ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
20 հոկտեմբերի 2009 թ. |
2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի սեպտեմբերի 4-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է՝ մուտքագրված 2009 թվականի հոկտեմբերի 1-ին:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գ. Սարգսյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2009 թվականի սեպտեմբերի 4-ին` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև:
Ըստ համաձայնագրի՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (այսուհետև` Բանկ) կենսական նշանակության ավտոճանապարհների 140 կմ երկարությամբ ընտրված հատվածներն արդիականացնելու և շինարարության ոլորտում ժամանակավոր աշխատատեղեր ստեղծելու ծրագրի (այսուհետև` Ծրագիր) իրականացման համար Հայաստանի Հանրապետությանը (այսուհետև` Վարկառու) տրամադրելու է 36.600.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի վարկ։
2. Վարկային համաձայնագրի բաղկացուցիչ մասն են կազմում երեք ժամանակացույց և մեկ հավելված, որոնցում ամրագրված են համաձայնագրի այն միջոցառումները, որոնց իրականացմանն ուղղվում է վարկավորումը, և համաձայնագրում ներառված սահմանումները:
3. Վարկային համաձայնագրով սահմանված են Վարկառուին տրամադրվելիք վարկի չափը, վարկի մարման և փակման ժամանակացույցը, վճարման արժույթի տեսակը: Վարկի հիմնագումարը պետք է մարվի կիսամյակային մուծումներով՝ յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ին և նոյեմբերի 1-ին` 2019թ. նոյեմբերի 1-ից մինչև 2034թ. մայիսի 1-ը: Ընդ որում, 2019թ. նոյեմբերի 1-ից մինչև 2033թ. նոյեմբերի 1-ը մասնակի մարման բաժինը կազմելու է 3,33%, իսկ 2034թ. մայիսի 1-ին` 3,43%: Վարկառուի կողմից վճարման ենթակա սկզբնական վճարը հավասար է վարկի գումարի 0,25 տոկոսին (91.500 ԱՄՆ դոլարին համարժեք գումար):
4. Համաձայնագրի համաձայն Վարկառուի կողմից յուրաքանչյուր ժամանակահատվածի համար վճարվելիք տոկոսավճարը պետք է հավասար լինի վարկի արժույթի համար սահմանված ԼԻԲՈՐ-ին` գումարած տատանումների տարբերությունը:
5. Վարկային համաձայնագրով Վարկառուն պարտավորվում է պատշաճ և արդյունավետ իրագործել համաձայնագրի 1-ին ժամանակացույցում ամփոփված Ծրագրի նպատակները, 2-րդ ժամանակացույցում ամփոփված Ծրագրի իրականացման միջոցառումները, պահպանել 3-րդ ժամանակացույցում ամփոփված վարկի մարման ժամկետները:
6. Համաձայնագրի 2-րդ ժամանակացույցի Բաժին 4-ի Ա կետի 2-րդ ենթակետում ներկայացված աղյուսակի համաձայն Ծրագրի իրականացման համար տեղաբաշխված վարկի գումարը 36.508.500 ԱՄՆ դոլարին համարժեք գումար է, որը կազմում է ֆինանսավորման ենթակա ծախսերի 80%-ը: Վարկառուն պարտավորվում է իր միջոցների հաշվին համաֆինանսավորում տրամադրել մնացած 20%-ի չափով:
7. Սույն համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է նաև հետևյալ պարտավորությունները.
- Ծրագրի տևողության ընթացքում տարեկան բյուջեում ապահովի ճանապարհաշինության ոլորտի համար միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների պահպանման նպատակով անհրաժեշտ միջոցների առկայությունը,
- ՏԿՆ-ի միջոցով մինչև Ծրագրի ավարտը պետք է ԾԻԳ-ը և ՀԱՃՏ-ն ապահովի Բանկի պահանջները բավարարող աշխատակազմով, միջոցներով և իրավասություններով և նրանց հանձնարարի Ծրագրի իրականացման և համակարգման ընդհանուր կառավարման պարտավորությունը,
- ՏԿՆ-ի միջոցով պահպանի Իրականացման համաձայնագրի` Բանկին բավարարող ձևն ու բովանդակությունը, պատշաճ կերպով կատարի Իրականացման համաձայնագրով ստանձնած իր բոլոր պարտավորությունները և չփոխանցի, չփոփոխի, չեղյալ չհայտարարի Իրականացման համաձայնագիրը կամ հրաժարվի դրանից` առանց Բանկի նախնական համաձայնության,
- ոչ ուշ, քան Վարկառուի պառլամենտի կողմից սույն Համաձայնագրի վավերացումից երկու շաբաթ հետո բացի Ծրագրի հաշիվ Բանկի համար ընդունելի որևէ բանկում և այդ հաշվին մուտքագրի Վարկառուի` Ծրագրի համաֆինանսավորման գումարի 20%-ը,
- ապահովի, որ Ծրագիրն իրականացվի Հակակոռուպցիոն ուղեցույցների դրույթներին, ինչպես նաև Բանկին բավարարող բնապահպանական չափորոշիչներին և ուղեցույցներին համապատասխան,
- իրականացնի Ծրագրի առաջընթացի մոնիտորինգ և պատրաստի Ծրագրի մասին հաշվետվություններ` Ընդհանուր պայմանների դրույթների և Բանկի հետ համաձայնեցված ցուցանիշների հիման վրա: Ծրագրի յուրաքանչյուր հաշվետվություն պետք է ընդգրկի մեկ օրացուցային եռամսյակ և Բանկին ներկայացվի եռամսյակի ավարտից ոչ ուշ, քան 45 օր հետո,
- ապահովի ապրանքների և աշխատանքների գնումների կատարումը բացառապես Գնումների ուղեցույցների Բաժին 1-ի պահանջներին համապատասխան:
8. Համաձայնագրում ամրագրված են նաև համաձայնագիրն ուժի մեջ մտնելու կարգն ու ժամկետները: Ծրագրի ավարտի վերջնաժամկետը 2011 թվականի դեկտեմբերի 31-ն է:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2009 թվականի սեպտեմբերի 4-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող 20 հոկտեմբերի 2009 թ. ՍԴՈ-835
Գ. Հարությունյան