«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
17 մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2004 թվականի N 649-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 30-ի N 82 որոշման, ինչպես նաև «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ու «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 16-ի N 792-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ ջրային ռեսուրսների (մակերևութային և ստորերկրյա) կառավարման բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և դրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և գործակալության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Գործակալության նպատակները և խնդիրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների պահպանության ու արդյունավետ օգտագործման նպատակով քաղցրահամ և ստորերկրյա ջրային ռեսուրսների քաղաքականության ձևավորումն ու կառավարումը.
բ) Հայաստանի Հանրապետության ջրի ազգային պաշարի ապահովման ու ավելացման միջոցառումների իրականացման ապահովումը.
գ) Հայաստանի Հանրապետության օգտագործելի ջրերի քանակի և որակի նախնական գնահատման, բնակչության ու տնտեսության ներկայի և ապագայի ջրի պահանջարկի ուրվագծման ապահովումը.
դ) Հայաստանի Հանրապետության ջրի ազգային քաղաքականության և ջրի ազգային ծրագրի նախապատրաստման աշխատանքների կատարման ապահովումը.
ե) ջրի ազգային քաղաքականության և ջրի ազգային ծրագրի շրջանակներում ջրային ռեսուրսների կառավարմանն ու պահպանությանն աջակցելը.
զ) ջրային ռեսուրսների կառավարման ու պահպանության բնագավառում գիտատեխնիկական հիմնարար ու կիրառական հետազոտությունների կատարման և արդյունքների ներդրման ապահովումը.
է) ջրային ռեսուրսների որակական և քանակական մոնիտորինգի պահանջարկի ձևավորման ապահովումը.
ը) պետական ջրային կադաստրի վարման և ջրային հաշվեկշռի կազմման ապահովումը.
թ) ջրավազանային կառավարման պլանների մշակման ապահովումը:
III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) ջրի ազգային քաղաքականության մշակման և ջրի ազգային ծրագրի նախապատրաստման աշխատանքների համակարգում.
բ) ջրի ազգային ծրագրի մշակմանն ու նորարարացմանը մասնակցություն.
գ) տնտեսական գործունեության հետևանքով ջրային ռեսուրսների վրա առաջացած ազդեցության գնահատման էկոլոգիատնտեսական հիմնավորման սկզբունքների ու նորմերի մշակում.
դ) իր իրավասության սահմաններում ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններից բխող աշխատանքների կազմակերպում և իրականացում.
ե) ջրային ռեսուրսների` ըստ օգտագործման գործառույթի և կարգավիճակի դասակարգում.
զ) ջրերի ստանդարտների մշակմանը մասնակցություն և դրանց կիրառման նկատմամբ հսկողության իրականացում.
է) ջրի ազգային ծրագրի համաձայն` կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի որակական և քանակական չափանիշների հաստատում.
ը) մակերևութային և ստորերկրյա ջրառի սահմանային մեծությունների հաստատում.
թ) ջրավազանային կառավարման պլանների մշակման ու դրանց իրականացման ապահովում.
ժ) ջրօգտագործման թույլտվությունների տրամադրում.
ժա) ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքի` այլ անձանց փոխանցման ձևակերպում.
ժբ) ջրօգտագործման մասին հայտի գնահատման արդյունքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրօգտագործողին ջրօգտագործման թույլտվության ստացման պահանջից ազատում.
ժգ) ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման առաջադրանքի ձևավորում և դրանց մասին հաշվետվությունների գրանցում.
ժդ) պետական ջրային կադաստրում փաստաթղթերի գրանցում և տեղեկատվության տրամադրում.
ժե) ջրօգտագործման և ջրահեռացման, ինչպես նաև ջրային համակարգերում ջրակորուստների չափաքանակների` սահմանված կարգով համաձայնեցում.
ժզ) ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացում, պլանավորման ու կառավարման գործընթացում դրանց արդյունքների ներառում.
ժէ) ջրային ռեսուրսների կառավարման հարցերին առնչվող ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքների համակարգում.
ժը) ջրհավաք ավազանների սպառման վտանգի բացահայտում և ջրային էկոհամակարգերի վրա վնասակար ազդեցությունները կանխելու նպատակով ծրագրերի մշակում.
ժթ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր կողմից մշակված փաստաթղթերի մասին հասարակայնությանը ծանուցման կազմակերպում.
ի) ստորերկրյա ջրերի արտոնյալ օգտագործման իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ ջրառի սահմանային չափի սահմանում.
իա) ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների քարտեզների մշակման ապահովում.
իբ) ջրառով նախատեսված ջրային ռեսուրսների օգտագործման, հաշվառման, ռեժիմի, ջրաչափական կառույցների սարքերի, ինչպես նաև ջրային ռեսուրսների փաստացի պահպանության նկատմամբ հսկողության իրականացում.
իգ) ջրավազաններ թափվող կեղտաջրերի քանակական և որակական ցուցանիշների հսկիչ անալիզների կատարումը մասնագիտացված լաբորատորիաների միջոցով պարբերաբար կազմակերպելը.
իդ) ջրօգտագործողների կողմից ջրօգտագործման թույլտվության պահանջների խախտման դեպքում` ջրօգտագործման թույլտվության կասեցում, փոփոխում կամ չեղյալ համարում.
իե) ջրօգտագործման մասին հաշվետվությունների ամփոփման և վերլուծության աշխատանքներին մասնակցություն.
իզ) ջրային ռեսուրսների ռեժիմային դիտարկումների աշխատանքների համակարգում.
իէ) ջրային ռեսուրսների հաշվեկշռի կազմում:
(8-րդ կետը խմբ. 06.08.09 N 1010-Ն)
IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Գործակալությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարը (այսուհետ` նախարար): Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որին, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնելու համար անցկացված մրցույթում սահմանված կարգով հաղթող ճանաչվելուց հետո, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը:
Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Գործակալության պետը պատասխանատու է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
11. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, գործակալության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:
12. Գործակալության պետը`
ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
բ) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.
գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության ու գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) իր իրավասությունների սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
ե) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.
է) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ու տարածքային ստորաբաժանումների իրավասությունները.
ը) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.
թ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործակալության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.
ժ) լսում է գործակալության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
ժա) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
ժբ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի, աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմինների ստեղծման վերաբերյալ.
ժգ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
13. Գործակալության պետի բացակայության դեպքում, գործակալության պետի ներկայացմամբ և նախարարի անմիջական հանձնարարությամբ, գործակալության պետի պարտականությունները կատարում է գործակալության պետի տեղակալներից մեկը:
V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
15. Գործակալությունն ունի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներ: Գործակալության խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են նրա ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
16. Գործակալության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
17. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
1. Կառուցվածքային ստորաբաժանումներ
Ջրային ռեսուրսների քաղաքականության և վերլուծության բաժին
Ջրային ռեսուրսների կադաստրի վարման և մոնիտորինգի բաժին
Ջրօգտագործման թույլտվությունների բաժին
Ջրավազանային պլանավորման կառավարման բաժին
2. Տարածքային ստորաբաժանումներ.
Հյուսիսային ջրավազանային տարածքային կառավարման բաժին
Սևանի ջրավազանային տարածքային կառավարման բաժին
Հրազդանի ջրավազանային տարածքային կառավարման բաժին
Արարատյան ջրավազանային տարածքային կառավարման բաժին
Ախուրյանի ջրավազանային տարածքային կառավարման բաժին
Հարավային ջրավազանային տարածքային կառավարման բաժին
(Հավելվածը խմբ. 06.08.09 N 1010-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |