարկելի:
Վճռաբեկ դատարանն անդրադարձել է վերոնշյալ իրավական խնդրին և նշել, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի նորմերը չեն տարածվում դատավարական իրավունքի նորմերով կարգավորվող հարաբերությունների վրա, իսկ տվյալ օրենքի 71-րդ հոդվածը, սահմանելով վարչական բողոքի բողոքարկման ժամկետները, ըստ էության, սահմանում է վարչական ակտի բողոքարկումը վարչական կարգով՝ ակտն ընդունած վարչական մարմնին կամ վարչական մարմնի վերադաս վարչական մարմնին: Ընդ որում, վարչական բողոքի համար սահմանված ժամկետների բացթողումը վարչական ակտը դարձնում է անբողոքարկելի միայն վարչական կարգով (Տե՛ս «Գլուր» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպության, ՀՀ ԱՆ Գեղարքունիքի ԴԱՀԿ ծառայության Մարտունի-Վարդենիս տարածաշրջանի բաժանմունքի, երրորդ անձինք Գուրգեն Դարբինյանի, Տիգրան Դարբինյանի, Ֆիրդուս Զաքարյանի և Ժիրայր Գալստյանի՝ պաշտոնատար անձանց օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ ԳԴ/0171/02/09 գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Անդրադառնալով բողոք բերած անձի այն փաստարկին, որ Դատարանը վարույթ է ընդունել անբողոքարկելի դարձած վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցադիմումն այն դեպքում, երբ տվյալ հայցադիմումի ընդունումը պետք է մերժվեր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը չի նախատեսում սույն գործով անբողոքարկելի դարձած վարչական ակտը վիճարկելու վերաբերյալ հայցադիմումի ընդունումը մերժելու վերաբերյալ դրույթ, հետևաբար տվյալ դեպքում այն կիրառելի չէ:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին, երկրորդ և երրորդ հիմքերի հիմնավորումները Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով, Դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 07.04.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հայցը բավարարել՝ Մերուժան Մովսիսյանից բռնագանձել 50.000 ՀՀ դրամ վարչական տույժի գումարը: Մերուժան Մովսիսյանի հակընդդեմ հայցը մերժել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Մ. Դրմեյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |