ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/5308/05/08 |
Վարչական գործ թիվ ՎԴ/5308/05/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Միրզոյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
նախագահությամբ |
Վ. Աբելյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ա. Բարսեղյանի | |
Վ. Ավանեսյանի | ||
|
Մ. Դրմեյանի | |
|
Է. Հայրիյանի | |
|
Տ. Պետրոսյանի | |
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի օգոստոսի 11-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 17.12.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Արամայիս Գալստյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 26.06.2008 թվականի թիվ 18-10/1-գ-1402 գրությունը երկրորդ հարկ կառուցելու թույլտվություն չտալու վերաբերյալ անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Արամայիս Գալստյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 26.06.2008 թվականի թիվ 18-10/1-գ-1402 գրությամբ Երևանի Դավթաշեն Տ.Պետրոսյան 2/1 հասցեի օրինական կառույցի երկրորդ հարկի կառուցումը թույլ չտալու մասին պատասխան գրությունը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 17.12.2008 թվականի վճռով Արամայիս Գալստյանի հայցը բավարարվել է՝ անվավեր է ճանաչվել «Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 26.06.2008 թվականի թիվ 18-10/1-գ-1402 ակտը՝ երկրորդ հարկ կառուցելու թույլտվություն չտալու մասին և ճանաչվել է Արամայիս Գալստյանի շինարարության թույլտվության իրավունքը Երևանի Դավթաշեն թաղամասի Տ.Պետրոսյան փողոցի 2/1 հասցեի շինության երկրորդ հարկի կառուցման համար:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգքրի 113-րդ, 114-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը գործը քննելիս դուրս է եկել սույն գործով ներկայացված հայցապահանջի սահմաններից: Արամայիս Գալստյանը պահանջել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 26.06.2008 թվականի թիվ 18-10/1-գ-1402 գրությամբ Երևանի Դավթաշեն Տ.Պետրոսյան 2/1 հասցեի առևտրի սրահի երկրորդ հարկի կառուցումը չթույլատրելու մասին գործողությունը /որոշումը/ ճանաչել անվավեր: Մինչդեռ, որպես Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 26.06.2008 թվականի թիվ 18-10/1-գ-1402 գրության անվավերության հետևանք, Դատարանը ճանաչել է Արամայիս Գալստյանի շինարարության թույլտվության իրավունքը: Այսինքն՝ հայցապահանջը վերաբերել է միայն մերժման ակտն անվավեր ճանաչելուն, իսկ շինարարության թույլտվության իրավունքը ճանաչելու պահանջ չի ներկայացվել:
2) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասը, չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասը, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 17-րդ և 23-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը հաշվի չի առել, որ Երևանի քաղաքապետարանը դատաքննության ժամանակ ներկայացրել է պահանջված փաստաթղթերը («Երևան քաղաքի Դավթաշեն թաղային համայնքի տարածքի գոտևորման նախագծի հաստատման մասին» Երևանի քաղաքապետի 12.12.2007 թվականի թիվ 5411-Ա որոշումը և այլն), որոնցով մերժվել է Արամայիս Գալստյանի խնդրանքը՝ շինարարության թույլտվություն տալու մասին: Ներկայացված որոշմամբ հաստատված գոտևորման նախագծի վրա պատասխանողը ցույց է տվել դատարանին այն հատվածը, որտեղ գտնվում է հայցվորին պատկանող շինությունը, որից երևում է, որ նշված տարածքը համայնքային նշանակության հասարակական կանաչապատման տարածք է, որը հայցվորի խնդրանքը մերժելու հիմնական հիմքերից մեկն է:
Բացի այդ, Դատարանը, ճանաչելով Արամայիս Գալստյանի շինարարության թույլտվության իրավունքը, հաշվի չի առել այն հանգամանքը, որ շինարարության թույլտվությունը ճանաչելու համար միայն «Քաղսեյսմշին և Փորձաքննություն» ՍՊԸ-ի 28.04.2007 թվականի եզրակացությունը հիմք հանդիսանալ չէր կարող: Շինարարություն նախաձեռնելու և շինարարության թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է նաև ներկայացնել և համաձայնեցնել մի շարք քաղաքաշինական փաստաթղթեր, որն Արամայիս Գալստյանի կողմից չի արվել:
Դրանով իսկ Դատարանի չի կիրառել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը, ըստ որի շինարարության թույլտվությունը տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրած մարմնի կողմից ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը ՀՀ կառավարության սահմանած կարգով համաձայնեցնելուց և կառուցապատողի կողմից դրանք հաստատելուց հետո: Շինարարական թույլտվությունը տրվում է տվյալ օբյեկտի ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի համաձայնեցման հետ միաժամանակ, իսկ նախագծային փաստաթղթերը համարվում են հաստատված, եթե կառուցապատողը նախագծային փաստաթղթերի հաստատման վերաբերյալ գրավոր առարկություն չի ներկայացրել:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 17.12.2008 թվականի վճիռը և այն փոփոխել՝ հայցն ամբողյությամբ մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Դավթաշեն» տարածքային ստորաբաժանման կողմից 05.10.2006 թվականին տրված թիվ 2214136 սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի համաձայն՝ Երևանի Դավթաշեն համայնքի Տ.Պետրոսյան 2/1 հասցեի առևտրի սրահը սեփականության իրավունքով պատկանում է Արամայիս Գալստյանին (գ.թ. 40-44):
2. 2008 թվականին Արամայիս Գալստյանը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ սեփական հողատարածքի վրա գտնվող առևտրի սրահի վրա երկրորդ հարկ կառուցելու շինարարության թույլտվություն ստանալու խնդրանքով:
3. Երևանի քաղաքապետարանի 26.06.2008 թվականի թիվ 18-10/1-գ-1402 գրությամբ մերժվել է Արամայիս Գալստյանի խնդրանքը՝ շինարարության թույլտվություն ստանալու վերաբերյալ այն պատճառաբանությամբ, որ «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունը, հաշվի առնելով դիտարկվող և հարակից տարածքների անկանոն խիտ կառուցապատումը, առկա շինությունների քաղաքաշինական, հատակագծային և ծավալատարածական լուծումների մասնատվածությունը, ինչպես նաև միասնական ու ընդհանրական լուծումների բացակայությունը՝ քաղաքաշինական և ճարտարապետական առումով վերնահարկի իրականացումը գտնում է անթույլատրելի» (գ.թ. 13):
4. «Քաղսեյսմշին և Փորձաքննություն» ՍՊԸ-ի 28.04.2007 թվականի եզրակացությամբ Երևանի Տ.Պետրոսյան փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող առևտրիսրահի շինության տեխնիկական վիճակը գնահատվել է բավարար, և տեխնիկապես հնարավոր է համարվել շինության վրա վերնահարկ կառուցելը՝ կարկասային համակարգով: Միաժամանակ նշվել է, որ աշխատանքներն անհրաժեշտ է կատարել ՀՀ գործող նորմերի և նույն եզրակացության մեջ նշված հանձնարարականների հիման վրա մշակված և սահմանված կարգով համաձայնեցված նախագծով (գ.թ. 46-48):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն՝ Վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
Նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ Վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
Այսինքն՝ վերը նշված հոդվածների իմաստով դատարանը պարտավոր է՝
- վարչական գործը հարուցել միմիայն համապատասխան հայցի հիման վրա,
-վարչական գործը քննել միմիայն այդ գործով ներկայացված հայցապահանջների շրջանակում:
Սույն գործով Արամայիս Գալստյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 26.06.2008 թվականի թիվ 18-10/1-գ-1402 գրությունը՝ երկրորդ հարկ կառուցելու թույլտվություն չտալու վերաբերյալ:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արամայիս Գալստյանը շինարարության թույլտվության իրավունքը ճանաչելու պահանջ չի ներկայացրել:
Հետևաբար, Դատարանը ճանաչելով Արամայիս Գալստյանի շինարարության թույլտվության իրավունքը՝ դուրս է եկել հայցապահանջի շրջանակներից:
2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով մասնակիորեն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ՝
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անվավեր է առոչինչ չհանդիuացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է` oրենքի խախտմամբ, այդ թվում` oրենքի uխալ կիրառման կամ uխալ մեկնաբանման հետևանքով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ կետի «ե» և «թ» ենթակետերի համաձայն՝ վարչական ակտը պետք է պարունակի ակտի ընդունման հիմնավորումը (պատճառաբանական մաս), ակտն ընդունող վարչական մարմնի պաշտոնատար անձի պաշտոնը, անունը և ազգանունը, նրա ստորագրությունը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 57-րդհոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավոր կամ գրավոր հաստատված ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի քաղաքապետի 26.06.2008 թվականի թիվ 18-10/1-գ-1402 գրությամբ տրված պատճառաբանությունն իր մեջ չի պարունակում գրավոր վարչական ակտի ընդունման հիմնավորումը, ինչպես նաև տվյալ վարչական ակտ ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը:
Բացի այդ, նրանում առկա չէ տվյալ վարչական ակտն ընդունած պաշտոնատար անձի ստորագրությունը:
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի քաղաքապետի 26.06.2008 թվականի թիվ 18-10/1-գ-1402 գրությունն ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ կետի «ե» և «թ» ենթակետերի, 57-րդ հոդվածի 1-ին կետի խախտումներով, հետևաբար այն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի1-ին մասի ա) կետի ուժով ոչ իրավաչափ է:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է Դատարանի այն պատճառաբանությունը, որ պատասխանողի կողմից կայացված վարչական ակտը չի պարունակում որևէ էական հիմնավորումներ և հիմքեր, այսինքն՝ մերժումն անհիմն է:
Ինչ վերաբերում է շինարարության թույլտվությունը ճանաչելու մասին վճռաբեկ բողոքի պատճառաբանությանը, ապա Արամայիս Գալստյանի կողմից շինարարության թույլտվության իրավունքը ճանաչելու պահանջ չներկայացվելու, դեռ ավելին նշված պահանջը Դատարանում քննության ենթակա չլինելու պայմաններում, Վճռաբեկ դատարանը դրան չի անդրադառնում (տե´ս, Սերգեյ Գասպարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` վարչական ակտն ամբողջությամբ վերացնելու, վարչական մարմնին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու և շինարարություն իրականացնելու իրավունքը ճանաչելու պահանջների մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ ՎԴ/5557/05/08):
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործըողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշվածհոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար,գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 17.12.2008 թվականի վճռի՝ «Ճանաչել հայցվոր Արամայիս Գալստյանի շինարարության թույլտվության իրավունքը ք. Երևան, Դավթաշեն Տ.Պետրոսյան 2/1 հասցեի շինության երկրորդ հարկի կառուցման համար» մասը և այն փոփոխել՝ վճռի եզրափակիչ մասից հանել «Ճանաչել հայցվոր Արամայիս Գալստյանի շինարարության թույլտվության իրավունքը ք. Երևան, Դավթաշեն Տ. Պետրոսյան 2/1 հասցեի շինության երկրորդ հարկի կառուցման համար» նախադասությունը: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Վ. Աբելյան | |
Դատավորներ` |
Ա. Բարսեղյան | |
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |