Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության կրթության եվ գիտության նախարարության եվ Ռուսաստանի Դաշնության կրթության եվ գիտության նախարարության միջեվ կրթության ոլորտում համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը, և Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարությունը և այսուհետ` Կողմեր,
ղեկավարվելով 1995 թվականի նոյեմբերի 13-ին Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառում համագործակցության վերաբերյալ կնքված Համաձայնագրի դրույթներով,
ձգտելով գործընկերային կապերի և կրթության բնագավառում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության համագործակցության հետագա զարգացմանը,
կարևոր նշանակություն տալով Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ժողովուրդների կրթական պահանջմունքների բավարարման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը,
համաձայնության եկան ներքոհիշյալի վերաբերյալ.
Հոդված 1
Կողմերը զարգացնելու են համագործակցությունը ընդհանուր, նախնական մասնագիտական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառներում։
Հոդված 2
Կողմերը երաշխավորում են բոլոր պետական ուսումնական հաստատությունների իրավահավասարությունը`անկախ ուսուցման լեզվից, և հավասարապես աջակցում են նրանց` կազմակերպական, ուսումնամեթոդական, նյութատեխնիկական և ֆինանսական հարցերում:
Հոդված 3
Կողմերը նպաստելու են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ընդհանուր, նախնական մասնագիտական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատությունների միջև ուղիղ կապերի հաստատմանը և զարգացմանը` ըստ համագործակցության մասին նրանց միջև կնքված պայմանագրերի:
Հոդված 4
Կողմերը նպաստելու են դպրոցականների, սովորողների, ուսանողների, ասպիրանտների, մասնագետների և դասախոսների փոխանակմանը` ուսուցման, գիտական ստաժավորման, դասախոսությունների ընթերցման, դասախոսական աշխատանքի և որակավորման բարձրացման նպատակով:
Հոդված 5
Կողմերը ստեղծելու են անհրաժեշտ պայմաններ, որպեսզի բավարարվեն Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների և Ռուսաստանի Դաշնության տարածքում բնակվող Հայաստանի քաղաքացիների, համապատասխանաբար, ռուսաց և հայոց լեզուներով ընդհանուր և մասնագիտական կրթություն ստանալու պահանջմունքները:
Հոդված 6
Կողմերը փոխադարձության սկզբունքով, ըստ համաձայնեցված մասնագիտությունների, սահմանում են ենթագերատեսչական միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության ամենամյա չափաքանակները` ուսանողների, ասպիրանտների և ստաժորների համար:
Հոդված 7
Ռուսական կողմը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ամեն տարի տրամադրելու է մինչև 40 կրթաթոշակ (մինչև 30 կրթաթոշակ` ուսուցման լրիվ դասընթացի համար, մինչև 10-ը` ասպիրանտուրայում ուսանելու համար)` ենթագերատեսչական ուսումնական հաստատություններում դաշնային բյուջեի միջոցների հաշվին սովորելու և որակավորումը բարձրացնելու նպատակով: Մասնագիտությունները և մասնագետների պատրաստման ուղղությունները, ինչպես նաև ընդունելության պայմանները Կողմերը համաձայնեցնելու են անմիջականորեն կամ դիվանագիտական խողովակներով:
Հոդված 8
Հայկական կողմը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին ամեն տարի տրամադրելու է մինչև 15 կրթաթոշակ (մինչև 10 կրթաթոշակ` ուսուցման լրիվ դասընթացի համար, մինչև 5 կրթաթոշակ` ասպիրանտուրայում ուսանելու համար)` ենթագերատեսչական ուսումնական հաստատություններում պետական բյուջեի հաշվին սովորելու և որակավորումը բարձրացնելու նպատակով։ Մասնագիտությունները և մասնագետների պատրաստման ուղղությունները, ինչպես նաև ընդունելության պայմանները Կողմերը համաձայնեցնելու են անմիջականորեն կամ դիվանագիտական խողովակներով:
Հոդված 9
Կողմերն աջակցելու են իրենց երկրների քաղաքացիներին համագործակից երկրի ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու կամ որակավորումը բարձրացնելու հարցում, պայմանով, որ ուսուցման ծախսերը փոխհատուցվեն քաղաքացիների կամ նրանց շահերը ներկայացնող կազմակերպությունների միջոցներով:
Հոդված 10
Կողմերը նպատակահարմար են գտնում հավատարմագրված ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի համաձայնեցված ստեղծումը, համապատասխանաբար, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության տարածքում` այդ ուսումնական հաստատություններին Կողմերի պետությունների կրթական օրենսդրությանը համապատասխան տրված արտոնագրերի փոխադարձ ճանաչման հիման վրա:
Հոդված 11
Կողմերն աջակցելու են 1997 թ. օգոստոսի 29-ին միջկառավարական Համաձայնագրի հիման վրա ստեղծված Ռուս-Հայկական /Սլավոնական/ համալսարանի հետագա զարգացմանը:
Հոդված 12
Կողմերը կքննարկեն Ռուս-Հայկական /Սլավոնական/ համալսարանին կից ռուսաց լեզվով ուսուցմամբ ճեմարանի, հումանիտար ուղղվածության միջին մասնագիտական ուսումնական հաստատության /քոլեջի/, տնտեսագիտական, իրավաբանական և լեզվաբանական ուղղություններով երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթության կազմակերպման, գիտակրթական և մշակութային Հայ-Ռուսական կենտրոնների և Ռուս-Հայկական /Սլավոնական/ համալսարանի մասնաճյուղերի բացման հարցերը։
Հոդված 13
Կողմերը զարգացնելու են համագործակցությունը մանկավարժական և գիտամանկավարժական մասնագետ կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման բնագավառում:
Հոդված 14
Կողմերը խրախուսում են իրենց ուսումնական հաստատությունների միջև ուսանողների, դասախոսների և գիտնականների փոխանակման վերաբերյալ ուղղակի պայմանագրերի կնքումը` ուսուցման որակը բարձրացնելու, համատեղ հետազոտություններ անցկացնելու, ուսումնական գործընթացի կազմակերպման և գիտական հետազոտությունների բնագավառներում փորձի փոխանակման նպատակով:
Հոդված 15
Կողմերն ապահովում են պայմաններ հիմնարար, կիրառական և հումանիտար գիտական հետազոտությունների բնագավառներում համագործակցության, համատեղ կրթական նախագծերի և ծրագրերի մշակման ու իրականացման համար, այդ թվում նաև` հեռահար /դիստանցիոն/ ուսուցման վերաբերյալ:
Հոդված 16
Կողմերը կանոնավոր կերպով փոխանակելու են նորմատիվ-իրավական փաստաթղթեր, կրթական համակարգի բարեփոխման և կազմակերպման հարցերին վերաբերող փորձառություն և այդ նպատակով իրականացնելու են մասնագետների ու փորձագետների պատվիրակությունների փոխանակում:
Հոդված 17
Կողմերը պատրաստակամություն են հայտնում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների երեխաներին հնարավորություն ընձեռելու ուսանել Կողմերի նախնական մասնագիտական, միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում` առանց ուսուցման ծախսերի փոխհատուցման և կրթաթոշակի հատկացման:
Հոդված 18
Կողմերը հնարավորություն են ընձեռելու ՌԴ-ում բնակվող և ՀՀ-ում բնակվող դպրոցականներին, սովորողներին, ուսանողներին և ասպիրանտներին մասնակցելու Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստանի Հանրապետությունում անցկացվող ստեղծագործական մրցույթներին, առարկայական օլիմպիադաներին, սեմինարներին և գիտաժողովներին:
Հոդված 19
Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել կամ լրացվել Կողմերի գրավոր համաձայնության դեպքում։
Փոփոխությունները և լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք սույն Համաձայնագրի անբաժանելի մասն են և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 20-րդ հոդվածով նախատեսված կարգի համաձայն։
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և կիրարկման վերաբերյալ տարակարծությունները Կողմերը կլուծեն բանակցությունների և խորհրդատվությունների միջոցով։
Հոդված 20
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար Կողմերի ազգային օրենսդրություններով սահմանված անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական խողովակներով գրավոր ծանուցումը ստանալու օրվանից և գործում է հինգ տարի ժամկետով։
Համաձայնագրի գործողությունն ինքնաբերաբար երկարաձգվում է հինգ տարով, եթե Կողմերից ոչ մեկը համապատասխան ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ գրավոր չի տեղեկացնում Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը կամ նրա որևէ փոփոխություն չի ազդի Համաձայնագրի գործողության ընթացքում սկսված և մինչև փոփոխությունները կամ դադարեցումը չավարտված նախագծերի իրականացման վրա։
Կատարված է Մոսկվա քաղաքում, 2004 թվականի հուլիսի 13-ին երկու օրինակով, յուրաքանչյուրը` ռուսերեն և հայերեն, ընդ որում, երկու տեքստն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2006 թ. դեկտեմբերի 5-ից:
![loading...](/static/img/loader.gif)