Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Չեխիայի Հանրապետության կառավարությունը, (այսուհետ՝ Պայմանավորվող կողմեր)
ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՆԱԼՈՎ դյուրացնելու «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված Համաձայնագրի (այսուհետև՝ Համաձայնագիր) կիրարկումը, դրա 20-րդ հոդվածին համապատասխան,
ՀԱՄԱՁԱՅՆԵՑԻՆ ՀԵՏԵՎՅԱԼԻ ՄԱՍԻՆ.
Հոդված 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն Արձանագրությունը նախատեսում է մանրամասն կանոններ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև հարաբերություններում Համաձայնագրի կիրարկման համար։ Սույն Արձանագրության մեջ գործածված եզրույթները և արտահայտությունները մեկնաբանվում են այնպես, ինչպես սահմանված են Համաձայնագրում։
Հոդված 2
ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
1. Համաձայնագրի 1-ին հոդվածի «ժա» կետով նախատեսված` դրա 20-րդ hոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ Համաձայնագրի կիրարկման համար պատասխանատու իրավասու մարմիններն են՝
Հայկական կողմից՝
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունը
Հասցե՝ 0037, Երևան, Կ. Ուլնեցու 31
Չեխական կողմից՝
Չեխիայի Հանրապետության Ոստիկանությունը,
Օտարերկրացիների հարցերով Ոստիկանության ծառայության վարչությունը
Հասցե՝ 130 51, Պրահա 3, P.O.BOX 78, Օլշանսկա 2
2. Սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո՝ երեսուն (30) օրացուցային օրվա ընթացքում, ինչպես սահմանված է 11-րդ հոդվածում, Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով կփոխանակեն իրավասու մարմինների կոնտակտային տվյալները։ Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները միմյանց կծանուցեն նշված կոնտակտային տվյալներում որևէ փոփոխության մասին։
3. Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց անմիջապես կծանուցեն իրավասու մարմինների ցանկացած փոփոխության մասին։
Հոդված 3
ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
1. Հետընդունման և տարանցման դիմումները հիմնականում կուղարկվեն Ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ ՌՀԿԷՀ) միջոցով։ Անհրաժեշտության դեպքում դիմումը հնարավոր է ուղարկել փոստի, ֆաքսի կամ պաշտպանված էլեկտրոնային նամակի միջոցով։
2. Հետընդունման և տարանցման դիմումների պատասխանները և այլ հարակից հաղորդակցությունը հիմնականում կուղարկվի ՌՀԿԷՀ-ի միջոցով։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր է ուղարկել փոստի, ֆաքսի կամ պաշտպանված էլեկտրոնային նամակի միջոցով։ Այն հաղորդակցությունը, որը չի պարունակում հետընդունման կամ տարանցման ենթակա անձի անձնական տվյալներ, կարող է իրականացվել նաև հաղորդակցության չպաշտպանված տեխնիկական միջոցներով և պետք է հղում կատարի համապատասխան դիմումի համարին։
Հոդված 4
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
1. Համաձայնագրի 20-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն՝ տվյալ անձի փոխադրումն իրականացրած ավիաընկերության կողմից փաստաթղթերի կամ գրավոր հաստատման ներկայացումը նույնպես համարվում է prima facie քաղաքացիության ապացույց՝ ի լրումն Համաձայնագրի 2-րդ Հավելվածում թվարկված ապացույցների։
2. Այն դեպքում, երբ հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը գտնում է, որ Համաձայնագրի 1-4-րդ Հավելվածներում թվարկված փաստաթղթերից բացի այլ փաստաթղթեր ևս հնարավոր է վերաբերելի լինեն երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց քաղաքացիության կամ հետընդունման պայմանների հաստատման համար, այդ փաստաթղթերը կարող են կցվել հետընդունման դիմումին։ Երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց քաղաքացիությունը կամ հետընդունման պայմանները համարվում են հաստատված, եթե վերոնշյալ դեպքերում հայցվող Պայմանավորվող կողմը հաստատում է դրանք։
3. Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները կփոխանակեն անձնագրերի և նույնականացման քարտերի նմուշները։
Հոդված 5
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ
1. Համաձայնագրի 9-րդ hոդվածի 3-րդ կետի համաձայն՝ հարցազրույցի վերաբերյալ հայցը կներառվի հետընդունման դիմումում, որի պատճենը միաժամանակ կուղարկվի հայցվող Պայմանավորվող կողմի պետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն։
2. Հարցազրույցը կիրականացվի հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի նշած վայրում։
3. Հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը կծանուցվի հարցազրույցի արդյունքի վերաբերյալ հարցազրույցի ավարտից հետո առավելագույնը երեք (3) աշխատանքային օրվա ընթացքում։
Հոդված 6
ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը կմուտքագրի առաջարկվող փոխադրման ժամկետների, մուտքի անցակետի և հնարավոր ուղեկցորդների վերաբերյալ տվյալները հետընդունման դիմումի «Զ» մասում, եթե այդ տվյալները հայտնի լինեն դիմումի ներկայացման պահին։ Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը կպատասխանի առաջարկին հետընդունման դիմումի պատասխանում։
2. Եթե սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկատվությունը չի ներառվել հետընդունման դիմումի մեջ, հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինն այդ մասին ծանուցում է հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին Համաձայնագրի 12-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետներում։ Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը կպատասխանի այդ առաջարկին հնարավորինս շուտ, բայց առաջարկն ստանալուց հետո առավելագույնը երկու (2) աշխատանքային օրվա ընթացքում։ Եթե հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը պատասխան չստանա սահմանված ժամկետում, առաջարկը կհամարվի ընդունված։
3. Ուղեկցորդների խմբի անդամներին վերաբերվող տվյալները, համաձայն 1-ին կետի, ներառում են անունները և ազգանունները, ուղեկցորդների կոչումները և պաշտոնները, նրանց ճամփորդական փաստաթղթերի տեսակը, համարը և տրման ամսաթիվը։ Այս տվյալներին վերաբերող ցանկացած փոփոխության մասին պետք է անհապաղ ծանուցվի։
4. Ուղեկցմամբ փոխադրվող անձի վերաբերյալ գրավոր արձանագրությունը կկազմվի երկու օրինակից։ Պայմանավորվող կողմերի իրավասու մարմիններից յուրաքանչյուրը կպահի օրինակներից մեկը։ Արձանագրության նմուշը ներառված է սույն Արձանագրության Հավելվածում և կազմում է սույն Արձանագրության անբաժանելի մասը։
5. Եթե փոխադրման ժամանակահատվածը երկարաձգվում է իրավական կամ գործնական խոչընդոտների պատճառով՝ Համաձայնագրի 11-րդ hոդվածի 4-րդ կետի համաձայն, հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը անhապաղ ծանուցում է հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին խոչընդոտների վերացման մասին, հենց որ դա կատարվում է, և նշում է տեղեկությունը 1-ին կետի ներքո։
Հոդված 7
ՏԱՐԱՆՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Տարանցման դիմումները պետք է ներկայացվեն հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին նախատեսված տարանցումից առնվազն տասը (10) օրացուցային օր առաջ։ Տարանցման դիմումը կպարունակի, եթե անհրաժեշտ է, Համաձայնագրի 8-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված տեղեկությունը։ Այս տեղեկությունը կմուտքագրվի տարանցման դիմումի «Գ» մասում։
2. Տարանցման գործողությունը, որպես սկզբունք, կիրականացվի օդային ճանապարհով։ Հնարավոր ուղեկցորդների վերաբերյալ մանրամասները, ինչպես շարադրված է սույն Արձանագրության 6-րդ հոդվածի 3-րդ կետում, կմուտքագրվեն տարանցման դիմումի «Բ» մասում։ Այս տվյալներին վերաբերող ցանկացած փոփոխության մասին պետք է անհապաղ ծանուցվի։
3. Ուղեկցող խմբի անդամները հայցվող Պայմանավորվող կողմի պետության տարածքում իշխանություն չեն գործադրի, զինված չեն լինի, պարտավորված կլինեն հարգել հայցվող Պայմանավորվող կողմի պետության իրավական համակարգը և իրենց մոտ կունենան հայցվող Պայմանավորվող կողմի տված տարանցման համաձայնության պատճենը։
4. Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը ուղեկցող խմբի անդամներին կտրամադրի անհրաժեշտ աջակցություն և օժանդակություն։ Օդային տարանցման դեպքում հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի պաշտոնյաները՝ որպես տվյալ անձի վերահսկողության մաս` Համաձայնագրի 15-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, կապահովեն, որ տվյալ անձը չլքի օդանավակայանի տարանցիկ գոտին, և կապահովեն նրա նստեցումն օդանավ։
5. Ցամաքային տարանցման դեպքում տվյալ անձը պետական սահմանում կհանձնվի հայցվող Պայմանավորվող կողմի պաշտոնյաներին, որոնք կուղեկցեն անձին նպատակակետ պետության սահման կամ տարանցիկ այլ երկիր՝ կախված դեպքից։
Հոդված 8
ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԵՐԸ
1. Համաձայնագրի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ օդային ճանապարհով իրականացվող հետընդունումը և տարանցումը կիրականացվի սահմանային հետևյալ անցակետերում, եթե այլ բան համաձայնեցված չէ.
Հայաստանի Հանրապետությունում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայան.
Չեխիայի Հանրապետությունում՝ Պրահայի Վացլավ Հավել օդանավակայան:
2. Ցամաքով փոխանցման դեպքում Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները համաձայնության կգան սահմանային անցակետերի վերաբերյալ առանձին դեպքերի համար։
Հոդված 9
ԾԱԽՍԵՐԸ
1. Համաձայնագրի 16-րդ hոդվածի համաձայն՝ հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը կփոխհատուցի հայցվող Պայմանավորվող կողմի ծախսերը, ներառյալ Համաձայնագրի 15-րդ hոդվածի 4-րդ կետի համաձայն աջակցություն տրամադրելու հետ կապված ողջամիտ ծախսերը` հաշիվ-ապրանքագիրն ստանալուց հետո երեսուն (30) օրացուցային օրվա ընթացքում հայցվող Պայմանավորվող կողմի հաշվին բանկային փոխանցման միջոցով: Հաշիվ-ապրանքագիրը կպարունակի համապատասխան բանկի հաշվեհամարը՝ ծախսերը փոխհատուցելու համար։ Այդ ծախսերը մասնավորապես կվերաբերեն հետևյալին.
ա) փոխադրում.
բ) կեցության ծախսեր.
գ) կացարան.
դ) հրատապ բժշկական օգնություն.
ե) անհրաժեշտության դեպքում թարգմանչի ծառայություն.
զ) Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների միջև նախապես համաձայնեցված այլ հիմնական ծախսեր:
2. Փոխհատուցման չափը կորոշվի հայցվող Պայմանավորվող կողմի պետության օրենսդրությամբ և հիմնված կլինի ծախսերի փաստացի գումարը հաստատող փաստաթղթերի վրա։
3. Հետընդունման ենթակա անձին փոխարինող ճամփորդական փաստաթղթի տրամադրման հետ կապված հնարավոր ծախսերը հոգում է փաստաթուղթ տրամադրող Պայմանավորվող կողմը։
Հոդված 10
ԼԵԶՈՒՆ
1. Հետընդունման և տարանցման դիմումները և դրանց պատասխանները կներկայացվեն անգլերենով կամ, երբ անհրաժեշտ է, այն Պայմանավորվող կողմի լեզվով, ում դրանք հասցեագրված են։ Այլ փաստաթղթերը, եթե հնարավոր է, կներկայացվեն այն Պայմանավորվող կողմի լեզվով, ում դրանք հասցեագրված են, կամ անգլերենով։
2. Հետագայում Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները կհաղորդակցվեն անգլերենով՝ բացառությամբ այն դեպքերի, եթե առանձին դեպքերի համար այլ բան չպայմանավորվեն։
Հոդված 11
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն Արձանագրությունը կնքվում է անժամկետ։
2. Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց կծանուցեն սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ իրենց ներքին իրավական ընթացակարգերի ավարտի մասին։
3. Պայմանավորվող կողմը, ստանալով վերջին ծանուցումը, կտեղեկացնի Համաձայնագրի 19-րդ հոդվածում նշված Հետընդունման հարցերով համատեղ կոմիտեին սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու համար Պայմանավորվող կողմերի կողմից անհրաժեշտ ներքին իրավական ընթացակարգերի ավարտման մասին և կտեղեկացնի մյուս Պայմանավորվող կողմին, որ ծանուցումը կատարվել է։ Արձանագրությունն ուժի մեջ կմտնի Հետընդունման հարցերով համատեղ կոմիտեին ծանուցելուց հետո՝ երկրորդ ամսվա առաջին օրը:
4. Սույն Արձանագրության փոփոխությունները և լրացումները կձևակերպվեն գրավոր՝ Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Այդ փոփոխությունները և լրացումներն ուժի մեջ կմտնեն սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն և կկազմեն սույն Արձանագրության բաղկացուցիչ մասը։
5. Սույն Արձանագրության գործողությունը դադարեցվում է Համաձայնագրի գործողության դադարեցման հետ միաժամանակ։
Կատարված է Պրահա քաղաքում, 2019 թվականի հոկտեմբերի 21-ին, երկու բնօրինակով, հայերեն, չեխերեն և անգլերեն. բոլոր տեքստերը հավասարազոր են:
Մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին:
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ
Հայցող պետության իրավասու մարմին։ Հղում հմ.
Հայցվող պետության իրավասու մարմին։
ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՆԹԱԿԱՆ ԱՆՁԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Չեխիայի Հանրապետության Կառավարության միջև՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման մասին արձանագրության 6-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն
Ա. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
1. Ամբողջական անունը (ընդգծել ազգանունը)------------------------------------------------------------------
2. Ծննդյան տարեթիվը և վայրը ---------------------------------------------------------------------------------
3. Սեռը---------------------------------------------------------------------------------------------------------------------
4. Քաղաքացիությունը--------------------------------------------------------------------------------------------------
5. Փոխադրվող անձի առողջական վիճակը-----------------------------------------------------------------------
Բ. ՈՒՂԵԿՑՈՂ ԱՄՈՒՍՆՈՒ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
1. Ամբողջական անունը (ընդգծել ազգանունը)-------------------------------------------------------------------
2. Ծննդյան տարեթիվը և վայրը---------------------------------------------------------------------------------------
3. Սեռը------------------------------------------------------------------------------------------------------------------------
4. Քաղաքացիությունը-----------------------------------------------------------------------------------------------
5. Առողջական վիճակը---------------------------------------------------------------------------------------------
Գ. ՈՒՂԵԿՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
1. Ամբողջական անունը (ընդգծել ազգանունը)-------------------------------------------------------------------
2. Ծննդյան տարեթիվը և վայրը-----------------------------------------------------------------------------------
3. Սեռը-----------------------------------------------------------------------------------------------------------------
4. Քաղաքացիությունը-----------------------------------------------------------------------------------------------
5. Առողջական վիճակը---------------------------------------------------------------------------------------------
Դ. ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՆՁԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԻՐԵՐԸ ԵՎ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԸ
1. ………………………………
2. ………………………………
3. ………………………………
Ե. ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ ………………………………
(Ամիս, ամսաթիվ) ………………………………
(Վայր) ………………………………................
Հայցող պետության իրավասու մարմնի համար
Անուն՝
Ազգանուն՝
Պաշտոն՝
Ստորագրություն
Հայցվող պետության իրավասու մարմնի համար
Անուն՝
Ազգանուն՝
Պաշտոն՝
Ստորագրություն