ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1341/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1341/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան | |
Դատավորներ՝ Գ. Մատինյան Դ. Խաչատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. Դրմեյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Ե. Խունդկարյանի |
2009 թվականի սեպտեմբերի 18-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Կարինա Ցուպրունի և Սոֆյա Մազմանյանի օրինական ներկայացուցիչ Օլգա Սորոկինայի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.03.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Կարինա Ցուպրունի, Սոֆյա Մազմանյանի օրինական ներկայացուցիչ Օլգա Սորոկինայի ընդդեմ Սերյոժա Մազմանյանի և Հասմիկ Հովսեփյանի` սեփականության իրավունքը դադարեցնելու և բնակելի տան ու հողամասի նկատմամբ համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Կարինա Ցուպրունը և Սոֆյա Մազմանյանի օրինական ներկայացուցիչ Օլգա Սորոկինան պահանջել են Երևանի Քանաքեռ 16 փողոցի թիվ 11 տան և կից հողամասի նկատմամբ դադարեցնել Սերյոժա Մազմանյանի և Հասմիկ Հովսեփյանի սեփականության իրավունքը և նշված բնակելի տան ու հողամասի նկատմամբ ճանաչել Կարինա Ցուպրունի և Սոֆյա Մազմանյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 11.11.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.03.2009 թվականի որոշմամբ Դատարանի 11.11.2008 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Կարինա Ցուպրունը և Սոֆյա Մազմանյանի օրինական ներկայացուցիչ Օլգա Սորոկինան:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը, որի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 2-րդ, 279-րդ հոդվածի 1-ին, 298-րդ հոդվածի 1-ին մասերը, 345-րդ հոդվածը:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, ընդհանրապես չհետազոտելով և չգնահատելով ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի 14.12.2007 թվականի «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը», այդ որոշման հիմքում դրված Սերյոժա Մազմանյանի և Հասմիկ Հովսեփյանի գրավոր բացատրություններն ու Սերյոժա Մազմանյանի պարտավորագիրը, հանգել է այն հետևության, որ Դատարանը վկաների ցուցմունքների վկայակոչմամբ է հաստատված համարել պատասխանողների մոտ հայցվորների հանդեպ գործարքից բխող պարտավորության առաջացման փաստը:
Մինչդեռ նշված ապացույցներով միանշանակ հաստատված է Մարտիկ Մազմանյանի համար և նրա հանձնարարությամբ ու միջոցներով, սակայն Սերյոժա Մազմանյանի անվամբ բնակելի տան ձեռքբերման փաստը, որը, սակայն, Սերյոժա Մազմանյանի ստանձնած անժխտելի պարտավորության համաձայն` պետք է վերաձևակերպվեր Մարտիկ Մազմանյանի դուստրերի անվամբ: Այսինքն` առկա է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասի պայմանն այն մասին, որ պատասխանողները պարտավորվել են սեփականության իրավունքից հրաժարվել հօգուտ հայցվորների:
2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 6-րդ և 219-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ պատասխանողները չեն ներկայացրել որևէ ապացույց, որով կհաստատվեր, որ վիճելի անշարժ գույքի արժեքի կեսն իրենք են տրամադրել կամ այդ բնակելի տունը գնվել է հայցվորների կամ նրանց հոր հետ որպես ընդհանուր սեփականություն: Ընդհակառակը` քրեական գործով նյութերի նախապատրաստման ընթացքում տված բացատրություններով պատասխանողներն ընդունել են, որ Մարտիկ Մազմանյանը Երևանում իր դուստրերի համար անշարժ գույք ձեռք բերելու հանձնարարությունը կատարելու նպատակով իրենց տրամադրել է 45.000 ԱՄՆ դոլար, իսկ վիճելի անշարժ գույքը ձեռք է բերվել 10.000.000 ՀՀ դրամով:
Սույն գործով չի վիճարկվել հայցվորների` Մարտիկ Մազմանյանի իրավահաջորդներ հանդիսանալու հանգամանքը, մինչդեռ Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանը չի պարզել ընդհանրապես հայցվորների առնչությունը վիճելի գույքին այն պատճառաբանությամբ, որ բացակայում է նրանց` Մարտիկ Մազմանյանի իրավահաջորդներ հանդիսանալու հանգամանքը հաստատող ապացույցը:
Բացի այդ, սույն գործով չեն վիճարկվել նաև ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի 14.12.2007 թվականի «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը», նյութերի նախապատրաստման ընթացքում պատասխանողների տված բացատրություններն ու Սերյոժա Մազմանյանի պարտավորագիրը, մինչդեռ Վերաքննիչ դատարանը նշված ապացույցներն ընդհանրապես չքննարկելով և դրանց սխալ լինելու վերաբերյալ որևէ հակափաստարկ չբերելով, անդրադառնալով միայն վկաների ցուցմունքներին, Դատարանի վճռի պատճառաբանական մասը մեկնաբանել է յուրովի ու հանգել միանգամայն սխալ եզրակացության: Այսինքն` Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննության սահմաններից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ Դատարանի 11.03.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 11.11.2008 թվականի վճռին:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Գործարքի սուբյեկտ են հանդիսանում Մարտիկ Մազմանյանը և Սերոժ Մազմանյանը: Հայցվորների կողմից պահանջ կարող էր բերվել միայն և բացառապես Սերոժ Մազմանյանի (բայց ոչ՝ նրա տիկնոջ՝ Հասմիկ Հովսեփյանի) մասով և միայն այն իրական գործարքի վերաբերյալ, որը տեղի էր ունեցել Սերոժ Մազմանյանի և Մարտիկ Մազմանյանի միջև: Իսկ Սերոժ Մազմանյանը միշտ պատրաստ էր վերադարձնել 28.000 ԱՄՆ դոլարը, որն ստացել էր Մարտիկ Մազմանյանից:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Մարիետա Բադյանի և Սերյոժա Մազմանյանի միջև 18.01.2005 թվականին նոտարական վավերացմամբ կնքված առուվաճառքի պայմանագրով Սերյոժա Մազմանյանը գնել է Երևանի Քանաքեռ 16 փողոցի թիվ 11 հասցեում գտնվող բնակելի տները (հ.1, գ.թ. 61):
2) 21.01.2005 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1848207 վկայականի համաձայն` Երևանի Քանաքեռ 16 փողոցի թիվ 11 հասցեում գտնվող բնակելի տների նկատմամբ գրանցվել է Սերյոժա Մազմանյանի և Հասմիկ Հովսեփյանի ընդհանուր սեփականության իրավունքը (հ.1, գ.թ. 62-64):
3) 12.02.1986 թվականի V-ը A թիվ 274742 ծննդյան վկայականի, 10.03.2007 թվականի I-ը A թիվ 665985 ամուսնության վկայականի համաձայն` Կարինա Ցուպրունը և Սոֆյա Մազմանյանը Մարտիկ Մազմանյանի դուստրերն են (հ.1, գ.թ. 4-5, 12, 14):
4) 29.11.2006 թվականի I-ը A թիվ 624516 մահվան վկայականի համաձայն` Մարտիկ Մազմանյանը մահացել է 28.05.2006 թվականին (հ.1, գ.թ. 18):
5) ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի 14.12.2007 թվականի որոշմամբ Նունե Մազմանյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, և Սերյոժա Մազմանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել` նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Սերյոժա Մազմանյանը բացատրություն և պարտավորագիր է տվել` ընդունելով, որ Երևանի Քանաքեռ 16 փողոցի թիվ 11 հասցեում գտնվող անշարժ գույքն իրենը չէ, այլ այն գնել է Մարտիկ Մազմանյանի հանձնարարությամբ և միջոցներով, սակայն Մարտիկ Մազմանյանի` ՌԴ քաղաքացի լինելու և կնոջից ամուսնալուծված չլինելու պատճառներով նշված անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է իր և կնոջ սեփականության իրավունքը` հետագայում այն Մարտիկ Մազմանյանի երկու դուստրերին փոխանցելու պայմանով:
Սերյոժա Մազմանյանն ու Հասմիկ Հովսեփյանը պարտավորվել են վիճելի անշարժ գույքը ձևակերպել Մարտիկ Մազմանյանի դուստրերի` Կարինա Ցուպրունի և Սոֆյա Մազմանյանի անվամբ (հ.1, գ.թ. 139-155):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու, սակայն նրանց չի զրկում գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտավորությունը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքով նշված այլ հիմքերից:
Վերը նշված հոդվածից հետևում է, որ օրենսդիրը, սահմանելով պայմանագրի կնքման գրավոր ձև, միաժամանակ կողմին չի զրկել ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների` գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից, քանի որ ծառայությունների մատուցման պայմանագրի վրա տարածվում են գործարքի կնքման համար սահմանված ընդհանուր կանոնները:
Սույն գործով Դատարանը, հայցի բավարարման հիմքում դնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասը, հաստատված է համարել, որ Երևանի Քանաքեռ 16 փողոցի թիվ 11 հասցեում գտնվող բնակելի տունը գնելու նպատակով Մարտիկ Մազմանյանը վճարել է Սերյոժա Մազմանյանին, որը զբաղվել է տվյալ անշարժ գույքի գնման աշխատանքներով և նշված տունն ու կից հողամասը ձևակերպել իր և իր կին Հասմիկ Հովսեփյանի անվամբ` հետագայում այն Մարտիկ Մազմանյանի անվամբ անվանափոխելու համար:
Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, բեկանելով Դատարանի դատական ակտը, հանգել է այն հետևության, որ Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները և վկաների ցուցմունքների վկայակոչմամբ հաստատված է համարել, որ պատասխանողների մոտ հայցվորների հանդեպ առաջացել է գործարքից բխող պարտավորություն այն դեպքում, երբ կողմերի միջև որևէ գործարքի առկայության փաստը հիմնավորող, սույն գործով վերաբերելի ապացույց հայցվոր կողմը դատարանին չի ներկայացրել:
Մինչդեռ քրեական դատավարության կարգով նյութերի նախապատրաստման ընթացքում Սերյոժա Մազմանյանը բացատրություն և պարտավորագիր է տվել` ընդունելով, որ Երևանի Քանաքեռ 16 փողոցի թիվ 11 հասցեում գտնվող անշարժ գույքն իրենը չէ, այլ այն գնել է Մարտիկ Մազմանյանի հանձնարարությամբ և միջոցներով, սակայն Մարտիկ Մազմանյանի` ՌԴ քաղաքացի լինելու և կնոջից ամուսնալուծված չլինելու պատճառներով նշված անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է իր և կնոջ սեփականության իրավունքը: Սերյոժա Մազմանյանն ու Հասմիկ Հովսեփյանը պարտավորվել են նաև վիճելի անշարժ գույքը ձևակերպել Մարտիկ Մազմանյանի դուստրերի` Կարինա Ցուպրունի և Սոֆյա Մազմանյանի անվամբ:
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սերյոժա Մազմանյանի և Մարտիկ Մազմանյանի միջև կնքվել է ծառայության մատուցման պայմանագիր, ըստ որի` Սերյոժա Մազմանյանը գործել է իր անունից, բայց Մարտիկ Մազմանյանի հաշվին, որպիսի հանգամանքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի ուժով հաստատվել է գրավոր ապացույցներով` Սերյոժա Մազմանյանի կողմից քրեական դատավարության կարգով նյութերի նախապատրաստման ընթացքում տրված բացատրություններով և պարտավորագրով:
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 18.01.2005 թվականի առուվաճառքի պայմանագիրը կնքելիս Սերյոժա Մազմանյանն իրավունքներ և պարտականություններ է ձեռք բերել իր համար` պարտավորվելով պայմանագրով ձեռք բերված գույքը հանձնել պատվիրատու Մարտիկ Մազմանյանի դուստրերի սեփականությանը:
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 2-րդ մասի սխալ կիրառման վերաբերյալ բողոք բերած անձանց փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է, քանի որ նշված նորմը վերաբերում է գույքի օտարման գործարքների հիման վրա սեփականության իրավունք ձեռք բերելուն և սույն վեճի նկատմամբ կիրառելի չէ.
2) վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
Նույն օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ առաջին ատյանի դատարանում հաստատված փաստերն ընդունվում են որպես հիմք, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքում վիճարկվում է այդ փաստը, և վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել: Նման դեպքերում վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստ կամ հաստատված չհամարելու ստորադաս դատարանի հաստատած փաստը, եթե առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հնարավոր է հանգել նման եզրակացության:
Վերը նշված հոդվածից հետևում է, որ Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի հաստատած փաստը կարող է որպես հիմք չընդունել միայն այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում վիճարկվում է այդ փաստը, իսկ վերաքննիչ դատարանն էլ հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, բեկանելով Դատարանի դատական ակտը, հանգել է այն հետևության, որ Դատարանը չի պարզել հայցվորների առնչությունը վիճելի գույքին, քանի որ գործում բացակայում է ապացույց, որը կհիմնավորեր նրանց` Մարտիկ Մազմանյանի իրավահաջորդներ լինելը:
Մինչդեռ ինչպես Դատարանում, այնպես էլ սույն գործով ներկայացված վերաքննիչ բողոքում պատասխանողները չեն վիճարկել հայցվորների` Մարտիկ Մազմանյանի իրավահաջորդներ լինելու փաստը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հանգամանքը վերաքննիչ վարույթի քննության առարկա չէր, հետևաբար Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ կետը:
Վճռաբեկ բողոքում նշված այն փաստարկը, որ սույն գործով չի վիճարկվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, նյութերի նախապատրաստման ընթացքում պատասխանողների տված բացատրություններն ու Սերյոժա Մազմանյանի պարտավորագիրը, իսկ Վերաքննիչ դատարանը, նշված ապացույցները չքննարկելով և դրանց սխալ լինելու վերաբերյալ որևէ հակափաստարկ չբերելով, դուրս է եկել վերաքննության սահմաններից, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում, քանի որ ապացույցները չգնահատելը կամ դրանք մերժելու փաստարկները չնշելը վերաքննության սահմաններից դուրս գալու հետ որևէ առնչություն չունեն:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի մասնակիորեն հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.03.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 11.11.2008 թվականի վճռին:
2. Սերյոժա Մազմանյանից և Հասմիկ Հովսեփյանից հօգուտ Կարինա Ցուպրունի և Սոֆյա Մազմանյանի օրինական ներկայացուցիչ Օլգա Սորոկինայի համապարտության կարգով բռնագանձել 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Մ. Դրմեյան |
|
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
|
Ե. Խունդկարյան |