ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
8 հուլիսի 2009 թ. |
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի հունիսի 5-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Կրթության որակի և համապատասխանության երկրորդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ 30.06.2009թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
Համաձայնագիրն ստորագրվել է 2009թ. հունիսի 5-ին: Համաձայնագրի նպատակը Միջազգային զարգացման ընկերակցության կողմից Հայաստանի Հանրապետությանը 17.000.000(SDR) հատուկ փոխառության իրավունքներին (ՀՓԻ) համարժեք գումարի չափով վարկ տրամադրելն է: Վարկը կծառայի հանրակրթության շրջանակներում դպրոցական ուսուցումը բարելավելու, նախադպրոցական կրթություն ստացող երեխաների պատրաստվածությունը դպրոցին ուժեղացնելու, ինչպես նաև բարձրագույն և միջին մասնագիտական կրթության` եվրոպական դաշտին ինտեգրմանն աջակցելու նպատակին:
Համաձայնագիրն ունի 3 ժամանակացույց` ժամանակացույց 1. «Ծրագրի նկարագրություն», ժամանակացույց 2. «Ծրագրի իրականացում», ժամանակացույց 3. «Մարման ժամանակացույց» և հավելված:
Համաձայնագրով սահմանված է դրա ուժի մեջ մտնելու և դադարեցնելու կարգը:
Ըստ համաձայնագրի` վարկի մարումն սկսվում է 2019թ. մայիսի 15-ից և ավարտվում 2028թ. նոյեմբերի 15-ին, վճարման արժույթն է ԱՄՆ դոլարը:
Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
● ֆինանսավորման չառհանված հաշվեկշռի դիմաց, կիսամյակային մուծումներով, յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին Ընկերակցությանը վճարել պարտավորության վճար` տարեկան առավելագույնը կես տոկոս դրույքաչափով,
● վարկի առհանված հաշվեկշռի դիմաց` յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին, Ընկերակցությանը վճարել սպասարկման տարեկան վճար` երեք քառորդ տոկոս դրույքաչափով,
● գնումների պլանավորման, մոնիտորինգի և հաշվետվության, վճարումների և ներքին ֆինանսական վերահսկողության իրականացման, Ծրագրի հաշիվների վարման և հաշվետվությունների պատրաստման պատասխանատվությունը հանձնել ԿՏԿ-ին և ապահովել, որպեսզի ԿԾԿ-ն մշտապես ունենա համապատասխան աշխատակիցներ և միջոցներ` Ծրագրի իրականացման հետ կապված իր պարտավորություններն իրականացնելու համար,
● ունենալ թարմացվող Գործառնական ձեռնարկը` Ընկերակցության համար բավարար ձևաչափով, պատշաճ կերպով իրականացնել թարմացված Գործառնական ձեռնարկով նախատեսված ՀՀ բոլոր պարտավորությունները և չփոփոխել կամ չեղյալ չհայտարարել թարմացված Գործառնական ձեռնարկը կամ չհրաժարվել դրանից` առանց նախապես Ընկերակցությանը տեղյակ պահելու,
● ունենալ Ծրագրի իրականացման համար պատասխանատու հիմնական շահագրգիռ կողմերից կազմված Ծրագրի ղեկավար կոմիտե,
● ապահովել, որպեսզի Ծրագիրն իրականացվի Հակակոռուպցիոն ուղեցույցի դրույթներին համապատասխան,
● ապահովել, որպեսզի Ծրագրի համար պահանջվող և ֆինանսավորման միջոցներից ֆինանսավորվելիք բոլոր ապրանքներն ու աշխատանքները գնվեն համաձայն համաձայնագրի Գնումների ուղեցույցի:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2009 թվականի հունիսի 5-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Կրթության որակի և համապատասխանության երկրորդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
8 հուլիսի 2009 թ. ՍԴՈ-813 |