ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
16 սեպտեմբերի 2009 թ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի՝ 31.08.2009թ. սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարման մասին համաձայնագիրն ստորագրվել է 2009 թվականի հունիսի 9-ին Մոսկվայում՝ համաձայնագրի մասնակից թվով վեց պետությունների (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության) և Եվրասիական զարգացման բանկի (այսուհետ՝ Բանկ) միջև: Համաձայնագիրը կնքվել է Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի հիմնադրման մասին պայմանագրի և դրանում նախանշված հիմնական խնդիրների իրականացման, այն է` համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամի բացասական հետևանքներն ազգային տնտեսությունների համար հաղթահարելու, դրանց ֆինանսական և տնտեսական կայունությունն ապահովելու և հակաճգնաժամային հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) մասնակից պետությունների տնտեսությունների միասնականացման գործընթացի հետագա խորացմանն աջակցելու նպատակով:
2. Համաձայնագրով կողմերը սահմանել են Հիմնադրամի միջոցների համատեղ կառավարման կարգը: Հիմնադրամի միջոցների կառավարչի գործառույթներն իրականացնում է Բանկը: Սահմանված է, որ այդ գործառույթներն իրականացնելիս Բանկն առաջնորդվում է բացառապես Հիմնադրամի մասնակիցների շահերով և Հիմնադրամի ստեղծման նպատակներով, գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը Հիմնադրամի միջոցների արդյունավետ կառավարումն ապահովելու համար: Համաձայնագրի 1-ին հոդվածի, ինչպես նաև Բանկի հիմնադիր փաստաթղթերի համաձայն Հիմնադրամի միջոցների և գործառնությունների նկատմամբ, սահմանված իրավազորության շրջանակներում, կիրառվում են Բանկի անձեռնմխելիության, առավելությունների, արտոնությունների վերաբերյալ նախատեսված նորմատիվ կանոնները:
3. Համաձայնագրով Բանկն իրավասու է տնօրինել Հիմնադրամի բոլոր, այդ թվում՝ Հիմնադրամի մասնակիցների կենտրոնական (ազգային) բանկերի հաշիվներին փոխանցված դրամական միջոցները՝ այդ բանկերի հետ կնքվող բանկային հաշվի համապատասխան պայմանագրերի հիման վրա, ընդ որում, Հիմնադրամի միջոցների նկատմամբ մասնակիցների սեփականության իրավունքը Բանկին չի փոխանցվում: Համաձայնագրի 8-րդ հոդվածի համաձայն Բանկն իր ունեցվածքով պատասխանատու չէ Հիմնադրամի գործառնությունների իրականացման շրջանակներում Հիմնադրամի մասնակիցների անունից իր ստանձնած պարտավորությունների համար՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ պարտավորությունների ստանձնման դեպքում Բանկը խախտել է Հիմնադրամի փաստաթղթերի դրույթները:
Հիմնադրամի միջոցների տնօրինման շրջանակներում Բանկը Հիմնադրամի մասնակիցների անունից իրավասու է իրականացնել մի շարք իրավաբանական գործողություններ (գործառնություններ), որպիսիք նախատեսված են համաձայնագրի 2-րդ հոդվածում: Հիմնադրամի միջոցները Բանկի կողմից ենթարկվում են հաշվապահական հաշվառման՝ համաձայնագրի 3-րդ հոդվածում նախանշված կանոններով:
Հիմնադրամի միջոցների վարչական կառավարումը և Հիմնադրամի խորհրդի (Հիմնադրամի կառավարման մարմնի), փորձագիտական խորհրդի հետ գործակցությունը Բանկն իրավասու է իրականացնել համաձայնագրի 4-րդ հոդվածում նախատեսված նորմերի (ընթացակարգի) շրջանակներում:
Համաձայնագրի 5, 6 և 7-րդ հոդվածների դրույթներին համապատասխան նախատեսված են Հիմնադրամի միջոցների տնօրինման օրինականությունը (նպատակայնությունը, հիմնավորվածությունը) ստուգելու, ֆինանսական հաշվետվությունները հաստատելու և Հիմնադրամի միջոցների օգտագործման հետ կապված հակաիրավական հնարավոր գործողությունների կանխման համապատասխան գործընթացներ:
Համաձայնագրի եզրափակիչ դրույթներում նախատեսված են համաձայնագրի ուժի մեջ մտնելու, գործողությունը դադարելու, կողմերի միջև հնարավոր վեճերը լուծելու վերաբերյալ նորմեր:
4. Համաձայնագրի 8-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է պատշաճ կերպով կատարել համաձայնագրի դրույթներից բխող իր պարտավորությունները:
5. Համաձայնագրում ամրագրված դրույթները և դրանցից բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9 հոդվածի դրույթներին և բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման սահմանադրական սկզբունքներից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2009 թվականի հունիսի 9-ին Մոսկվայում ստորագրված` Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
16 սեպտեմբերի 2009 թ. ՍԴՈ-831 |