Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿԱՊԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
ձգտելով զարգացնել երկկողմ շահավետ հարաբերությունները կապի ասպարեզում, ապահովել էլեկտրական և փոստային կապի անխափան գործունեությունը երկու պետություններում, ինչպես նաև տվյալ ոլորտում իրավական կանոնավորումը կատարելագործելու նպատակով,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Կողմերը կապի ասպարեզում իրենց հարաբերությունները կկառուցեն համաձայն միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի և սկզբունքների, Համաշխարհային փոստային միության ակտերի դրույթների և Էլեկտրակապի միջազգային միության երաշխավորությունների հիման վրա: Այն հարցերը, որոնք չեն կարգավորվում սույն Համաձայնագրով, որոնց անդամ են հանդիսանում երկու Կողմերն էլ, կլուծվեն Կողմերից յուրաքանչյուրի օրենսդրության համաձայն:
ՀՈԴՎԱԾ 2
Կողմերը իրենց տարածքներում ապահովում են բոլոր փոստային առաքումների անխափան ընդունումը, մշակումը, ուղարկումը և հանձնումը, ինչպես նաև մատուցում են երկկողմ ծառայություններ` սահմանված կարգով գրանցված պարբերական մամուլի տարածման համար: Կողմերի միջև փոստային առաքումների փոխանակման և դրամային առկա քանակության փոխհաշվարկների իրականացման կարգը որոշում են հատուկ համաձայնագրերով:
ՀՈԴՎԱԾ 3
Կողմերը երաշխավորում են բոլոր տեսակների էլեկտրակապի, փոստային առաքումների և հատուկ կապի, հեռուստատեսային և ռադիոհաղորդումների տարանցումը սեփական տարածքներով:
ՀՈԴՎԱԾ 4
Կողմերը միմյանց կցուցաբերեն տեխնիկական և կազմակերպական օգնություն` իրենց տարածքներում մյուս Կողմի ազգային ռադիոծրագրերի և հեռուստատեսային ծրագրերի հաղորդման և պարբերական հրատարակչությունների` բաժանորդագրմամբ և մանրածախ առևտրի միջոցով տարածման գործում` Կողմերի կամ նրանց համապատասխան գերատեսչությունների միջև համաձայնագրերով սահմանված քանակով:
ՀՈԴՎԱԾ 5
Սույն Համաձայնագրից բխող հաշվարկներն ու վճարումները կկատարվեն վճարման օրը` Կողմերի միջև գոյություն ունեցող համաձայնագրերին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 6
Կողմերը կապի կազմակերպություններում միջպետական հաղորդագրությունների և տեղեկությունների հաղորդման տեխնոլոգիական գործընթացներում օգտագործում են մեկ ընդհանուր հաշվարկահաշվետվային ժամանակ, որը որոշվում է Կողմերի` կապի վարչակազմերի միջև համաձայնագրով:
ՀՈԴՎԱԾ 7
Կողմերը երկկողմ շահավետ պայմաններով կազմակերպում և իրականացնում են`
միջպետական էլեկտրակապի ցանցերի շահագործումն ու օպերատիվ-տեխնիկական ղեկավարումը` համաձայնեցված ալգորիթմներով և նորմատիվ ակտերով,
էլեկտրական և փոստային կապի միջոցների համակարգում գիտահետազոտական և նախագծակոնստրուկտորական համատեղ աշխատանքներ, համագործակցում էլեկտրակապի և փոստի` ցույց տրվող ծառայությունների որակի բարելավման, տեխնիկական շահագործման հարցերում, փորձի և տեղեկության փոխանակություն վերը նշված հարցերում:
ՀՈԴՎԱԾ 8
Կողմերը արտակարգ իրավիճակի պայմաններում փոխադարձաբար աջակցություն են ցուցաբերում կապի ցանցերով ու միջոցներով հաղորդագրությունների առաջնային հաղորդման մեջ:
Կողմերը միջպետական կապի գծերի վթարների վերացման ժամանակ կցուցաբերեն փոխադարձ օգնություն:
Վերականգնման աշխատանքներ իրականացնելիս փոխհամագործակցության կարգը մշակվում և համաձայնեցվում է Կողմերի` կապի վարչակազմերի կողմից:
ՀՈԴՎԱԾ 9
Կողմերը բոլոր վիճելի հարցերը, որոնք կարող են առաջանալ սույն Համաձայնագրի մեկնաբանման և իրականացման ընթացքում, կլուծեն բանակցությունների ճանապարհով:
Սույն Համաձայնագրով նախատեսված պարտավորությունները կատարելիս առաջացած տարաձայնությունները ուսումնասիրվում են հատուկ ստեղծված ժամանակավոր միջկառավարական հանձնաժողովի կողմից` կազմված Կողմերի հավասար քանակ ունեցող անդամներից:
ՀՈԴՎԱԾ 10
Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի իրավունքները և պարտականությունները, որոնք բխում են նրանց կնքած այլ պայմանագրերից:
ՀՈԴՎԱԾ 11
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից և ուժի մեջ կմնա մինչև 90 օրվա լրանալը այն օրից, երբ Կողմերից մեկը մյուս Կողմին գրավոր կհաղորդի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու սեփական նկատառումների մասին:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1993 թվականի հուլիսի 1-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի հուլիսի 1-ից:
