ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
18 հուլիսի 2009 թ. |
««ԲՋՆԻ» ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-Ի ԵՎ «ԿՈՄՈՒՆՆԱԽԱԳԻԾ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7 ԵՎ 19 ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 22 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ`
դիմողներ` ««Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Ա. Զոհրաբյանի, «Կոմուննախագիծ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Ս. Թարյանի,
պատասխանող կողմի` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության պետ Ա. Խաչատրյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի, 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց ««Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի և «Կոմուննախագիծ» ՓԲԸ-ի դիմումների հիման վրա՝ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 և 19 հոդվածների, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի 2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Սահմանադրական դատարանը, նկատի ունենալով, որ ««Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի և «Կոմուննախագիծ» ՓԲԸ-ի դիմումների հիման վրա քննության ընդունված գործերը վերաբերում են նույն հարցին, իր` 19.06.2009թ. աշխատակարգային որոշմամբ որոշել է դրանք միավորել և քննել դատարանի նույն նիստում:
Գործի քննության առիթը ««Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի` 10.03.2009թ. և «Կոմուննախագիծ» ՓԲԸ-ի` 02.06.2009թ. դիմումներն են սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքները և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքն ընդունվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 1998 թվականի դեկտեմբերի 28-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի դեկտեմբերի 30-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ին (ՀՕ-270):
«Հարկերի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 1997 թվականի ապրիլի 14-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1997 թվականի մայիսի 12-ին և ուժի մեջ է մտել 1997 թվականի մայիսի 30-ին (ՀՕ-107):
«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի` «Վճարների դրույքաչափերը» վերտառությամբ 7 հոդվածը սահմանում է. «Բնապահպանական վճարների դրույքաչափերը սահմանվում են օրենքով, իսկ բնօգտագործման վճարներինը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից»:
«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի` «Վճարների հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունը» վերտառությամբ 19 հոդվածը սահմանում է. «Վճարների հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»:
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Եթե հարկ վճարողը չի ներկայացնում հարկվող օբյեկտների գծով հաշվապահական հաշվառման (հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում` նաև այլ հաշվառման և (կամ) գրանցումների վերաբերող) սահմանված փաստաթղթերը կամ դրանք վարում է սահմանված կարգի կոպիտ խախտումներով, կամ ակնհայտ կեղծ տվյալներ է մտցնում հարկային տեսչություն ներկայացրած հաշվետվություններում, հաշվարկներում, հայտարարագրերում և այլ փաստաթղթերում, որի հետևանքով անհնար է դառնում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկել հարկ վճարողի հարկային պարտավորությունը, ապա հարկվող օբյեկտները և հարկային պարտավորությունները հաշվարկում է հարկային տեսչությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, մասնավորապես, հիմնվելով`
հարկ վճարողի ակտիվների,
հարկ վճարողի իրացման շրջանառության ծավալների,
հարկ վճարողի արտադրության և շրջանառության ծախսերի,
գույքագրման և չափագրման տվյալների,
օրենքով սահմանված կարգով երրորդ անձից ստացված տեղեկությունների, համանման պայմաններում գործող այլ սուբյեկտների միջև կիրառված գների և այլ ցուցանիշների, հասույթի հաշվարկային 25 տոկոս վերադիրի, օրենքով իրականացված հսկիչ գնումների վրա»:
2. ՀՀ կառավարությունը, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի կիրարկումն ապահովելու նպատակով 30.12.1998 թվականին ընդունել է «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» թիվ 864 որոշումը, որով սահմանվել են հանքային ջրերի պաշարների արդյունահանման, այդ թվում` ածխաթթու գազ ստանալու դիմաց բնօգտագործման վճարի դրույքաչափերը:
ՀՀ կառավարությունը, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով 17.10.2001 թվականին ընդունել է ««Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 986 որոշումը, որով հաստատել է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկման ու վճարման կարգը»: Նշված կարգի 2-րդ կետի համաձայն. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկման ու վճարման (այդ թվում` հաշվարկված վճարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման) կարգի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է հարկային մարմինը»:
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի կիրարկումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը 18.09.1998 թվականին ընդունել է ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի կողմից հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շուկայական (սովորաբար կիրառվող) գները որոշելու մասին» թիվ 580 որոշումը:
3. ««Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի դիմումի առնչությամբ քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է նրան, որ համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի` 24.10.2007թ. թիվ 1031148 հանձնարարագրի և 05.11.2007թ. «Հանձնարարագրով ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց կազմում լրացում կատարելու մասին» թիվ 1-07/876-Ա հրամանի` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության և հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչության աշխատակիցների կողմից 05.11.2007 թվականից մինչև 16.01.2008 թվականը ««Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ում կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների ճշտության ստուգում: Ստուգման արդյունքներով 16.01.2008 թվականին կազմվել է թիվ 1031148 ակտը, որով արձանագրվել են ՀՀ օրենսդրության խախտումներ և ընկերությանն առաջադրվել են ավելացված արժեքի հարկի, բնապահպանական և բնօգտագործման վճարների և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով չկատարված պարտավորություններ:
Նշված ակտի վերաբերյալ իր` 23.01.2008թ. թիվ 11 գրությամբ ««Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ն առարկություններ է ներկայացրել Գանգատարկման հանձնաժողով, որն իր` 22.02.2008թ. թիվ 4/1 որոշմամբ նշված ակտը թողել է անփոփոխ: Գանգատարկման հանձնաժողովն իր` 22.02.2008թ. թիվ 4/1 որոշմամբ, հղում կատարելով ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքի 4, 5 և 6 հոդվածներին, արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «... բնօգտագործման վճարները ընդերքը օգտագործման տրամադրելու համար օգտագործողների կողմից վճարվող ընդերքօգտագործման վճարներ են, այլ ոչ թե պարտադիր վճարներ, ինչից հետևում է, որ դրանց դրույքաչափերի սահմանումը ՀՀ կառավարության կողմից չի հակասում ՀՀ Սահմանադրությանը»:
Միաժամանակ, 31.01.2008 թվականին ««Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ն ՀՀ վարչական դատարան է ներկայացրել պետական մարմնի ակտը մասամբ վերացնելու պահանջի մասին վիճարկման հայցադիմում, որով խնդրել է անվավեր ճանաչել 16.01.2008 թվականին կազմված թիվ 1031148 ակտը` 4-րդ կետի (ավելացված արժեքի հարկ) և 9-րդ կետի (բնապահպանական և բնօգտագործման վճարներ) մասերով: ՀՀ վարչական դատարանի 24.09.2008թ. որոշմամբ հայցվորի 09.06.2008 թվականի միջնորդությունը` ՀՀ սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին, մերժվել է: ՀՀ վարչական դատարանի 01.10.2008 թվականի վճռով հայցը մերժվել է: Հայցվորը երկու անգամ վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան, որոնք ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխանաբար` 03.12.2008թ. և 16.02.2009թ. որոշումներով վերադարձվել են:
«Կոմուննախագիծ» ՓԲԸ-ի դիմումի առնչությամբ քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է նրան, որ համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի` 25.04.2007թ. թիվ 1025265 հանձնարարագրի` «Սպանդարյանի 1 հարկային տեսչության աշխատակիցների կողմից «Կոմուննախագիծ» ՓԲԸ-ում կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում...»: Ստուգման արդյունքներով 20.08.2007 թվականին կազմվել է թիվ 1025265 ստուգման ակտը, որով ընկերությանն առաջադրվել են շահութահարկի, ավելացված արժեքի հարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով չկատարված պարտավորություններ:
«Կոմուննախագիծ» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ տնտեսական դատարան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Սպանդարյանի 1 հարկային տեսչության` հարկային տեսչության 20.08.2007 թվականի թիվ 1025265 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջով:
Տնտեսական դատարանի 28.11.2007թ. վճռով հայցը բավարարվել է:
Վճռաբեկ դատարանի 27.03.2008թ. թիվ 3-30 (ՏԴ) որոշմամբ վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
Վարչական դատարանի 01.08.2008թ. թիվ ՎԴ/3112/05/08 վճռով «Կոմուննախագիծ» ՓԲԸ-ի հայցը բավարարվել է մասնակիորեն` անվավեր է ճանաչվել ՀՀ կառավարությանն առընթեր ՀՊԾ-ի 20.08.2007թ. թիվ 1025265 ստուգման ակտի 1-ին (շահութահարկ) և 4-րդ (ավելացված արժեքի հարկ) կետերը:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի ներկայացրած վճռաբեկ բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009թ. թիվ ՎԴ/3112/05/08 որոշմամբ ՀՀ վարչական դատարանի 01.08.2008թ. թիվ ՎԴ/3112/05/08 վճիռը` հայցը բավարարելու մասով բեկանվել է և փոփոխվել` «Կոմուննախագիծ» ՓԲԸ-ի հայցը մերժվել է:
4. Դիմողներից ««Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ն սահմանադրական դատարանում վիճարկում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածը, 19 հոդվածը և «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի 2-րդ մասը: Ըստ դիմողի` «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածը հակասում է ՀՀ Սահմանադրության 83.5. հոդվածի 2-րդ կետին, 19 հոդվածը` ՀՀ Սահմանադրության 5 հոդվածին և 83.5. հոդվածի 3-րդ կետին, իսկ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի 2-րդ մասը` ՀՀ Սահմանադրության 3 և 42 հոդվածներին, 83.5. հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերին:
Դիմող «Կոմուննախագիծ» ՓԲԸ-ն սահմանադրական դատարանում վիճարկում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի 2-րդ մասը, գտնելով, որ այդ նորմը հակասում է ՀՀ Սահմանադրության 83.5. հոդվածի 3-րդ կետի պահանջներին:
«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի առնչությամբ դիմող` ««Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ն, հղում կատարելով ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի` 25.07.2003թ. թիվ 03/20-Ն հրամանին, գտնում է, որ բնօգտագործման վճարը պարտադիր վճար է, և դրա չափը պետք է սահմանվի օրենքով, այլ ոչ թե կառավարության որոշմամբ:
«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 19 հոդվածի առնչությամբ դիմողը գտնում է, որ հարկային մարմինների կողմից բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության լիազորության միակ հիմքը ««Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության 17.10.2001թ. թիվ 986 որոշումն է, մինչդեռ, ըստ դիմողի` ՀՀ Սահմանադրության 5 հոդվածի երկրորդ պարբերության ուժով նշված լիազորության իրավական հիմքը կարող է լինել Սահմանադրությունը կամ օրենքը:
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի 2-րդ մասի առնչությամբ դիմողներ` ««Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ն և «Կոմուննախագիծ» ՓԲԸ-ն ներկայացրել են նույնաբովանդակ փաստարկներ, և գտնում են, որ հարկային մարմնի կողմից հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների հաշվարկումը, գնահատումը և վերագնահատումը ներառվում է «վերահսկողություն» հասկացության բովանդակային ծավալում, և, քանի որ վերահսկողությունն առնչվում է անձի իրավունքների սահմանափակմանը, ապա դրանց իրականացման կարգը ՀՀ Սահմանադրության 83.5. հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի ուժով («Կոմուննախագիծ» ՓԲԸ-ն հղում է կատարում միայն ՀՀ Սահմանադրության 83.5. հոդվածի 3-րդ կետին) պետք է սահմանվեր օրենքով, այլ ոչ թե ՀՀ կառավարության 18.09.1998թ. թիվ 580 որոշմամբ:
5. Պատասխանողը` առարկելով դիմողների փաստարկների դեմ, գտնում է, որ բնօգտագործման վճարը, հանդիսանալով պետական սեփականություն համարվող բնական պաշարների օգտագործման դիմաց գանձվող վճար, իրենից ներկայացնում է քաղաքացիաիրավական հարաբերությունների տարր: Դրա գանձման համար իրավական հիմք է հանդիսանում ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքի 11 հոդվածով սահմանված` պետության լիազոր մարմնի և ընդերքօգտագործողի միջև կնքված պայմանագիրը: Բնօգտագործման վճարը մի դեպքում կրում է փոխհատուցման բնույթ, քանի որ վճարվում է բնական պաշարների օգտագործման դիմաց, մյուս դեպքում այն կազմում է բնապահպանական հաշվեկշռի վերականգնմանն ուղղված ֆինանսավորման աղբյուր:
Պատասխանողը նաև գտնում է, որ պետությունը` հանդիսանալով սեփականության իրավունքի սուբյեկտ և որպես սեփականատեր ունենալով իր գույքը տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու լիազորություններ, ավելին, հանդիսանալով ընդերքի բացառիկ սեփականատերը, կարող է իրեն պատկանող գույքը, տվյալ դեպքում` ընդերքը, հանձնել օգտագործման, և դա պետք է դիտարկվի ոչ թե որպես հանրային իրավական, այլ քաղաքացիաիրավական հարաբերություն:
Պատասխանողը գտնում է, որ բնօգտագործման վճարը չի կարող դիտարկվել որպես պարտադիր վճար, հետևաբար, կառավարությունը լիովին իրավասու է սահմանելու բնօգտագործման վճարների դրույքաչափերը և այդ վճարների նկատմամբ վերահսկողության կարգը. նման կարգի սահմանումը բխում է ՀՀ Սահմանադրության 5 և 89 հոդվածներից:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 19 հոդվածը հակասո՞ւմ է, արդյոք, ՀՀ Սահմանադրության 83.5. հոդվածի 3-րդ կետին, պատասխանողը գտնում է, որ խոսքն այստեղ ոչ թե նոր պարտականությունների սահմանման, այլ դրանց իրականացումը կանոնակարգող կարգի մասին է:
Նույնը վերաբերում է նաև ««Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի և «Կոմուննախագիծ» ՓԲԸ-ի կողմից վիճարկվող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցին: Պատասխանողի կարծիքով, ՀՀ կառավարության 17.10.2001թ. թիվ 986 որոշմամբ ոչ թե սահմանվում են նոր հարկային պարտավորություններ կամ դրանց հաշվարկման կարգը, այլ տնտեսավարող սուբյեկտների համար կոնկրետացվում և առավել կանխատեսելի են դառնում հարկային մարմինների կողմից հարկային պարտավորությունների հաշվարկման գործընթացը:
6. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի սահմանադրականության առնչությամբ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում բացահայտել օրենքի վիճարկվող դրույթում օգտագործված «բնապահպանական վճարներ» և «բնօգտագործման վճարներ» հասկացությունների բովանդակությունն ու էությունը: «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածի 1-ին մասի համաձայն բնապահպանական վճարը բնապահպանական միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով պետական բյուջե, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` համայնքի բյուջե վճարվող պարտադիր վճարն է: Իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` բնօգտագործման վճարը սահմանված է որպես` «... պետական սեփականություն համարվող բնական պաշարների արդյունավետ, համալիր օգտագործման, ինչպես նաև տարբեր որակի բնական պաշարներ օգտագործողների համար տնտեսավարման հավասար պայմաններ ստեղծելու նպատակով այդ պաշարների օգտագործման դիմաց սույն օրենքին համապատասխան պետական բյուջե վճարվող վճար»: Փաստորեն, վերոհիշյալ օրենքի 2 հոդվածում կանխորոշված է այդ վճարների առանձնահատուկ իրավական բնույթը:
Սահմանադրական դատարանն իր` 2008 թվականի մայիսի 13-ի ՍԴՈ-753 որոշմամբ, անդրադառնալով ՀՀ Սահմանադրության 45 հոդվածում մատնանշված «պարտադիր վճար» հասկացության բովանդակությանը, առանձնացրել է այդ հասկացությանը բնորոշ հատկանիշները, այն է` դա կրում է հանրային բնույթ և նախատեսված է պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվելու համար, ինչպես նաև որոշակի դիրքորոշումներ է արտահայտել պետության սեփականությունը հանդիսացող սահմանափակ ռեսուրսի օգտագործման դիմաց գանձվող վճարի բովանդակության վերաբերյալ: Ինչպես հետևում է վերոհիշյալ օրենքի 2-րդ հոդվածի ձևակերպումներից, ի տարբերություն բնօգտագործման վճարի, պետության կողմից բնապահպանական վճարի հավաքագրումը նպատակաուղղված է բնապահպանական միջոցառումների իրականացմանը, որում էլ դրսևորվում է վճարի այդ ձևի հանրային, այսինքն` պարտադիր բնույթը: Վերջինս իր հերթին բխում է ինչպես ՀՀ Սահմանադրության 10 հոդվածում ամրագրված` պետության, այնպես էլ` 89 հոդվածի 5-րդ կետում ամրագրված` ՀՀ կառավարության պարտականությունների բովանդակությունից:
Հաշվի առնելով 2008 թվականի մայիսի 13-ի ՍԴՈ-753 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները և «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությունը` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ իրավակարգավորման համատեքստում բնօգտագործման վճարը, հանդիսանալով գույքի օգտագործման դիմաց գանձվող վճար, իրենից ներկայացնում է քաղաքացիաիրավական հարաբերությունների տարր, և որպես այդպիսին նման գումարի գանձման համար իրավական հիմք է հանդիսանում ընդերքի սեփականատիրոջ, այն է՝ պետության, որն այդ իրավահարաբերություններում գործում է լիազորված մարմնի միջոցով, և ընդերքն օգտագործողի միջև կնքված համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագիրը: Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ 21.02.2005 թվականին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ««Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ին տրվել է «Ստորերկրյա ջրերի հանքարդյունահանման» թիվ 32 հատուկ լիցենզիան, որի հիման վրա էլ ՀՀ բնապահպանության նախարարության և ««Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի միջև 19.04.2005 թ. կնքվել է թիվ 003 լիցենզային պայմանագիրը:
Սահմանադրական դատարանը` հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև իր 2008 թվականի մայիսի 13-ի ՍԴՈ-753 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, արձանագրում է նաև, որ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում բնապահպանական և բնօգտագործման վճարների տարանջատումը, և, ըստ այդմ էլ, տարբեր վճարատեսակների դրույքաչափերի սահմանումը երկու տարբեր սուբյեկտներին (օրենսդիր մարմնին և ՀՀ կառավարությանը) վերապահելն ինքնանպատակ չէ: Օրենսդիրը բնօգտագործման վճար սահմանելիս` այն դիտարկել է որպես պետության սեփականությունը հանդիսացող սահմանափակ ռեսուրսի՝ ընդերքի օգտագործման դիմաց տրվող վարձավճար, և վերջինիս վճարման հետ կապված իրավահարաբերություններին տվել է քաղաքացիաիրավական հարաբերություններին բնորոշ իրավակարգավորում, որտեղ խնդրո առարկա վճարը դիտարկել է որպես քաղաքացիաիրավական հարաբերությունների տարր: Վերոգրյալի հիման վրա սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենքի վիճարկվող հոդվածում նշված բնօգտագործման վճարները չեն հանդիսանում պարտադիր վճարներ և, հետևաբար, ՀՀ Սահմանադրության 83.5. հոդվածում ամրագրված՝ պարտադիր վճարների տեսակները, չափը և վճարման կարգը միայն օրենքով սահմանելու պահանջը չի կարող վերագրվել բնօգտագործման վճարներին:
7. Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ բնօգտագործման վճարի իրավական բովանդակությունը վերոհիշյալից էականորեն տարբերվող ընկալում է ստացել տարբեր մարմինների ու դրանց ստորաբաժանումների կողմից:
Մասնավորապես, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի` 25.07.2003թ. թիվ 03/20-Ն հրամանի ուսումնասիրությունը վկայում է, որ գործադիր իշխանությունը «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բնօգտագործման վճարը դիտարկել է որպես պարտադիր վճար: Մյուս կողմից, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության գանգատարկման հանձնաժողովն իր` 22.02.2008թ. թիվ 4/1 որոշմամբ, հղում կատարելով ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքի 4, 5 և 6 հոդվածներին` իրավամբ բնօգտագործման վճարը դիտարկել է որպես ընդերքն օգտագործման տրամադրելու համար օգտագործողների կողմից վճարվող ընդերքօգտագործման վճար:
Միաժամանակ, հարկ է նշել, որ ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքի` «Ընդերքօգտագործման վճարների որոշումը և վճարման կարգը» վերտառությամբ 46 հոդվածը սահմանում է, որ այդ օրենսգրքի 44 հոդվածով նախատեսված վճարները սահմանվում են ՀՀ օրենքով, իսկ 44 հոդվածը ընդերքն օգտագործելիս կատարվող վճար է համարում ընդերքի օգտագործման (բնավճար, ռոյալթի) վճարը: Մինչդեռ ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքի 6 հոդվածի 12-րդ կետը նախատեսում է, որ ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում ՀՀ կառավարության իրավասություններն են` 12) իր իրավասության սահմանում ընդերքօգտագործման վճարների դրույքաչափերի սահմանումը:
Թերևս նման հակասական մոտեցումների համար կարող էր հիմք հանդիսանալ այն հանգամանքը, որ օրենսդիրը ևս տարբեր օրենքներում հետևողականություն չի դրսևորել բնօգտագործման վճարի բնույթը հստակ արտահայտելու հարցում: Չնայած նրան, որ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում այդ վճարի իրավական բովանդակությունը հստակ է, սակայն 2000 թվականի մայիսի 17-ին ընդունված և 2000 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 4-րդ կետը սահմանում է, որ «…Թեմատիկ են հարկային, մաքսային, պարտադիր սոցիալական ապահովության, բնօգտագործման, բնապահպանական և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների հաշվարկման ու վճարման ճշտությունը պարզելուն ուղղված ստուգումները …»: Միաժամանակ, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 17 հոդվածի 2-րդ կետի «թ» ենթակետը բնօգտագործման վճարը դիտում է որպես հարկային եկամուտ: Նման իրավիճակի բացառման և օրենսդրական հստակ կանոնակարգման խնդիրը պետք է լուծվի ՀՀ Ազգային ժողովի օրենսդրական քաղաքականության շրջանակներում:
8. ՀՀ Սահմանադրության 5 հոդվածի 1-ին պարբերության դրույթների իրացմանն են ուղղված, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 83.5. և 89 հոդվածները, որոնցով տարանջատված են օրենսդիր և գործադիր մարմինների գործառույթները: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 83.5. հոդվածի 3-րդ կետի համաձայն. «Բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ... իրավաբանական անձանց, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն (այդ թվում` ստուգում, ուսումնասիրություն, տեսչական ստուգում) իրականացնելու դեպքերը, պայմանները և կարգը»: ՀՀ Սահմանադրության 89 հոդվածի 4-րդ կետի համաձայն. «Կառավարությունը … իրականացնում է ֆինանսատնտեսական, վարկային և հարկային միասնական պետական քաղաքականությունը»:
Սահմանադրության 83.5. հոդվածի 3-րդ կետում «ձեռնարկատիրական գործունեությամբ» բառակապակցության առկայությունից բխում է, որ հոդվածում ամրագրված «գործունեության» բառը վերաբերում է նաև տնտեսավարող սուբյեկտների ձեռնարկատիրական գործունեությանը: Ինչ վերաբերում է «ձեռնարկատիրական գործունեություն» հասկացության բովանդակությանը, ապա այն մեկնաբանվել է սահմանադրական դատարանի 2008 թվականի նոյեմբերի 25-ի ՍԴՈ-780 որոշմամբ:
Սահմանադրության 83.5. հոդվածի 3-րդ կետի և հարկային օրենսդրության համադրված վերլուծությունից բխում է, որ Սահմանադրությունը «հսկողություն» և «վերահսկողություն» հասկացությունների բովանդակային ծավալը չի սահմանափակում միայն ստուգմամբ, ուսումնասիրությամբ և տեսչական ստուգմամբ: ՀՀ օրենքներով «հսկողություն» և «վերահսկողություն» հասկացությունների բովանդակային ծավալում կարող են ներառվել նաև այլ գործողություններ, որոնք անհրաժեշտ են հսկողության և վերահսկողության իրականացման համար և կազմում են հսկողական և վերահսկողական գործառույթների իրականացման գործընթացի փուլեր: «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետի 12-րդ պարբերության, նույն օրենքի 2-րդ հավելվածով սահմանված կարգի 1.1. կետի, նույն օրենքի 4-րդ հավելվածով սահմանված կարգի 1-ին կետի, 9-րդ կետի 2-րդ պարբերության, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերության, 14 հոդվածի «ա» կետի, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի 2-րդ մասի, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22.1 հոդվածի 3-րդ պարբերության, 25 հոդվածի 2-րդ պարբերության, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի ուսումնասիրությունից բխում է, որ այդպիսի գործողություններ են վերստուգումը, չափագրումը, հսկիչ գնումը, հարկվող օբյեկտների հաշվարկը և վերահաշվարկը (գնահատումը և վերագնահատումը), հարկային պարտավորությունների հաշվարկը և վերահաշվարկը (գնահատումը և վերագնահատումը), հարկային հաշվարկների ճշտումը, հարկային պարտավորությունների ճշգրտումը:
ՀՀ Սահմանադրության 89 հոդվածի 4-րդ կետի դրույթներից բխում է, որ կառավարությունը ֆինանսատնտեսական, վարկային և հարկային միասնական պետական քաղաքականության իրեն վերապահված գործառույթն իրականացնելիս կարող է` բացառապես Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված կառուցակարգերի, կոնկրետ լիազորությունների, ձևերի ու մեթոդների շրջանակներում, սահմանել իրավակարգավորման ընթացակարգեր: Բնապահպանության և բնօգտագործման բնագավառում ՀՀ կառավարության, ինչպես նաև պետական կառավարման մյուս մարմինների (այդ թվում` հարկային) ընդհանուր լիազորությունները սահմանված են ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքի 5-6 հոդվածներում` այնքանով, որքանով այդ օրենսգրքով են սահմանվում ՀՀ տարածքում ընդերքից օգտվելու սկզբունքները, կարգը, ընդերքօգտագործման հետ կապված հարաբերությունները:
«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի վիճարկվող 19 հոդվածը վերաբերում է բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարողի կողմից բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությանը: Ընդ որում, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի ուժով բնապահպանական և բնօգտագործման վճարների գումարները հաշվարկելու և վճարելու պարտականությունը դրված է բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարողների վրա:
Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 5 հոդվածի 1-ին պարբերության, 83.5. հոդվածի 3-րդ կետի, 89 հոդվածի 4-րդ կետի դրույթների բովանդակությունը, ինչպես նաև սահմանադրական դատարանի 2008 թվականի նոյեմբերի 25-ի ՍԴՈ-780 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, սահմանադրական դատարանը գտնում է, որ բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարողների կողմից բնապահպանական և բնօգտագործման վճարների գումարները հաշվարկելուն ուղղված գործունեությունն իրենից ներկայացնում է սեփականատիրոջ` պետության առջև տնտեսավարող սուբյեկտի պայմանագրային պարտավորությունների կատարումն ապահովող գործունեություն, որը չի ներառվում տնտեսավարող սուբյեկտի «ձեռնարկատիրական գործունեություն» հասկացության բովանդակային ծավալներում: Հետևաբար, բնապահպանական և բնօգտագործման վճար վճարողների կողմից վճարների հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս հարկային մարմինը վերահսկում է ոչ թե տնտեսավարող սուբյեկտի ձեռնարկատիրական գործունեությունը, այն է` գույքի օգտագործման, ապրանքների վաճառքի, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ընթացքը և դրա համապատասխանությունն օրենսդրության պահանջներին, այլ վերջինիս կողմից սեփականատիրոջ առջև ստանձնված պայմանագրային պարտավորությունների կատարումը: Ըստ այդմ էլ, Սահմանադրության 83.5. հոդվածի 3-րդ կետը չի պարտադրում, որ պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության կամ վերահսկողության և դրանց իրականացման համար անհրաժեշտ մյուս գործողությունների իրականացման կարգերը սահմանվեն օրենքով: Դրանք կարող են սահմանվել նաև կառավարության որոշմամբ:
Ինքնանպատակ չէ այն, որ ի տարբերություն հսկողական և վերահսկողական գործառույթների իրականացման գործընթացի փուլեր հանդիսացող վերստուգման, չափագրման, հսկիչ գնման, հարկվող օբյեկտների հաշվարկի և վերահաշվարկի (գնահատման և վերագնահատման) կարգերի, որոնք անմիջականորեն առնչվում են տնտեսավարող սուբյեկտի ձեռնարկատիրական գործունեությանը և սահմանված են օրենքով, հսկողական և վերահսկողական գործառույթների իրականացման գործընթացի փուլեր հանդիսացող հարկային պարտավորությունների հաշվարկի և վերահաշվարկի (գնահատման և վերագնահատման), հարկային հաշվարկների ճշտման և հարկային պարտավորությունների ճշգրտման կարգերը, որոնք անմիջականորեն առնչվում են տնտեսավարող սուբյեկտի ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում պարտավորությունների կատարմանը, օրենքի հիման վրա սահմանված են կառավարության որոշմամբ:
Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նաև անդրադառնալ տնտեսավարող սուբյեկտների գործունեության նկատմամբ պետական մարմինների (պաշտոնատար անձանց) հսկողության (վերահսկողության) և դրանով պայմանավորված` անձի իրավունքների և ազատությունների իրացման հնարավոր շրջանակների օրենսդրական կարգավորման խնդրին:
ՀՀ Սահմանադրության 1, 2, 3, 5, 6, 8, 14, 14.1., 18, 19, 42, 42.1. և «պետություն - անձ» սահմանադրաիրավական հարաբերություններ կարգավորող այլ հոդվածների, ինչպես նաև սույն գործով վիճարկվող, դրանց հետ փոխկապակցված օրենսդրության այլ ակտերի, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի դրույթների համալիր վերլուծությունը վկայում է, որ հսկողությունը (վերահսկողությունը) պետության (վերջինիս անունից հանդես եկող մարմինների, պաշտոնատար անձանց) կարևորագույն գործառույթներից է, որի նպատակը պետք է լինի հասարակական կյանքի բոլոր բնագավառներում (այդ թվում՝ տնտեսավարման) օրինականության ապահովումը: Դա հավասարապես պետք է վերաբերի ինչպես ձեռնարկատիրական (տնտեսական) գործունեության իրականացմանը, այնպես էլ այդ գործունեության արդյունքում իրավահարաբերությունների տարբեր սուբյեկտների պայմանագրային պարտավորությունների կատարմանը: Հասարակական հարաբերությունների այդ բնագավառները կարգավորող օրենսդրության խնդիրը՝ կապված ՀՀ Սահմանադրության վերոհիշյալ նորմերում ամրագրված սկզբունքների ու պահանջների իրացման հետ, տնտեսավարման բնագավառում վարքագծի միասնական կանոնների կատարումն ապահովելն է, որը ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության սահմանադրական պարտականությունն է:
9. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի վիճարկվող 22 հոդվածի 2-րդ մասը վերաբերում է մասնավորապես հարկային մարմնի կողմից իրականացվող վերահսկողության շրջանակներում հարկվող օբյեկտների հաշվարկմանը, որի իրականացման կարգը Սահմանադրության 83.5. հոդվածի 3-րդ կետի ուժով ենթակա է սահմանման բացառապես օրենքով:
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի 2-րդ մասի ուսումնասիրությունից բխում է, որ օրենքի 22 հոդվածի վիճարկվող մասը հարկվող օբյեկտների հաշվարկման կարգի սահմանման իրավասությունը ՀՀ կառավարությանը վերապահելով` իր 1-7-րդ պարբերություններում սահմանել է հիշատակված կարգի բովանդակային մաս կազմող մի շարք չափանիշներ, որոնցից պետք է ելնի ՀՀ կառավարությունը հարկվող օբյեկտների հաշվարկման կարգը սահմանելիս: Այդ չափանիշներն են` հարկ վճարողի ակտիվները, հարկ վճարողի իրացման շրջանառության ծավալները, հարկ վճարողի արտադրության և շրջանառության ծախսերը, գույքագրման և չափագրման տվյալները, օրենքով սահմանված կարգով երրորդ անձից ստացված տեղեկությունները, համանման պայմաններում գործող այլ սուբյեկտների միջև կիրառված գները և այլ ցուցանիշները, հասույթի հաշվարկային 25 տոկոս վերադիրի կիրառումը և օրենքով իրականացված հսկիչ գնումների արդյունքները: Նշված չափանիշներն այն անհրաժեշտ միջոցներն են, որոնք ապահովում են հսկողության և վերահսկողության կարգի` միայն օրենքով սահմանված լինելու սահմանադրական պահանջը` բացառելով գործադիր իշխանության կողմից հսկողության և վերահսկողության իրականացման ընթացքում սուբյեկտիվ մոտեցման հնարավորությունը: Նշված չափանիշների` օրենքով ամրագրված լինելը վկայում է այն մասին, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի 2-րդ մասը, ըստ էության, սահմանել է հարկվող օբյեկտների հաշվարկման հիմնական բաղադրատարրերը` ըստ էության որոշակիացնելով իրավակարգավորման առարկան ու բնույթը:
Ինչ վերաբերում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի 2-րդ մասով ՀՀ կառավարությանը հարկվող օբյեկտների հաշվարկման կարգ սահմանելու իրավասություն վերապահելուն` սահմանադրական դատարանը գտնում է, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի 2-րդ մասն արդեն իսկ ամրագրել է վերահսկողության շրջանակները, ըստ էության սահմանելով հարկվող օբյեկտների հաշվարկման կարգը, իսկ ՀՀ կառավարության կողմից 18.09.1998 թվականին ընդունված թիվ 580 որոշմամբ սահմանված կարգն ըստ էության ոչ թե նոր կարգի սահմանում է, այլ օրենքով արդեն իսկ սահմանված կարգի կենսագործմանն ուղղված իրավակարգավորում, որում առավել կոնկրետացվում են օրենքի 22 հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգի դրույթները: Այսինքն` ՀՀ կառավարության 18.09.1998թ. թիվ 580 որոշումը հանդես է գալիս որպես «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի 2-րդ մասի կիրարկումն ապահովող իրավական ակտ, նշված որոշմամբ սահմանված կարգն ըստ էության հանդես է գալիս որպես «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգի կիրարկման կարգ, և իրավակիրառողը պետք է ելնի այդ սկզբունքներից: Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի 2-րդ մասի հիման վրա ՀՀ կառավարության 18.09.1998թ. թիվ 580 որոշմամբ սահմանված կարգի սահմանադրականությունը սույն գործի շրջանակներում չի վիճարկվում, իսկ կառավարության որոշումների` օրենքին համապատասխանության հարցի վիճարկման համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է այլ մարմին և ընթացակարգ:
Միևնույն ժամանակ, ՀՀ օրենսդրության վերլուծության արդյունքների հիման վրա սահմանադրական դատարանը գտնում է, որ «հարկվող օբյեկտ» և «հարկային պարտավորություն» հասկացությունները վերաբերում են բացառապես հարկերին և պարտադիր այլ վճարներին: Այս առնչությամբ գնահատելով իրավակիրառական պրակտիկան և հաշվի առնելով սահմանադրական դատարանի 2008 թվականի մայիսի 13-ի ՍԴՈ-753 և սույն որոշումներով պարտադիր վճարների վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև ելնելով հարկվող օբյեկտի, հարկային պարտավորության բնույթից, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածը կիրառելի չէ բնօգտագործման վճարների նկատմամբ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:
2. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 19 հոդվածը` ՍԴՈ-753 և սույն որոշումների մեջ սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:
3. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի 2-րդ մասը` սույն որոշման մեջ սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:
4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|